Կարդում էի սփյուռքի նախարարության պարգևավճարների մասին՝ օրեր առաջ հրապարակված տվյալները և փորձում էի ինքս ինձ բազմաթիվ հարցերի պատասխանել։
Հարցերը շատ-շատ էին, և որոշեցի դրանք իրենց մեկնաբանություններով ներկայացնել ընթերցողի ուշադրությանը։
1. Ըստ հաստիքացուցակի, 78 աշխատակիցներից բաղկացած սփյեւռքի նախարարությունն ունի 42 ղեկավար պաշտոնյաներ, 33 աշխատակիցներ և 3 էլ՝ տեխնիկական աշխատողներ։
Փաստացի ամեն ղեկավարին հասնում է մոտ 0,75 ենթակա։
Կառավարման տեսությունն ասում է, որ օպտիմալ, գործնական, լիարժեք աշխատանքային մթնոլորտը տիրում է այնպիսի աշխատանքային օղակներում, ուր մեկ միջին ղեկավարի ներքո աշխատում են 7+/- 2 ենթականեր։ Այսինքն ղեկավարը կառավարում է 5 -9 հոգի։ 9-ից ավել ենթակայի դեպքում ղեկավարը կարող է հայտնվել ցայտնոտում՝ չկարողանալով բոլորին օրվա ընթացքում լիարժեք աշխատանքով ապահովել ու վերահսկել։ Իսկ 5 – ից պակաս աշխատողների դեպքում ղեկավարն ինքն է մատնվում անգործության՝ թերբեռնվածության պատճառով, ինչպես նաև մտավոր լճացում է գնում՝ աշխատողներից եկող գաղափարների պակասի պատճառով։
Այսինքն, ըստ ղեկավար-շարքային աշխատողներ հարաբերակցության, այդ նախարարությունը բացարձակ ու կատարյալ ոչ ֆունցիոնալ է։
2. Աչքի է զարնում նույն խմբի սահմաններում պարգևավճարների անհամաչափ բաշխումը։ Ի՞նչ տրամաբանությամբ է մեկ աշխատողը մյուսից գրեթե 3 անգամ ավել ստացել։ Ո՞վ է դա որոշել։ Եվ արդյոք այդ տվյալների հրապարակումը քիչ ստացած աշխատողների հոգեբանականը տակնուվրա չի արել։
Արևմտյան երկրներում ոչ մի աշխատակից չգիտի, թե կողքինն ինչքան աշխատավարձ ու պարգևավճար է ստանում։ Որովհետև այդ ինֆորմացիան հակահոգեբանական ու հակակառուցողական է։ Երբ վերոհիշյալ աղուսյակը հրապարակվում էր, արդյոք կառավարությունից ոչ մեկի մտքով չի անցել, որ դա մարդու իրավունքների կոպիտ ու դաժան խախտում է։
3. Նախարարն ունի 3 տեղակալներ, որոնցից մեկը նախարարից ավել պարգևավճար է ստացել։ Ի՞նչ հիմնավորմամբ։ Եթե նախարարից լավ է աշխատել, ապա հենց այս աղուսյակի հիման վրա վարչապետը պետք է նախարարին ազատեր աշխատանքից։ Իսկ եթե պարգևավճարի հիմքը աշխատանքային գերազանցությունը չէ, ապա ի՞նչն է։
4. Կան նաև գլխավոր քարտուղար և գլխավոր քարտուղարի տեղակալ, որոնք ևս նախարարից շատ են ստացել։ Նորից նույն հարցն է ծագում՝ ի՞նչ հիմքով։ Գումարած նաև հարցը՝ թե ի՞նչ ասել է “գլխավոր քարտուղարի տեղակալն” այս դեպքում՞։ Ըստ հանրությանը հայտնի հրապարակային տեղեկատվության, նույնիսկ հայտնի չէ, թե քարտուղարի պարտականությունները որոնք են, ուր մնաց, թե նրա տեղակալինը պարզ լինի։ Իրոք, ի՞նչ պարտականություններ ունի նախարարի /միգուցե նախարության/ քարտուղարը, որը նախարարից ավելի բարձր պարգևավճարի է արժանացել։
5. Նախարարն ունի նաև 2 խորհրդական և 3 օգնականներ, իսկ նախարարի տեղակալներն էլ ունեն 4 օգնականներ։ Ընդհանուր, ստացվում է, որ նախարարին ենթակա են 14 տեղակալներ, խորհրդականներ, օգնականներ, քարտուղարներ և ակնհայտորեն՝ նաև 2 վարորդներ։
6. Կառավարությունն ունի նաև 10 վարչություն և 17 բաժին։ Եթե բաժանելու լինենք 33 աշխատակիցներին այդ 27 միավորների միջև, ապա կստացվի, որ միջին վարչությունն ու բաժինն ունի 1,3 աշխատակից։ Եթե սա բացարձակ անհեթեթություն չէ, ես չգիտեմ, թե էլ ինչն է անհեթեթություն։
7. Նախարարությունը մոտ 30 միլիոն դրամ պարգևավճար է բաժանել, որի մեծագույն մասը՝ ղեկավար կազմին։ Ո՞ր նվաճման ու աշխարհացունց արդյունքի համար։ Արդյոք նախարարությունը մասսայական հայրենադարձություն է կազմակերպել, կամ մի սփյուռքյան գաղութի համար այլ հերոսություն է արել։
Ոչ մեկը և ոչ էլ մյուսը չի արվել։ Չկան նման լուրեր։ Միգուցե նախարարն իր 14 ենթականերով գոնե մեկ էջ հզոր, կոնցեպտուալ փաստաթուղթ է կազմել իրենց ծրագրերի ու անելիքների մասով։ Ինչքան գիտեմ, չկա նաև այդ մեկ էջը։ /Սակայն ի ապացույց ասվածի՝ կա սույն պարզագույն՝ մեկ էջանոց աղուսյակը, որի 3-րդ սյունակն է բացարձակ անհասկանալի/:
Նույնիսկ մեկ էջ նախագիծ-ծրագիր չի կազմվել, բայց այդ մարդիկ ամեն օր աշխատանքի են գնում պադավատով, տեղակալներով, օգնականներով ու խորհրդականներով շրջապատված, կրելով պետական բարձր պաշտոնյայի տիտղոսը։
Ես որևէ կասկած չունեմ, որ բացարձակապես նույն պատկերն է՝ անխտիր բոլոր նախարարություններում։ Փաստացի 2000 հոգի կազմող հայկական կառավարությունն ամեն օր լուրջ-լուրջ աշխատանքի է գնում, աշխատավարձ ու պարգևավճար ստանում՝ ոչ մի բան չանելու համար։
Ի դեպ, այս հարցում ես նախարարներին չեմ մեղադրում՝ նրանք չէին կարող իրենց վերակազմավորել։ Դա վերադասը՝ այսինքն վարչապետը պետք է աներ։ Ով կաբինետ մտնելու առաջին իսկ օրը՝ դեռ անցյալ տարվա մայիսի 9-ին, պետք է իր ահռելի, ծաղկակենտրոն օվալ սեղանին հավաքեր տարբեր նախարարությունների հաստիքացուցակները, կարդար դրանք, զարմանքից քար կտրեր, հետո ուշքի գար, հավաքեր իր կաբինետն ու ասեր, որ սա է վիճակը։ Որ այսօրվանից սկսած, կառավարությունն աշխատանքային կառուցվածքի բերելն է լինելու իմ համար մեկ գործը, որովհետև առանց գործունյա կառավարության մենք անելիք չունենք։
Չի արել նման բան վարչապետը։ Այսինքն նախարարությունները չեն աշխատել, որովհետև ըստ կառուցվածքային անհամապատասխանության, անհնար է եղել աշխատելը։ Իսկ թե ինչու իր առաջնահերթ պարտականությունը հենց վարչապետը չի կատարել, դա արդեն այլ բնույթի ու զուտ քաղաքական հարց է, որի մասին ես չէ, որ պետք է բարձրաձայնեմ։
Դեռ անցյալ մայիսից ես բազմաթիվ անգամ շեշտել եմ երկրում պադավատի անհապաղ վերացման հարցի կարևորությունը։ Բայց իմ մտքով չէր անցել, որ պադավատը ոչ միայն վարորդն ու թիկանապահը, քարտուղարուհին, տեղակալ-օգնականն ու խորհրդականներն են, այլև, որ ամբողջ նախարարություններ բուտաֆորիա են եղել ու ընդամենը բազմաստիճան պադավատ։
Ողջ հայությունն է այսօր սրտացավ հետևում հայկական նոր իշխանությունների ամեն քայլին և միայն ու միան լավագույնն ու բարին է ցանկանում։ Բայց երբ դեմ ենք առնում աչքակապության ու անհաղորդության նման պատկերի, թևաթափ և ապշած ամենքս մեզ տարբեր հարցեր ենք ուղղում։
Օրինակ, ես ինձ հարցնում եմ, թե լավ, մեր որ մեղքի համար են մեր ազգին մշտապես իշխանություն դառնում մարդիկ, որոնք մեղմ ասած հեռու են տրամաբանականից ու ռացիոնալից, ժամանակից ու դարից, մարդկայինից ու մասնագիտականից։
Ես իհարկե ունեմ դրա պատասխանը, բայց այն շատ ավելի գեշ, դաժան ու ցավալի է, քան այստեղ նկարագրվածն էր ու չարժե ավելորդ անգամ դրա մասին խոսել։
Ինչևէ, նույնիսկ այս ծանրագույն պայմաններում՝ բարին ընդ մեզ։