Ֆիզիկայում, քիմիայում, կենսաֆիզիկայում գոյություն ունի excitable միջավայր հասկացությունը (հայերեն այդ տերմինը չկա, կարելի է թարգմանել որպես “ոգևորվող”, բայց դա շատ հեռու է իմաստից)։ Տերմինի իրական իմաստն այն է, որ իրար որևէ ձևով հաղորդակցվող մասնիկներից բաղկացած միջավայրում պրոցեսը, որը սկսվում է մի կետում, առանց էներգիայի կորստի տարածվում է ամբողջ համակարգով մեկ՝ բոլոր մասնիկներին։
Դա մոտավորապես այն է, որ ասենք երկրում ինչ որ բանի մասին լուրն անցնում է ականջից ականջ և հասնում բոլոր մարդկանց։ Մեխանիզմի առումով հարկ է նշել, որ դա իրականանում է շատ պարզ սկզբունքով՝ ամեն մեկի ինֆորմացիան ստանալու և անփոփոխ կողքինին փոխանցելու հաշվին։ Այսինքն ամեն մեկն իր ներդրումն ունի ինֆորմացիայի, պրոցեսի, երևույթի տարածման հարցում։ Նման սկզբունքով է աշխատում օրինակ սիրտը։
Մոտավորապես նույնը կատարվեց նաև Նիկոլի հեղափոխության ժամանակ՝ մարդիկ լսում էին, որ Նիկոլը գալիս է, ձնագնդին մեծանում էր, և հենց լուրի տարածումն արդեն իսկ պրոցես էր, որը ծավալվում էր։
Նույն ձևով է իրացվում նաև մոդայի, ցանկացած նորի տարածումը։ Նույնն է նաև նոր մտածելակերպի, նոր արժեքայինի ու նոր ստանդարտների կյանք մտնելու պրոցեսը՝ պետք է բավարար թվով մարդիկ մասնակցեն նորի տարածմանը, որի շնորհիվ էլ պրոցեսը կհասնի մյուսներին ու ամբողջ համակարգին։
Հանրությունները, որոնք հեշտ են արձագանքում գաղափարաբանական նորույթներին ու վերցնում դրանք, մոդեռնիստական են, զարգացած են և շարունակում են արագորեն զարգանալ։
Հանրությունները, որոնք անտարբեր են գաղափարական նորույթներին, պահպանողական են, ավանդական, խորապես հետամնաց են ու դատապարտված են գալիք հետամնացության ու որպես հետևանք՝ ուծացման։
Իհարկե, այդպիսիք կարող են դրսից ընդունել նյութական ասպարեզի նորույթներն ու օրինակ, իսկույն նստել բենթլիների ղեկին, բայց ներքին մոդեռնացման անընդունակ են։
Սա խորը արժեքային դրվածք է, որի արմատները դարերի մեջ են։ Եվ այդ դրվածքները վերափոխելու համար կամ մեծ թվով հեղինակավոր մարդիկ պետք է միավորեն իրենց ուժերը, հակազդեն ավանդույթային միջավայրին և զարգացող աշխարհին ընդօրինակելով, նոր արժեքներ ներդնեն։ Կամ էլ հզոր առաջնորդն ինքը միայնակ, կամային ներդնի նորույթը։
Արագ զարգացող արևելյան երկրներում տեղական հանրությունները հոգեբանորեն պատրաստ էին նորի ընկալմանը, դրա համար օրինակ Լի Կվան Յուն, կամ Դեն Սյաո Պինը որպես խարիզմատիկ, տեխնոկրատական մտածելակերպի հզոր լիդերներ, կամային ներդրեցին նորովի ապրելու և տնտեսվարելու սկզբունքները։ Հանրություններն ընդունեցին դրանք ու ենթարկվելով պահանջվողին, անցան արագորեն զարգանալու ռեժիմին։
Իսկ մեր դեպքում, Նիկոլն առանց հանրային արժեքայինի վերափոխումների, փորձում է երկիրը զարգացնել, սկսելով Մանվել ու Ռոբերտ նստեցնելուց, անտեսելով, որ համակարգը հինն է, նրա մասնիկները հինն են։ Որ եթե նույնիսկ ոչ միայն այդ 2-ին, այլ 200 հոգու էլ ինչ որ հրաշքով նստեցնի, բան չի փոխվելու։
Ինձ թվում էր, թե 25 տարի քաղաքականում եղած, 20 տարի խմբագիր աշխատած, բանտ նստած-ելած, հեղափոխություն իրացրած, ճկուն ու խորամանկ միտք ունեցող Նիկոլն այս ամենը լավ է հասկանում։ Բայց պարզվեց, որ ինքը որոշ բաներ լավ գիտի, իսկ հարակից այլ կարևոր բաների մասին անտեղյակ է։
Եվ ոչ միայն Նիկոլն է անտեղյակ, այլև ընդդիմադիր հատվածն է անտեղյակ։ Նույնիսկ քաղաքական տեսաբաններն են անտեղյակ ու նոր արժեքային սերմանելու փոխարեն պահպանողականների են մեծարում, որոնք բարեգոհի-օպտիմիստական, բայց հակահանրային, հակատեխնոկրատական հայացքներով մարդկանց բթացման ու երկիրը ճահճացման են տանում։
Արժեքային հեղափոխություն սկսելը Նիկոլի գործն էր։ Բայց ինքը կամ այդ մասին չգիտեր, կամ էլ երկրորդական էր համարում։ Ըստ գործերի ընթացքի, 8 ամիս իշխանություն լինելուց հետո էլ, “չի ուզում իմանալ”։
Ցավոք, այդ հարցի հրամայականն էլ իրեն ու կողքիններին հասցնել չի լինում՝ նույնիսկ տեսաբաններին հասցնել չի լինում։ Հետևաբար, հանրությանն էլ արժեքային վերափոխման պահանջը չի հասնի, որովհետև այդ մասին լուրը մշակողն ու փոխանցող չկա։
Ֆիզիկայի լեզվով ասած, միջավայրը հանրայնորեն ու քաղաքականապես excitable չէ՝ միջկոմունիկացիոն առումով մեռյալ է։
Այս խնդիրը նախորդ 3 իշխանությունները կամ չէին հասկացել, կամ “թքած ունեին” նրա հիմնարար կարևորության վրա։ Եվ նորերն էլ չեն հասկանալու, որովհետև սկսել են հների օրինակով՝ հիմնահարցերն անտեսել։
Ինքնապարգևատրումների հետ կապված մեծ խոսակցությունը մի քիչ տեղաշարժել է այս հարցը՝ իշխանավորների ուշադրությունը հրավիրելով նրանց աղաղակող ոչ ադեկվատության վրա։ Իսկ Արկադի Գալստյանի՝ ոչ մի գործ չանելու համար հրապարակայնորեն 10 միլիոն դրամ պահանջելու փայլուն մտահղացումը վեր է հանել հենց վերը նշված արժեքայինի ճչացող “բազմերեսանիությունը”։ Չէր կարելի հեղափոխություն հռչակել և իրացնել դրա իմիտացիան միայն։ Եվ այդ, մեղմ ասած, կիսատությունը ներկայում շատ-շատերն են տեսնում։
Կարծում եմ, որ շուտով Հայաստանում կսկսվի հենց արժեքային հեղափոխությունը, որը, եթե Նիկոլն ինքը չառաջնորդի, ապա մնալու է բարձրացող նոր excitable ալիքի տակ։