Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Պատճառա-հետևանքային գերակայություններ ու տրամաբանություն

2 Փետրվարի, 2018 Արա Հարությունյան
Կիսվել

91-ից հետո ինքնուրույնության հարցը մեր առջև կանգնեց իր բազմաթիվ ու բազմաչափ անհայտներով։ Սկզբում մեզ թվում էր, թե ջերմուկ ծախելով էլ ինքնուրույն կապրենք։ Այսօր արդեն, ողջ ընդերքն ու նույնիսկ մարդուն արտահանելով ծայրը ծայրին չի հասցվում։

Շարքայինների հույսը էլիտան էր, որ լուծումներ կգտնի-կառաջնորդի, էլիտայի հույսը՝ մեր տղերքը, մեր տղերքի հույսն էլ, ոնց հիմա եմ հասկանում, ռուսերեն ասած՝ авось-ն էր։

Այսինքն, սկզբում մենք տեղյակ չէինք, թե անկախացմամբ ամեն մեկս առանձին-առանձին  ու բոլորս միասին ինչ խնդիրների առջև ենք կանգնելու և ինչ է մեզ սպասում։

Եվ հիմա էլ, տասնամյակներ անց, մենք ստույգ չգիտենք, թե որս ինչը չգիտեր, որ պետք է իմանար, ինչը չհասկացավ, որ պետք է հասկացած լիներ և ինչը չարեց, որ պետք է աներ։ Իհարկե, իշխանության հասածներն ու հարստություն դիզածները շատ էլ լավ գիտեին ու գիտեն իրենց անելիքը, բայց խոսքը քաղաքացիների, էլիտայի ու շարքային “հայության” մասին է։

Մարդիկ կարծում էին, որ եթե Հայաստանն ունի գիտությունների ակադեմիա, ապա հաստատ կլինեն ակադեմիկոսներ, էլ չասած դոկտորներ ու թեկնածուներ, որոնք գիտեն իրենց  անելիքը՝ 20-21-րդ դարերի կտրվածքով։ Ասենք մեկը գիտի ջերմուկ ծախելով երկիր պահելու ձևը, մյուսը գիտի հիդրոկայան աշխատեցնելով մարդկանց լույս տալու ձևը, մյուսը գիտի կաուչուկ արտադրելով զենք առնելու ձևը, մեկ ուրիշը գիտի ադրբեջանցիների, թուրքերի, ռուսների  ու ամերիկացիների հետ լավագույնս բանակցելու ձևերը։ Մի խոսքով, մենք մտածում էինք, որ մենք պատրաստ ենք անկախությանը։

Բայց եկավ անկախությունը և պարզվեց, որ ոչ որևէ ակադեմիկոսը կար, ոչ ջրից հոսանք սարքողը, ոչ կաուչուկ արտադրողն, ու նույնիսկ ջերմուկ ծախողն էլ չկար՝ բոլորը մեղմ ասած բլեֆ էին։

Իմ պատկերացրածով, աշխարհը պատճառահետևանքային է (կաուզալ)։ Այսինքն ամեն ինչ ունի իր պատճառն ու դրանով պայմանավորված հետևանքը։

Հայաստանը մենք չէինք կերտել՝ այն ժառանգել էինք, իսկ ժառանգությանը տեր կանգնելը մեղմ ասած “ուրույն” հարց է։ Որպես կանոն, ժառանգությունն ավելի հեշտ վատնվում է, քան տիրապետվում։ Այն մեջ-մեջ արվելու մեծ գաղթակղություն է ներշնչում և պետական բարիքին մոտ եղողների մարմաջ է դառնում եղածը հոշոտելը, քան բազմապատկելը։

Սակայն անկախության սկզբին մենք դեռ չգիտեինք, որ մեր ակադեմիկոսներն ու դոկտորները, նույնիսկ թեկնածուներն են բլեֆ, ու հանգիստ սրտով անկախ պետություն կերտելու գործը տվեցինք ապագա հոշոտողներին։

Իբր մեր մեջի ամենալավերից կերտեցինք իշխանությունը ու սկսեցինք սպասել արդյունքների։ Եվ արդյունքները սպասել չտվեցին։ Պարզվեց, որ մեր “լավերն” իրական, համաշխարհային ստանդարտներով հեչ էլ լավը չեն, նույնիսկ միջակ չեն, ուղղակի վատն են։

Պարզվեց նաև, որ ժամանակակից աշխարհում, մեղմ ասած, անտեղյակ, ոչ մասնագետ, ոչ սկզբունքային անհատների երկիրը չի կարող առաջադեմ ու կայուն լինել, մի քանի պատճառներով։

1. Անտեղյակ անհատների երկրում քրեականն ի վերջո անպայման կվերցնի իշխանությունը։ Որովհետև նրան տեր կանգնելու պատրաստ այլ ուժ չկա։ Եվ  համախմբման մեծ ունակություն ունենալով, հենց քրեական-մաֆիականն է լինելու առաջին վերարտադրվող իշխանությունը։

2. Իշխանությունը հարատև դարձնելու նպատակով, երկրորդ փուլում քրեականի իշխանությունն իրեն որպես հենարան անպայման կվերցնի կամակատար ոչնչությունների և նրանց տրամադրելով թալանի քվոտաներ, կպարտադրի անվերապահ ենթակայություն և նորանոր հանցանքների գնալու պատրաստակամություն։ Արդյունքում կսկսեն շարունակաբար կեղծվել ընտրությունները և դրության տեր կդառնան ոստիկանությունն ու ուժային այլ կենտրոնները։

3. Այս սկզբունքով ձևակերպված իշխանությունը չի կարողանա իր կազմում հանդուրժել որակյալ մասնագետների, և ավտոմատորեն իշխանությունը ոչ կոմպետենտ կլինի տնտեսության ու հանրային կյանքի բոլոր հարցերում։ Որպես հետևանք՝ երկրի տնտեսությունը կավերվի, ու կսկսվի արտագաղթ։

4. Բազմաչափ կործանման այս փուլերում որպես ընդդիմադիր կսկսեն հրապարակ մտնել պոպուլիստ նարցիսներ, որոնք կառաջարկեն շուտափույթ, մեկքայլանոց հեքիաթային լուծումներ ու ընտրական ցիկլերում պարտվելով, էլ ավելի կխորացնեն ճգնաժամը՝ կտրելով մարդկանց վերջին հույսերը։

5. Երկիրը կմտնի ինքնակործանման ուղի ու որևէ փրկարար քայլ գտնելու հավանականությունը կձգտի զրոյի։

Սա իհարկե Հայաստանի անցած ուղու նկարագիրն էր, և ընթերցողը կասի, թե նկարագրվածի իմաստը որն է, որս դա չգիտի։ Իհարկե, բոլորս գիտենք: Ուղղակի ավելորդ անգամ ներկայացրեցի այն, որպեսզի հիմնավորեմ, որ մեզանում կատարվածը կաուզալ էր՝ պրոցեսները որպես հետևանք, նախորդներից բխելով, ճյուղավորվելով, շերտավորվելով և խորանալով, ավելի են ծանրացրել վիճակը։

Ստացածը ժառանգություն էր՝ ուրեմն պետք է մսխվեր։ Տհաս էինք՝ ուրեմն պետք է անարժանները գային իշխանության։ Չգիտեինք, որ պարտավոր ենք իշխանությունը վերահսկել, ուրեմն այն կդառնար ինքնագլուխ ու անվերահսկելի։ Իշխանությունն անվերահսկելի էր՝ ուրեմն պետք է լկտիանար ու դառնար պատուհաս սեփական ժողովրդի գլխին։ Հիմա համակերպվել ենք կատարվողին՝ ուրեմն կկործանվենք։

Նույն սկզբունքներով եթե քննարկենք Ռուսաստանի պրոբլեմները, կտեսնենք նրանց և մեր օբյեկտիվ նմանություններն ու տարբերությունները։

Ռուսաստանը սովետ միության ռազմականի, ֆեդերատիվ ուրույն կառուցվածքի, իր ահռելի տարածքի ու հարստությունների ժառանգորդն էր։ Այդ ամենի պահպանումն ու սպասարկումը նոր մտածողություն ու մոտեցումներ էր պահանջում։ Բայց “ռուսները” ևս, ոնց հայերը, կարծել էին, թե դրանից էլ հեշտ բա՞ն՝ սեփականաշնորհում ես եղածը, մոտավորապես ջերմուկ ծախելու սկզբունքով՝ նավթ ու նիկել ես ծախում ու հոյակապ ապրում ես։

Եվ ռուսներն էլ, դեռ մեզանից վաղ, գնացին նույն ճանապարհով։ Ու շուտով պարզվեց, որ սեփականաշնորհածն արդեն ոչ պետությանն է ու ոչ էլ ժողովրդինը, այլ անհայտությունից հայտնված ու ակնթարթորեն միլիարդատերեր դարձած մի բուռ լակոտ-լուկուտինը, և այդ ամենին զուգահեռ էլ ահռելի տարածքին ու վտանգավոր դարձած միջուկային զենքին է պետք տեր կանգնել։

Ելցինի կառավարման ավարտին Ռուսաստանն արդեն ավերակ էր, ու դրանից հետո կարողացավ վերականգնել զուտ ռազմականի մի մասը՝ հրթիռայինը միայն, և ներկայում գոյատևում է ընդամենը դրա հաշվին։ Իշխանությունը նույն քրեաօլիգարխիան է՝ ֆորմալ, իբր Պուտինի կամակատարը, բայց իրականում արդեն բոլորովին անկախ՝ ունեցվածքն ու ընտանիքները արտերկիր տարած։

Ամերիկյան վերջին քայլը՝ ռուսական իշխանական-օլիգարխական ցուցակների հրատարակումը ռուսներին կանգեցրել է երկընտրանքային տետանուսի առջև՝ կամ ինքնալուծարվել որպես պետություն, որովհետև ամբողջ իշխանությունն է անձնապես, անհատ առ անհատ շանտաժված ըստ իր գողացածի, կամ միջուկային ռումբ կիրառել, որ վազն գան, բայց և որի հնարավորությունը ևս զուտ տեսական է, ոչ գործնական։

Այսինքն ռուսները հասան այօրվա ճգնաժամին պարամետրերի մի այլ խմբով, որոնց մեջ առաջնայինն էլի հանրային, քաղաքացիական, անհատական  անտեղյակություն-տհասությունն էր՝ համեմված սովետների ժառանգորդ լինելու ծանրագույն բեռով։

Ժամանակին Ռուսաստանը չկարողացավ , ոնց Չինաստանը, գտնել զարգացման իր ուրույն ուղին։ Ռուսները փաստացի գնացին դրսից իրենց պարտադրվածով և այսօր գոյատևելու շատ նեղ արահետի վրա են։

Նույն տարիներին չինացիք ընթացան բոլորովին այլ ուղով՝ 1000 զոհով ճնշեցին Տյանանմին հրապարակի դեմոկրատական ցույցերը և տեխնոկրատական զարգացմամբ այսօր աշխարհի համար մեկ արտադրողն են և վաղվա հարց լուծողը։

Ամերիկացիք էլ իրենց անցած կաուզալ ուղին են ունեցել։ Մտնելով ամերիկյան ցամաք, անգլոսաքսերն ունեին իրենց պատկերացումները հարևանների հետ հարաբերման մասին։ Ժամանակի ընթացքում աստիճանաբար ոչնչացվեցին տեղացի բնիկները, ներգաղթած այլ ազգերը՝ ներառյալ գերմանացիների ու ֆրանսիացիների ահռելի զանգվածը՝ ձուլվեցին անգլիական գերակա մշակութային կյանքին։ Ընթացքում կազմավորեցին տեղական ինքնավարությունները՝ նահանգների տեսքով, և սկսվեց ամերիկյան ինդուստրիալ զարգացումը։

20-րդ դարում, դուրս գալով արտաքին քաղաքական աշխարհ, ամերիկացիք, որպես նախորդ անգլիացիներ և ներսում էլ իրար զսպելու հոյակապ մեխանիզմներ ունեցողներ, շատ լավ գիտեին հարևանների ու հակառակորդների հետ շփվելու քաղաքական տեսությունն ու վարքը և արագորեն հաջողության հասան։ Եվ մինչև այսօր էլ նրանք հետևում են այդ սկզբունքներին՝ իրենց նպատակներին հասնելու համար օգտագործելով հնարավորն ու անհնարինը։

Ամերիկյան պատճառահետևանքային կյանքի հիմքը վրեժն է՝ ինձ վատություն արեցիր՝ տասնապատիկը ետ կստանաս։ Եվ վրեժի պահանջն իրացնելիս արդեն չկա որևէ խտրականություն գործիքների ու մեթոդների միջև՝ կարևորը նպատակն է։ Ամերիկացիք յուրահատուկ, նոր ժամանակների “չեչեններ” են՝ իրենց շահին և արժանապատվությանը տեր կանգնելու աներևակայելի կամքով։

Նրանք աշխարհն են համարում իրենց շահերի ու հետաքրքրությունների առարկան, ռուսները՝ իրենց երկիրն ու մերձակա հարևանությունը, չինացիք՝ իրենց բարգավաճումը՝ բացառապես տնտեսական զարգացման լծակներով՝ թողնելով աշխարհքաղաքականը հետագային, երբ դրա համապատասխան ուժը կլինի։

Մենք՝ հայերս էլ մեր փաստացի կույր տեսադաշտի պատճառով, կրակն ենք ընկած մեզ բաժին հասած պետության ու հայի ձեռը ու մտածում ենք ոնց անենք, որ դրանցից էլ հնարավորինս շուտ ձերբազատվենք։

Այլ դիտակետից նայելով հարցին, կտեսնենք, որ անգլոսաքսերը բարգավաճել են և ներքին զարգացման, և հնարամտության, և արտաքին ագրեսիայի հաշվին։ Ռուսները “բարգավաճած” էին արտաքին ագրեսիայի, ծավալապաշտման հաշվին, ներսում պահպանած լինելով ճորտատիրությունն ու դրան հատուկ կամակատարությունը։

Չինացիք նոր ժամանակներ մտան պատմական չինական ուրույն ինտելեկտով ու հեռատեսությամբ և շարունակում են դրանով առաջնորդվող-պարտադրվող վարքը։

Թուրքերը դեռ միջին դարերում քաղաքական հրապարակ էին մտել խաբեության, ճկուն դիվանագիտականի, յաթաղանի ու վայրագության հաշվին: Դա էլ նրանց կաուզալ էությունն է։

Այսօր էլ իմ թվարկած բոլորն էլ նույնն են՝ ամերկացիք շրջահայաց՝ նախահարձակ, վրեժխնդիր, իրենց անելիքն իմացող են, ռուսները կորցրել են երբեմնի ծավալապաշտականն ու շվարած են ներկա դարի պահանջների առջև, թուրքերը դեռ մանևրում են խաբելով, սպառնալով ու դրժելով։ Չինացիք նորովի են կյանք մտնում՝ իրենց մանրակրկիտ ու բծախնդիր բարդությամբ։ Հայերն էլ իրենց ավանդական՝ կործանվելու, փրկության ու ելքեր գտնելու սպասումների մեջ են, ընդ որում արդեն սպառված՝ բոլոր առումներով։

Այսինքն ներկայում ևս, ազգերն ու հանրությունները հիմնականում շարժվում են իրենց հին արժեքայինի, պահպանված սկզբունքների հիմքով։ Որոշներին հինը, կամ նրա խելամիտ-չափավոր մոդեռնիզացիան ձեռնտու է, որովհետև դեռ որ հաղթանակ է ապահովում, իսկ պարտվողներին էլ հակառակը՝ բացասական է,  որովհետև կործանման է տանում։

Ծագում է տրամաբանական հարցը՝ իսկ ինչ անեն պարտվողները։ Պատասխանը ստանալու համար մեկ այլ կոնցեպտուալ դրվածք էլ պետք է քննարկման բերել։ 

Աշխարհքաղաքական-պետական մեծ տրամաբանությունների հիմքում դրանք կերտող անհատ սուբյեկտների կաուզալ աշխարհն է՝ իր տրամաբանություններով ու գերակայություններով։

Բացատրեմ միտքս մի գերարհեստական-ցինիկ օրինակով։

Արևը ճառագայթում է, ճառագայթը հասնում է խոտին, խոտը աճում է, ոչխարն ուտում-գիրանում է, գայլը կամ մարդն ուտում է ոչխարին, կողքինից ոչխարի բուդը ֆիզիկապես խլել չկարողացած, բայց ուղեղակիր՝ Homo Sapiens մարդը մտածում է իր սեփական ոչխարը բուծելու ու այն պաշտպանելու ձևերի մասին ու ստեղծում է ոչխարաբուծական իր ֆերման ու իր հրթիռը, որ իր վրա մատ թափ տվող մարդ-գայլը չլինի։

Այ այս գերակայությունների շղթայում անհնար է, որ խոտը հրթիռ սարքի, կամ էլ ոչխարներով միանան ու հրթիռ գնեն, որ գայլից պաշտպանվեն։ Հրթիռը պետք է Homo Sapiens մարդն ինքնուրույն սարքի։ Հրթիռ չսարքողն էլ մեծ հավանականությամբ, վերջ կամ շուտ, մատաղացու է դառնալու։ Հետևաբար, եթե համակարգի վերլուծությունը ցույց է տալիս, որ հրթիռի անվերապահ պահանջ կա, այն անպայման սարքել է պետք։

Այս պահանջից սկսվում է առաջնահերթությունների մի այլ՝ հետադարձ շղթա՝ հրթիռ սարքելու համար Homo Sapiens դարձած հանրություն է պետք, որում  “հրթիռաստեղծը” մեծ հարգանք ունի։ “Հրթիռաստեղծ” անհատ ունենալու համար համալսարան է պետք ունենալ, համալսարան ունենալու համար լավ ուսուցիչ է պետք ունենալ ու “թաղ նայող” չունենալ։ Որովհետև երեխան թաղ նայողի օրինակով ձգտելու է գող ու “հարց լուծող” դառնալ, իսկ ուսուցչի պահանջով սովորելու է, որ համալսարան գնա ու “հրթիռաստեղծ” դառնա։

Ըստ հրապարակում եղած ավանդական տրամաբանության, անելիքի սկիզբը Homo Sapiens հանրություն կերտելն է, իսկ իրականում համար մեկ խնդիրը հիմքից է՝ թաղ նայող չունենալն։

Եթե իշխանավորը ԼԻ կվան-Յուն է, ու ժողովուրդն էլ սինգապուրցին է, ապա պարզ է՝ թաղ նայողի հարցը ԼԻ Կվան Յուն է լուծում։

Իսկ եթե իշխանավորն ախպերականն է, ապա թաղ նայողի դեմն առնող միակ մարդիկ երեխայի հայրը, եղբայրներն ու մայրն են։ Եվ անելիքն էլ “թուր ու թվանքով”, բանտ ընկնելով ու զոհվելով չէ, այլ ընդամենը ամեն փոքր դրվագում սեփական շահն ու արժանապատվությունը հետապնդելով։ Այսինքն ողջ ժողովրդով “չեչեն”, կամ “ամերիկացի” (որ տարբերակն ում ավելի ընդունելի կթվա) դառնալն է։

Պետք է վերջապես բոլորովս հասկանանք, որ Լի Կվան Յու չենք ունեցել, չունենք ու չենք էլ ունենալու։ Որ փրկիչները միայն հեքիաթներում են լինում, իսկ վաղվա պոտենցիալ “հրթիռաստեղծ”, այսօրվա  երեխան էլ միակ ռեալն է, որի հետ հույսեր է պետք կապել։

Պատճառահետևանքային տրամաբանությունը հուշում է, որ եթե այսօր թաղ նայողը չկա, ապա վաղը հրթիռը կա։ Եթե հրթիռը կա, ապա ադրբեջանցու լկտիությունն էլ այլևս չկա, չհաշված, որ “հրթիռաստեղծ միջավայրում” մեխանիկորեն, ախպերականը ևս չկա, ու երկիրն էլ երջանիկ Homo Sapiens-ների հայրենիք է, այլ ոչ գերեզմանոց։

Ակնհայտ է, որ էստեղ նկարագրվածն ու առաջարկվողն անհեթեթ կթվա հայ բոմոնդին ու մշտապես մեծ-մեծ բաներից հորջորջող երևելիներին։ Բայց սա է անելիքն ու ելքը, անկախ նրանից, որ հայրենասերները բանտերում են, իսկ ախպերականն էլ՝ չալաղաջները բերաններին։

Շտկել հնարավոր է նույնիսկ անհնարին թվացողը, բայց պայմանով, որ շտկելու տեսական-տրամաբանականն է գիտակցված ու մեթոդականն էլ, որպես պարզ քայլերի հաջորդականություն, բոլորի կողմից ի զեն վերցված։


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes