Հայաստանն այն վիճակում է, որ անխնա բացախոսությունն այլընտրանք չունի: Հետանկախական տարիների հայկական իրականության մասին տեսլականը կերտվել է ըստ նախաձեռնությունների, բայց ոչ երբևէ՝ ըստ հետևած արդյունքների:
Ըստ այդ տեսլականի, իշխանություները հրեշն են, իսկ ընդդիմությունն էլ` զոհը: Իշխանությունները հարձակվել են, ընդդիմությունը պաշտպանվել, ու օր-օրի բոլորով հասել ենք այս օրվան:
Իրոք որ, նկարագրական մասով այդպես է՝ իշխանություններն այո, հարձակվել են, բայց արդյոք ադեկվատ է պաշտպանվել ընդդիմությունը:
Իմ կարծիքով, ընդդիմությունը ոչ թե պաշտպանվել է, այլ իր քաղաքական մեթոդական տգիտությամբ ու ոչ ադեկվատությամբ պարարտ հող է ստեղծել իշխանական հաղթանակի ու ավելի ու ավելի ծավալվող բեսպրեդելի համար:
Տեղի տալով տարատեսակ առաջնորդների ու փրկիչների հորդորներին, մարդիկ գնացել են միտինգների, երթերի, քաղաքացիական ակցիաների, ընտրությունների ու գրանցել միայն պարտություններ:
Մի քանի տասնյակ ընտրություններ, հարյուրավոր միտինգներ, ակցիաներ, նախաձեռնություններ ու նույնքան էլ պարտություններ: (Մաշտոցի պուրակի եզակի հաղթանակը զուտ սահմանափակ մարդկանց ակտիվության արդյունք էր, որին հանրային մասնակցություն փաստացի չկար):
Իշխանություններին քննարկելը քիչ իմաստալից է՝ իրենք դրության տերն են ու ամեն ինչ են անում այդպիսին մնալու համար:
Թվում է, թե ընդդիմադիրների արածն ու չարածն է քննարկելիք: Որովհետև իշխանական բոլոր քայլերը հենց նրանք են լեգիտիմացնում և դրանով իսկ հավերժացնում եղածը:
Ընտրողների մի մասը վաճառվում է 5000 դրամով, ընդդիմադիր լիդերներն էլ՝ պառլամենտական մանդատով: Կեղծ բարոյականը թողնելով մի կողմ, հարց տանք մեզ՝ ով է ավելի «ծախվածը»՝ ընտրողը, թե ընտրվողը:
Ընտրողը «վաճառվում» է, որովհետև անցյալի փորձի հիման վրա բացարձակապես չի հավատում, որ ընդդիմադիրը տեր է կանգնելու տրված ձայներին:
Իսկ ընտրվողն էլ շատ լավ գիտի, որ իր մասնակցությամբ լեգիտիմացվում են ընտրությունները, բայց և, մանդատի համար է «ծախվում»:
Նա առանց խղճի խայթի արդեն 20 տարի շարունակ «էժանով» գնում է ուղղակի դավաճանության, որովհետև երբևէ պատասխանատվության կանչված ու պատժված չկա:
Ընտրություններին մասնակից հայտնի հաճախորդներն իշխանականի անբաժանելի մասն են, և ինչպես իշխանականին, սրանց ևս ասելիք չկա:
Ընտրության տանող ընդդիմադիր լիդերներին էլ ասելիք չկա՝ մարդիկ անպատիժ են ու թքած ունեն հետևանքների վրա:
Ըստ էության, այդ լիդերների շուրջը հավաքվածներին էլ ասելիք չկա: Ըստ հոգեբանական կերտվածքի` սրանք զոմբի են: Զոմբիացնողը կա՝ ուրախությամբ զինվորագրվում են զոմբիություն անելու՝ նմանին ի՞նչ ասես:
Հետևաբար գալիս ենք եզրահանգման, որ ասելիքը շարքայինին է՝ պրոցեսների մասնակցին: Նրան, ով վաղը նորից հավատալու է մի նոր առաջնորդի ու գնա ընտրության, հավատալու է մի նոր փրկչի ու դուրս գա փայտերով հեղափոխության, հայրենասիրականով տոգորված դուրս է գալու լուռ ավտոմատներով հեղաշրջման:
Հավատալու է, դուրս է գալու, մասնակցելու է ու արդյունքի չհասած գնալու է բանտ:
Ի՞նչ կարող ես անել: Մեզանում ընդունված է նույն հիմարությունը տասնյակ անգամ կրկնողին ու պարտված լիդերին հերոսացնելը:
Ի՞նչ հնար կա աբսուրդի այս փակ շրջանը ճեղքելու:
Իշխանությունները ժամանակ առ ժամանակ վերանայում, թարմացնում են իրենց շարքերը՝ լրիվ չափն անցածներին մի կողմ են դնում, նորերին բերում: Ընդդիմությունը զուրկ է վերանորոգման այս մեխանիզմից էլ՝ նույն մարդիկ տասնյակ տարիներ նույն լոզունգներով հրապարակում են:
Ես ինձ թույլ չեմ տա որևէ մեկին հորդորել մի գործի, որում անձնական ձախողման ու վնասի փոքր իսկ վտանգը կա: Եվ դրա իրավունքը ոչ մեկը չունի: Բայց արի ու տես, որ Հայաստանում տեղից ելած մեկը, առանց որևէ հետևանք հաշվի առնելու ու ալտեռնատիվ պլաններ ունենալու, կյանքի խեղման է կոչում կողքիններին ու բանտ տանում:
Վերը նկարագրվածը խոսում է առկա հրեշավոր անպատասխանատվության մասին, ընդդիմադիր նախաձեռնողների կողմից, և պահանջկոտության իսպառ բացակայության մասին՝ ժողովրդի կողմից:
Հույս ունենալ, թե այս ազգակործան արժեքայինը ինքն իրեն կանհետանա, միամտություն է: Սպասել, թե լիդերները «խելքները գլուխը» կհավաքեն՝ ինքնախաբեություն է:
Տարբեր հանրություններ տարբեր մեխանիզմներ ունեն կարգազանց լիդերին կարգի հրավիրելու։ Ճապոնական արժեքայինը այդպիսի մեկին խարակիրի է պարտադրում, արևմտյանը պարտադրում է ակն ընդ ական վրեժ։ Նորմալ այլ երկրներում դատարանն է պատժում։ Մեզանում բացարձակ անպատժելիություն է ու դրանից բխող՝ անելանելիություն։
Հայկական պետականությունը կործանվում է զուտ ներքին դրդապատճառներով: Ղարաբաղյան հարցը, շրջափակումը, արտաքին նկրտումները ածանցյալ են ու հետևանք են հենց ներքին թուլությունների, և առաջին հերթին լկտի լիդերների անպատժելիության:
ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմությունն անհուսորեն ոչ ադեկվատ է: Ադեկվատը շարքայինները կարող են լինել, եթե անտեսեն և իշխանություններին,և ընդդիմությանը և փորձեն ապրել մեկուսի թե մեկից, և թե մյուսից:
Առանց եղած որակի ընդդիմադիրների Հայաստանը շատ ավելի մեծ շանսեր ունի գոյատևելու, քան ընդդիմադիր գիտակցված, կամ անգիտակից հաճախորդությունն է, որը կայունացնում է իշխանությունը և ասպարեզից արտամղում մարդուն: