Հայկական քաղաքական կյանքը դեմ է առել կոնցեպտուալ պատնեշի ՝ իշխանության լեգիտիմության խնդրին:
Բոլորս գիտենք, որ սկսած 1995-ից, բոլոր ընտրություններն ու հանրային կամարտահայտությունները կեղծվել են: Եվ համապատասխանաբար էլ, ձևավորված իշխանությունները մերժված են եղել ժողովրդի ոչ իշխանամետ հատվածի կողմից: Եվ հիմա էլ, առաջին հերթին, իշխանական ոչ-լեգիտիմությամբ պայմանավորված ժողովուրդ- իշխանություն խորացող անդունդը հարթելու խնդիրն է կանգնած մեր առջև:
Թե ովքեր ու ինչպիսին են իշխանությունները, տասնամյակներ շարունակ քննարկվել է ու նորից այդ մասին խոսելն ավելորդ է: Բայց և, ցանկացած հակամարտություն ունի առնվազն երկու կողմ և շարունակաբար դիտակելով ու մեղադրելով միայն մեկին, գալիս ենք նրան, որ երկրորդ՝ մանավանդ մշտապես պարտվող կողմը դուրս է գալիս որևէ պատասխանատվությունից և մակաբուծում է հանրային կարծիքի վրա:
Շատերին մի գուցե կոշտ թվա այս որակումը, բայց սա ոչ միայն քաղաքագիտական դրվածք է, այլև դրա մասին է վկայում հայկական թշվառ իրականությունը:
Մարդիկ հոգնել են նեգատիվից, խուսափում են հարցերի մեջ խորանալուց, բայց այլ ելք չկա՝ մենք 21 դարում ենք, և նրանում ինքնիշխան պետականությամբ գոյատևելու համար պետք է հաշվի նստել մարդկային ու քաղաքական օրինաչափությունների հետ:
Հենց այս նպատակով փորձենք հասկանալ ընտրությունների հետ կապված պրոցեսների խորքային էությունը, գնահատել նրանց կարևորությունն ըստ բաղադրիչների և վերլուծել, թե ինչպես է ամեն անգամ իրացվել կեղծիքը և գոյացել անդունդը:
1. Դեռ սովետների փլուզման փուլում արևմուտքի և տեղական քաղաքական ակտիվիստների ջանքերով ժողովրդի գիտակցության մեջ մտցվեց, որ ժողովրդավարության հիմնական գործիքը ընտրությունն է, և պետք է ամեն գնով մասնակցել դրանց:
Բայց երբևէ չի քննարկվել ու ասվել, թե ինչ պայմանով է պետք մասնակցել ընտրություններին և երբ է պետք դրանք մերժել: Չի ասվել, որ եթե քրեականն է այն վերահսկում, եթե հանգուցյալներն են «ընտրում», թաղի տականքը, զինված խմբերը, եթե ծեծում են, դանակահարում, բանտարկում ու այդ ամենից հետո էլ հանձնաժողովներում թվերն են կեղծում, ապա ընտրություններին մասնակցելը սակավամտություն է, ինքնակործան խաբկանք:
Չի ասվել, որ քրեականների պառլամենտում նմուշի համար մի քանի ընդդիմադիր ունանալու իշխանական խորամանկության համար ծեծվելով ընտրության մասնակցելը մարդուն ոչ սազական տգիտություն է ու ստորացում:
Արդյոք ժամանակը չէ գոնե հիմա՝ ընտրություններից մեկ տարի առաջ, մի պահ կանգ առնելու և ինքներս մեզ հարց տալու, թե ժողովուրդ, մեզ նորից ընտրության են կոչում: Այս անգա՞մ ինչպես են խաբելու:
Միթե երբևէ ժամանակին չենք կարողանալու հերթական պարտվող-լեգիտիմացնողի դեմն առնելու:
Պարզենք, թե ովքեր և ինչպես են մարդկանց մղում ընտրատեղամաս:
Ա. Իշխանություններին օդի և ջրի պես անհրաժեշտ են «լեգիտիմ» ընտրություններ, որովհետև ժամանակակից աշխարհի գերհզորները դա են պարտադրում բոլոր պետություններին: Հետևաբար, իշխանությունների համար գերխնդիրը գոնե մինիմալ լեգիտիմություն ունենալն է: Դրան հասնելու համար նրանք և կաշառելով, և քաջալերելով, և խաբելով մարդկանց մղում են ընտրությունների:
Բ. Իշխանություններն ունեն «հաճախորդների» ինստիտուտը և դրա հետ կապված խաբկանքի լծակները, որոնց շնորհիվ ինտրիգ են մտցնում խաղի մեջ՝ թե այս անգամ իրոք ընդդիմությունը շանս ունի հաղթելու, որպեսզի մարդիկ հավատան ընդդիմադիրներին ու գնան ընտրության:
Գ. Դեպի ընտրություն հորդորող մյուս սուբյեկտը ընդդիմադիր լիդերներն են, որոնք գիտակից, կամ անգիտակից «հաճախորդի» կարգավիճակում, առանց նախկին պարտվածներից գոնե մինիմալ մեթոդական տարբերության մտնում են հին խաղի մեջ և մարդկանց տանում տեղամաս:
Դ. Հաջորդ գործոնը թաղի տականքի միջոցով, ընտրելու համար ընչազուրկներին օրվա հացով կաշառելն է: Այս երևույթը արդարացված է այն պարզ պատճառով, որ եթե ընդդիմադիրը «ինքնախաբեության» է գնում իրեն հիմարի տեղ դնելով, ապա նորմալ շարքայինն էլ իրավունք ունի իր ձայնը վաճառելու ըստ պահանջարկի:
Ե. Հաջորդը բարեկամների ու գործատերերի ինստիտուտն է: Ազդեցիկ, իշխանամետ բարեկամն ու գործատուն շանտաժում են բարեկամին, շարքային մարդուն՝ ենթարկվելու համակարգին և ընտրելու:
Զ. Մյուսը դա ընտրությանն անպայման մասնակից լինելու երիտասարդության մոդայիկ կեցվածքն է և տարածված կարծիքը, որ չմասնակցելն արդեն իսկ պարտություն է:
Երիտասարդին իհարկե դժվար է բացատրելը, որ աշխարհում Կուտուզով է եղել, որը հաղթել է նահանջելով: Որ լուրջ կոնֆլիկտային, մասնավորապես քաղաքական պրոցեսներում կան մարտավարություն և ռազմավարություն ասածները, որոնց ճկուն համատեղմամբ ինչպես երբեմն շախմատում, հաղթանակի ես հասնում զոհողությամբ, խաբկանքով, նահանջով, կամ սպասելով:
Ի տարբերություն նախագահականի, պառլամենտական ընտրությունները մի հիմնարար սկզբունքային տարբերություն ունեն՝ դրանք լայն շրջանակի մարդկանց են առնչվում և հետևաբար առավել սուբյեկտիվ են: Մասնակցում են բազմաթիվ մասնավոր շահագռգիռ անձինք, որոնք ընտրության են հորդորում իրենց ծանոթներին ու ընկերականին, թե ժողովուրդ, սա կոնկրետ իմ անձնական հարցն է, իմ խաթեր մասնակցեք ու ընտրեք, գործ չունեք մնացածի հետ:
Այսինքն պառլամենտական ընտրություններն արդեն իսկ իրենց ազդեցությամբ հասցված են ստորին կետի: Նրանցում ընդդիմության նույնիսկ շոշափելի ներկայության դեպքում, արդյունքը զերոյամերձ է, որովհետև դրանք և կեղծվելու են, և իշխանությունը չի զիջելու մեծամասնությունը խորհրդարանում:
Հետևաբար, միակ ելքը դրանք բոյկոտելն է, որպեսզի՝
– ժողովուրդն իրեն տարանջատի- մեկուսանա իշխանությունից և միջազգային հանրությանը այն ներկայացնի որպես ինքնակոչ և ոչ լեգիտիմ:
– ժողովուրդը հասկանա, որ ինքը խաղալիք չէ, հոտ չէ, կաշառքի առարկա չէ, հիմար չէ, տհաս չէ, և մեկուսանա իրեն այդպիսի դեր մատուցողներից:
– ժողովուրդն իր ճակատագրի տերը դառնա և այս գաղջ իրականության մեջ առանց քրեական իշխանությունների ապրելու ձևերը գտնի:
Մինչև հիմա ոչ մի նոր կուսակցություն, ոչ մի նոր փրկիչ, ոչ մի նոր քաղաքական դեմք երբևէ չի առաջարկել ընտրությանը մարդկանց ձայներին տեր կանգնելու որևէ գործուն մեխանիզմ, բայց և, զարմանալիորեն, կարողացել է համոզել գնալու տեղամաս և պարտվել:
Կուսակցություն կոչված ինստիտուտը միայն ժողովրդավարական ֆասադ չէ: Այն իր հիմքում ունի կուսակցականությունը, որն անձնական- հանրային արժեքային դրվածք է, և առաջին հերթին սկզբունքայնություն է, արժանապատվություն, նախաձեռնություն, արդարություն, ազնվություն:
Մեր արժեքայինում դեռ չի կերտված կուսակցական մարդու նույնիսկ տեսական կերպարը: Ցանկացած ոչ ստանդարտ հարց տվեք որևէ կուսակցական գերակտիվիստի, ու կհամոզվեք, որ նա չունի որևէ լուրջ հարցի ոչ պատկերացումը և ոչ էլ պատասխանը: Նրա հույսը լիդերն է՝ թե նա ինչ կասի:
Առանց անհատ, ինքնուրույն, իրեն հաշիվ տվող և լիդերից հաշիվ պահանջող կուսակցականի, չի կարող նման «կուսակցականությունը» որևէ ընտրություն հաղթել Հայաստանում:
Ես կհասկանայի, եթե հիմա նոր ստեղծվող կուսակցություններն ասեին, թե մենք այս անգամ չենք մասնակցելու գալիք ընտրություններին, այլ ստեղծվում ենք զուտ որպեսզի մարդկանց մեջ քաղաքագիտական գիտելիքներ տարածենք: Որպեսզի կենցաղային, աենաստորին, բայց և ամենակարևոր մակարդակում հաղթենք ընտրազեղծարարին, մեկուսացնենք նրանց կեղծելու լծակներից մինչև ընտրություները և նոր միայն գնանք ընտրությունների:
Իսկ մինչ այդ, մեր անելիքը մարդ տեղեկացնել-կրթելն է, քաղաքացի սարքելը, որը կկպայքարի ոչ թե միտինգի կազմում, այլ միայնակ՝ իր նեղ կենցաղային շրջապատում: Ուր նրան չի կարող ծեծել իր եղբայր- ոստիկանը, չի կարող դատել իր հորեղբայր- դատավորը, չի կարող բանտարկել իր ընկեր-քննիչը:
Սա ես ասել ու կրկնել եմ երևի տասնյակ հոդվածներում, բայց քաղաքական –հանրային արձագանք չկա: Փոխարենը կա նոր երևելիների կուրծք ծեծելը՝ թե իրենք ուրիշ են, ազնիվ են, արդեն իսկ «քաղաքացի» են:
Այս առթիվ երկու նկատառում ներկայացնեմ՝ մեկը տեսական և մեկն էլ՝ «պատմական»:
Տեսականը- ազնիվն առաջ տանելու համար նախ խիզախ է պետք լինել, որպեսզի հաղթահարես ազնվության դեմ կանգնած մարդկային ու անմարդկային պատնեշները:
«Պատմականը»՝ անձամբ ես տասնյակից ավել մարդկանց գիտեմ, ովքեր հրապարակավ որպես անկաշառ ու ազնիվ էին ներկայանում, իսկ երբ մտան իշխանություն, դառան տիպիկ իշխանական:
Հայրենասիրության հետ բազմաթիվ էպիտետներ են կիրառելի, օրինակ Էյֆորիկ հայրենասիրություն, ինքնամոռաց, խելահեղ, անհիմն, շահադիտական, զգայական, ռացիոնալ, դեմագոգիկ, գողական, կուսակցական:
Բայց քաղաքացիականությունն այլ է՝ այն միայն ազնվություն է պահանջում և առաջին հերթին՝ ինքդ քեզանից:
Թող լիդերների ստվերում ժողված ջահելներն այդ հարցը տան իրենց՝ արդյոք ազնիվ են իրենք իրենց առջև: Եվ արդյոք իրավունք ունեն թույլ տալու իրենց լիդերներին հերթական աճպարարության գնալու: