Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Փողոցային հեղափոխության չբարձրաձայնվող դասերը

7 Հուլիսի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Բաղրամյան փողոցի  բացվելով միաժամանակ փակվեց հայկական քաղաքական կյանքի մի էջ, որը շատերին ներկայանում էր որպես նոր, ուրույն և հուսադրող:

Ըստ ֆորմալ սցենարի, երիտասարդությունն ինքնաբուխ դուրս էր եկել իշխանությունների դեմ զուտ սոցիալական հարցով և իր պայքարով կարողացավ հոսանքի թանկացումն իջեցնել նախատեսված 17-ից 7 դրամի:

Սա երևի մեծ նվաճում է, եթե ի նկատի ունենանք որ նրանց դեմ կանգնած էր ռուսական ամենազոր ընկերություններից մեկը, և Բիբինն ինքը, ով «թքած» ուներ թե մարդկանց, թե պառլամենտի ու մեծ հաշվով նաև Հայաստանի վրա:

Իրոք, եթե հայ մարդիկ կարողացել են «դասավորել», որ կրթական հաստատությունը  ձևակերպվի որպես հոսանքի մատակարար ու 60 դրամով հոսանք վաճառի ցանցերին, ապա բիբիններն էլ կթքեն նման մարդկանց ու նրանց երկրի վրա:

Հասարակական-քաղաքական կյանքում ամեն ինչ իր սկիզբն ու վերջը, արմատն ու   պտուղը, պատճառն ու հետևանքն ունի: Ճիշտ այնպես, ինչպես հիմնային, մոլեկուլյար բյուրեղի ատոմների դասավորությունը կերտում է մեզ տեսանելի մեծ բյուրեղը:

Եվ բիբիններին ու հայ իշխանություններին, ընդդիմությանն ու նրա առաջնորդներին  հասկանալու համար պետք է ընդամենը արմատին, հիմքին նայել:

Իսկ արմատը, մեղմ ասած, արյունաշաղախ, գենոցիդով ու պարտություններով կերտված մեր արժեքայինն է, որը 30 դրամով հոսանք է առնում ու 60-ով ծախում, սահմանին 189-ով գազ է առնում ու ներսում 380-ով ծախում:

Այո, այո, այդ մենք ենք առնում ու մենք ենք ծախում: Մենք ենք մեր տունը քանդում, մենք ենք երկիրը դատարկում, մենք ենք իրար հոշոտում: Ռուսներն այդ ամենում ընդամենն իրենց բաժինը փախցնող մեծապետական ժուլիկներ են, որոնք գիտեն, մեր իշխանական պլինտուսի հետ «աշխատելու ձևերը»՝ այսինքն մի հատ «փըշտ» ասելը:

Ոնց ընտանիքի անդամն է ընտանիքի դրսևորումների պատասխանատուն, էնպես էլ քաղաքացին է պետության բոլոր դրսևորումների պատասխանատուն: Ես պատասխանատու եմ Հայաստանում կատարվող ամեն այլանդակության համար, և նմանապես, բոլոր հայաստանցիք են պատասխանատու:

Հայաստանն առաջին հերթին մեր կերտածն է, հետո նոր ԿԳԲ-ի, թուրքերի, ասիականության, լիսկաների, լֆիկների ու մյուսների: Որովհետև հանրային արժեքայինի կերտումը երկու իրարամերժ պրոցեսների հանրագումար է՝ արարման ու մերժման: Հրապարակում միշտ էլ առկա են բևեռային երկու մտքեր, երկու օրինակներ, երկու մոտեցումներ, երկու վարք՝ նորման և աննորմալը, մարդկայինն ու հրեշայինը, սատանայականն ու Աստվածայինը: Շարքային մարդն ազատ է հետևելու դրանցից որևէ մեկին: Եվ եթե մեզանում հաղթել է հրեշայինն ու աննորմալը, ուրեմն նորմալներն ու մարդիկ պարտվել են աննորմալին ու հրեշին իրենց ասելիքում, օրինակում, մատուցման ձևերի մեջ, տեսականում ու գործնականում:

Պարտվել են ամեն օր ու ամեն քայլափոխի, տարիներ ի վեր ու դարեր շարունակ: Մեր ու զարգացած ազգերի միակ տարբերությունը սրանում է: Նրանք հաղթել են իրենց մեջի աննորմալին ու հրեշին, իսկ մենք պարտվել ենք մեր մեջի աննորմալին ու հրեշին:

88 թվին հրապարակ ելած ջահելները ծանր, «քռքաշ», հետևանքային՝ ադրբեջանական ու սովետական ոտնձգություններին զուտ արձագանքող պրոցես էին տանում՝ Գորբաչովից Ղարաբաղ ուզելով, նաիրիտ փակելով, դոշ ծեծելով ու հարակից հիստերիայով:

Պահին ու ապագային միտված ոչ մի նախաձեռնողական քայլ, ոչ մի կոնցեպտուալ ծրագիր չկար: Նույնիսկ մոտեցող պարտադրված անկախության զգացումը չկար:

Ղարաբաղն իհարկե Գորբաչովը չտվեց: Ապաշնորհության պատճառով թուղթ դառած սովետական ռուբլին լցվեց Հայաստան, տնտեսությունը կանգնեց, երկիրն անշնչացավ:

Թուրքերի պարտադրած պատերազմը մտանք, ու ահռելի կորուստներով հիմա ունենք էս դատարկվող երկիրն ու ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակը, ուր մեր տականքն է մեր տերը:

Եզրակացություն. դեռ 88 -ին ջահելներն անում էին այն, ինչ չգիտեին, իսկ ավագ սերունդն էլ հետևում էր ջահելներին ու ձենը կտրած սպասում էր հրաշքի, որը չկատարվեց:

Նաիրիտը փակելու խնդրով քիմիայի հազարավոր մասնագետներից որևէ մեկը խիզախություն չունեցավ բարձրանալու ամբիոն ու ասելու, որ հարգելիներս, դուք ոչ քիմիա գիտեք, ոչ տնտեսություն, ոչ էլ Նաիրիտ գործարանի էությունից եք բան հասկանում: Շեշտեր, որ Նաիրիտը համաշխարհային մակարդակով մոնոպոլիստ է, որ Նաիրիտի հաշվին Հայաստանի մնացած տնտեսությունն է ապրում: Որ Նաիրիտը բանակցային գործիք է, այլ ոչ թե տարան, որով սովետ պետք է քանդեք: Բացատրեր, որ Նաիրիտը կարելի է ոչ թե փակել, այլ մեր ուզածով շահագործել ու երկիր շենացնել:

Բայց չեղավ նման հրաշք՝ մասնագետները չխոսեցին: Իսկ ջերմուկով բարեկեցության հասնելու ջատագովները խոսեցին, գրավեցին ողջ եթերն ու ասպարեզը և ավիրեցին  գործարանը, որը մինչև այսօր էլ մի քանիսի միլիոնների բազառի առարկան է ու հազարավորների դժբախտությունների կիզակետը:

Հիմա էլ նույնն էր՝ Բաղրամյանի վրա էին ջահելները, որոնք «պայքարում» էին  88 թվից “հոլ փախցրած”, արդեն 50-60 տարեկան ավազակ իշխանությունների դեմ: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է անում, ինչու է անում և ինչու պետք է իշխանությունը զիջի:

Ջահելները չգիտեին ինչ ու ոնց անելը, իսկ ավագ սերունդն էլ, որը նախորդ  խաբված սերունդն էր և որը պետք է որ իմանար, թե ովքեր են այս իշխանությունները, պետք է որ պատմեր, սովորեցներ նոր սերնդին իր սխալների մասին՝ բայց լռում էր: Լռում էր, երբ ջրում ու ծեծում էին իր զավակներին ու թոռներին:

Նույնիսկ սպորտում, մարզիչի գործն է իր սանին քայլերը հուշելը: Բայց մենք նույնիսկ որպես մարզիչ էլ մեր բարձրության վրա չեղանք:

Ու լուռ էլ կմնանք՝ ճիշտ նույն ձևով, ինչպես նախորդ փուլերում լռում էին Հայաստանի մասնագետները, ակադեմիկոս կոչվածները, դոկտորներն ու պրոֆեսորները, երևելիներն ու ամենագետները:

Սա է հայկական արժեքային բյուրեղը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» հիմնային  բյուրեղը:

Եվ այդ բյուրեղն ամեն պահի սրբորեն պահպանվում է շատ-շատերի կողմից: Հանրային փուչ ակտիվությամբ ջրի երես ելած տգետների կողմից՝ որոնք համոզել են կողքիններին, որ գիտուն են: Օպտիմիստների կողմից, որոնք լլկեցնում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն գաղջ իրականությունը քննել: Կուսակցականների կողմից՝ որոնք իրենց դիրքերը պահելու համար պատրաստ են ցանկացած ստորության: Իշխանամետների կողմից, որոնց ձեռնտու է այս դժոխային վիճակը: Մի կերպ ֆիզիկական գոյությունը քարշ տվող համակերպվածների կողմից՝ որոնց միակ նպատակը ժամ ավել գոյատևելն է:

Ծանր վիճակ է:

Իրականում կոնկրետ մեղավորներ չկան: Քրեական հանցագործներ, մարդասպաններ ու հրեշներ իհարկե կան: Բայց հիմնական մեղավորը մենք բոլորս ենք, որ չենք հասկանում մեր ինչ լինելը, մեր դեֆեկտների հիմքը, մեր անելիքն ու չանելիքը ու չենք էլ մտածում այս հարցը քննարկելու մասին: Եվ հենց այդ արատներն են, որ կանաչ լույս են վառել մեր տականքի դեմ և մթնեցրել մեր օրը:

Ամեն քայլափոխի կլսենք, թե լիդեր չկա, լիդեր է պետք: Ոչ, լիդերը ներկա Հայաստանում դեռ անելիք չունի: Լիդերին կերտում է ժողովրդի արժեքայինը, ու նոր արդեն լիդերը հետադարձ կապով առաջ է տանում նորի պատրաստ ժողովրդին:

Հազար Չեգեվարա բեր, Գանդի, Մանդելա, Անդրանիկ ու Նժդեհ, այս արժեքայինով ժողովրդին նրանք քայլ անգամ առաջ չեն տանի:

Ժողովուրդն առաջին հերթին ազատության  արժեքը պետք է իմանա, դրա համար ֆիզիկական պայքարի գիտակցումը պետք է ունենա: Ազատության ու սկզբունքի համար պարտիզանական պայքարի գնալու պետք է պատրաստ լինի:

Մարդասպան պաշտոնյան, վերին իշխանավորները իրենց դիրքին են հասել սկզբունքային պայքարով, արյամբ ու դավաճանությամբ: Դա ևս հետևողական, ֆիզկական պայքար է եղել: Պատահական ոչ մի մարդ չկա վերևներում:

Եվ անհնար է նման պայքարով անցած ու դիրքի հասած մեկի դեմ դուրս գալ մանկական երազկոտությամբ ու արդյունքի հասնելու հույս ունենալ:

Իշխանությունները գիտեն և կրակելը, և բանակցելը և նույնիսկ համատեղ աղոթելը: Բարի լինենք ճիշտ գնահատել մեզ ու իրենց, մեր ուժերն ու նրանց հնարավորությունները՝ եղած արժեքայինի ու դոգմատիկ մեթոդականի  շրջանակներում:

Հազար անգամ նման մեթոդաբանությամբ փողոց եթե փակվի, հազար անգամ էլ այն բացվելու է ու պրոցեսն էլ պարտվելու է:

Նախապես երկրում պետք է կերտվի անկախության ձգտող ու անձնական շահի համար ֆիզիկական պայքարի պատրաստ գոնե 20-30 տոկոս հայություն, նոր որևէ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի քայլ մեկնարկվի: Իսկ դա անելու համար էլ գոնե 100 ունակ մարդ պետք է համակարծիք լինեն տեսականում և մեթոդականում և տարածեն իրենց գաղափարները:

Իսկ քանի դեռ դա չկա, թարգեք մանկամիտ ցանկություններով ու ոչ ադեկվատ գիտելիքներով հեծանիվներ հնարելը լուրջ չէ:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes