Թվում էր, թե Գենոցիդից հետո, աչքի տեսածով ու մաշկի զգացածով, հայ քաղաքական միտքը պետք է հասունացած լիներ գոնե «թուրքին» հասկանալու համար: Բայց այսօր կանգնած են ողբալի փաստի առջև՝ ազգովի չենք հասկանում, թե ինչ է կատարվում մեր շուրջը:
Ոչ երկու կողմերի «թուրքին» ենք հասկանում, ոչ ռուսին, ոչ հեռու ու մոտիկ բարեկամներին ու թշնամիներին: 4 օրյա պատերազմը եկավ ու անցավ, և արդեն 2,5 ամիս է մտավոր դեգերումների մեջ ենք՝ թե ինչո՞ւ, ինչպե՞ս, ո՞րն էր դրա նպատակը, ո՞վ շահեց, ո՞վ պարտվեց:
Պետերբուրգում էլ մի երկու բառ փոխանակելու համար հայ նախագահն այլ ելք չգտավ, քան քաղաքական-աճպարար թատրոն բեմադրելը, թե տեսեք-տեսեք, ներքին զինված դիմադրության դեմ եմ կանգնած, հենց այնպես հողերը տալ չեմ կարող՝ թե ուզում եք, խնդրեմ, հարձակվեք-վերցրեք, իսկ առանձնապես ակտիվներին ինքս կչեզոքացնեմ:
Կազանում էլ մոտավորապես նույնն էր՝ նույն մարդը պատրաստ էր 5 շրջան զիջելուն առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, ու մեկ էլ՝ «տխմար» Ալիեվը դրան էլ չհամաձայնվեց:
Պետերբուրգում էլ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել: Ու չէր էլ կարող տեղի ունենալ, որովհետև Ալիեվին Ղարաբաղը չէ պետք, այլ Հայաստանն է պետք: Ու մշտական սողացող, ծխացող պատերազմով, կողքինների շանտաժով, մեր անհասկացողության շնորհիվ ու իր երկրի ռազմական ու տնտեսական հզորացմամբ՝ նա գնում է հենց դրան ու ռեգիոնալ գերերկրի կարգավիճակի ձեռքբերմանը:
Փորձենք հասկանալ ներկա աշխարհքաղաքականը մեր շրջապատում և մեր ելքերը հենց այդ կոնտեքստում:
1. Ռուսաստանը բազմաթիվ բարդ պրոցեսների մեջ է ներքաշված և այդ պատճառով դժվար է նրա քայլերի կուռ տրամաբանությունը հասկանալը;
ա. Ներքին հարցերում այն թաղված է կաշառակերության, քրեական թալանի ու անտերության մեջ: Տնտեսությունը չի մոդեռնացվում, ազգային ու կրոնական լուրջ հիմնախնդիրներ սքողված են: Չկա ապագայի ազգային-պետական հավատ ներշնչող տեսլական ու գաղափարաբանություն, իշխանությունը ոչ ադեկտվատ է իր քայլերի մեջ;
բ. Արտաքին հարցերում Ռուսաստանը փորձում է դրսևորվել որպես գոնե մինիմալ սուվերենության երկիր, որը սակայն իրական կյանքում անճոռնի բեմադրված բրավադայից այն կողմ չի անցնում;
գ. Արեւմուտքը Ռուսաստանը դիտում է որպես իր հերթական զոհ և մեթոդաբար, ֆինանսական, ռազմական և առևտրային լծակներով նրան ծնկի բերած է պահում, մինչև ներքին փլուզումը;
դ. Ռուսական իշխանություններն այս ամենին պատասխանում են իրենց սահմաններին լոկալ ուժ և իբր դիվանագիտական լծակներ ցուցադրելով, որը բուտաֆորիկ է իր ողջ էությամբ:
Այդպիսին է Ռուսաստանի ներգրավվածությունը նաև մեր հետ կապված հարցերում: Ռուսաստանը կոնցեպտուալ մակարդակում հիմնավորում չունի, թե ինչու է անում այն, ինչ անում է։ Ռուսներին նվիրաբերված հայկական ողջ ունեցվածքն իրականում ռուսական պետությանը չէ, այլ մասնավորինն է, որոնցում առկա է պետական մասնաբաժին ընդամենը;
Ե. Ադրբեջանի հետ հարաբերություններում Ռուսաստանը ստիպված է հանդես գալ խնդրող- համոզողի դերում: Իսկ իրականում, Ալիեւի անկախ կեցվածքի շնորհիվ, Ռուսաստանը հանդես է գալիս ստորադրյալի դերում: Ադրբեջանը տնտեսապես և քաղաքականապես ինքնուրույն է, Թուրքիայի դաշնակիցն է, ռուսական զինամթերքի գնորդն է և Ռուսաստանի ներսում էլ ահռելի լծակների տիրացած ադրբեջանական մաֆիայի հայրենիքն է:
Հետևաբար, հաշվի առնելով ռուսական ներքին ու արտաքին վիճակը, կարելի է փաստել, որ ներկա Հայաստանի հանդեպ ռուսական քաղաքականությունը ածանցյալ է այլ գործոններից։ Հայաստանը ռուսների համար մի կողմից ունեցվածք է, մյուս կողմից՝ բուտաֆորիկ զինակայան, թուրքերի հետ առևտրի առարկա, գերտերության իմիտացիայի դեկորացիա, բայց ոչ երբեք սուբյեկտային, սուվերեն պետականություն:
Ավելին, Ռուսաստանը մշտապես ձգտել է իր ձեռքում ունենալ նման Հայաստան, որպեսզի հենց Հայաստանի միջոցով իրացնի իր ռեգիոնալ շահերը:
2. Թուրքիան ևս ներքաշված է բազմաթիվ ներքին ու արտաքին պրոցեսների մեջ, ներառյալ Սիրիայի հանդեպ ագրեսիան, ISIS-ի հովանավորությունը, քրդերին ճնշելը, Եվրամիության դեմ շանտաժները, ռուսների դեմ ագրեսիան: Շեշտեմ միայն, որ Թուրքիայի արտաքին քաղաքական վեկտորը ներկայում թուրանիզմն է, որի առանցքում թե իր տնտեսական ու ռազմական հզորությունն է, թե Ադրբեջանի ու Ղազախստանի աննախադեպ հզորացումը, և թե Ուզբեկստանի, Թուրքմենիայի և Կիրգիզիայի բավարար սուվերեն վարքը: Փաստացի առևելք-արևմուտք մեկ առանցքի վրա գտնվող 6 թուրքալեզու պետություններ այսօր պատրաստ են կերտելու թուրանական ինչ որ ֆորմատի միություն, եթե
ա. արանքում չլինի Հայաստանը, և
բ. արտաքին մեծ դիմադրություն չլինի:
Մեզ թվում է, թե Թուրանին պետք է որ օրգանապես դեմ լինի Ռուսաստանը, որովհետև ի վերջո կորցնելու է Սիբիրն ու ներսում ունենալու է թուրքալեզու ինքնավարությունների անջատողական մեծ վտանգը: Բայց և, առերևույթ, Ռուսաստանն այլ քաղաքականություն է վարում՝ փորձում է մանևրելով, կաշառելով, բարեհաճություններով հանդեպ թուրքերը, հետաձգել Թուրանի իրականացումը:
3. Ադրբեջանը տնտեսապես, ռազմականով ու քաղաքականապես այնքան է հզորացել, որ այսօր հավակնում է ռեգիոնալ մեծ իրավունքների: Թե ինչպես դա եղավ, այլ հարց է, սակայն փաստենք, որ Հայաստանն ու Ադրբեջանն այլևս նույն քաշային կատեգորիայում չեն դիտվում քաղաքական աշխարհի աչքին:
4. Առանձնապես չքննարկենք արտաքին քաղաքական այլ խաղացողների, որովհետև Հայաստանի հետ կապված Ռուսաստան-Թուրքիա-Թուրան առանցքն այսօր այնքան գերակա է արտաքին այլ գործոնների համեմատ՝ ներառյալ ISIS-ը, ամերիկյան ու այլ գերուժերի շահագրգռությունները ռեգիոնում, որ նրանք երկրորդական են:
Արևմուտքը կմիջամտի մեր հարցերին զուտ դիվանագիտականի մակարդակով, բայց ոչ երբևէ լրացուցիչ ռազմականով, որովհետև մի կողմից ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան է, իսկ մյուս կողմից էլ արդեն իսկ խորտակվող Ռուսաստանն է: Արմուտքին պետք չեն վերջնական հանգուցալուծումներ և ոչ էլ պրոցեսների արագացումներ: Դանդաղ ընթացքի ծխացող պատերազմը, անվերջ բանակցություններն ու անորոշությունները լավագույնն են, որովհետև եղած դինամիկան ամեն դեպքում գործը տանում է իրենց ցանկացած վեկտորով, այն է՝ ռեգիոնի ներկա գերիշխողի՝ Ռուսաստանի դանդաղ դեզինտեգրացիային:
Թե որն է Արևմուտքի վերաբերմունքը Թուրանի գաղափարին, դժվար կանխատեսելի է՝ Թուրանը դեմ է Ռուսաստանի շահերին, դեմ է և Չինաստանին: Հետևաբար կարող է առաջին հայացքից ձեռնտու լինել Արևմուտքին էլ: Բայց միարժեքորեն նման բան պնդելը ներկայում դեռ վաղ է:
5. Ի մի բերելով վերը նշվածը, կարող ենք միարժեքորեն փաստել, որ ներկա գեոքաղաքական աշխարհի ամենաթեժ տարածք-խնդիրներից մեկը Հայաստանն է: Ես շեշտում եմ Հայաստանը, այլ ոչ Ղարաբաղը, որովհետև ինչպես ասվեց, Թուրանի կայացման համար Ղարաբաղը բավարար չէ, դրա համար Հայաստանի չգոյություն է պետք:
6. Հայաստանի չգոյության հիմքերը դրվել են Գենոցիդից սկսած և ուժգին թափ ստացել հետանկախական առաջին իսկ օրերից՝ մեր իսկ ձեռքով երկրի տնտեսական ավերման, արտագաղթի, ծխացող պատերազմի, ապամասնագիտացման, ապամարդկայնացման, իշխանական քրեականացման և համանման այլ պրոցեսների արդյունքում:
Կարո՞ղ էինք մենք այս ուղով չգնալ: Իհարկե կարող էինք, եթե մեզանում գերիշխող լիներ սթափ մասնագիտական, քաղաքական ու տնտեսական միտքը, այլ ոչ բրավադան ու ամեն քայլափոխի՝ «բառադիություն-լակոտությունը»:
Ինչևէ, այսօր կանգնած ենք այս փակուղում: Ո՞րն է այս պահի առանցքային մոտիվը:
– Ղարաբաղյան հարց որպես այդպիսին այլևս գոյություն չունի, այլ կա Հայաստանի գոյության խնդիր, որը մեր լուծելիքն է, և ոչ որևէ այլ մեկինը: Հետևաբար անկախ Ղարաբաղ մոդելն աշխարհում որևէ մեկին այլևս չի հետաքրքրում, բացի հայկական գաճաճ դիվանագիտականից:
– Ալիեվին եթե այսօր առաջարկվի ողջ Ղարաբաղն էլ, ինքը մի պատրվակ կգտնի հրաժարվելու դրանից էլ, որովհետև իր ախորժակը Հայաստանի վրա է ու նա դա բացեիբաց բազմիցս է ասել: Ուղղակի մենք քաղաքականապես տկարամիտ լինելով մտածում ենք՝ թե՝ չէ հա, ոնց կարող է:
Աշխարհը դինամիկ է: Հիշենք, որ այսօր Սովետ միությունն ու Հարավսլավիան չկան: Իսկ 3 միլիոնանոց Հալեպն էլ Դրեզդենից առավել քարուքանդ է եղած:
Որոնք կարող են լինել եզրակացություններն ու անելիքները այս վիճակից: Իհարկե Սէֆիլյանին բանտարկել-չբանտարկելը հարցի լուծում չէ: 2 կողմի թուրքերի վեջը չէ, թե մենք ներսում որս որին ինչպես կհոշոտենք: Բայց նրանց խնդիրն է, որ մենք շարունակաբար իրար հոշոտենք: Դրա համար էլ 4 օրյա ագրեսիա արեցին, դրա համար Պետերբուրգի հանդիպում սարքեցին, որ մեր նախագահն էլ ահ ու դողով դրան ներկայանալիս հապճեպ, ցուգցվանգով, արդանարանալու համար մարդ բանտարկեր ու ներհայաստանյան հիասթափության մի նոր ալիք սկզբնավորեր:
Ալիեւը, Էրդողանն ու Նազարբաեւը նայում են գործերի ընթացքին ու գոհ են՝ դե հայկական ինքնահոշոտումը գնում է, երկիրը դատարկվում է, զենքի փողը ոնց հարկն է, կերել են, իսկ իրենց ագրեսիայի էությունն էլ հույս չկա, որ կհասկանան: Էնպես որ նորմալ է՝ հաջորդ ագրեսիան էլ նայած հարմարությանը՝ կարվի, երբ արտագաղթը կդանդաղի:
Իսկ հիմա մշտապես վախեցնող ահազանգեր են պետք, ոնց թաթար-մոնղոլական արշավանքներին ահռելի թմբուկներն էին ապահովում՝ մեծ զորավարժություններ, ինքնագոհ կեցվածք է պետք՝ թուրքերին աղախնացած Պուտինի և հայկական քրեական իշխանավորների դեմ, որ դրանք անեն այն, ինչ թելադրվում է պահով, այլ ոչ բանականությամբ:
4-օրյա պատերազմ էր՝ հարյուրամյա փորձով ու Գենոցիդի արյամբ շաղախված, էլի անզոր եղանք տեսնելու այն, հասկանալու և սթափվելու:
Վաղն էլ եռօրյա մի նոր պատերազմն ենք «չհասկանալու», Սեֆիլյանի մի նոր բանտարկությունը, պառլամենտի մի նոր «ընտրությունը» չենք հասկանալու, առավել ևս՝ կանխելու:
Մենք խրոնիկ, լուրջ որակի «չհասկացող» ենք: Այն աստիճանի չհասկացող, որ նույնիսկ չենք հասկանում, թե ով է մեզ հաղթում՝ թուրքը, ներքին տկարամտությունը, թե տկարամտությամբ հոխորտացող տականքը։