Սովետ միության փլուզումը հանգեցրեց ոչ միայն աշխարհքաղաքական, այլև զուտ քաղաքագիտական և կենսափիլիսոփայական անորոշությունների։ Երկբևեռ ռազմաքաղաքական դիմակայության ավարտը փաստացի հին աշխարհակարգի ավարտն էր, ուր գլոբալ զարգացման առանցքը պետությունների էքսպանսիվ մրցակցությունն էր։
Եթե վերացական դիրքերից նայելու լինենք “հին և նոր” աշխարհներին, ապա տեղին է պնդելը, որ հին աշխարհն ինչ որ առումով կենսաբանական էր, տրամաբանորեն ռացիոնալ, ինչպիսին մարդ էակն է։ Ինչպես մարդը, պետությունները ևս սուբյեկտներ էին, որոնք իրենց շահն էին հետապնդում և իրենց էգոն տարածում շրջապատի վրա։ Եվ դա արվում էր ըստ իրենց բազմաչափ ու բազմավեկտոր պոտենցիալների և համաձայն կողքինների հետ, հիմնականում անմիջական, իսկ երբեմն էլ՝ հեռակա մրցակցության պրոցեսի։
Պետությունները կուտակում էին պոտենցիալները ներքին զարգացման արդյունքում և կիրառում դրանք արտաքին հարաբերություններում՝ որպես պատերազմներում հաղթանակի ու ծավալապաշտման գործիք։
Պատմական զարգացման այդ տրամաբանությունը 20֊րդ դարում ի վերջո հասել էր սահմանային վիճակի ու հանգել երկճամբար ֊երկբևեռ աշխարհի, որն էլ ավարտվեց Սովետների փլուզմամբ։ Ես հատուկ եմ շեշտում փլուզումը, որովհետև թվում էր թե նախորդ տրամաբանության ենթատեքստում պետք է մի նոր, գլոբալ աշխարհամարտ տեղի ունենար երկու գերուժերի միջև և այդ պարտությամբ ամրագրվեր գերհզորը։
Բայց դեռ 60 ականներին պարզ դարձավ, որ պատերազմը երկուստեք ինքնաոչնչացում կնշնակի և այդ պատճառով հակամարտությունը մտավ սառը պատերազմի փուլ, ուր մրցակցությունը հեռակա էր ու բազմավեկտոր։
Սովետների գոյությունը մեծապես օգնեց արևմուտքին հաղթահարելու կապիտալիզմին հատուկ սոցիալական պրոբլեմները, և ստեղծելու առավել ռացիոնալ ներքին հարաբերություններ։ Հենց դա թույլ տվեց նրան արագորեն զարգանալու և հասնելու ակնհայտ առավելությունների Սովետների հանդեպ։
Ի հակադրություն, արդեն 70 ֊ականների կեսերին, Սովետները հայտնվեցին կառավարման ոլորտի անսպասելի ու անհաղթահարելի տեսական արգելքի առջև։ Պարզվեց, որ Ստալինի օրոք պատերազմ հաղթած ու իշխանության եկած սերունդն անընդանակ է սերնդափոխման։ Եվ սովետական պառլամենտը, և կուսակցական ավագանին անկարող եղան զիջելու իշխանականում և կառավարման համակարգում երիտասարդությանը ներգրավելու։ Եղածները ծերացան, երկիրը տարան լճացման, և 80 ականներին իրենք էլ հերթով մահացան։ Արդյունքում իշխանության եկավ պատահական մարդ՝ հիվանդագին նարցիս Գորբաչովը, որը և հինգ տարում, առանց մեծ “ջանքերի”, կործանեց մինչ այդ գերտերություն համարվող երկիրը։
Սովետ միության կործանման իմ նկարագրած այս սցենարը շատերին անտրամաբանական, անիրական, անհիմն ու երևի հակագիտական էլ թվա։ Իհարկե, շատ ավելի գիտականակերպ է հիմնավորելը, որ սովետները կործանվեցին, որովհետև հակամարդկային էին, հակաբնական, հակաշուկայական, հակադեմոկրատական։ Նման հիմնավորումը բազմաթիվ առումներով է շահեկան թե ճոռոմախոս տեսաբաններին, և թե արևմտյան հաղթանակած կողմին։
Բայց, քանի որ աշխարհը հասել է համանման խնդրի արդեն գլոբալ առումով, երբ արևմուտքում իշխանության է եկել սովետական իշխանական ծերակույտից սկզբունքորեն քիչ տարբերվող դոգմատիկ լիդերը՝ ֆինանսառազմական գլոբալ օլիգարխիայի դրածոն, տեղին է քննարկել հին ու նոր զուգահեռները։
Հարցն առավել ընդգրկուն դիտարկելու համար քիչ հեռվից գանք խնդրին։
13 դարում անգլիական պառլամենտով սկզբնավորված նոր ժողովրդավարությունն իր ծաղկումն ունեցավ անցյալ դարերին։ Հենց ժողովրդավարությունն էր, որը զուգակցված ազատ շուկայի հետ, զարկ տվեց արևմտյան տեխնիկա- տնտեսական հեղափոխությանը և աշխարհն արագորեն մտավ կապիտալիզմի, ապա համատարած ունիֆիկացման ու գլոբալ աշխարքաղաքական ծավալումների փուլ։
Չնայած երկբևեռության սահմաններում ամերիկյան ագրեսիվ պատերազմներին /Կորեա, Վիետնամ, կենտրոնական և հարավամերիկյան բազմաթիվ ագրեսիաները/, Սովետների և արևմուտքի՝ երկու հակադիր բևեռների միջև բազմաշերտ մրցակցությունը հին ավանդականի սահմաներում էր։ Իրար դեմ էին կանգնած բանակները, հետախուզությունները, քարոզները, փոխադարձ մեղադրանքներն ու հակադիր բոլոր հնարավոր գործիքները։ Բայց և այդպես՝ մասնագետներով ու գործի գիտակներով իրար հակադրվելով ու դիմադրելով բոլոր ճակատներում, այդ երկու համակարգերը խաղաղ գոյակցում էին։
Սովետական պետական անվտանգության մարմինների մասնագետները կանգնած էին ամերիկյան հետախուզության մասնագետների դիմաց։ Մեկը գիտեր մյուսն ինչ է անում, ինչու է անում և հաջորդ քայլով ինչ է անելու։ Դա իրոք գիտակների հակամարտություն էր։ Ռազմագետի դիմաց ռազմագետներն էին, հրթիռաշինարարների դիմաց հրթիռաշինարարները։ Ամեն դիմակայություն սիմետրիկ- մասնագիտական էր։
Բայց ամեն ինչ կտրուկ փոխվեց սովետների կործանումից հետո։ Նույնիսկ եվրոպական լիդերների և ամերիկյան հզոր նախագահների ժողովրդավարական ավանդույթային ժառանգությունը խաթարվեց սովետների կործանմամբ։ Այլևս չկար հզոր հակառակորդը և արևմուտքն ազատ էր անելու իր ուզածը։ Եթե սկզբում դեռ պաշտոնների էին սովետների հետ հակամարտության մեջ կոփված մասնագետները, աստիճանաբար դրանք դուրս մղվեցին ասպարեզից և նրանց փոխարեն հայտնվեցին գործից անտեղյակ, բայց քաղաքականապես առավել ճկուն նորերը։
1991-ից արդեն սկսվեցին հարավսլավական կոնֆլիկտները, որոնք նաև դրսից էին թեժացվում, և նպատակ ունեին արդեն ներեվրոպական հակամարտությունների ներդրմամբ լարվածություն մտցնել հենց քաղաքակիրթ Եվրոպայում։ Հարավսլավական բազմաէթնիկ կոնֆլիկտներով սկսված, սկզբնապես անտրամաբանական թվացող պրոցեսները հետագա տարիներին վերածվեցին արդեն ամբողջական երկրներ ամայացնող պատերազմների։
Եվ այսպես, արդեն մոտ քսան տարի, աշխարհը հրահրված անվերջ պատերազմների մեջ է՝ Եվրոպան է լցվում փախստականներով, և հիմա էլ ընթացքի մեջ է միջուկային գերտերություն Ռուսաստանին որպես ունիվերսալ քավության նոխազ սարքելու ահարկու տակտիկան։
Այսինքն, աշխարհում կատարվում են պրոցեսներ, որոնք առաջին հայացքից անկառավարելի են թվում, բայց իրականում լավ էլ ծրագրավորված են ու կոնկրետ նպատակներ են հետապնդում։ Եվ իմ կարծիքն է, որ այդ պրոցեսների կառավարիչները վերպետական սուբյեկտներ են։
Փորձենք հասկանալ, թե ինչ ուժեր կամ ովքեր են այդ սուբյեկտները, որոնք գերիշխում են, հրահրում ու հրահրված քաոսով կառավարում։ Թվում է, թե դրանցում առաջնային է ԱՄՆ դերը՝ մի քանի օդիոզ “երկրների” մասնակցությամբ։ Բայց կատարվողն ավելի խորը ընկալելու համար նորից գնանք դեպի պատմական ակունքները։
Երկբևեռ աշխարհի փուլում արևմուտքը զարգացավ հիմականում կառավարման մեխանիզմների իր սկզբունքային առավելությունների հաշվին։ Երբ սովետներում երիտասարդացման անընդունակ կառավարությունը ծերանում էր ու դառնում ավելի ու ավելի անկենսունակ ու ոչ ադեկվատ, արևմուտքը զարգանում էր իշխանության համար հիմնականում առողջ մրցակցության շնորհիվ։ Երկրները ղեկավարվում էին իրոք կարող, իրոք գիտակ, ունակ լիդերները և նրանք էին ապահովում առաջընթաց զարգացումը։
Անցյալ դարում արևմտյան լիդերներն իրոք ընտրվում էին մրցակցության արդյունքում և իշխանությունն ամեն փուլում անցնում էր առավել արժանիին, որն էլ երկիրն առաջ էր տանում գլոբալ, համաշխարհային մաշտաբներում։
Սակայն այսօր արդեն պարզ է, որ չնայած արևմտյան լիդերներն ընտրվում են արդար ընտրությունների արդյունքում, նրանք հիմնականում դրածոներ են, այլ ոչ ինքնուրույն, անկախ լիդերներ։
Վերջին 30 տարիներին, անկախ նրանից, թե ով է եղել ամերիկյան նախագահը, նրա վարած արտաքին քաղաքականությունը ոչ մի կապ չի ունեցել նախընտրական խոստումների հետ։ Ամեն նոր նախագահ շարունակել է հին քաղաքական գիծը համարյա թե առանց ստորակետի իսկ վերանայման։
Եթե ինչ որ չափով ժողովրդավարական վարքի տարրեր կան ներքին քաղաքականում, ապա արտաքինն ամբողջությամբ ստվերային ուժերի ձեռքին է։ Մոտավորապես նույնն է նաև Եվրոպական հզոր երկրների դեպքում, նրանք որոշակի ազատություն ունեն ներքին հարցերում, բայց մեծապես կախված են ինչ որ ստվերային ազդեցություններից ու ԱՄՆ-ից՝ արտաքին հարցերում։
Ընդհանրացված ասած, ժողովրդավար արևմուտքը ներկայում “կատաղի” ոչ ժողովրդավար է արտաքին դրսևորումներում։ Ու դրա ապացույցն այն երկրների վիճակն է, ուր արևմուտքը ժողովրդավարություն է հաստատել վերջին քսան տարիներին։
Մենք գիտենք, որ ժողովրդավարությունը զուտ ներքին օգտագործման մեխանիզմ է։ Այն մշակութորեն հոմոգեն հանրության ու նրա պետության ներքին կառավարման հավասարակշիռ, ինքնակարգավորվող կառավարման մեխանիզմ է, ուր պառլամենտական ներկայացուցուցչության միջոցով հաշվի են առնվում քաղաքացիների շահերն ու իրավունքները կառավարման պրոցեսում; /Democracy is a permanently balanced, self-controlled mechanism of governance of a homogeneous society and its state, on the basis of fair representation of the citizens’ share and interests in power execution./
Բայց և, ներկա արևմուտքում խաթարված են այս սահմանման համարյա բոլոր պահանջները։ Մարդիկ ընտրում են ոչ թե ըստ իրենց անկախ կարծիքի ու անձնական շահերի պաշտպանման հրամայականի, այլ մասս֊մեդիայի մատուցած թեկնածուին՝ համաձայն թելադրված֊ ներշնչած “փաստերի” ու ուղղորդման։ Ընտրությունները թանկ հաճույք են։ Հասարակական կարծիքի ձևավորման ու մշակման վրա ծախսվում են միլիարդավոր դոլարներ։ Եվ արդյունքում միարժեքորեն հաղթում են նրանք, ովքեր “պետք է” հաղթեին՝ ում համար արվել է ծախսը։
Եթե այդպես չլիներ, ապա ամերիկյան կոնգրեսականները միջինում 6 անգամ, սենատորներն էլ 2 անգամ չէին վերընտրվի։ Մեկը 57 տարի շարունակ կոնգրեսի անդամ ու մյուսն էլ սենատում 38 տարի շարունակ սենատոր չէին լինի։
Բուշ ավագից հետո ամերիկյան բոլոր նախագահները երկու ժամկետ են կառավարել։ Եթե նախագահական ընտրությունների ծախսը մի քանի միլիարդ է, ապա կոնգրեսականների ծախսն էլ տասնյակ միլիոններ են։ Ամերիկյան կոնգրեսի 245 անդամներ միլիոնատերեր են։ Իսկ վերընտրման համար էլ կոնգրեսականները օրեկան միջինում $14,351 փող են հայթայթում։
Այս ամենին զուգահեռ կոնգրեսին կից գործում են մոտ 15000 լոբբիստներ, /ամբողջ ամերիկայում՝ մոտ 100000/, որոնք կոնգրեսականների մոտ առաջ են մղում ոչ թե քաղաքացիների, այլ շահային խմբերի շահերը։
Մոտավորապես նույնն է նաև արմտաեվրոպական երկրներում։ Մասնավորապես, եվրոպառլամենտն ահռելի չինովնիկական կառույց է՝ մոտ 47000 ծառայողներով։ Այսինքն մեր օրերում ավանդական ժողովրդավարության սկզբունքերը համարյա ամեն տեղ զիջված են արհեստական դրվածքների, որոնք ուղղորդվում են մի բուռ մարդկանց ձեռքին կենտրոնացած մասս մեդիայի, բանկերի, ֆինանսառազմական օլիգարխիայի կողմից։
Չխորանալով ներկա ժողովրդավարության այլ աղաղակող խեղաթյուրումների մեջ, շեշտեմ միայն, որ արևմտյան կյանքի զարգացումն ու բարգավաճումը ներկայում տեղի է ունենում ոչ թե դեմոկրատական կառավարման, այլ հիմնականում տեխնիկական աննախադեպ առաջընթացի հաշվին, որը սակայն քողարկված է, ու ըստ արժանվույն չի գովազդվում։
Փոխարենը էկրաններին են այլոց հանդեպ թշնամանք սփռող տգետ կոնգրեսականներ, որոնք նույնիսկ երկրների անունները չգիտեն, էլ չասած աշխարհագրական տեղադրությունը։
Փաստացի, ներկա օրերին շատերի կողմից դեռևս քիչ դիտարկվող, մի անկասելի ու ստվերային գլոբալ կառավարություն է առկա մոլորակի վրա, որն իշխում է ամերիկյան իշխանության վրա ունեցած անվերապահ գերիշխանության հաշվին՝ օգտագործելով ամերիկյան զինուժը, գիտական ու մասնագիտական պոտենցիալը՝ գլոբալ վերահսկում է իրագործում աշխարհով մեկ։
Ակնհայտ է, որ նրա կազմում չկան խորը, լուրջ մասնագետներ, այլապես սկրիպալների թունավորման ֆարսը չէր հասնի զավեշտական աբսուրդների, իրաքյան պատերազմում Սադամի որդիների այլանդակված դիակները չէին ցույց տա աշխարհով մեկ, դրդելով մուսուլմանական վրեժխնդրության։ Կադաֆու սպանության դրվագում էքստազի մեջ մտած Հիլարին չէր երևա էկրաններին, որպես եկող֊տեսնող ֊հաղթող, կամ ռուս տղաները հեռախոսով Բորիս Ջոնսոնին ձեռ չէին առնի ոնց ոչ ադեկվատ հիմարի։
Կատարվողի կոնտեքստում մենք ստիպված ենք ընդունելու, որ կամ գլոբալ կառավարման միջին և ստորին օղակում բացարձակ անտիրություն ու ոչ ադեկվատություն է, կամ էլ այդ ցուցադրական սադիզմ֊անմարդկայնությունը ևս հաշվարկված մեթոդական տարր է։
Ամեն դեպքում, կարևոր է հասկանալ, թե ո՞ւմ է ձեռնտու այս ամենը, և ինչ վտանգներով է հղի նման աշխարհը։
Դեռ երկբևեռ աշխարհի պայմաններում յուրացված հեռահար դիմակայության մեթոդաբանությամբ և թույլ երկրների ավիրման ու փաստացի հիմնահատակ ոչնչացման միջոցով այդ ուժերը կարողացել են իրենցը պարտադրել գլոբալացող մոլորակին՝ նրա կյանքում ներդնելով բազմաթիվ հակաբնական գործընթացներ, որոնց շարքում առաջինը մարդկանց բռնի տեղահանությունն է, փախստականների միլիոնանոց հոսքերի գեներացիան ու ավանդական քաղաքակրթական կենտրոնների ավիրումը։ Վկա՝ իրաքի ու Սիրիայի ինֆրակառուցվածքների ու քաղաքակիրթ հանրությունների ոչնչացումը, եվրոպայի հեղեղումը մուսուլմաններով, և այլ։
Խնդիրն իհարկե շատ ծավալուն է մեկ հոդվածի սահմանների համար, բայց եղած փաստերը թույլ են տալիս գոնե տեսնելու կատարվողի հիմնապատճառները։
Որպես այդպիսիք ես տեսնում եմ՝
1֊ֆիատ փողի /իր հետևում որևէ շոշափելի, արժեքավոր ռեսուրսների չունեցող թղթադրամը/ կենտրոնացված էմիսիայի շնորհիվ պարտքային գլոբալ տնտեսահարաբերությունների կերտումը։ Համալսարանն ավարտելիս մասնագետն արդեն կյանք է մտնում մեծ պարտքեր ունենալով և նա ամբողջ կյանքում շարունակում է պարտքով ապրելը։ Պարտքային “ֆինանսիզմի” հաշվին է, որ մարդկությունը, ամբողջ աշխարհը մոտ 160 տրիլիոնի կուտակած պարտք ունի։ Տարօրինակն այն է, որ հայտնի է, թե մենք պարտք ենք, բայց հայտնի չէ, թե ում։ Եվ հենց պարտքային համատարած մեխանիզմի հաշվին է, որ ֆիատ փողը տպվում է ըստ կարիքի, այլ ոչ համաձայն եղած ռեսուրսների և շուկայական խիստ պահանջների։
2֊Պետությունների առաջին դեմքերի կառավարման հաջորդական երկու ժամկետների օրինականության հարցը։ Առաջին հայացքից երրորդական թվացող այս հարցը գերսկզբունքային է ներկա լիդերների անձանական մոտիվացիայի ու նրանց կառավարելի դարձնելու հարցերում։
Լիդերը ընտրվում և գալիս է պաշտոնի, օգտագործելով իր և յուրայինների, սատարողների, շահարգիռ սուբյեկտների ռեսուրսներն ու օգնությունը։ Նաև այդ հիմքով և ըստ կարևորության, ձևավորվում է կառավարող թիմը։ Անցնելով աշխատանքի և զգալով իշխանության “քաղցրությունը”, արագորեն, և թիմը և լիդերը հասկանում են, որ հետագա ժամկետին էլ իշխանության մնալը իրենց համար մեկ գերակայությունն է։ Եվ փոխանակ իրական գործն անելու, նրանք սկսում են տարվել հաջորդ ընտրություններին վերընտրման մոլուցքով։
Դրա համար, ամեն ամիրիկյան նախագահն առաջին ժամկետին “իր” պատերազմն է նախաձեռնում և “հաղթում”, որ վերընտրվի։
Ամեն նախագահ իր թշնամություններն ու ֆանատիկ նպատակներն է փաթաթում հանրության վզին, կարևորեցնում դրանք և գնում իր իսկ կերտած թշնամի “վիշապներին” հաղթելու։
Մի խոսքով, վերընտրման մոլուցքը մի առանձին, հիվանդագին խելագարության հասնող մոլուցք է, որը և հենց օգտագործվում է ստվերային կառավարիչների կողմից, որպեսզի սանձեն լիդերին և իրենցը պարտադրեն, որպեսզի մեկ հարվածով երկու ժամկետ ունենան իրենց ազդեցությունն արդեն ենթակա լիդերի հանդեպ։
Օրինակ ներկա նախագահ Թռամփն ամբողջովին արտաքին քաղաքական, իբր դավաճանությունների շանտաժների տակ է և արդեն մեկ տարուց ավել ամեն պահի հետապնդումներից պաշտպանվելով հասել է նրան, որ թելադրանքով պատրաստ է Ռուսաստանին պատերազմ էլ հայտարարելու միայն թե իրեն չհամարեն ռուսների դաշնակից։ Եվ այս ամենը նրա համար, որպեսզի ինքը հնարավորություն ունենա վերընտրվելու որպես հակառուս ավանդական ամերիկյան հայրենասեր։
Նմանապտիպ շանտաժների տակ են նաև արևմտյան լիդերները, որոնց բոլորին են պարտադրել հակառուսականություն, որովհետև գլոբալ ֆինանսական օլիգարխիայի հաջորդ թիրախը Ռուսաստան է, և որևէ մեկն իրավունք չունի դուրս լինել այս գլոբալ խաղից։
3֊ Կառավարելի քաոսի առկայությունն է համարյա բոլոր հարցերում, որը թույլ է տալիս անորոշության մեջ պահել մրցակիցներին և հարվածներ հասցնել ամենաանսպասելի կետերում, անսպասելի պահանջներով ու պարտադրանքներով։ Այդ բարդ պրոցեսը կառավառելու համար մի կողմից պետք է ձեռքում ունենալ և քաոսի մաթեմաթիկական ատրակտորի վարքի կառավարումը, ինչպես նաև ամեն պահի ռեսուրսներ ունենալ՝ նոր հզոր սուբյեկտներ ու էլեմենտներ մտցնելու խաղի մեջ, որոնք տրամագծորեն կփոխեն իրադրությունը և անելանելի խնդիրների առջև կկանգնեցնեն հակառակորդին։
Այդ նպատակով ֆինանսական օլիգարխիան ունի տասնյակ թինք- թանքեր, որոնք ռեալ ռեժիմով մշտապես սցենարներ են մշակում բոլոր թեժ կետերի պրոցեսների համար և պատրաստի առաջարկներ ունեն ամեն պահի համար։
4֊Նավթի և գազի վրա հիմնված դոլարի գերիշխանության և աշխարհքաղաքական տրամաբանություններին բռնակցված մնալը։ Դա մի քանի նպատակներ է հետապնդում, որոնցից առաջինը֊ նավթի համար պատերազմներ հրահրելու ավանդույթն է։ Արդեն վաղուց է նավթը, նրա փոխադրման ուղիներն ու ապահովվածությունը պատերազմի խնդիր։ Եվ պատերազմ հնարելու ու հրահրելու համար նոր բարդություններ պետք չեն՝ այն հրահրվում է որպես նավթի համար պատերազմ և բացատրություններ էլ պետք չեն։
Բայց խնդիրն այն է, որ ժամանակաից տեխնոլոգիաները թույլ են տալիս բացի պլաստմասսաների արտադրությունից, օրգանական քիմիայի ոլորտից, և գուդրոնի արտադրութունից նավթը արտամղել էներգետիկայից։ Էներգիայի ստացման համար նավթի, ածխի ու գազի օգտագործումը վաղուց հաղթահարված կարող էր լինել վերականգնվող էներգիայի հաշվին։ Մոտավոր հաշվարկներով, ամբողջ աշխարհին ածխից և գազից ստացվող էլեկտրականից ամբողջովին վերականգնվող էներգիայի սպառման անցնելու համար, ներառյալ նաև էլեկտրոմոբիլների անցնելը, պետք է ծախսել մոտ 50 տրիլիոն դոլար։
Համեմատության համար նշեմ, որ Իրաքյան պատերազմի ծախսերը մոտ 1,5 տրիլիոն էին։ Աշխարհի տարեկան ընդհանուր համախառն արտադրանքը մոտ 80 տրիլիոն դոլար է։ Եթե աշխարհով մեկ տարեկան մասհանումներ լինեն այդ նպատակին, ապա ամբողջ մոլորակը վերականգնող էներգիայի անցնելը հնարավոր է անել երևի մոտակա 20 տարվա ընթացքում։
5 ֊Մյուս գործոնը մոլորակը որպես սահմանափակ ռեսուրսների աղբյուր և որպես փխրուն միջավայր դիտելուց հրաժարվելու ֆինանսական օլիգարխիայի ոչ ադեկվատություն֊ խելագարությունն է։ Գլոբալացմանը զուգահեռ պարզ է դառնում,, որ իր տեխնոգեն ազդեցություններով մարդն արդեն սկսել է ազդել մոլորակի կենսաֆիզիկական պայմանների վրա։
Հետապնդելով նորմալ տրամաբանությանը ոչ հասու, ինչ որ տրանսցեդենտ նպատակներ, գլոբալ ծրագրող-կառավարիչները ոչ մի կերպ չեն ուզում հաշվի նստել մոլորակի եզակիության հետ, այն որպես միակ բնակատեղի պահպանելու և նրա վերականգնելիությունը չխաթարելու անբեկանելի պահանջի հետ։
Ինքս այս աբսուրդի որևէ բացատրությունը չունեմ, բայց և տեսնում եմ թե անտառների ոչնչացումը, թե օվկիանոսի գերշահագործումը, թե էկոլոգիական խնդիրների անտեսումը, թե վերականգնվող աղբյուրների օգտագործման հանդեպ քամահրանքը։
Մաշտաբային առումով, այլ գործոնները շատ ավելի ստորադաս են, բայց եղածներն էլ ցույց են տալիս, որ ժամանակաից պետություններն ու առաջնորդները հիմնովին շեղված են ժողովրդավարության նորմերից արտաքին հարցերում և մասնակիորեն անտեսում են ժողովրդավարությունը նաև ներքին խնդիրներում։
Փաստացի այլասերված, ոչնչացված ու վարկաբեկված է մեծ առաջնորդների մշակույթը։ Հրապարակ են ներմուծված միջակություններ, երբեմն բացարձակ խեղկատակներ, որպես առաջնորդներ ու մարդկանց առջև երկընտրանք է դրված՝ ընտրել ապուշին, կամ խեղկատակին։
Տարիներ առաջ իմ ծանոթներից մեկի հետ խոսում էինք ժողովրդավարութունից, ինքն առաջ քաշեց այն ժամանակ ինձ անընդունելի թվացող մի թեզ, -որ հեչ էլ պետք չէ, որ ընտրության մասնակցեն քաղաքականից հեռու անգրագետ մարդիկ։ Իմ ականջին նման թեզը խորթ էր։ Ես սովոր էի որպես ժողովրդավարություն դիտել բոլորի մասնակցությունը իշխանության կերտմանն ու իրացմանը։
Հետագայում, ականատես լինելով հայկական ընտրազեղծարարություններին, ես ևս սկսեցի հակվել գաղափարին, որ իրոք, “անհասկացողների” մասնակցությունն ընտրություններին այլասերում է պրոցեսը, միջինացնում այն և անսպասելիորեն, նաև լիդերների տարբերություններն է դարձնում աննշմարելի։ Որովհետև նման ընտրողներին են մատուցվում հատուկ ստանդարտ կերպարների մեջ մտցված, միջինացված հավակնորդներ, որոնք բոլորն էլ մոտավորապես նույնն են։
Այսօր, ես ավելի ամբողջական մոտեցում ունեմ՝ իմ կարծիքով ընտրություններին իրավունք չունեն մասնակցելու ոչ միայն անհասկացողները, այլև օլիգարխները, բոլոր շահային խմբերը, մեծահարուստներն ու մասս մեդիան։ Ընտրությունները պետք է արվեն ոնց առաջներում էր՝ ուղղակի շփումներում, առանց որևէ գնահատականի հավակնորդի ելույթների ՏՎ սփռմամբ, ինչպես նաև առանց հաղորդավարների մեկնաբանման, նրանց դեբատների դիտմամբ։
ՏՎ-ն իրավունք չպետք է ունենա, կարծիք հայտնելու, թե այս մեկը լավն էր, խելոք էր, կամ հաղթող էր։ Քաղաքացին ինքը պետք է որոշի որն էր խելոքը և որը՝ հիմարը։ Նրան ոչ մեկը ներշնչելու, հուշելու ու ուղղորդելու իրավունքը չպետք է ունենա։
Բացի այդ, պետք է վերացվի երկու ժամկետանոց նախագահությունը, որպեսզի չեզոքացվի նախագահի ու իր թիմի վերընտրվելու մոլուցքը և նրանք աշխատեն ի շահ ժողովրդի։ Դրանով նաև մեծապես կնսեմացվեն ստվերային խմբերի ազդեցության հնարավորությունները լիդերների վրա։
Պետք է ամբողջովին արգելվի լոբբիզմը բոլոր մակարդակներում; Քաղաքացիների ընտրյալներին ոչ մեկն իրավունք չունի դիմելու մասնավոր այլ հարցերով։
Սրանք այն մինիմալն են, որոնք թույլ կտան հույսեր փայփայելու ժողովրդավարության հետագա որևէ էֆֆեկտիվության մասին։