Փաշինյանի իշխանության գալով առաջնային խնդիր է դարձել հայկական սուբյեկտայնության վերականգնման հարցը մերձակա ու հեռավոր հարևանական հարաբերություններում։ Քանի որ արտաքին հարաբերությունների սպեկտրում կախվածությունների առյուծի բաժինը վերագրվում է Ռուսաստանին, ապա սույն հոդվածով ես կանդրադառնամ հիմնականում հայ֊ռուսական խնդիրներին։
Համատարած կարծիք կա մեզանում, որ “մենք” երբևէ հարց չենք որոշում, որ մեր փոխարեն, մեր դեմ, կամ մեր համար որոշողը ռուսներն են /Ռուսաստանը, կամ որ նույնն է՝ Պուտինը/։ Այս մտայնությունը երկու բևեռներ է ներառում՝ ծայրահեղ հակա և ծայրահեղ պրոռուսականություն։
Ծայրահեղ պրոռուսականությունը կարծում է, որ ռուսը մեզ երբեք չի դավաճանի, որ ռուսին ձեռնտու է Հայաստանի գոյությունը և ռուսը միշտ էլ կհոգա մեր գոյության ու ինչ որ տեղ նաև անվտանգության հարցերը։ Եվ վտանգ չկա նրանում, որ ոչ թե մենք, այլ ռուսներն են որոշում մեր խնդիրները։
Ծայրահեղ հակառուսականությունը ռուսներին դիտում է որպես բացարձակ թշնամի, որպես Գենոցիդի հրահրողներից ու մեղավորներից մեկը, և կարծում է, որ “ռուսը” կարող է մեզ ամեն պահի մի նոր արհավիրքի մեջ ներքաշել։ Ասենք հրահրել հայ ֊ադրբեջանական պատերազմ և իր ցանկութամբ կանգնեցնել, երբ կուզենա։ Կամ էլ ասիմետրիկ միջամտությամբ պատժել որևէ կողմին՝ ըստ իր ցանկության։
Այսինքն ծայրահեղ հակառուսական թևը կարծում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի նմանակով ոչ սուբյեկտային խամաճիկ մի գոյացություն է, որն անվերապահ շարժվում է Ռուսատանի ցուցումներով։
Զարմանալիորեն, այս երկու իրարամերժ, բևեռային թվացող ծայրահեղ կարծիքներն էլ հենված են նույն սկզբնակետային աշխարհայացքային դրույթի վրա՝ որ Հայաստանը բացարձակ ապասուբյեկտային է։ Մի դեպքում ռուսական ճնշման հետևանքով, մյուս դեպքում՝ ռուսական աշխարհքաղաքական “սիրո” արդյունքում։
Որպես կանոն, հակառուսական թևը նաև արևմտամետ է, իսկ ռուսոֆիլ թևը՝ գրեթե չեզոք առևմուտքի հանդեպ։
Եթե մի կողմ դնենք ազգայնականներին, որոնք աշխարհքաղաքականից գրեթե անտեղյակ են, ապա կա նաև բարալիկ հայամետ շերտը, որը հայկական պետականության հարցերը տեսնում է հիմնականում որպես հայության իրավասության խնդիր և խուսանավելով հակա և պրոռուսական թևերի միջև, փորձում է ինքնահաստավել որպես պետական սուբյեկտայնությանը սատարող քաղաքական հոսանք։
Ի դեպ, նույն թեզերով է ներկայանում նաև վարչապետը, ով պարբերաբար կրկնում է, որ ինքը ռուսամետ, արևմտամետ, կամ որևէ մետ, կամ հակամետ չէ, այլ հայանպաստ է՝ պրոհայկական է։
Ասվածի կոնտեքստում, փորձենք հասկանալ թե ինչ է նշանակում պրոհայկականությունը Հայաստանի իրական աշխարհքաղաքական դրվածքներում։
Նման թշնամական հարևանության և գերուժերի կիզակետային տարածքում պրոհայկականությունը ենթադրում է որոշակի չեզոքություն՝ թե մենք գործ չունենք շրջապատում կատարվողի հետ՝ “Մենք ենք՝ մեր սարերը”;
Բայց մյուս կողմից էլ, Գյումրիում ռուսական ռազմաբազա կա, հայ֊ադրբեջանական ծխացող պատերազմ կա, Նախիջևանն է “տարօրինակ” վիճակում՝ իբր ադրբեջանական ինքնավարություն է, բայց փաստացի արդեն վաղուց թուրքական ռազմական խորհրդատվական ենթակայության տակ է։ Հարևան իրանական Ադրբեջանը կա, Վրաստանի սահմաններին հիմնականում ադրբեջանաբնակ տարածքներ են, Թուրանի կերտման գաղտնի ընթացող պրոցեսը կա։ Հայաստանով է անցնում միջին արևելքում քրիստոնեություն֊ մահմեդականություն սահմանը։
Այսինքն Հայաստանը գերբարդագույն աշխարհքաղաքական մի հանգույցում է, ուր չեզոքությունը գրեթե անհնար թվացող կարգավիճակ է։
Սակայն այս նեգատիվների կողքին նաև պրոհայկական դրականներ կան՝ Գենոցիդի վահանը կա, որով երկու կողմից թուրքերը քիչ թե շատ զսպված են մեր հանդեպ նոր սանձարձակությունների գնալու հարցում։
Թուրանի դեմ ռուսական, չինական ու երևի բոլոր գերուժերի միասնությունը կա։
Ռուսական բազան ոչ միայն նեգատիվ է, այլև ռուսների հետ նորովի բանակցելու շատ մեծ դրական գործոն է, որովհետև այն շատ ու շատ անգամ ավելի կարևոր է ռուսների, քան Հայաստանի համար։ Եթե Գյումրու բազան չլինի, Ռուսաստանն անմիջապես կորցնում է իր դիրքերը որպես ռեգիոնալ գերուժ։ Նմանապես, եթե չլինի բազան, ապա Թուրանի կերտումը, որն աներկբա Ռուսաստանի շահերին դեմ է, շատ ավելի է հեշտանում։
Ռուսաստանը նաև տիրացել է հայկական կենսական ինֆրակառուցվածքներին։ Եթե վտանգ սպառնա Հայաստանին, ապա ռուսները կկորցնեն դրանք ևս, քանի որ նույնիսկ թեթև պատերազմով դրանք շարքից դուրս կգան։ Ռուսները միայն մեկ դեպքում կշահեն այդ ունեցվածքից, եթե տարածքը հայաթափվի, և այդ դեպքում ունեցածը վաճառեն նոր նվաճողին։ Մնացած բոլոր տարբերակներում ռուսական ունեցվածքը լծակ է, որը “մերոնք” նաև մեր օգտին կարող են օգտագործել։
Բացի նշվածը, Հայաստանի սուբյեկտության վերահաստատմամբ շահագրգիռ են նաև հեռակա գերուժերը, որոնց ձեռնտու է քրիստոնյա Հայաստանի կայունությունը ռեգիոնում։
Ի նկատի ունենալով արտաքին ուժերի ու ռեգիոնալ միտումների այս կոնֆիգուրացիան, անկախության սկզբից ի վեր, թուրքերն ու ադրբեջանցիք հետամուտ են եղել ամեն կերպ Հայաստանը հայաթափելու գործին։
Այս կոնտեքստում Ղարաբաղի և Հայաստանի հարցերը սկզբնական փուլերում առանձին էին դիտվում՝ որ Ղարաբաղն իրենցն ու վերջ։ Իսկ Հայաստանն էլ իրենցը կլինի հետագայում։ Բայց հրադադարից հետո, Ադրբեջանն ակնհայտորեն փոխել է իր ռազմավարությունը՝ շեշտը դնելով ամբողջ տարածքի հայաթափման վրա։
Ղարաբաղյան հարցով ցանկացած բանակցություն Ադրբեջանի կողմից ձախողման է տարվել։ Կազանում առաջարկվող համաձայնություններում մերոնք պատրաստ էին փաստացի բոլոր շրջանների վերադարձին ու Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին։ Բայց դա էլ մերժեց Ալիեվը, որովհետև նրա նպատակն ամբողջ Հայաստանն է։
Իհարկե նվաստացուցիչ է նման հարցեր քննարկելը, բայց խոսքը թշնամու մտադրություններին է վերաբերում և քաղաքագիտական անալիզը պետք է հաշվի նստի տհաճ փաստերի հետ ևս։
Այս ծանրագույն վիճակին մեզ հասցրել են նախորդ բոլոր երեք իշխանությունները, որոնք տարված սեփական իշխանության վերարտադրման խնդիրներով, ամբողջապես Ռուսաստանին են զիջել հայկական սուբյեկտությունը, փոխարենը ստանալով ռուսական քաղաքական տանիքն ու ներսում բեսպրեդել անելու քարտ բլանշը։
Իհարկե, դա արդյունք է այդ իշխանավորների ապաշնորհության, արժանապատվության բացակայության, քաղաքական տհասության ու կարճատեսության, որովհետև Հայաստանի աշխարքաղաքական դրական տարրերն այն ժամանակ նույնիսկ ավելի խստորեն էին առկա, և դրանք դրվեցին ի սպաս այդ չկայացած մարդկանց քաղաքական խամաճիկության, ի սպաս տհասների բեսպրեդելի, որի արդյունքում արտագաղթեցվեց կես Հայաստանը։
Ինչևէ, այսօր ունենք նոր, լեգիտիմ իշխանություն՝ ի դեմս վարչապետի, և ինչ որ առումներով Հայաստանին տրված է աշխարհքաղաքական նոր էջ սկսելու հնարավորությունը։
Ի նկատի ունենալով այս անմերժելի շանսը, փորձենք հասկանալ, թե ինչն է հնարավոր և ինչն է անհնար վարչապետին՝ արտաքին հարաբերություններում։
Նախ շեշտենք, որ վարչապետի, կամ նրա անունից բանակցողի անելիքը զուտ դիվանգիտական է։ Իսկ դիվանագիտական հմտության հզորությունը կայանում է նրանում, որ սուբյեկտային բանակցողն իր պետության պոտենցիալներն ու դիրքերը համոզեցուցիչ կերպով ներկայացնում է որպես ավելի գերակա ու հզոր, քան այն պատկերացվում է դիմացինի, կամ հակառակորդի կողմից։ Բացի այդ, ներկայացվում են այն պայմաններն ու զոհողությունները, որին կգնա պետությունը, եթե հանկարծ այս կամ այն քայլն արվի իր հանդեպ։
Այսինքն դիվանագիտությունը մի կողնից հոգեբանություն է, մյուս կողմից քաջություն ու պատասխանատվություն, մյուսից՝ մանևերելու ֊մոլորեցնելու֊ տպավորություն ստեղծելու արվեստ։ Դիվանագիտությունը նաև նախաձեռնություն է, հանդուգնություն ու բարդ հաշվարկ, նախատեսված դիմացինի խճճելու և ստիպելու զիջումների գնալու։
Ես հիշում եմ Էրդողանի ու Պերեսի Դավոսյան հանդիպումը, որը վարում էր մեր ազգակից Դավիթ Իգնատուսը։ Էրդողանը հանդիպում էր աշխարհի հզորներից մեկի հետ և չկորցրեց շանսը նրան որպես թիրախ օգտագործելու՝ շանտաժելու, մեղադրելու և դրանով իսկ, իր վարկը որպես միջազգային խաղացողի՝ կտրուկ բարձրացնելու։ Հաշվարկը նրբագույն էր ու ունեցավ իր ահռելի էֆեկտը։ Պերեսը զարմացած էր Էրդողանի անսպասելի հանդգնության ու լկտիության վրա։
Այդ օրվանից Էրդողանը մի քանի կարգով վեր մագլցեց միջազգային քաղաքական հարթակում և վեր բարձրացրեց Թուրքիային ևս։
Նման քայլ էր նաև ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը, որով Թուրքիան ներկայացավ որպես Ռուսաստանին խոցող ու նրանց հավասար ռեգիոնալ գերուժ։ Այստեղ հաշվարկված էին ոչ միայն միջազգային մեծ արձագանքը, այլև Պուտինի խեղճությունն ու անճարակությունը։ Եվ զարմանալիորեն, Պուտինը չհանդգնեց նույնիսկ մինիմալ վրեժի, այլ հակառակը, ամեն ինչ արեց Էրդողանի բարյացկամությունը շահելու համար։
Ասածս այն է, որ բոլոր նման դիվանագիտական ու սուբյեկտային անսպասելի քայլերն իրենց մեջ ունեն հանդգնություն, ռիսկ, և նուրբ հաշվարկ, որոնք իրենց հետևանքներով ամենամանրակրկիտ կերպով հաշվարկված են և արվում են հանուն երկրի ու գործիչի նպատակների։
Վերադառնալով հայկական սուբյեկտության վերականգնման խնդիրներին, կտրականապես մերժելով հակա և պրո ռուսականությունները, վարչապետը ոչ թե պետք է ամեն անգամ հայտարարի, այլ ներկայացնի դա որպես օրակարգ դիմացիններին՝ ներառյալ նաև Պուտինին։
Պետք է ասվի, որ փոխադարձ հարաբերություններում մենք չենք կարող այլևս շարունակել հին սկզբունքներով՝ ես չեմ կարող զիջել հայկականը հանուն իմ հանդեպ Ձեր տանիքը ստանալուն, ոնց նախորդներն էին անում։ Ես լեգիտիմ եմ, և իմ երկիրն էլ պետք է ստանա իրենը թե Ձեզանից, և թե մյուսներից։ Մենք լուրջ ենք տրամադրված մեր սուբյեկտայնության վերականգնման հարցերում, և սրանք են մեր կողմից վերանայման կետերը՝ կուզեք, կբանակցենք, չեք ուզենա, ոնց Էրդողանը Պերեսի հետ հանդիպմանը՝ ես գնացի։
Սա խոսակցության շատ մոտավոր սցենար է, և այն պետք է ներառվի դիվանագիտական լեզվի շրջանակների մեջ։ Բայց հիմնականում նման ոճով խոսում են բոլորը՝ Լուկաշենկոն և Նազարբայեվը, Թռամփն ու Մերկելը, Էրդողանն ու Ալիեվը։
Ըստ էության, կառավարությունն աստիճանաբար պետք է վերանայի հայկական բոլոր արտաքին կեցվածքներն ու պարտավորությունները և համաձայնեցնի դրանք սուբյեկտության պահանջներին։
Ակնհայտ է, որ դիմացինները շատ ավելի հզոր դիվանագիտականի են տիրապետում, և կփորձեն տեղում իսկ սատել մերոնց նման քայլերը։ Բայց, ամեն դեպքում, իմ կարծիքով հայկական աշխարհքաղաքական ռեսուրսները տասնյակ անգամ ավելի հզոր են, քան մենք պատկերացրել ենք մինչ այժմ, և դրանք օգտագործելով հնարավոր է վերանայել շատ ու շատ նվաստացուցիչ պայմանագրեր ու դրվածքներ մեր հանդեպ։
Իհարկե, նպատակային դաշտում Հայաստանը պետք է ձգտի ռեգիոնալ խաղաղության ու ազգ֊բանակ իրացրած կոնցեպտով պարտադրի իր չեզոքությունը շրջապատին՝ ինչպես Շվեյցարիան է անում։ Շվեցարական պետական֊ռազմական մոդելը ցանկացած անկլավ երկրի գոյության բանաձև է, և այն անհնար է մերժել։ Բայց մինչև այդ, դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու։
Հիշենք, որ պետություն ունենալու համար տարածքն ու բնակչությունը բավարար չեն: Խելք, քաջություն, հզոր դիվանագիտական, արարման ու հաղթելու կիրք, ազնվություն ու նաև արդարության զգացում է պետք ունենալ:
Թվում է թե Նիկոլն այդ ամենն ունի։