Բաց նամակ՝ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին
Մեծարգո պրն Մեսչյան,
Վերջերս ծանոթացա Երևանի քաղաքապետարանի սույն հաղորդագրությանը, https://bit.ly/2H6fTny, որ քանդվելու են Օպերայի այգու սրճարանները։
Ըստ այդ հայտարարության՝ ոչ քաղաքապետարանում, ոչ Ձեզ հետ ու ոչ էլ երևանցիների հետ որևէ նախնական քննարկում չի եղել, այլ առաջնորդվել են Երևանը կանաչապատելու քաղաքապետի նախընտրական հանձնառությամբ ու արդեն ծանուցումներն ուղարկել։
Իմ իմացածով, Դուք եք որոշում քաղաքի ճարտարապետական խնդիրները, այլ ոչ քաղաքապետը։ Եթե իրոք այդպես է, ապա մինչև ե՞րբ պետք է քաղաքում ոչ մասնագետների դիկտատը շարունակվի։
Մինչ ընտրությունները հանձնառել են քաղաքը կանաչապատել, բայց քանի՞ ծառ է նախատեսված վերականգնելու սույն նախաձեռնությամբ և ո՞րն է դրա արդյունավետությունը այլ բազմաթիվ գործոնների հաշվառման դեպքում։
Նոր տարվան էլ առանց երևանցիների կարծիքը հաշվի առնելու որոշեցին, ու ֆինանսական պրոբլեմներ ունեցող քաղաքի համար անընդունելի թանկ, անշուք-անճոռնի տոնածառ դրվեց հրապարակում։
Կազմավորման օրվանից նոր քաղաքապետարանը ոչ մի քայլ չի ձեռնարկել Երևանի հիմնահարցերը լուծելու ուղղությամբ։ Ու այդ ֆոնին մեկ էլ նոր դեստրուկտիվ գործընթաց է մեկնարկում Երևանի ու երևանցիների դեմ։ Ո՞րն է դրա իմաստը։
Ի՞նչ է, չգիտե՞ն, որ քաղաքաշինությունն իր ուրույն օրենքներն ու սկզբունքներն ունի, որ չի կարելի անտեսել ոչ դրանք, ոչ երևանցիներին ու ոչ էլ արդեն առկա լոկալ կոնցեպտուալ լուծումները։
Չգիտե՞ն, որ ամեն քաղաք իր նուրբ ուլտրակառուցվածքն ունի, որում մեծագույն դեր է հատկացված ժամանցի գոտիներին, առանձին մշակութային վայրերին ու անկրկնելի որոշ հավաքատեղիներին։
Չգիտե՞ն, օրինակ, որ սովետական ժամանակների Երևանի հմայքը կենտրոնի մի քանի սրճարաններում էր, որոնցում քաղաքի մշակութային շունչն էր ու զարկերակը։
Ներկա Երևանն էլ իր «շնչավոր» կետերն ունի, և դրանցից ամենակարևորներից մեկն էլ Օպերայի շրջակա տարածքն է՝ իր արդեն կայացած դրվածքներով ու նիստուկացով։
Եթե խնդիրը այդ տարածքին ու դրա կառույցներին նոր շունչ ու նոր, առավել որակ հաղորդելն է, ապա, իհարկե, կարելի է խզել պայմանագրերը և այդ հատվածներում նոր տնտեսվարողների հետ նոր պայմանագրերով և քաղաքակերտման նոր պահանջներով, սկզբունքներով ու ուղղորդմամբ նոր նախաձեռնություններ կյանքի կոչել։
Բայց քանդել եղածը, ու տեղում մի քանի կտրած ծառը վերականգնել քաղաքի կանաչապատում անվան տա՞կ։ Դա արդեն զավեշտալի է, քանի որ ցանկացած բուսաբան քաղաքապետին կբացատրի, որ կայացած ծառերի առկայության դեպքում դրանց միջև եղած բաց հատվածներում նոր, համարժեք ծառ աճեցնելն անհնարինի ոլորտից է, որովհետև արևի խիստ պակաս կա, ու նաև արմատային տարածքն է արդեն գրավված. նոր ծառը չի կարողանում հաղթահարել այդ մրցակցությունը՝ կամ չի աճում, կամ էլ «վայ էն աճելուն»։
Քաղաքապետարանում չգիտե՞ն, որ իրենց հանձնառությունը քաղաքի տարածքի ընդհանուր կանաչապատման մասին է եղել, այլ ոչ կոնկրետ այդ հատվածի մի քանի ծառերի վերականգնման:
Չգիտե՞ն, որ Օպերային հարակից տարածքն արդեն կայացած, հայտնի, կոլորիտով հաճելի ժամանցի, բայց և կանաչապատման տեսակետից զրոյական էֆեկտով եզակի, արտակարգ ու ամենացուցադրելի հաճելի վայրերից մեկն է Երևանում, եթե ոչ ամենաարտակարգը։
Չգիտե՞ն, որ հատուկ այդտեղի սրճարանների ու ժամանցի կենտրոնի համար ժամանակին ստորգետնյա ավտոկանգառ է կառուցվել։
Չգիտե՞ն, որ երևանցիք հյուրերին են բերում այդտեղ ժամանցի ու իրենք են այցելում սուրճ խմելու ու զրուցելու, որ Երևանը նաև այդտեղի սրճարաններով է հայտնի։
Չգիտե՞ն, որ դա հարմար տեղադրության, բազմանպատակ ժամանցի գոտի է քաղաքի կենտրոնում, առանց որի նորմալ քաղաք չկա աշխարհում։ Որ բոլոր «համով-հոտով» քաղաքներն իրենց կենտրոնում նման՝ մեքենաներից զերծ՝ ճեմելու ու ժամանցի տարածքներ ունեն։
Չգիտե՞ն, որ եթե դա էլ վերացվի, ապա հիմնական արդյունք է լինելու յուրահատկության ու քիչ թե շատ գնահատելի տուրիստական հետաքրքրության կորուստը Երևանի հանդեպ։
Երևանը ազգի սիրտն է, ինտելեկտուալ կենտրոնն ու ոգին։ Նրա պատկերի աղավաղումն արդեն իսկ մեծ մասշտաբների էր հասել ու շարունակվում է։ Բայց նախատեսվող ու արդեն իրացվող այս ինքնագլուխ քայլով Երևանը նկատելի է կորցնելու իր գրավչությունը ու արդեն հարմարավետ դարձած կենտրոնի միջավայրը։
Դա փաստացի Երևանի տուրիստական-ժամանցային կենտրոնի հիմնարար ավերում է նշանակելու, որովհետև մի քանի տնկվելիք ու չաճելիք ծառերը չեն փոխհատուցելու եղած հարյուրապատիկ ավելի էֆեկտիվը։
Առհասարակ, մեծ, մշակութային ու կոլորիտով քաղաքի ավերումն իր հետևանքներով շատ ավելի լուրջ է, քան գիտակցվում է։ Պատմությանը հայտնի է, որ երկրները կարող են անհետ կործանվել-անցնել պատմության գիրկը, բայց քաղաքները մնում են, որովհետև քաղաքն է քաղաքակրթության հիմքը։
Եվ եթե հիմա խնդիր է դրված անզգույշ քայլերով Երևանն անհրապույր դարձնելու, ապա դա և՛ քաղաքի, և՛ Հայաստանի կործանման սկիզբ է լինելու։
Ես ծրագրվածը դիտում եմ ոչ միայն որպես պետական, այլև հակազգային կոպտագույն ու անլուրջ ապամասնագիտականություն։
Սույն նամակով Ձեր պատասխանատու կարծիքն եմ ուզում ստանալ սույն՝ միամիտ թվացող, բայց իրականում ավերիչ հետևանքներով նախաձեռնության վերաբերյալ։
Երևանում ծնված-մեծացած և այն որպես իր հարազատ քաղաք համարող բնիկ երևանցի՝
Արա Հարությունյան