Հային վիճակված «հանճարեղությունը» կրելով հանդերձ, ամենքս պարտավոր ենք հիշել նաև, որ հանրային առաջընթացի ճանապարհը ընդամենը մեկն է, և այն կերտվում է ընդհանուր ջանքներով:
Ընդհանուր ջանքերի համատեղման համար էլ, ամեն մեկս պետք է ընդունի կողքինի ներդրումը՝ գնահատելով այն, տեղադրելով անցնելիք ճանապարհի ուղեծրի վրա և ինքնախոստովանելով ու ամրագրելով, որ մեր մեջից այսինչն այս հարցն արդեն լուծել է՝ ինձանից լավ է լուծել, առաջարկել է կոնկրետ խնդրի լուծման օպտիմալ, սկզբունքային տարբերակ և որ մյուսներս պարտավոր ենք ոչ թե նոր անիվներ հնարել, այլ քննել արդեն արվածը, համաձայնել, կամ ոչ, ու առաջ գնալ:
Որ հանրային, մասնագիտական ու քաղաքացիական քաջալերանքի մթնոլորտ պետք է գոյություն ունենա, որը կխթանի և լուծումների փնտրտուքը, և արդեն գտնվածների գնահատումը, ներդրումն ու կիրառումը: Արդյունքում՝ համատեղ գործով, իրար հասկանալով ու աշխատանքի կամավոր բաժանմամբ մենք կմիավորվենք որպես հանրություն, կմեկտեղվեն մեր ջանքերը, գործն առաջ կգնա, ինչպես մարդկությունն ու գիտականն է առաջ շարժվել դարերով:
Ովքեր դիտել են անգլիական պառլամենտի նիստերը, նկատած կլինեն, որ որևէ մեկի ելույթի վերաբերյալ կողքինները համ դրական բարձրաձայնում են, համ էլ տեղերից վեր կենում և դրանով իրենց համաձայնությունը հայտնում:
Իսկ ի՞նչ է կատարվում մեզանում:
Իմ փորձից ելնելով կարող եմ վկայել, որ բազմաթիվ մարդիկ կան, ովքեր որպես կանոն ճիշտ են տեսնում, վերլուծում ու ներկայացնում հարցերը: Բայց մի անգամ տեսած չկամ, որ կողքի «երևելին» ընդունի դա, համաձայնի, խոստովանի, որ իրոք, ասենք «Ստեփանն» ինձանից հեռատես ու ճշմարտացի էր, որ իր ասածն է այսօրվա ինչ որ կոնկրետ խնդրով ամենաճշմարիտն է և կարող է որպես բոլորիս առաջարկների ընդհանուր հայտարարը դիտվել:
Մեր ներկան ու պատմական փորձը ցույց են տալիս, որ մենք զուրկ ենք իրար տեսնելու, գնահատելու, կողքինի արածը որպես ուղենիշ վերցնելու և այն շարունակելու պատրաստակամությունից, ազնվությունից ու քաջությունից:
Եւ, իմ կարծիքով, հենց այս յուրահատկությունն է մեր պատմական ու ներկա դժբախտությունների արմատներից մեկը:
Այսօր մենք կանգնած ենք նմանատիպ մի հիմնահարցի առջև, որի նկատմամբ ոչ համապատասխան վերաբերմունքը կարող է աննախադեպ թանկ նստել մեր բոլորի ճակատագրերի վրա:
Րաֆֆի Հովհաննիսյանը, սպառելով պայքարի ավանդական մեթոդները, որոշակի պահանջներով նստել է անժամկետ հացադուլի:
Անցած օրերը բավարար չեղան մեզ՝ հասկանալու և ընդհանուր հայտարարի գալու Րաֆֆու ֆենոմենի հարցում, իսկ տարըմբռման վիհն էլ գնալով խորացավ և սպառնում է ժայթքել արդեն որպես ներհանրային փոխադարձ թշնամություն:
Մեկին դուր չի գալիս Րաֆֆու միտինգի չափն ու միտինգային ունակությունները, դուր չի գալիս, ու վերջ: Մյուսն իրեն նեղություն էլ չի տալիս որևէ արգումենտ իսկ բերելու, որովհետև թքած ունի իր ու երկրի ապագայի վրա էլ: Մեկ ուրիշն էլ այն կարծիքին է, որ թող Րաֆֆին իրեն կոտորի, դառնա Աստված կամ նույնիսկ սատանա, բայց տիրություն անի ստացած ձայներին:
Հոգեբանորեն և միգուցե կլինիկականի առումով անցած տարիների դժոխայինը երևի ամեն հանրության էլ հասցնեին այս վիճակին: Բայց, մյուս կողմից էլ, մենք պետք է ներքին ուժ գտնենք այս նոր վիհը չընկնելու համար:
Իշխանություներից լուծում սպասելն անիմաստ է, նրանք անցել են նորմայի բոլոր սահմանները և շարունակելու են իրենցը: Հետևաբար, միակ հնարավոր ուղին ներհանրային, ներըդդիմադիր փոխադարձ հանդուրժողականությունն է՝ անտեղի իրար չհոշոտելը:
Անցած 25 տարիներին, փուլերով անցնելով, իշխանականը բազմաթիվ արտաքին ու ներքին ձևափոխություններ կրեց: Իսկ ընդդիմադիր դաշտում քաղաքական փորձ չկուտակվեց: Ամեն մի նոր, անփորձ մեկը մտնելով նույն դաշտը ու մաս կազմելով ինչ որ թիմի, առանց խորքայինը, պատճառահետևանքայինը հասկանալու, իր սուբյեկտիվ եզրակացություններին հանգեց և իր հասկացած «ճշմարտությունները» վերցրեց կատարվողից՝ ամբողջովին մերժելով հին փորձը:
Եւ հենց այս «մշակույթն» էր մեղավորը, որ հայկական քաղաքական դաշտն ամլացավ, փոխադարձ թշնամացավ ու լցվեց «ախք»-երով:
Իսկ ո՞րն է այդ մշակույթը: Դա անընդունելի մակերեսայնությունն է, ոչ մասնագիտականն ու տարրական անպատասխանատվությունը հարցերը քննարկելիս: Մինչև այժմ երբևէ որևէ հարց խորը չի քննարկվել, չի պարզաբանվել ու չի մատուցվել շարքայինին որպես քիչ թե շատ ճշմարտացի ուղի, հետևանք, կամ արդյունք:
Անցել ենք հարյուրավոր արյունոտ ու կործանարար դեպքերի ու եղելությունների միջով: Ո՞րս գիտի դրանց իրական պատճառները, խորքայինը:
Կա՞ արդյոք որևէ դոգմա, որն անկողմանակալ քննադատության առաջին իսկ քայլերից չջախջախվի որպես աններելի պրիմիտիվ ու կեղծ:
Եւ մշակույթ դարձած այս կեղծիքի մթնոլորտն է պատճառը, որ հանրային վերելքի ճանապարհը դարձել է մայրուղի՝ պնակալեզների ու բացահայտ սրիկաների համար: Եւ համապատասխանաբար փակուղի՝ նորմալի, սկզբունքայինի, տրամաբանականի ու մարդկայինի համար:
Հիմա էլ ընդդիմադիր դաշտի մի մեծ մասը կտրականապես մերժում է հասկանալ Րաֆֆու հացադուլի իմաստը, նպատակը, ուժն, ու գնահատել հնարավոր արդյունքը:
Ներկա պահին արդեն ոչ այնքան իշխանականն է հայկական ներքին պրոցեսի արգելակը, այլ ընդդիմադիր փոխադարձ անհաղորդությունը:
2008-ի միտինգը սպասում էր՝ մեկ միլիոն դառնալով՝ հաղթանակի տեսլականին: Միլիոնը չկուտակվեց, և պարտություն գրանցվեց: Այդ մարդիկ մինչև հիմա ընդունակ չեղան ընդունելու, որ Հայաստանում մեկ միլիոն միտինգավոր չի կարող գոյություն ունենալ նույնիսկ ֆիզիկապես:
Ես կարող եմ հասկանալ այդ մտայնության ֆանատիզմը, բայց չեմ հասկանում, թե ինչու են այդ մարդիկ Րաֆֆուց էլ մեկ միլիոնի տենչանքը սպասում:
Րաֆֆին մի միլիոնի հույսին չի, հեռավոր կողքինների հույսին էլ չի: Ինքը շատ ավելի սթափ է մոտեցել խնդրին՝ հաշվարկել է, որ ոչ միայն միլիոն չի կուտակվելու, այլ տասնյակ հազար էլ չի կուտակվելու, ու իշխանականից էլ որևէ ազդեցիկ դեմք չի միանալու իրեն: Եւ դրանով հանդերձ՝ շարունակում է պայքարը իր իսկ ռեսուրսների հաշվին:
Երեկ Րաֆֆին հասավ միայն իր անձով առաջ գնալու մեթոդաբանությանը:
Սա ինչո՞վ է անընդունելի ընդդիմախոսներին, որոնց ձայնը տատանվում է ձեռ առնելուց մինչև հարիֆության մեջ մեղադրելու տիրույթում:
Ես կարծում էի, որ բոլորին են նկատելի առկա իշխանական ու հանրային ախոռի մեծությունը, խորությունն ու կուտակված աղբի չափերը:
Կարծում էի, որ այդ մարդիկ տեղյակ են, որ ախոռում առանց ընկղմվելու նույնիսկ մեկ քայլ դեպի աջ, կամ ձախ անելն է անհնար:
Կարծում էի, որ բավարար ազնվություն կլինի տեսնելու և համոզվելու, որ Րաֆֆին ընդամենը չի ուզում շարունակել այդ ախոռին մասնակից լինելը և փորձեր է անում այն մաքրելու, կամ մի կողմ դնելու և նոր միջավայր կառուցելու:
Կարծում էի, որ կհասկանանք ու կխոստովանենք, որ ախոռն իրար հետ, միասին ենք կերտել ու բերնեբերան լցրել՝ մեր հանդուրժողականությամբ, անսկզբունքայնությամբ ու պարզամտությամբ:
Կարծում էի, որ կհասկանանք, որ Րաֆֆին տանկ չի, որ մտնի ամեն ինչ քար ու քանդ անի, բազմալիցք հրթիռ չի, որ գնա բոլորին հատ հատ, կետ առ կետ խփի: Որ ինքը ձայն շահած, բայց գերբնականին անընդունակ ընդամենը մարդ-մահկանացու է:
Երևի արժե նորից հիշեցնել, որ ներկա դարում հացադուլի իմաստն այն է, որ ուշադրություն է հրավիրվում՝ կողքինների, քաղաքական աշխարհի ուշադրությունը եղած աղաղակող այլանդակության վրա:
Րաֆֆին հիմա այդքանը կարող է անել: Եթե ինքը շատ սկզբունքային եղավ, ու մենք էլ շատ ոչ սկզբունքային, ապա մի գուցե զոհվի էլ:
Րաֆֆին իր գործն է անում, մենք էլ մեր անելիքն ունենք: Պարտավոր ենք գոնե համարժեք դառնալ ու լուրջ դիտարկել հարցը:
Այլ երկրների նման փորձերի գիտակ չեմ: Միգուցե եղել են նմանատիպ դեպքեր, երբ շահած ընդդիմադիր նախագահության հավակնորդը գնացել է հացադուլի: Բայց համաձայնենք, որ սա արտառոց է նույնիսկ մեր մասշտաբներով:
Պարզ է, որ բոլորովս՝ օլիգարխով ու վերջին աղքատով, նախագահով ու գործազուրկով, թաղված ենք նույն աղբի մեջ: Այն համատարած է ու անանցանելի որևէ մեկի համար:
Որոշ մարդիկ փորձում են նոր ձև գտնել դուրս գալու նրանից, որոշները շարունակում են հին ձևերին տուրք տալը:
Պարզ է, որ լուծումը եղած փորձից ու սկզբունքերից դուրս է լինելու: Ներկայում այն Րաֆֆու հացադուլի մեջ է, Անդրիասի պարզամիտ թվացող պահանջների հանրայնացման մեջ, քաղաքացիականի պահանջատիրության մեջ, հացադուլի ընդունակ նորանոր մարդկանց Րաֆֆու կողքին հայտնվելու մեջ, բարեկամության շրջանակում հայ պնակալեզին շնչելու օդ չթողնելու մեջ, երկիշխանություն ձևավորելու հանրային կարողության մեջ:
Քաղաքացական անհնազանդության գրքեր ու ձեռնարկներ մի գուցե պետք են քաղաքացիական ակտիվիստներին, բայց այն պետք չէ յուրաքանչյուրիս՝ տեսնելու իր անելիքը որպես քաղաքացի, որպես անհատ, ընկեր ու բարեկամ:
Վաղուց ժամանակն է մեզ՝ նորից վերաթերթելու մարդկայնության, սկզբունքայնության, տրամաբանության, քաղաքականության այբբենարանը:
Եկեք հարգենք ու գնահատենք իրար: Դրանում է հաջողակ հանրությունների գաղտնիքը: Եւ հայ- հրեա տարբերության առանցքն էլ է սա:
Եկեք իջնենք մեր գրաված վիրտուալ կեղծ պատվանդաններից, որովհետև արդեն ծիծաղելի էլ չենք, դառնում եք ողբալի ու մասնակից ազգի կործանման:
Թող Րաֆֆուն հացադուլից հետ համոզող ամեն մեկը փորձի տանը գոնե 3 օր հացադուլ անել և հետո գալ, հրապարակում լուռ նստել նրա կողքին:
Միայն այդ դեպքում այդ մարդը կիմանա հացադուլի նպատակը, արժեքն ու իմաստը:
Ժամն է վերիմաստավորելու մեր հայտնի «գնա մեռի՝ արի սիրեմ»-ը: Մենք այլևս զոհելու ոչ մի ռեսուրս չունենք՝ զսպանակը ձգված է մինչը կոտրվելու աստիճան:
Մի վերցրեք ձեզ վրա այն կտրողի անեծքը: