Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Տաբուները, որոնք կործանեցին մեզ

15 Հունվարի, 2014 Արա Հարությունյան
Կիսվել

Հայկական պետականության՝ ռուսական ժամանակավոր ռազմակայան  դառնալուց հետո, իմաստալից է հասկանալ, թե ինչու և ինչպես հասանք այս վախճանին:

Նախ շեշտենք, որ անկախ հանգամանաքներից ու մանրուքներից, պետությունը բյուրեղակերպ կառուցվածք ունի: Այսինքն ինչպես առաջնային բյուրեղի կազմի մեջ եղած ատոմներն ու միմյանց հանդեպ նրանց դիրքավորումը կառուցում է  ամբողջ մակրոբյուրեղը, այնպես էլ ժողովուրդն իր անհատներով ու արժեքայինով կերտում է պետությունն ու նրա բոլոր  դրվածքները: Այսինքն ժողովրդի հատկություններից ածանցված դրվածքները, նիստ ու կացն են տիրում երկրում:

Իհարկե, պետականի մակարդակում ազգային-ժողովրդականի դրսևորումների կոնկրետ ձևերն ու կառույցները կարող են ինչ որ մեկի կողմից հնարված կամ դրսից ներմուծված էլ լինել: Բայց եթե դրանք հանդուրժվում են մարդկանց կողմից, ապա միանշանակ է, որ դրանք առնվազն  խորթ չեն տվյալ հանրությանը:

Ակնհայտ է, որ մենք ունենք առանձնահատկություններ, որոնք սկզբունքային նշանակություն են ունեցել մեր այսօրվա արդյունքների մեջ: Դրանց մեծամասնությունը երբևէ չքննարկված տաբուների հետևանք են, որոնց հիմնական մասը նաև նախապատմություն ունի:

Քննարկենք դրանցից առանցքայինները:

1. Բարոյախոսությունն ինքնին անբարոյականություն է

Մի քանի անգամ, հենց այս կտրվածքով խոսել է առաջին նախագահը:

Առաջին հայացքից մոդեռն-գրավիչ այս միտքն իրականում տաբու-պահանջ էր` ուղղված հանրությանը՝ լռել և ոչ հաճո հարցերի ու իշխանության մարդկանց  մասին չխոսել:

Իրականում այն կրկնակի նպատակ էր հետապնդում: Պախարակելով բարոյականը՝ զինաթափել բարոյական նորմերով առաջնորդվող մարդկանց` կարծիք հայտնելու կատարվող այլանդակությունների մասին, և հետևաբար նաև ձայն չունենալու և չմիջամտելու երկրի քաղաքականությանը:

Մյուս կողմից էլ, այն կանաչ լույս էր անբարոյականության պատրաստ մարդկանց առջև՝  անելու իրենց մտքով անցածը: Սրանով լղոզվում էին ենթագիտակացական-քրիստոնեականով շարժվող շարքային անհատի խրախուսելի վարքի սահմանները՝ թե որն է թույլատրելին և որը՝ ոչ:

Այս տաբուն՝ այսինքն հանրային կյանքի նորմերը քննարկումից հանելն ու հանրության մյուս անդամից սիմետրիկ կեցվածք պահանջելու արգելանքը, մեր ներքին այլասերման առաջին հիմնաքարն էր:

Հանցագործը, քրեականը, այլանդակn ազատվեց հանրությանը հաշվետու լինելու պարտավորությունից: Թալանիր, գողացիր, հոշոտիր՝ ոչ ոք իրավունք չունի հաշիվ պահանջելու կամ հանդիմանելու: Կա պետությունը իր դատարանով,  և նա է քո հարց լուծողը, այլ ոչ թե ինչ որ մի բարոյախոս:

Հասկանալի է, որ նախագահի համար սույն թեզը իշխանությունն իր ձեռքում կենտրոնացնելու նպատակ էր հետապնդում: Բայց շատ շուտով այն դարձավ անտեսանելի ու սանձարձակ մի  ուրվական, որն սկսեց խժռել երկիրը:

Իսկ հետագայում էլ  այս հիմքի վրա բուծվեց անբարոյական անհատը, որը դարձավ և իշխանություն, և միջոց, և նպատակ:

Ներկայում էլ, որևէ խոսակցություն առ մնայուն, հանրային համակեցության արժեքները հանդիպում է դիմացինի գռեհիկ, նվաստացուցիչ վերաբերմունքին, թե «եղունգ ունես՝ գլուխդ քորի»:

Մեր դեպքում իհարկե իր մեծ դերն է ունեցել նաև հայ եկեղեցին, որը մոնոպոլացնելով բարոյականության մասին խոսքը, իր գործառույթներով ու օրինակով միայն անբարայականություն էր սփռում, և էլ ավելի խորացնում վիհը՝ հայ մարդու և մարդկայինի միջև:

Շատ երկրներում է բարոյականության դեմ քարոզ եղել, բայց և ոչ մեկում այն չի հասել տաբուավորված արգելանքի: Միշտ էլ եղել են նեղ խողովակներ, որոնցով բարոյականը շարունակել է շնչել և կիրառվել կյանքում:

2. Ազգիս բան չասեք: Ազգը, ժողովուրդը երբեք չի սխալվում: Դու շատ փոքր ես ազգիս քննադատելու  համար

Այս տաբուն երևի վաղնջական, հին է: Այն հզորների, բայց և անդեմների ձեռքին հզոր գործիք է եղել՝ աչքի ընկնող խելոք, ուղղամիտ, հանդուգն անհատի նսեմացման, լռեցնելու համար: Եւ հիմա էլ, այս տաբուն դեռ լիարժեքորեն կենսունակ է հայաստանյան քաղքենու բառարանում:

Զուգակցված նաև ազգը որպես իր սեփականություն տեսնելու մեծամտությանը՝ ամեն առիթով «ազգՍ» շեշտելով, սույն կոչերի տերերը իրենց լիիրավ են զգում դիմացինին չթույլատրելու բարձրաձայնել իր իմացածը «ազգի» վերաբերյալ:

Անկախ այն բանից, որ ազգը հավասարաչափ նաև դիմացինինն է, այդ «հայրենապաշտ»  քաղքենին անպարտելի է: Ինքը յուրացրել է «հայրենասիրության» այդ զենքը և գիտե, որ ցանկացած տեղ այն օգտագործելն ամենաանվտանգ ձևն է, հայրենասեր ներկայանալով լռեցնել  ու հաղթել դիմացինին:

Արդյունքում «ազգիս» բան ասողների թիվը նվազելով հասել է զրոյի, ու ազգ ու տակով  ռեստորաններում թուրքերեն ենք երգում ու պարում, ռաբիսով բարլուսի ու բարի գիշերվա գնում, գողականով հարաբերվում, ռազբիռատով օրը մթնեցնում, անճաշակով ծնվում, պսակվում ու թաղվում:

Իրոք, եղունգ ունես՝ գլուխդ քորի  օլիգարխի բարեկամ ես՝ նստի մյուսների գլխին, դատախազ ընկեր ունես՝ գյուլլի բոլորին:

3. Ամեն գյուղ իր շունն ունի: Կոնկրետ մարդիկ մեղավոր չեն, իրենց միք վատաբանի: Իշխանության մեջ էլ լիքը լավ մարդ կա, բայց իրենք ինչ կարող են անել

Այս տաբուն միջոց է ամեն սրիկայի ձեռքին՝ տարալուծվելու համակարգի մեջ և չքմեղանալու կոնկրետ իր արարքների համար, նսեմացնելով իր հնարավորություններն ու պատասխանատվությունը:

Այս տաբուի ներքո են մարդկության դեմ եղեռնագործած հանցագործների մեծ մասը՝ թե իրենք հրաման են կատարել ընդամենը, մեղավոր չեն:

Այս տաբուի էֆեկտը ցայտուն երևում է քվեարկությունների դեպքում, երբ ասենք 100-ից 99 դեմ քվեարկած բոլորը թաքնվում են կողմ քվեարկված մեկ քվեի հետևում, թե հենց ինքն է եղել այդ մեկը:

Իսկ առօրյա կյանքում այս տաբուն հզոր վահան է, որի ետևում թաքնված է ներկա հայության  գերակշիռ մեծամասնությունը: Որովհետև երբ մարդ առ մարդ «արդարացնելով», սպառվում է կոնկրետ անձերի ցուցակը, որպես «անմեղների»՝ իսկույն մեջտեղ է գալիս համակարգ կոչված «մեղավորը», որի վրա և բարդվում է ամեն ինչը:

Տաբուն ենթադրում է, որ ազնիվ մարդը կարող է աշխատել անազնիվ միջավայրում և շարունակել համարվել ազնիվ: Չէ որ ինքը ոչինչ էլ չի կարող անել վերադասի, կամ համակարգի դեմ: Եւ բնական է, որ «չմասնակցելով» համակարգային անօրենությանը, «ազնիվն» անձնապես դուրս է հանցագործությունից:

Բայց իրականում համակարգում լինելու հանգամանքով իսկ արդեն ինքը մասնակիցն է, որովհետև համակարգը համակարգ է նաև հենց կոնկրետ իրենով, այլ ոչ մեկ այլ պատահական  մարդով:

Ինքն ընտրված, փորձված, «չեզոք» մարդ է՝ ըստ որում որպես պետքական, մասնագետ չեզոք: Այս նկատառումներով մոտենալով խնդրին, կստացվի, որ հայկական պետական համակարգում նույնիսկ մեկ ազնիվ մարդ չկա: Որովհետև համակարգն ամեն քայլափոխի նրան ստիպում է ենթարկվել իր ստին, անել իր պահանջած հրեշավորը մարդկանց հանդեպ, ու այդ “ազնիվը” չի հակաճառում, լռում է:

Լռում է, որ իր օրվա հացն ունենա: Բայց հաշվի չի առնում, որ իր հացի խաթեր հացից զրկում է հազարավորների:

Հանրային խորամանկությունն իբր անգիտակցաբար, այդ անազնիվին փորձում է նույնացնել «моя хата с краю» – մեկուսացած մարդու հետ:

Այդպես չէ, մեկուսացած մարդը համակարգի մեջ չէ և իրավունք ունի չեզոք լինելու: Իսկ հայկական կյանքում նույնիսկ դպրոցի ուսուցիչն իրավունք չունի այդպես դիրքավորվելու, որովհետև իր դիրեկտորը, իր կողքի ուսուցիչը կեղծում են ընտրությունները, իսկ ինքը համակարգի ներսում լինելով հանդերձ անհաղորդ է ձևանում:

4. Ընտանիք եմ պահում, մի կտոր հացի համար եմ անում, հետևաբար դրա իրավունքն ունեմ

Հանրության հաշվին հակաօրինական ձևերով ու միջոցներով ընտանիք պահելու համահայկական դրվածք-տաբուն քննարկելու կարիք էլ չունի: Կմանրամասնեմ միայն, որ միլիարդներ աշխատելն էլ է այս տաբուի տակ: Իհարկե, երբ տաբուն հասցվում է բացարձակ ցինիզմի, այն արդեն տաբու չէ, այլ դատավճիռ՝ տվյալ հանրության վերաբերյալ:

Որովհետև տաբուն անտեսանելի, անքննարկելի, չբացահայտված «կողմ և դեմ» պահեր ունի իր մեջ, և դրա համար էլ տաբու է: Իսկ պետականություն ու միլիարդներ արժեցող օրվա հացը լրիվ այլ բան է:

5. Ղարաբաղի հարցը մեր առաջնային հիմնահարցն է: Հանուն Ղարաբաղի պետք է դիմանանք բոլոր փորձությունններին

Փաստենք, որ անկախությունից հետո պետականակերտման անելիքները ղարաբաղյան հարցից կախվածություն ունենալով հանդերձ, այլ էին:

Դրանք էին՝ տնտեսությունը մոդեռնացնելն ու այն մասնավոր շուկայականի վրա դնելը, մասնագետների վերապրոֆիլավորելն ու տարբեր լծակներով նոր տեխնոլոգիաների մուտքը   ապահովելը, երկիրը ռեգիոնում որպես կարևոր սուբյեկտ տեղադրելն ու սպասարկելը:

Գործնականում արվեց անհարաժեշտ արվելիքի տրամագծորեն հակառակը: Ես բացատրություններ չունեմ կատարվածի համար, բացի այն, որ գործ ունեինք ազգային  պետական մեծ դավաճանության հետ:

Իսկ ղարաբաղյան հարցը՝ հայաստանյան անկախությունից զատ, որպես զուգահեռ հայկական երկրորդ անկախ պետականություն ներկայացնելը խորամանկ թվացող, բայց վախկոտ ու անպատասխանատու աչքակապություն էր: Իսկ հիմա էլ, անկախ Հայաստանի վերացումից հետո, անկախ Ղարաբաղի մոդելը այլ զարգացումների էլ կարող է բերել:

Բացառված չէ, որ ռուսները Թուրքիա -Ադրբեջան տանդեմի հետ իրենց հարցերը բանակցեն Հայաստանի ու Ղարաբաղի նոր վերաձևումների տեսքով, որոնք կանխատեսելը ներկայում անհնար է:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes