Menu
Arik Hart
  • Գլխավոր
  • Ելույթներ
  • Քաղաքական պատկերազարդ աշխատություններ
  • Քաղաքական հոդվածներ
  • Գիտական հոդվածներ
  • Գրքեր
  • Իմ ավատարը
Arik Hart

Երկու սահմանադրություն, մեկ ելք

16 Հունիսի, 2015 Արա Հարությունյան
Կիսվել

Հունիսի 15-ին լրացավ Անգլիական Ջոն թագավորի կողմից Ազատությունների հռչակագիր/պայմանագիրը (Magna Carta) ստորագրելու 800-ամյակը (1215 թվական): 

Պայմանագրի կնքումն արդյունք էր բազմաթիվ գործոնների: Թագավորը ծանր կացության մեջ էր ֆրանսիացիների հետ պատերազմական վիճակի պատճառով և բարոնների (անգլիական ֆեոդալների) օգնության կարիքն ուներ: Բարոններն էլ, օգտվելով առիթից, առաջ էին տանում իրենց իրավունքների ու ազատությունների խնդիրները և պահանջում էին թագավորին այդ հարցերում գնալ զիջումների:

Երրորդ կողմը կղերականն էր, որը երկակի դիրքում էր: Լինելով կալվածատերեր, նրանք առաջարկվող փոփոխություններին էին կողմ, սակայն իշխանականի հետ համերաշխ լինելն էլ կարևոր էր ռազմավարական առումներով, և նրանք չափավոր էին իրենց պահանջների մեջ: Եv պատահական չէ, որ պայմանագրի տեքստը մշակել էր Ստեֆան Լանգտոնը, որը Քենթրբերիի արքեպիսկոպոսն էր:

Պայմանագրի արդյունքում ստեղծվում է 25 բարոններից բաղկացած Մեծ Խորհուրդը, որի հետ պարտավոր էր հաշվի նստել թագավորը:

Պատմաբանները կիսված են սույն պատմական եղելությունը գնահատելու հարցում: Որոշները գտնում են, որ այն հիմք ծառայեց հետագայում անգլիական պառլամենտի ստեղծման համար (պառլամենտի սկիզբ է համարվում 1230 թվականը), որոշներն էլ նսեմացնում են այն՝ ընդհուպ մինչև անհետևանք թղթի կտոր:

Սակայն իրողությունն այն է, որ պայմանագրի ոգին առկա է եղել անգլիական ուժի կենտրոնների հարաբերություններում, և պառլամենտն էլ ստեղծվել է հենց բարոնների Մեծ Խորհրդի հետագա զարգացման արդյունքում:

Պատմության մեջ կարևոր այս իրադարձությունը ներկայացված է բազմաթիվ  նկարիչների գործերում:

Անգլիական The Economist ամսագիրը ևս հանդես է եկել է մի հետաքրքիր կտավով և հոդվածով՝ 800-ամյա տարելիցի կապակցությամբ:

Նկարում ներկայացված են պայմանագրին մասնակից կողմերն իրենց դիրքով ու վերաբերմունքով՝ հանդեպ կատարվողը: Թագավորն ընկճված է, բարոնները՝ ուժի, թելադրողի դիրքերում են, իսկ կղերներն էլ՝ անթաքույց գոհունակությունը երեսներին դաջված:

Երեք կողմերի առկայությունը քաղաքական գրեթե բոլոր պրոցեսներում երևի հիմնարար երևույթ է և իր բացատրությունն ունի մարդկային հարաբերությունների էության հետ կապված:

Շատ հաճախ երկու պայքարող կողմերի միջև առկա են նրանք, որոնց ձեռնտու չէ որևէ մեկի անվերապահ հաղթանակը: Եվ բարդ քաղաքական իրադրություններում որոշիչ են դառնում հենց երրորդ կողմերը: Երրորդ կողմ լինելն իրականում մարդկային որակ է՝ և նալին, և մեխին խփելու, և համաձայն, և դեմ լինելու:

Որպես կանոն, առաջնային հարցը ծնվում է կռվող-մրցակցող կողմերի՝ կոնֆլիկտի 2 ակտիվ մասնակիցների շահերի բախումից, պահանջներից ու մղումներից: Բայց առճակատումը փաստացի լուծվում է նաև չեզոք ձևացողների ու միջնորդների մասնակցությամբ:

Հասկանանք, թե ինչն է մղում հակամարտ կողմերին լինել սուբյեկտ, հաստատակամ, պայքարող, իրենց շահերի համար զենք վերցնող ու մինչև վերջ գնացող:

Կենսաբանությունը, մասնավորապես Դարվինիզմը, տալիս է այս հարցի ընդհանուր պատասխանը:

Դա էքսպանսիայի համընդհանուր օրենքի պահանջն է: Այն ազդարարում է, որ բոլոր կենդանի օրգանիզմներն իրենց հասու հնարավոր ձևերով պայքարում են առավել բազմանալու, նոր տարածքներ ու ասպարեզներ նվաճելու համար: Դրան հասնելու համար առկա են միջտեսակային և ներտեսակային պայքարները, որոնք տարվում են որոշակի սկզբունքների համաձայն:

Մարդու դեպքում ներտեսակային պայքարը օրինականացրել է նույնիսկ դիմացինի ոչնչացումը, որը թվում է, թե հակակենսաբանական է:

Մենք՝ մարդիկ, չենք ընդունում սպանությունը հանրության ներսում, բայց արդարացի ենք համարում պատերազմը հարևան երկրի դեմ՝ նրան վերագրելով բարբարոսություն ու մեղադրելով «չափերն անցնելու մեջ»:

Ներկա փափկասուն ու դեմագոգիկ քաղաքագիտականը մերժում է սոցիալ-Դարվինիզմը՝ այն համարելով պրիմիտիվ ու մարդուն ոչ հարիր: Բայց մարդկության պատմությունն ու մեր աչքերի առջև ծավալվող արյունալի ներկան հենց դա են փաստում:

Մարդը մրցակցային է: Մենք այդպիսին ենք կերտվել բնության կողմից: Մենք առաջ ենք գնում, զարգանում ենք միմյանց հետ մրցակցելով, միմյանց հաղթելով: Մենք ամեն տեղ, ամեն ասպարեզում ու ամեն ինչի համար ենք մրցում:

1215-ին, իրար հետ մրցակցելով, իրար ստիպելով ու Magna Carta-ն կնքելով,  անգլիացիք քաղաքականում կարևորագույն քայլ արեցին՝ հիմք դրեցին ժամանակակից ժողովրդավարությանն ու օրինականությանը: Չունենալով սահմանադրություն, իրականում Անգլիան հավասարակշիռ օրենքների երկիր է:

Հետագայում ամերիկյան սահմանադրությունն էլ նույն կերպ կնքվեց՝ մրցակցող մի քանի կողմեր կային ներգրավված, որոնք ստիպված պայմանավորվեցին իրար հետ հաշվի նստելու վերաբերյալ:

Ցանկացած սահմանադրության ընդունում ոչ թե սկիզբ է, այլ ընդամենը պայմանավորվածությունների փուլի ավարտ:

Սահմանադրությունը  փոխադարձ հաշիվները մաքրելուց հետո, իրար դեմ  նստած, բայց «զենքերը դեռ սեղանին»՝ ուժային,  կողմերի շահերի հաշվառման մասին ձևակերպված համաձայնագիր է՝ հետագայում իրար հարգելու ու հաշվի առնելու մասին:

Ինչ որ առումով, այն քաղաքացիական «սառը» պատերազմի ավարտին կնքվող հաշտության պայմանագիրն է:

Սահմանադրությամբ չի սկսվում պետությունը, սահմանադրությամբ ուղղորդվում և ապրում է հետագայում, երբ բոլոր սուբյեկտներն արդեն պայմանավորվել են իրար «չքցելու» մասին, և խստորեն, նույնիսկ ուժային մեթոդների կիրառմամբ, հետևում են պայմանագրին (վկա՝ ամերիկյան սահմանադրության երկրորդ փոփոխությունը՝ զենքի իրավունքը):

Սահմանադրությունը թղթի կտոր է, եթե այն ամեն պահի չի ապահովվում կողմերի վերահսկմամբ:

Այսօրվա Հայաստանում ակնհայտորեն նկատելի են երկու սահմանադրություններ: Մեկը դա ներիշխանական՝ իրար «չգցելու» մասին բանավոր պայմանագիրն է կողմերի միջև, որը սրբորեն կատարվում է՝ ընդհուպ մինչև մարդասպանների ազատումը պատժից և նշանակումը բարձրագույն պաշտոնների:

Եv երկրորդը՝ թղթային, ֆիկտիվ, դեկլարատիվ սահմանադրությունը, որը հասարակ մահկանցուների համար է՝ նրանց ապակողմնորոշելու, կեղեքելու, լլկեցնելու ու  տնավեր անելու համար:

Իշխանավորներն իրար հետ հարաբերվում են իրենց օբշչակի ներքին օրենքներով, ներքին սահմանդրությամբ, իրենց շահի ու «թասիբի»՝ նույնիսկ զենքով  հետապնդմամբ:

Եվ դրանք բոլորով էլ վերաբերվում են մեզ՝ մեր «անատամ» վարքագծին ու պահանջներին հարիր ֆիկտիվ թղթայինով՝ իրականում՝ բեսպրեդելով:

Բռնապետական իշխանությունն իրացնում է բռնապետի կամքը, և բռնապետության ենթական կամ պետք է հպատակվի, կամ պայքարում զոհվի: Բռնապետությունը կարող է նույնիսկ զարգանալ ու բարգավաճել էլ, եթե բռնապետը տեխնոկրատ է:

Այլ է ժողովրդավարական իշխանությունը: Այն չի կարող զարգացման տանել, եթե ֆիկտիվ է: Եվ այդ դեպքում խնդիրն արդեն հանրության ներսում է, նրա ինքնիշխան լինելու մեջ:

Պետական կյանքի կառույցը հիերախիկ-ուղղաձիգ է, ուր ամեն վերին երևույթ հիմնված է ստորին որևէ արժեքայինի դրսևորման վրա:

Ինքնիշխան պետություն ու արժանապատիվ իշխանություն կերտելու համար հիմքում ինքնիշխան, ազատ, մրցակցող մարդը պետք լինի: Հենց մրցակցող լինելու հաշվին է, որ մարդը ունակ է հաղթելու ներքին սրիկային:

Եթե շարքային մարդը գիտի իր իրավունքներին տեր կանգնելու հրամայականն ու մրցակից լինելու փիլիսոփայությունը, ապա այդ մարդու դեմ ոչ մի թաղային տականք ու բեսպրեդել իշխանություն անելիք չունի:

Հայկական իշխանություն կազմող անձինք իրենց շահերը հետապնդող սուբյեկտներ են, և նրանց չի կարելի մեղադրել այդպիսին լինելու համար: Համացանցում բազմիցս  պնդման եմ հանդիպել, թե «Հայաստանն այլևս արուների երկիր է և երբևէ չի պարտվելու»: Իրոք, օբշչակի ներսում երևի այդ տպավորությունն է, որ իրենք արուներ են: Սակայն խնդիրն այն է, թե ովքեր են էգերը:

Իմ կարծիքով, արու երկիրն ու արուների երկիրը սկզբունքորեն տարբեր բաներ են: Արու երկիրը հզոր երկիրն է, իսկ արուների երկիրը՝ բեսպրեդելով կյանք քարշ տվող անարժանների երկիրը:

Որպես անհատներ, կենսաբանական առումով իրենք իրոք «արու» են, «նորմալ» են: Աննորմալը մենք ենք, շարքային հայությունն  է, որ 21-րդ դարում դեռ չգիտի, թե ինչ ասել է սահմանադրականությունը, ինչպես է այն կերտվում և պահպանվում:

Մեղավորը մենք ենք, որ 800 տարի հետո էլ, փոխանակ հետևելու անգլիական արքեպսիկոպոսի միջնորդությամբ կերտված ազատության սկզբունքներին, հանդուրժում ենք անգլիական բենթլի քշող հայկական միջնադարյան արքեպիսկոպոսներին:

Երկու շաբաթ առաջ,  երբ մի հոդվածում տեղանվան սխալ էի թույլ տվել, հայ էլիտար քաղաքագիտականի այրերը հրճվանքի մեջ էին իմ «անգրագիտության» կապակցությամբ:

Երևի այս հոդվածում էլ երկրորդական սխալներ ունենամ, քանզի ընդամենը կենսաֆիզիկոս եմ: Բայց իմ ասելիքը քաղաքագիտական սկզբունքայնության մասին էր, որին երրորդ կողմերը երբևէ չեն դավանում:


Կիսվել

Գրառումների օրացույց

  • Սեպտեմբերի 2022 (7)
  • Դեկտեմբերի 2021 (2)
  • Հոկտեմբերի 2019 (1)
  • Մարտի 2019 (3)
  • Փետրվարի 2019 (3)
  • Հունվարի 2019 (5)
  • Դեկտեմբերի 2018 (4)
  • Նոյեմբերի 2018 (3)
  • Հոկտեմբերի 2018 (2)
  • Սեպտեմբերի 2018 (4)
  • Օգոստոսի 2018 (3)
  • Հուլիսի 2018 (4)
  • Հունիսի 2018 (4)
  • Մայիսի 2018 (7)
  • Ապրիլի 2018 (5)
  • Մարտի 2018 (6)
  • Փետրվարի 2018 (4)
  • Հունվարի 2018 (2)
  • Դեկտեմբերի 2017 (2)
  • Հոկտեմբերի 2017 (1)
  • Սեպտեմբերի 2017 (1)
  • Օգոստոսի 2017 (1)
  • Հուլիսի 2017 (2)
  • Հունիսի 2017 (2)
  • Մայիսի 2017 (3)
  • Ապրիլի 2017 (1)
  • Մարտի 2017 (1)
  • Փետրվարի 2017 (1)
  • Հունվարի 2017 (5)
  • Դեկտեմբերի 2016 (1)
  • Նոյեմբերի 2016 (1)
  • Հոկտեմբերի 2016 (1)
  • Սեպտեմբերի 2016 (1)
  • Օգոստոսի 2016 (1)
  • Հուլիսի 2016 (2)
  • Հունիսի 2016 (5)
  • Ապրիլի 2016 (4)
  • Մարտի 2016 (2)
  • Փետրվարի 2016 (2)
  • Հունվարի 2016 (2)
  • Դեկտեմբերի 2015 (3)
  • Նոյեմբերի 2015 (3)
  • Հոկտեմբերի 2015 (4)
  • Օգոստոսի 2015 (2)
  • Հուլիսի 2015 (3)
  • Հունիսի 2015 (3)
  • Մայիսի 2015 (4)
  • Ապրիլի 2015 (7)
  • Մարտի 2015 (1)
  • Փետրվարի 2015 (1)
  • Հունվարի 2015 (3)
  • Դեկտեմբերի 2014 (4)
  • Նոյեմբերի 2014 (3)
  • Հոկտեմբերի 2014 (8)
  • Սեպտեմբերի 2014 (3)
  • Օգոստոսի 2014 (4)
  • Հուլիսի 2014 (2)
  • Հունիսի 2014 (4)
  • Մայիսի 2014 (6)
  • Ապրիլի 2014 (5)
  • Մարտի 2014 (3)
  • Փետրվարի 2014 (5)
  • Հունվարի 2014 (9)
  • Դեկտեմբերի 2013 (5)
  • Նոյեմբերի 2013 (1)
  • Հոկտեմբերի 2013 (1)
  • Սեպտեմբերի 2013 (1)
  • Օգոստոսի 2013 (2)
  • Հուլիսի 2013 (3)
  • Մայիսի 2013 (3)
  • Ապրիլի 2013 (5)
  • Մարտի 2013 (7)
  • Փետրվարի 2013 (4)
  • Դեկտեմբերի 2012 (5)
  • Նոյեմբերի 2012 (2)
  • Սեպտեմբերի 2012 (2)
  • Հուլիսի 2012 (2)
  • Հունիսի 2012 (2)
  • Մայիսի 2012 (2)
  • Ապրիլի 2012 (3)
  • Մարտի 2012 (4)
  • Փետրվարի 2012 (2)
  • Հունվարի 2012 (2)
  • Դեկտեմբերի 2011 (3)
  • Հոկտեմբերի 2011 (1)
  • Սեպտեմբերի 2011 (1)
  • Հուլիսի 2011 (4)
  • Հունիսի 1999 (1)
  • Փետրվարի 1998 (1)
  • Հոկտեմբերի 1997 (1)
  • Հոկտեմբերի 1994 (1)
  • Սեպտեմբերի 1994 (1)
  • Օգոստոսի 1994 (1)
  • Հուլիսի 1994 (1)
  • Մարտի 1994 (1)
  • Հունվարի 1994 (3)
  • Ապրիլի 1993 (1)
  • Մարտի 1993 (2)
  • Հունվարի 1993 (2)
  • Դեկտեմբերի 1992 (1)
  • Հոկտեմբերի 1992 (2)
  • Հունվարի 1992 (1)
  • Հունիսի 1991 (1)
  • Մարտի 1991 (1)
©2026 Arik Hart | Powered by Superb Themes