Հայությունն արտակարգ օրեր է ապրում։ Ահռելի մեծ, գունեղ, մանրակրկիտ, բազմաչափ ու բազմաշերտ համայնապատկեր է դիմացներս՝ քաղաքական, մարդկային, հանրային, հոգեբանական առաքինությունների ու ստորությունների, կրքերի ու անտարբերության, բարեկամության ու թշնամանքի, փոխօգնության ու ոխերիմության դրվագներ են, պուրակներ ու անդաստաններ։
Մի կողմից համազգային քաղաքական վերելք-զարթոնք է, մյուսից՝ իշխանականի մարդկային ու պաշտոնեական անբացատրելի նողկալի կեցվածք։
Մի կողմից պետականության անկումը կասեցնող ժողովրդական տիտանական քայլեր են, մյուսից՝ ազգային տականքի քրեական դիմադրություն ու օրինականության դեմ բեսպրեդել։
Մի կողմից վերջապես արթնացած Լաոն՝ Նիկոլ Փաշինյանն է ու գենոցիդից մեջքն ուղղած արժանապատիվ հայությունը, մյուսից՝ խավարասերին տիպական անդրկուլիսյան քստմնելի խլրտոց է ու անամոթ, ստոր ելքերի փնտրտուք։
Մի կողմից մարդն է, մյուսից՝ տմարդը։
Մի կողմից ժողովրդավարության տառին ու ոգուն համապատասխան ալիք է, մյուսից՝ ամեն ինչում կեղծ, աճպարար, սպառնալիքների, շանտաժի, հաշվեհարդարի ու բանդիտիզմի վրա հիմնված լկտի համառություն։
Մարդիկ, որոնք քաղաքական իշխանության են հասել անկախությունից ի վեր կրկնվող կեղծիքներով, արյամբ ու ահաբեկչությամբ, վերին դեմքերին քծնելով, ծառայելով, հաճոյանալով ու կաշառելով, այսօր փորձում են դիրքերը պահել հնարավոր ու անհնար ամեն ձևով։
Մարդիկ, որոնք իշխանություն էին “հաճախորդությամբ” ու հրապարակային ստորություններով, զուտ Սարգսյանի քվոտայով ու դաբռոյով, իրենց բոսի հրաժարականից հետո ուղեղ չունեն հասկանալու, որ հավաքական, նույնիսկ հազարով, իրենք մեկ Սարգսյան չեն։
Եթե Սարգսյանն ընդունել էր իր պարտությունը բացարձակ թափանցիկ տեքստով, թե ես սխալ էի, Նիկոլը ճիշտ էր, ապա ինչի՞ վրա է դեռ երեկ միայն խամաճիկությամբ աչքի ընկածների հույսը, երբ բոսն արդեն ղեկին չէ։
Համառելով, դիմադրելով, հինը սփռելով հաղթանակն իմաստալից է միայն, երբ տեսանելի է սպասվող հաղթանակի պայմաններում հաղթողի գոյության ձևը։ Ենթադրենք, թե ինչ որ հրաշքով, որի հավանականությունը բացարձակ զրո է, դրանք հաղթում են ու նշանակում իրենց վարչապետին։ Ինչպե՞ս են պատկերացնում սույն նախկին խամաճիկ եւ ներկա անդեմները ապագա իրենց կառավարումը, պաշտոնավարումն ու առհասարակ իրենց ու ընտանիքի անդամների կյանքը՝ ավտոմատավորների թիկնազորի ներքո՞։
Ես պատկերացնում եմ, որ տհաս հալով կարելի է պաշտոնյա լինել, ոչնչություն հալով՝ պալամենտական, գյադա հալով՝ մտավորական։ Բայց չեմ պատկերացնում անուղեղ հալով իշխանավորին։ Այ դա, բոսի բացակայության դեպքում, իրոք անհնար է։
Իրենք չեն հասկանում, որ Սարգսյանի հեռանալով իրոք համակարգն է փլուզվել։ Որ համակարգն իր հագով ու իրեն հասու սկզբունքներով հենց Սարգսյանն էր սարքել, ու երբ ինքը չկա, համակարգն էլ ավտոմատ չկա։
Սա աքսիոմա է։ Սակայն, անուղեղին ոնց բացատրես, թե ինչ է աքսիոման։ Նրա համար ոչ մի օրենք ու տրամաբանություն չկա, ուր մնաց աքսիոմա լինի։
Ժամանակին Վանոն էր ասել, թե գյադաների ժամանակներ են։ Ցավոք հասանք ոչնչությունների ժամանակներին։
Նման մարդկանց այլ կերպ բնութագրելու տաղանդը ես չունեմ։ Նրանց ոչ մի հատկությունն ու ունակությունը մարդկային որևէ որակից չի բխում։ Փորձեք դրանցից որևէ մեկին խորքային բնութագրել ու բացի ոչնչությունից այլ գոյականը՝ ոչ էպիտետը՝ անիմաստ կլինի։
Այդ մարդիկ իրոք ոչնչություններ են, որոնք չեն հասկանում տարրականը, տրամաբանականը, իրականն ու հրամայականը։
Այլ կերպ ոնց հասկանաս, որ պառլամենտականը սպառնում է, թե եթե Նիկոլը պառլամենտականների հեռախոսի համարներն է ուզում հրապարակայնացնել, ապա ինքն էլ Նիկոլի կնոջ հեռախոսահամարը կհրապարակայնացնի։
Բա ոչ֊ոչնչությունը նման սպառնալիք կհնչեցնե՞ր։ Բա ուղեղ ունեցողը՝ մանավանդ պառլամենտականը, չի՞ հասկանա, որ Նիկոլն ընդամենը օգտվել է քաղաքացու իր սահմանադրական իրավունքից և անհասցե կոչ է արել այլ քաղաքացիներին ևս՝ օգտվել քաղաքացիական իրավունքներից՝ զանգել ու հորդորել-պահանջել իրենց պառլամենտականներից, որ իրենց՝ այսինքն նրան պատգամողների,մանդատ տվողների, ընտրողների ուզածն անեն։
Դա քաղաքակիրթ աշխարհում ընդունված ժողովրդավարական ամենատարրական նորմն է։ Իսկ այ իր դիմումը Նիկոլին, արդեն քրեորեն պատժելի հանցանք է, որովհետև դիմում է կոնկրետ Նիկոլին և շանտաժում-սպառնում արդեն Նիկոլի կնոջը, որ նա էլ վախենալով, ներազդի ամուսնու վրա։
Սա աբսուրդ է, սա անուղեղություն ու բեսպրեդել է, ոչնչություն ու քստմնելիություն է։
Բայց դե մեզանում ի՞նչն է այլ կերպ՝ նշաձողերը պլինտուսին էլ չեն, ուղղակի վերացված են՝ ով ինչ ուզում, ոնց ուզում, երբ ուզում՝ անում է։
Դրա համար էլ նորանշանակ Նախագահը, որն ըստ օրենքի պարտավոր էր պահանջել և ընդունել ողջ կառավարության հրաժարականը և միաժամանակ արձակեր խորհրդարանը, մատը մատին չտվեց իր պարտականություններն իրացնելու։
Դրա համար ճակատագրի հեգնանքով միլիոնատեր ու մեծ իշխանավոր դարձած փոխվարչապետի պաշտոնակատարն օրը մեկ իր դիրքից չբխող նոր քաղաքական հայտարարություն է անում, բայց և ակնհայտորեն խուսափում է Նիկոլի հետ բանակցելուց, որ հրապարակավ չպախարակվի որպես անճարակ:
Այս ամենին զուգահեռ էլ, հույս ունի Պուտինյան կաբինետի ամենաստորին պահակների մակարդակով կազմակերպել հայկական քրեական իշխանականի ռեստավրացիան։
Ամեն պահի մարդկային ոչ ադեկվատության անգերազանցելի կոթողների ենք հանդիպում ու չենք էլ զարմանում։
Դե աչքներս սովոր է՝ մենք էն կարգի գեներալների, եղբայրների, մարզպետների, նախարարների ու գժերից որևէ կերպ չտարբերվող հարց լուծողների ենք տեսել ու դրանց դրբի տակ եղել, որ մանր անտրամաբանականն արդեն մեզ տեսանելի էլ չէ։
Իրոք մեծամասշտաբ ժամանակներ են՝ խելառների, լկտիների, ոչ ադեկվատների, կոճի թելով տանկ քաշողների, նարցիսների, անուղեղների ու չափը կտրած հանցագործների հրահրած քաոտիկ օրեր են։
Ու այդ ոչնչություն մասսան, անտեսելով ամեն մարդկայինն ու ազգայինը, էշով գյուղատակն անցել է, գյուղից էլ դուրս եկել, ու էլի անտեղյակ է, որ ինքն արդեն ոչնչություն էլ չէ, ուղղակի ոչ մի բան է, բառիս բուն իմաստով՝ ոչ մի բան։
Գժանոցում նմաններին զսպաշապիկ են հագցնում ու պարտադրում գժանոցային ռեժիմ։ Ցավոք, մենք ազգովի, մեր արժեքայինում չունենք համապատասխան զսպաշապիկը՝ հանրային անարգանքը, պախարակումն ու ճապոնական խարակիրին անխոս պարտադրելու մշակույթը։ Եթե ունեայինք, էս օրը չէինք լինի։
Բայց և նման է, որ ոչնչություններով քարշ տրվող էս իշխանության վերջին օրերն ենք ապրում։ Սրանց կհաղթահարենք, նորերին կդնենք, և զուգահեռ էլ ձևեր կմշակենք նորի հետ եկող՝ նոր ոչնչություն դառնողների դեմն առնելու։