Մինչ Նիկոլը դառնում է իշխանական բարձրագույն ֆիգուր, սկզբունքային է հասկանալը, թե ինչ ասել է հայկական իշխանությունը։ Ակնհայտորեն այն մինչև այժմ հայտնի պետական կազմակերպման որևէ մոդելի մեջ լիարժեքորեն ու ամբողջապես չի մտնում։ Եղածը սինթետիկ է՝ ինչ-ինչ առումներով ստրկատիրական է, որոշ դրսևորումներով ֆեոդալական է, այլ առումներով ոստիկանապետություն, ռազմապետություն, քրեապետություն, ավազակապետություն է։ Դրսերում խամաճիկապետություն է, տեղերում՝ “ախպերապետություն”։
Այն հարմարեցված է մեկ մարդու՝ որպես խանի, համակարգի տիրոջ ու պահապան լինելու։ Բայց և այնպիսին է, որ համակարգն էլ, տերն ու խանն էլ պայմանական են՝ հիմնված բռնության, պրիմիտիվիզմի ու սրիկայականի վրա։
Իբր ընտրություններ կան, բայց ընտրվածներն ընտրյալները չեն։ Պառլամենտ կա, բայց այն բուտաֆորիկ է՝ նախատեսված համակարգի առավել կարկառուններին քիչ կարկառուններից զատելուն ու նրանց առավել տնտեսական ու “հարց լուծելու” լծակներ տալուն։
Հայկական պետությունը կողքից նայողին կարող է բազմազան, բազմակողմանի ու բազմանիստ էլ թվալ։ Այն հարմարեցված է դրսերում իբր ժողովրդավարական դիտվելու, իսկ ներսերից էլ վերը նկարագրված “բազմազանն” է, որը հասարակ մահկանացուների համար մի քիչ այլ բան է, քան պետությունը։
Փաստացի, այս սպեցիֆիկ, մեկ մարդու վերին կամայական իշխանության, տասնյակ օլիգարխների քմհաճույքի, հազարավոր ստորին-օղակային հարց լուծողների կամայականությունների ու միլիոնավոր հասարակ մահկանացուների գոյություն քարշ տալու համար նախատեսված, հատուկ չափված-ձևված կառույցի վերին պաշտոնյա է դառնալու ժողովրդի մարդը՝ Նիկոլը։
Թե ինչ է անելու ինքն այնտեղ, բոլորի հոգսն ու մտածելիքն է։ Թե եղած իշխանական համակարգում իրենից ցած որին է կարողանալու մի կարգադրություն, մի ծրագիր, մի լուծում առաջարկելու, որ իրոք տեղ հասնի ու իրականանա որպես իշխանական կամք՝ պարզ չէ։ Եվ դրա որևէ երաշխիքը չկա։
Եվ հենց այդ պատճառով, առանց նոր, սկզբունքային, հիմնարար, տեկտոնիկ տեղաշարժերի, ես չեմ պատկերացնում Նիկոլ վարչապետ-ախպերական համակարգ՝ դուետի աշխատանքը, անկախ նրանից, թե Նիկոլն իր հետ քանի յուրային կունենա։
Մասնագետներն առաջարկներ են անում, թե ինչպես իրավականը, օրենսգիրքը, ոնց տնտեսությունն ու ոնց էլ ասենք բանկային ու պետական-կառավարականը ռեֆորմացվեն։
Բայց խնդիրը շատ ավելի խորն է՝ շատ ավելի ֆունդամենտալ։ Խնդիրը համակարգ փոխելն է, այն կազմաքանդելը և նորը ստեղծելը։ Դա անհնար է հին սկզբունքներով ու հին տրամաբանություններով։ Խնդիրն անլուծելի է նաև մասնակի ձևափոխումներով ու ռեֆորմներով։
Քննարկենք ասվածն օրինակ ընտրությունների ու դրա հիմքով իշխանություններ ձևավորելու՝ պետության համար ամենահիմնարար պրոցեսի վրա։
Հին օրենսգիրքն ու դրա աշխատանքի բոլոր մեխանիզմները նախատեսված էին տեղական ու հանրապետական մաշտաբային հարց լուծողներին պառլամենտ բերելն ապահովելուն։ Նախկին օրենսգիրքն էլ մեծապես տարբեր չէր, որովհետև նրա գործունեության միջավայրն էր նույնը՝ թաղ, բարեկամ, խաթեր, շանտաժ, փող, տեռոր, կեղծիքի ահռելի մեքենա, քվոտավորված ընդդիմության տեղեր, /որ դրսերից միջազգային ժողովրդավարությունն իբր “չնեղանա”/, ու հոպլա՝ պառլամենտը լրացված է՝ ումով որ պետք է։
Եթե դիտարկելու լինենք ցանկացած ասպարեզ, մոտավորապես նույն պատկերն է ստացվելու՝ ստորին օղակի “հարց լուծողներ”, միջին ու բարձր օղակների հարց լուծողներ՝ կաշառք, պադավատ, ատկատ ու նորից նույնն է ու հինը։
Հայաստանի իշխանականն իբր բազմանիստ ու բազմազան է, բայց իր բազիսում այն պարզագույն է՝ բյուրեղային է։ Այն այնպիսին է, որ ոչ տառաճանաչը գեներալ է, հանցագործը՝ մարզպետ, տհասը՝ քաղաքապետ, սրիկան՝ իշխանավոր, հաստավիզը՝ իրավապահ, խաբեբան՝ բանկիր, անամոթը՝ օլիգարխ։ Պրիմիտիվ այս՝ տմարդություն-իշխանություն բյուրեղային միարժեքությունն ուղղակի ապամարդկային է։
Հետևաբար, ի՞նչ է անելու ժողովրդական մարդ Նիկոլն այդ տմարդի համակարգում։
Ես իմն ասեմ։
Ժողովրդական ալիքը պետք է սատար կանգնի Նիկոլին՝ խորտակելու համակարգի հենասյուները, ապա նոր, երբ այլևս հակահեղափոխության հնարավորությունը չլինի, սկսվի իրական, գործուն իշխանության ձևավորումն ու նորմալ պետության կառուցումը։
Դեմագոգիաները՝ թե պատերազմող երկիրը դրա հնարավորությունը չունի, մի կողմ թողնենք, որովհետև մինչև այժմ զինվորի արյամբ պահված սահմանները մի քանի շաբաթ էլ անխաթար կմնան մինչև հասցնենք իրոք նոր վիճակ կերտել։
Իմ կոնկրետ առաջարկը:
Ես կարծում եմ, որ երկրի ողջ իշխանական կառույցը հիմնված է քրեաօլիգարխիկ պառլամենտի վրա։ Եվ առաջին քայլով, ժողովրդական ճնշմամբ պետք է ցրվի պառլամենտը, պաշտոններին թողնելով նախարարությունների ամբողջ աշխատակազմերը, ներառյալ նախարարներին ու առաջին տեղակալներին։ /Ովքեր հրաժարական կտան՝ կողջունվեն/։
Նիկոլը հրապարակավ պետք է խոստանա, որ առաջիկա վեց ամիսներին օլիգարխիկ սեփականությունն անձեռնմխելի է պահելու, իսկ հետագայում, կախված նրանց տնտեսական վարքից, հենց Հայաստանում ներդրումներ անելու արդեն իսկ գրանցված արդյունքներից, անձեռնմխելիությունը կշարունակվի։
Պառլամենտը պետք է արձակվի նախագահի հրամանագրով, ոնց նորմալ երկրներում է կատարվում։ Եղած սահմանադրություն կոչված սրիկայական “գլուխգործոցը” պետք է ուժը կորցրած հռչակվի, իսկ այն կազմողներն էլ համապատասխան ազգային վերաբերմունքի արժանանան։
Նիկոլի վարչապետությունը ժամանակավոր, մինչև օրինական նոր կառույցների ձևավորումը, որպես ժողովրդական միահամուռ կամք պետք է դիտվի։
Ես կարծում եմ, որ Նիկոլին սատարող իրավագետների, ինչպես նաև ակադեմիական մասնագետների միացյալ խմբով հնարավոր է, որ մեկ շաբաթվա ընթացքում կազմվի և ներկայացվի ընտրությունների նոր օրենսգիրք նոր պառլամենտի համար:
Ես պատկերացնում եմ, որ ամբողջովին պետք է դեն նետվեն հին մոտեցումները։ Հայաստանը պետք է ունենա ասենք 31 պատգամավորով մերիթոկրատական խորհրդարան։ Այսինքն օրենսդիր պետք է դառնա ազգի ընտրանին՝ միացյալ, համազգային, միասնական, ասենք 100 հոգիանոց ցուցակից լավագույն 31-ի ընտրությամբ։
Թեկնածուների 100 հոգանոց խումբը պետք է հրապարակ գա ըստ անձնական, կամ հանրային առաջադրման ու ամեն թեկնածուն ունենա 50-100 երևելի մարդկանց, ասենք իրոք գիտնականների, համաշխարհային համբավով արվեստագետների, լուրջ մասնագետների ու այլ երևելիների ստորագիր սատարումը։
Ամեն նման հայտնի, երևելի անձն իրավունք ունենա ստորագրելու 31 տարբեր թեկնածուների համար։
Կարծում եմ, որ սույն մեթոդաբանությամբ հնարավոր է 100 իրոք կարգին մարդկանցով քվեացուցակի հայտնվելը երկրում։ Ըստ որում, առաջադրվելու իրավունք պետք է տրվի ու նաև ցուցակում ասենք մինչև 10 հոգու ներառում արտերկրի հայությունից, եթե կա նրանց համաձայնությունը Հայաստան տեղափոխվելու։
Ռեյտինգային հանձնաժողովը հրապարակայնորեն պետք է հիմնավորի հենց այդ 100-ի առաջնային լինելը, այլ ոչ մյուսներինը, որոնք չեն ընդգրկվի ցուցակում։
Ապա, ընտրություններին համազգային քվեարկության պետք է դրվի հենց այդ 100 հոգանոց ցուցակը՝ եղած ընտրական տեղամասերում, մատները թանաքելով, որպեսզի բացառվի կրկնաքվեարկությունը։
Ամեն ընտրող պետք է ընտրի ում կցանկանա, քանի հոգու կցանկանա՝ առանց մանրամասնելու, թե ում է գերադասում։ Ըստ որում, տեղամասերում պետք է ներկայացված լինեն տարբեր, պատահական հերթականությամբ կազմված քվեաթերթիկներ, և տարբեր ընտրողներ կունենան տարբեր առաջնայնության ցուցակներ, որը երկրով մեկ հավասար պայմաններ կստեղծի ընտրության համար։ Իսկ էլեկտրոնային քվեարկության դեպքում էլ ամեն ընտրողի առջև պետք է բացվի նոր, թեկնածուների պատահական հերթականությամբ քվեաթերթիկ։ Արդյունքում կընտրվեն գումարային առավել շատ քվե ստացած անձինք։
Երևի ռացիոնալ կլինի նաև թեկնածուների փոքրիկ նկարների առկայությունը քվեաթերթիկում, որպեսզի դյուրացվի ընտրական պրոցեսը։
Կարծում եմ, որ մեկ-երկու ամսում հնարավոր է իրացնել նման ընտրություններ և կերտել սկզբունքորեն նոր խորհրդարան, որը ոչ մի կերպ կախված չի լինի նախորդ համակարգից, որևէ մեկից ու իրոք անկախ կլինի բազմաթիվ առումներով:
Այ այս խորհրդարանի կյանք մտնելուց հետո, նոր ժողովրդական ալիքը կարող է տուն գնալ և Նիկոլին թողնել այդ խորհրդարանով շարունակելու հայկական իշխանական ախոռների խորտակումը ու նոր պետության կառուցումը։
Հետանկախական Հայաստանում կուսակցությունները չկայացան որևէ կերպ։ Ես չգիտեմ որևէ կուսակցություն, որում կուսակցականության գոնե սաղմեր կան։ Նորմալ կուսակցությունն անցյալ ընտրություններին առանց իր կուսակցական շարքերի համաձայնության, զուտ շեֆի կամայականով ցուցակ չէր ներկայացնի ու մասնակցի ընտրություններին։ Միայն այս փաստն իսկ միարժեք ցուցանիշ է, որ Հայաստանում ոչ մի իրական կուսակցություն գոյություն չունի՝ դրանք ընդամենը մեկ մարդու շուրջ կերտված գրասենյակներ են։
Հետևաբար, մեր մոտ կուսակցական պառլամենտարիզմի մասին խոսք լինել չի կարող։
Նմանապես, մեր պայմաններում, արևմուտքում ընդունված մաժորիտար ընտրական համակարգի մասին ևս, որը հիմքում կուսակցական է, բայց ընտրությունների պրոցեսում մաժորիտար, չի կարելի խոսել։ Որովհետև մեզանում դա գողականի ու թաղային տականքի խրախճանքի դաշտ է, որը ևս, պետք է կտրականապես մերժվի։
Հետևաբար, այս պահին ես այլընտրանք չեմ տեսնում մերիտոկրատական, համազգային քվեով ընտրված պառլամենտին։ Մի գուցե մարդիկ տարբեր կարծիքներ կունենան պառլամենտականների թվի մասով, բայց ես կարծում եմ 31 հոգանոց պառլամենտն ավելի քան բավարար է Հայաստանի պես փոքր երկրի ցանկացած հարցը լիարժեքորեն քննարկելու ու որոշման գալու համար։ Պառլամենտի ներսում 3-5 հոգանոց հանձնաժողովներ պետք է լինեն, որոնց կօգնեն մասնագետներից կազմված հատուկ խորհուրդները։
Այս կառուցվածքային փոփոխության շնորհիվ պառլամենտի ծախսերը խիստ կկրճատվեն։ Ոչ մի պառլամենտական իրավունք չի ունենալու որևէ տեսակի “պադավատի” ու քարտուղարության։ Փոխարենը կունենա 4-5, իր հանձանժողովային ասպարեզին առնչվող, վճարովի մասնագետ խորհրդականների օֆիս, որում ոչ մի պատահական մարդ չպետք է լինի։
Բոլոր 31-ի համար պետք է գործի խիստ պրոֆեսսիոնալ, լեզուների իմացությամբ և մոտ 30 հոգանոց միացյալ քարտուղարություն, որը պառլամենտականներին կհասցնի նամակագրությունը ու կապահովի հետադարձ կապը ընտրողների ու աշխարհի հետ։
Բնական է, որ մինչև ընտրությունները թեկնածուները պետք է հանդես գան ծրագրերով, ՏՎ դեբատներով ու ամեն օր լինեն ընտրողների տեսադաշտում, որպեսզի մարդիկ ծանոթանան նրանց։ Ոչ մի թաղային այցելություններ, ոչ մի միտինգներ,կամ էլ լոկալ խոստումներ՝ միայն տելեդեբատներ ու ելույթներ։
Սա իմ առաջնային առաջարկն է Նիկոլի հենարանին, Նիկոլին ու հայությանը՝ միտված Հայաստանը համակած խորագույն պետական, համազգային ճգնաժամի հաղթահարմանը։
Կարծում եմ, որ այս և նման այլ հարցերում նաև նախագահ Արմեն Սարգսյանի կոնստրուկտիվ միջամտությամբ, հայկական իշխանական-պետական ճգնաժամը հաջողությամբ հաղթահարվող է։