Նիկոլը վարչապետ է։ Դատարկ ձեռքերի հեղափոխությունը կայացել է, մարդիկ ցնծության մեջ են՝ իրենցն արել են։
Սակայն Նիկոլի համար գործը՝ երկիրն անդունդից դուրս բերելու տիտանական աշխատանքը, դեռ նոր է սկսվելու։ Եվ այստեղ է, որ բաց ձեռքերն ու հանրային օգնությունը ետին պլան են մղվելու ու նույնիսկ հակառակ ուղղություն վերցնելու, եթե հեղափոխության արդյունքներն իսկույն երևան չգան, չնյութականանան։
Նիկոլի խորհրդականների բանակն այսօր երևի հազարների կարգի է՝ դե բոլորս ենք խելոք, բոլորս իմացող ու բոլորս էլ միակ ճիշտը։ Ես էլ դրանցից մեկն եմ ու իմ պատկերացրածը ներկայացնեմ։
Ինձ թվում էր, թե ավանդականով, ես էլ պետք է գոնե ինձ համար նախանշեմ տնտեսական, քաղաքական սկզբնական ծրագրերը, պատկերացնեմ ռեֆորմների ու ներդրումների փաթեթը, որովհետև դե Սինգապուր կամ Իսրայել ենք դառնալու՝ բա ոնց առանց ներդրումների։ Սակայն մի քանի տնտեսական հարցի մեջ նույնիսկ մակերեսից չխորացած, ինձ պարզ դարձավ, որ մեր սկզբնական անելիքները տնտեսության ու քաղաքականի մեջ չեն։
Ստորև կներկայացնեմ իմ մտորումները հենց այդ հարցերով:
Ամեն երկիր գոյության ու զարգացման իր բանաձևերն ունի, որոնք կախված են բազմաթիվ հանգամանքներից՝ ներառյալ աշխարհագրական դիրքը, հարևանությունը, դեպի ծով ելքը, տարածաշրջանային խնդիրները, աշխատուժային սպեցիֆիկան, ուրբանիզացիոն ինդեքսը, ապրանքաշրջանառության ու լոգիստիկայի ուղիները, ներհանրային արժեքայինը, մասնագիտական ու կենսակերպի ավանդույթները, հակումներն ու այլևայլ առանձնահատկություններն ու ռեսուրսները։
Եթե ասեմ, որ մենք պետք է նպատակադրվենք Շվեյցարիա, Իսրայել կամ Սինգապուր դառնալու, ապա դա իհարկե կեղծ լոզունգ կլինի։ Բայց որ ասեմ, թե մենք պետք է մեր կոնկրետ գոյության ուրույն բանաձևերն ինքներս մշակենք ու դրանցով զարգանանք, երևի մեծ սխալ արած չեմ լինի։
Պատերազմող, թշնամիներով շրջափակված, դեմոգրաֆիական աղետի առջև կանգնած, քրեաօլիգարխիկ համակարգի մեջ ընկղմված, “առնեմ-ծախեմ” տարրական “արտադրահարաբերությունների” մեջ թաղված երկրում զարգացման հեշտ լուծումներ չկան։
Բայց կարող են լինել ելակետեր, որոնց շուրջը նախապես համաձայնվել է պետք ազգովի, որպեսզի ամեն ուշացածին, նոր մեջ ընկնողին կամ անհասկացողին անելիքը, ամբողջ խնդիրը այբուբենից ու նորից չբացատրվի։
Որպես նախապայմանային ելակետեր ես տեսնում եմ նախ իրավիճակի գնահատականում համընդհանուր հայտարարի գալը։ Մենք պետք է համաձայնվենք, որ՝
1. Մենք հայ լինելով հանդերձ նաև շարքային մարդիկ ենք։ Որևէ առումով մնացյալ մարդկությունից առավել կամ պակաս չենք։ Հետևաբար, ամեն մարդկայինը մեզ էլ է հասու, և որևէ մեկս իրավունք չունի հուսադրվելու ազգային արտակարգության որևէ խաբկանքներով։
2. Ավելին, հետանկախական ծանրագույն տարիները մեզանում արմատավորել են ահռելի թվով բացասական, հակահանրային հատկանիշեր, որոնց հաղթահարումը պահի կարևորագույն նախախնդիրներից է։ «Ով էշ՝ ես փալան, եղունգ ունես՝ գլուխդ քորի, խի ինքն ով ա, խի ես ումից եմ պակաս» արժեքայինն ինքնակործան է, և դրա դեմ գործուն միջոցներ ու մեխանիզմներ պետք է ներդրվեն։
Որևէ տնտեսական քաղաքականություն չի կարող հեռանկարային լինել, եթե մարդիկ առաջնորդվում են նման փոխհարաբերություններով։
Շատերս կարող ենք այդ մասին խոսել, փորձել շեղումների հարյուրավոր տարբերակները նկարագրել՝ սկսած համապարփակ ու բազմաշերտ ռաբիսից, պադատավից, վայրագ քեֆ-ուրախություններից, վերջացրած ցուցամոլությունն ու նույնիսկ գերեզմաններում՝ կողքի հանգուցյալի ճամփեն կտրել-փակելը։
Բայց հարցը լուծում չունի, քանի պաշտոնապես, ամենավերին օղակների նպատակայինի մեջ այն որպես առաջնային խնդիր չի գիտակցված ու որպես անհապաղ անելիք չի ձևակերպված:
Այս ամենի դեմ անձնապես պայքարել իհարկե կարելի է՝ մասնավորապես տաքսիստին ռաբիսն անջատել խնդրելով։ Բայց եթե այդ արժեքայինը արմատախիլ անելու հրամանը “վերից”՝ Նիկոլից չեկավ, ոչինչ էլ չի ստացվելու։
Նիկոլն է, որ պետք է հեռուստաժամեր ապահովի ու որակյալ քարոզիչների ներգրավի՝ նորը ներմուծելու, քարոզելու ու հինն արմատախիլ անելու համար։ Նիկոլի կողքիններն են, որ խնդիրներն ամբողջ ծավալով պետք է տեսնեն, գիտակցեն ու դրանք հաղթահարելու մեթոդաբանությունը մշակեն ու իրացնեն։
Երիտասարդությունն է, որ պետք է իրար ատելու մշակույթը փոխի իրար հարգելու ու գնահատելու մշակույթի։
Ժամանակակից ինտենսիվ կյանքն իր ուրույն ձևերն ու պահանջներն ունի, և այդ կյանքը մտնելու համար, ոնց մկրտությունը, պետք է հինը թողնես ու նորն ընդունես։
Անհնար է առավոտյան ժամի 10-ին աշխատանք սկսող հանրությամբ Սինգապուր դառնալ, անհնար է տարվա սեզոնային ժամային ճշտումներն անտեսող ժողովրդով ռացիոնալ ապրել։ Անհնար է իր հանքերը, ռեսուրսներն ու ենթակառուցվածքներն օտարած ու նույնիսկ մեկ պահակով ու մեկ անջատիչով աշխատող հիդրոկայանը գործարկել չկարողացող իշխանականով 21-րդ դարում լինել և սովից չմեռնել։
Մենք աննկարագրելի ու անբացատրելի արժեքային, մարդաբանական, տնտեսական, քաղաքական, քաղաքացիական ու հանրային փոսերի մեջ ենք։ Որևէ բան անելուց առաջ պետք է տեսնենք, հասկանանք այդ փոսերը և գոնե ցանկություն ունենանք բոլորով դրանցից դուրս գալու։
Որովհետև եթե մենք ազգային պետություն ենք, ապա մեր մեջի հակահանրային մեկին բոլորովս պետք է կարգի հրավիրենք։ Կարգազանցի դատական պատիժը բոլորիս պետք է ընդունելի լինի։ Կողմնակալ դատավորը բոլորիս խարանը պետք է դիտվի։
Մի խոսքով, մենք նախ պետք է դուրս գանք մեր արժեքային կապանքներից, նոր հետո մտածենք տնտեսապես ու այլ հարթություններում զարգանալու մասին։ Եթե այս առաջնային պահանջ-խնդիրը չլուծվի, ապա ոչ մի ներդրում չի աշխատելու, ոչ մի հեղափոխություն ու Նիկոլը ներառյալ՝ չեն հաջողելու։
Ախոռները ավգյան չեն, անտակ ու անծայրածիր են։ Ոնց բոլորի ջանքերով փողոցներն էին փակվում, հիմա էլ բոլորով հակահանրային ամեն ինչի դեմը պետք է առնվի՝ թաղ նայողի, սրիկա դատավորի ու ոստիկանի, քննիչի ու տեսուչի, կաշառակերի ու հարց լուծողի։ Անցյալ կյանքն իր բոլոր սկզբունքերով ու դրվածքներով հանդերձ պետք է մերժվի, որ նորը կյանք մտնի:
3. Տեսությունն ասում է՝ ներդրումներ բեր, մարդկանց աշխատանքով ապահովիր, դրանով իսկ կյանքի որակը կբարձրանա, և Մասլոուի բուրգի սկզբունքներին համաձայն, ավտոմատ աննորմալն ինքն իրեն կվերանա ու նորմալը կյանք կմտնի։
Բայց հարցն այն է, որ ներկա՝ վերը ներկայացված խիստ սպեցիֆիկ ու սահմանափակ Հայաստանն առաջին հերթին տնտեսապես ու ֆինանսապես խիստ ռիսկային տարածք է։ Իսկ ռիսկային գոտիներում, ինչպես գիտենք, ներդրումներ են անում հիմնականում ոչ պարկեշտ ներդրողները, որոնց ուշք-նպատակն է տեղական մաֆիայի հետ ձեռք-ձեռքի արագ թալանելը՝ ոչ որևէ այլ բան։
Նախորդ տարիների փորձից ակնհայտ է, որ ամբողջ ժողովուրդն է հայտնվել բանկային անելանելի տոկոսների ու պարտքերի տակ։ Նախորդ իշխանությունները իհարկե հասկանում էին, որ երկիրն ու մարդկանց տանում են կործանման, բայց տանում էին։
Հայաստանի արտաքին պարտքը հասնում է ՀՆԱ-ին։ Ամեն անգամ պարտքն ավելացնելիս Սարգսյան՝ ոչ բարով նախագահը հասկանում էր, որ հանցագործության է գնում, բայց և պարտքը վերցնում ու հանգիստ սրտով կնոջ հետ յուրայինների կնունքներին էր պարում։ Կատարվածը 27 տարի ձգվող խնջույք էր՝ ժանտախտի ժամին։
Այսօր էլ տնտեսագետները մի գուցե կասեն, թե անհապաղ ներդրումներ են պետք այս-այս-այս առաջնահերթ ճյուղերը ֆինանսավորելու, զարգացնելու ու վերակենդանացնելու համար։
Իսկ ես էլ կասեմ, որ ներդրումներով չէ, որ մենք պետք է զարգանանք, այլ նախ և առաջ համազգային աշխատանքով։ Ինչպես մեր հեղափոխությունն էր համազգային, այնպես էլ մեր վերականգնումը պետք է լինի համազգային։ Հիմնականը պետք է լինի համազգային, հաճախ կամավոր, հաճախ անվճար, հաճախ տաժանակիր, համընդհանուր, մեծ աշխատանքը։
Այլ ելք ուղղակի չկա։ 1930-ականների ամերիկյան մեծ ճգնաժամը հաղթահարվեց Ռուզվելտի՝ փաստացի պարտադրած հանրային մեծ աշխատանքով։
Հիմա մենք էլ ենք նույն, ես կասեի շատ ավելի վատթար վիճակում։ Մենք արդեն ներուժը չունենք պարտքի հաշվին ոտքի կանգնելու, պետք է ինքնուրույն ու ամեն մեկի նվիրյալ աշխատանքով վերականգնվենք։
Նիկոլը պրոցեսի լոկոմոտիվն էր, բայց արդյունքի հասնելու համար բոլորս ենք պարտավոր աշխատելու՝ մեր ուժերի մաքսիմալ լարումով՝ առանց նախապայմանի, բոլոր ասպարեզնելում՝ ներառյալ կենցաղը, թաղը, փողոցը, քաղաքն ու ապրուստի ընդհանուր միջավայրը։
Թե կոնկրետ ինչը ոնց, երբ ու ինչու պետք է արվի, կմանրամասնեն մասնագետներն ու բոլորս։ Բայց այսօր, այս պահին, ամենքս պետք է տեսնենք մեր շրջապատի ծուռը և ուղղենք, գեշը մերժենք և տեղը գեղեցիկը դնենք, անկատարը կատարելագործենք։
Ոչ մեկը չպետք է հրավիրվի կամ առաջարկի դա անելու։ Ամեն մեկը պետք է ինքը տեսնի անելիքը, նախաձեռնի ու անի իր ձեռքից եկածը։
Երբ բոլորով մերն արած կլինենք, ու գործը կհասնի ներդրումներին, ապա քիչ թե շատ արդեն կարգի գցված, արժեքային վերակերտած երկրում ներդրումներն իրենց ոտքով կգան։