Կախված նրանից, թե կետագծերի բաց թողնված հատվածում ես կգրեմ՝ շարունակվող, թե ավարտվող՝ իմաստը շատ չի փոխվի, որովհետև Օսիպյանի ոստիկանապետ նշանակվելն իր մեջ արդեն իսկ անտեսված կոնցեպտուալ մեծ հիմնահարցեր ունի։
Մարդկանց մեծ մասը մտածում է՝ եթե Նիկոլն էս ծանրագույն հեղափոխությունը գլուխ բերեց, ապա հաստատ գիտի իր հետագա անելիքը՝ էնպես որ, անհանգստանալիք չկա։
Որոշները մտածում են, դե Օսիպյանը լավ կատարող է՝ առաջ Սարգսյանի ասածն էր լավ կատարում, հիմա էլ Փաշինյանի ասածը լավ կկատարի՝ էնպես որ, վտանգ չկա։
Քչերն էլ մտածում են, թե կարո՞ղ է Փաշինյանը Ստալինից հզոր մարդաբան է, որ հաշվի չի առնում նրա՝ “Ամեն ինչ կադրերն են որոշում” հայտնի թեզը։
Մի խոսքով, մարդկանց մտածմունքներն ու անհանգստությունները վարչապետի առաջին նշանակումների մասով շատ են։ Դրա համար, որպես այդ հարցով մտահոգ շարքայիններից մեկը, ես էլ իմ տեսակետը ներկայացնեմ։
Ակհայտ է, որ Նիկոլը վարչապետ դարձավ իր անձնական որակների ՝ սկզբունքայնության, համարձակության, փառասիրության, տղամարդկության հաշվին, հաղթելու և առաջնորդ լինելու մղումով, իշխելու ձգտումով, գնահատվելու և ազգին “փրկելու” բարձրագույն նպատակներով։
Այս ամենը մինչև վարչապետությունն էր։
Տեսականորեն, ցանկացած առաջնորդի դեպքում էլ, երբ առաջնային նպատակն իրացված է, այնուհետ սկսվում է դիրքում ամրապնդվելու և նրանում գործելու փուլը։ Եվ այդ փուլում արդեն, արտաքին և միջավայրային այլ ճնշումների ազդեցության տակ լիդերի՝ մինչ այդ դրսևորված անձնական դրական որակները սկսվում են զիջվել այլ հրամայականների։ Որովհետև ինքն արդեն հարաբերվում է իր նման այլ մրցակիցների, այլ հզոր անհատականությունների հետ, որոնք էլ իրենց կամքն են սկսում թելադրել՝ իրենց ձեռքին եղած լծակներով:
Եվ այդ դեպքում արդեն, ազդեցությունը ոչ թե Նիկոլ անձի վրա է, այլ փոքր ու թույլ, վտանգների առջև կանգնած Հայաստանի, օլիգարխիայի ու բեսպրեդելի տակ կռացած երկրի վարչապետ Նիկոլի վրա է։
Նման աքցանների մեջ հայտնված վարչապետ Նիկոլն արդեն ստիպված է լինելու հարմարվել, զիջել ու մանևրել՝ սկզբում փոքր, ապա մեծ ու ավելի մեծ հարցերում։
Աստիճանաբար, նախկին ամբողջական Նիկոլից կտոր առ կտոր պոկվելու են իր սկզբնական առավելություններն ու տեղը գալու են հարմարվող, անտեսող, հաշվի չնստող, յոլա գնացող և այլ հատկությունները, որոնք սկզբնապես Նիկոլի մեջ չկային, բայց ողջախոհության պահանջով սկսելու են հայտնվել։
Ինչպես նշեցի, սա տեսականն էր։ Եվ ակնհայտ է, որ առաջին երկու նշանակումները դեռ որ այդ խորության զիջումներ չեն։ Դրանք իրականում զիջում էլ չեն, այլ Փաշինյան վարչապետի հետագա աշխատանքային ոճի ու ձեռագրի մանրամասներ են։
Մեկ ընդհանուր բնորոշմամբ ասեմ՝ Փաշինյանը ծայր աստիճան ինքնավստահ է։ Իրեն թվում է, թե ցանկացած մեկին կարող է որպես գործիք օգտագործել պահի խնդիրները լուծելու համար՝ անկախ այդ մարդ֊ գործիքի նախորդ կյանքի հետագծից ու նրա ներկա, անմիջական, իրական միջավայրից։
Նախորդ համակարգն էլ որոշ առումներով նման տարրեր ուներ իր մեջ։ Բայց Սարգսյանն ընդամենն ախպերականի “ժողովրդավար” համակարգողի դերում էր՝ ոչ միանձնյա որոշում կայացնողի։
Փաշինյանն այլ ուղի է ընտրել և դա իր գործն է։
Իմ նմանների գործն էլ այդ տիպի գործելաոճի վտանգների մասին բարձրաձայնելն է։ Որովհետև ես էլ 1991 թվական եմ տեսել, երբ ժողովրդի ընտրյալն առաջին իսկ հրամանագրով Բաղրամյան 26-ի դիմաց անանցանելի մետաղյա ճաղերը կառուցեց ու հենց դրանով սկսվեց ներհայկական մղձավանջը։
Ես էլ անցած 27 տարիների հայկական իշխանությունների ամեն ստորությունն եմ տեսել և մի քիչ շրջահայաց եմ դարձել։
Բացի այդ, ես պարտավոր եմ արդեն Փաշինյան վարչապետին ընդդիմադիր լինելու, որովհետև եթե ես չեղա, ինքը իմ հաշվին է զիջելու մեր ախոյաններին՝ թե ներսում և թե դրսում։
Ես կհասկանայի, եթե մինչև նշանակումը պաշտոնների թեկնածուները մեղայականով ներկայացած լինեին հանրությանը՝ թե մենք այ էս-էս առումներով սխալ ենք եղել, նախորդ ռեժիմին ենք անմնացորդ ծառայել, բայց հիմա ժողովրդի ներողամտությունն ենք հայցում և պատրաստ ենք նորովի ծառայելու հայոց պետությանը որպես մասնագետներ:
Բայց դա չի եղել ու չի էլ լինելու։
Հաջորդը՝ ժողովրդավար երկրներում նախարարի պաշտոնը քաղաքական է։ Այսինքն նախարարները գալիս ու հեռանում են որպես քաղաքական թիմի անդամներ։
Նույնիսկ ինքը, Փաշինյանն ասաց, որ մինչ հիմա ինքն ու Օսիպյանը բարիկադների հակադիր կողմերում էին և հենց այդ բարիկադները վերացնելու նպատակով է կատարում այս նշանակումները։
Սա մի չլված-չտեսնված նորություն է համաշխարհային գործառույթներում՝ կարևորագույն ուժային երկու պորտֆելները տալ հակառակորդ ճամբարի ներկայացուցիչներին։
Լավ, սա էլ դնենք մի կողմ՝ անցնենք առաջ։
Կայացած հեղափոխությունը հաղթանակեց համակարգին դեմ լինելու նշանաբանով։ “Քայլ արա, մերժիր Սերժին” լոզունգի թիրախն իրականում Սերժ անձը չէր, այլ “Սերժ” համակարգն էր։
Փաշինյանն ու ժողովուրդն արդեն իսկ ֆորմալ առումով հաղթել են համակարգին և ոչ թե անձին։ Եվ հենց այս նրբության հետ կապված պարզենք, թե ինչ ասել է համակարգը, և որը չասենք որ վերջնականապես պարտվել է, բայց հիմնովին տեղի է տվել։
Նշենք, որ առանց համակարգը հասկանալու անհնար է նրան հաղթելը։ Ուրեմն, իրոք, տեսնենք, թե որն էր “Սերժ” համակարգը։
Համակարգը համատարած կոռուպցիան էր, որով շաղկապված ու բետոնված էր ողջ իշխանականը։
Համակարգը պադավատն էր՝ իր մեքենաներով, վարորդներով, թիկնապահներով, գվարդիաներով, հարց լուծող քարտուղարներով, քարտուղարուհիներով, օգնականներով, թաղի տականքով ու ազգականներով, և այդ ամենին ակտիվորեն մասնակցող ոստիկաններով ու անվտանգության աշխատողներով։
Համակարգն ամեն հարցում լկտի ու անթաքույց սրիկայությունն էր, որը լավության անվան տակ մարդ էր հետապնդում, վատություն անում, թալանում ու արտաքսում երկրից։
Համակարգը երկիրը, մարդուն, բնությունն ու ընդերքը թալանելու մշակույթն էր։
Համակարգը մասնագետի վրա թքած ունեցած իշխանավորն էր, մարդու վրա հրեշացած իրավականն ու պետականը, ուր միակ սկզբունքը փողն էր ու միայն փողը։
Այ հենց այդ համակարգի առաջին պահապանները՝ ոստիկանապետն ու անվտանգության տնօրենն այսօր փաստացի այլ դեմքերով վերանշանակվել են, ու պետք է պայքարեն համակարգի դե՞մ։
Եթե վարչապետն այդ մարդկանց մեջ միայն գործիքն է տեսնում, այլ ոչ իրական, միս ու արյունով, իրենց սեփական “ես”-ով մարդկանց, ապա վիրավորում է հենց նրանց արժանապատվությունը։ Եվ մի օր այդ արժանապատվությունը տասնապատիկն է ետ տալու այն անտեսողին։
Քաղաքականում եղած պաշտոնյան, հրապարակային դեմքն ինքնին “լավը կամ վատը” չէ։ Նա ձևավորված անձ է ու իր սկզբունքերի տեր մեկն է՝ անկախ նրանից, թե որն է իրենից այդ պահին պահանջվողը։ Մարդն ուղեղակիր է, և նա կարող է ճկուն լինել, ինչպես դիմացինը, հիմար ձևանալ՝ ինչպես շատերը, հանդուրժել, որ վերջում էլ ինքն իր նպատակներին հասնել։
Համակարգի դեմ պայքարողն առաջին հրամանագրով ոչ թե կարևորագույն պաշտոններն առանց լուրջ հիմնավորման կլրացներ հին ռեժիմի կարկառուններով, այլ հոգ կտաներ, որ պադավատը չշարունակվի։
Օրինակ կհրամանագրեր, որ իմ թիմի որևէ պաշտոնյա իրավունք չունի վարորդով պադավատի ու մեքենայի, թիկնապահի, մամուլի խոսնակի ու մեկից ավել անձնական քարտուղարի։ Սա իհարկե չի վերաբերում հենց վարչապետին, որը որպես երկրի համար մեկ դեմք պետք է պատշաճ անվտանգություն ու պաշտպանություն ունենա։
Կհրամանագեր, որ այսօրվանից վերանում է բոլոր պաշտոնյաների անձնական պադավատը, մեքենաները տրվում են առաջին պաշտոնյաներին, որ իրենք վարեն, մնացածն էլ վաճառվում է ժողովրդին։ Իսկ նախարարությունների տարբեր միջոցառումներն ու կարիքները հոգալու համար էլ կենտրոնացված պետական հզոր գարաժ է կազմվում, ոնց տաքսի ծառայությունը՝ թող կանչեն, վճարեն իրենց բյուջեից, կգա այդ պետական “տաքսին”։
Կհրամանագրեր, որ այսօրվանից վերանում են բոլոր տեսակի թիկնապահներն ու թիկնազորերը։ Եթե մի պաշտոնյա, մի օլիգարխ, մի իրեն երևակայող “լավ տղա” թիկնապահներով հայտնվեց հանրային վայրերում, ապա թող ինձանից չնեղանա։
Կհրամանագրեր նաև, որ իմ թիմի որևէ անդամի կաշառքի մեջ բռնվելու դեպքում իսկույն է դատն իրացվելու՝ անկախ գումարի չափից և պատիժն էլ լինելու է խստացված ռեժիմի կալանավայրում։
Կհրամանագրեր, որ իմ թիմի որևէ անդամի, ըստ ոչ հիմնավորված եկամուտների կենցաղային ճոխության հայտնաբերման դեպքում հեռացվելու է գործից՝ իմ նոր ներմուծվելիք անարգանքի մեդալն էլ կրծքից կախված։
Այ այս դեպքում ես կհասկանայի, որ գործ ունեմ հեղափոխությամբ իշխանության եկած և համակարգային փոփոխությունների գնացող իրական առաջնորդի հետ, այլ ոչ արդեն հանգամանքների տակ կռացած նոր իշխանավորի՝ ով փորձում է կոմպրոմիս գտնել հնի և նորի, Օսիպյանի ու Օսիպյանի կողմից բռնադատվածների միջև։
Սահակաշվիլիի առաջին քայլը ոստիկանությունը սանձելն էր։ Արդյոք Օսիպյանով է դա մեր մոտ արվելու, թե մենք ազգովի՝ գողով ու տականքով, հանցագործով ու ոստիկանով, թալանողով ու թալանվողով եղբայրանալու ենք ու սիրենք իրար։
Ինչպես ասել էի, ես արդեն ընդդիմադիր եմ միակ նկատառումով՝ որպեսզի վարչապետին չթողնեմ դեմ հանդիման իր ու մեր թշնամիների հետ։ Որպեսզի ինքը դիմացիններին ասի, լսեք, ես միայն Փաշինյան անձը չեմ, ինձ միաժամանակ և կողմ և դեմ են սա, նա, երրորդը, չորրորդը, նախորդ կենսափորձից եզրակացությունների եկած ողջ հայ ժողովուրդը։ Ես չեմ կարող զիջել ձեզ, որովհետև ինքս գահընկեց կարվեմ հենց իմ մերձավորների ու ժողովրդի ճնշման տակ։
Եվ վերադառնալով բուն նյութին, ասեմ, որ ընդդիմության դերը ոչ թե իշխանավորին հակառակվելն է, այլ նրան իր կամքը ցուցադրելով ու պատասխան ակնկալելով, սխալներից զերծ պահելը։ Այսօր ես հենց դա եմ անում։ Շատերի կարծիքով մի գուցե շատ վաղ, դեռ 100 օրը չլրացած, բայց անում եմ, որովհետև, ըստ հայկական իշխանական ավանդույթի, վաղը ուշ է լինելու։
Բացի այդ, ես հոգնել եմ փրկիչներից ու ազգային հերոսներից։ Գերադասում եմ շարքային մարդու կարգավիճակը՝ շարքային իշխանությամբ կառավարվող պետության մեջ։