Հայտնի է, որ անհնարինի մասին երազում են` անում են հնարավորը։ Այսօր մենք հենց այս սթափեցնող տրամաբանության առջև ենք կանգնած և չգիտենք, թե որն է այս պահին գոնե նվազագույն հնարավորը։
Մարդիկ սպասումների մեջ են, որ նոր կառավարությունն ի վերջո լուծելու է իրենց անձնական հարցերը, երկիրն էլ մի նոր Մոնակո կամ Լիխտենշտեյն է դառնալու։
Ես էլ նման հույսերից զերծ չեմ, դրա համար խնդիրների, անելիքների ու առաջնությունների իմ տեսլականն ունեմ։
Մենք դեռ Խորենացուց եկող՝ հին, աղբով հեղեղված «ախոռների» տեր ենք։ ԵՎ Նիկոլի խնդիրն է հենց այդ մասշտաբի ներհանրային վերափոխման ու վերակերտման հարցը։
Որոշներին թվում է, թե կոռուպցիայի դեմն առնելն է հարցերի հարցը, որոշներին՝ քաղբանտարկյալներին ժամ առաջ ազատելը, որոշներին՝ Տարոնին հեռացնելը, որոշներին՝ օլիգարխիան վերացնելն ու անհնապաղ աշխատատեղեր ստեղծելը։
Եվ բոլորն էլ իրենց դիտակետերից ճիշտ են։ Բայց այն ահռելի հանրային, ներհանրային, միջանհատական, պետական ու քաղաքական աղբը, որը կուտակված է երկրում, իր մաքրման ուրույն մեթոդականն ու բանաձևն է պահանջում։ Այն բանաձևը, որը կգտնի թելի կծիկի սկիզբը և հենց դրանից քաշելով կբացի ողջ կծիկը։
Խնդիրները պետք է վեր հանվեն, դասակարգվեն, համաձայնեցվեն առաջնայնությունները և նոր միայն սկսվի համակարգի տրանսֆորմացիան։
Ակնհայտ է, որ ասենք կաշառակերությունը սկիզբ չէ, այլ եղած պայմաններում ինչ որ տեղ վերևներից պարտադրված, և ինչ որ տեղ էլ ներքևներում յոլա գնալու դրվածք։
Կամ էլ հանրային բարիքի ու ռեսուրսների թալանը, շարքային մարդու հետապնդումը, իշխանական բեսպրեդելն ու ծայրահեղ անարդարությունը։ Դրանք էլ արժեքայինից բխող դրվածքներ են, որոնք ևս արմատացած են, առաջին հայացքից անքննելի թվացող տրամաբանություններով։ Բայց և դրանցից ոչ մեկն էլ առաջնայինը չէ։
Դրա համար, իմ ուղեղում, առաջնությունների սանդղակում, անելիքների սկզբների սկիզբը արժեքային հիմնարար այլանդակությունների վերհանումն է ու անհապաղ, պետականորեն մերժումը։ Եվ որպես համար մեկ հիմնարար այլանդակություն, ես տեսնում եմ “պադավատի” տեսքով մեկի կողմից մյուսին “աննկատ” շահագործելու, ստրկացնելու, կախվածության մեջ պահելու մարմաջը։
Մեր խնդիր համար մեկը դա պադավատի համակարգի վերացումն է, որովհետև հենց դա է ծնում և սպասարկում սոցիալական ու պետական մնացած այլանդակությունների շարանը։
Պադավատը ոչ թե մեքենան է, կամ վարորդը, այլ իշխանավորներին մեկուսացնող, անձռնմխելի սարքող ցանկապատն է, կառավարական տներն ու դաչաները, թիկնապահների բանակները, քարտուղարների ու նույնիսկ կոֆե սարքող քարտուղարուհիների հերթափոխային թիմերը, ոստիկանն ու ոստիկանական ուղեկցումը, փողոցներ փակելը, ականջ խլացնող շչակներն ու ամեն քայլափոխին շարքային մարդուն ստորացնելը։
Պադավատը իշխանություն-հանրություն մեկուսացնող իրական ու աներևույթ հազար ու մի դրվածքներ են, որոնք առաջին հայացքից պադավատ էլ չեն՝ իբր նորմալ մարդկային են։
Բայց եվ, եթե չլինի մեր ու իշխանության միջև եղած այդ միջնորդ-պադավատը, այն մեխանիզմը, որով կաշառքն է հոսում դեպի վեր և իշխանությունն է հոսում դեպի վար, ապա էս այլանդակ իրականությունը ևս չի կայանա։
Ոչ մի օլիգարխ կամ օրենքով գող չի կարող իր հարցերը լուծել, եթե իր “պադավատը” չհարաբերվի իշխանավորի “պադավատին”, չհամաձայնեցնի “դաբռոները” ու նոր արդեն կայանա քրեական գործարքը՝ նրա ու իշխանավորի միջև։
Չկա մի այլ ներհանրային այլանդակություն, որն առավել առաջնային է ու վեր է պադավատից։ Հենց վարչապետն է բազմաթիվ ելույթներ ունեցել պադավատի հարցերով։ Օրինակ՝ https://www.youtube.com/watch?v=NWpZYR0PZp0&feature=share
Արամ Մանուկյանն է հոյակապ ներկայացրել պադավատի շատ ավելի բարձր պլաստերը՝ գեներալական գիլդիայի պադավատի ֆենոմենը։
https://www.youtube.com/watch?v=a3SjVHY9ow8
Այն ֆենոմենը, երբ ամենավերին իշխանավորի պադավատն արդեն ոչ միայն անթիվ-անհամար վարորդն ու քարտուղարուհին են, այլև ահռելի աշխատավարձեր ստացող ու թվաքանակով աշխարհի միջինից 10-15 անգամ շատ հայկական գեներալիտետը, առնվազն 3 անգամ շատ ոստիկանությունը, դատավորները, հազարավոր քննիչներն ու դատախազները, որոնց պադավատությունը իշխանությանն անվերապահ ծառայելն է
https://iravaban.net/118576.html
Փաստացի, Հայաստանում պադավատային կարգավիճակում է ողջ իշխանականն ու նրանց մերձավորները՝ բնակչության երևի 10-15 տոկոսը։ Այս շահագրգիռ մասսայի դեմ ոչ այնքան օրենքներով, որքան նոր կերտվելիք արժեքայինի զսպիչ ապտակով է պետք ազդել։
Սա քաղաքացիական ահավոր երկփեղկվածություն է, որը որպես առաջնային չտեսնելը ներհանրային կուրություն է։
Եվ կառավարության առաջին նիստին ես լսում եմ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, որը պադավատի հետ կապված բառացի դիտողություն էր անում վարչապետ Փաշինյանին՝ “կարեւոր հարցերը թողած՝ տեխնիկական հարցերի հետեւից ընկնելու” համար։ Եվ այդ դրվագում չեղավ Փաշինյանի արձագանքը, թե հարգելիս, էդ ի՞նձ ես սա ասում։
Ես հասկանում եմ, որ Փաշինյանը մի գուցե հարմար չգտավ այդ պահին ԲՀԿ կոալիցիոն փոխվարչապետին հակադարձելը։ Բայց ես պադավատի հարցը գերկարևոր եմ համարում և դրա համար իմ ասելիքն եմ ուղղում պարոնին։
Հարգելի պարոն Գրիգորյան, չեմ կարծում, թե չգիտեք, որ մեր երկրում տիեզերական մաշտաբների հասած պադավատը ոչ թե տեխնիկական, այլ ազգային անվտանգության հարց է։ Բայց և, նսեմացնելով այն մինչև տեխնիկականի, փորձում եք պահպանել եղած գաղջի հիմքը, ֆունդամենտը, արմատը, որպեսզի երկրի ու հանրության կործանումը շարունակվի։
Լուրեր են գալիս, թե նախարարները հրաժարվել են եղած 5 մեքենաներից 3-ից, կամ 4-ից 2-ից։ Բայց ոչ մեկը չի ասում, որ պադավատի դեպքում խոսքը մեքենայի մասին չէ, այլ վարորդի, գեներալի, իր արժանապատվության վրա թքած դատավորի ու դրանցով կազմված համազգային, համապետական համակարգի մասին է՝ Նիկոլի ասած պադավատապետության մասին:
Մեքենաները կարող էին նույնիսկ չկրճատել։ Բայց հանձն առնեին, որ ինքներն են քշելու դրանք, այլ ոչ վարորդներով տնից գան ու գնան գործատեղից։ Որ երկրին շատ թանկ է նստում 1070 մեքենաների հարյուրավոր վարորդների՝ օրերով նախարարության ընդունարաններում կոֆե խմելը, նախարարների ընտանիքները սպասարկելը, կամ էլ պադավատանոց ներիշխանականում պադավատ դատավորին հեռախոսով դատավճիռ թելադրելը:
Առավել մանրամասնեմ հարցը և իմ լուծումն առաջարկեմ։
Իմ կարծիքով, բացի վարչապետից, պաշտպանության ու արտգործնախարարից, ոստիկանապետից ու ԱԱԾ պետից, որոնք արտաքին ու ներքին վտանգների առջև են, ուրիշ ոչ մեկն իրավունք չունի անձնական պաշտպանության։
Նշված պաշտոնյաները կարող են նույնիսկ զրահամեքենաներով էլ տնից գործի տարվեն ու բերվեն ու օրվա ընթացքում էլ այդ մեքենաներով սպասարկվեն։ Բայց մնացած նախարարներն իրավունք չունեն տուն-գործ վարորդական պադավատից օգտվելու՝ թող իրենք քշեն իրենց հատկացված-կցված մեքենաները։
Իսկ եթե քշել չգիտեն, ապա թող տաքսի վարձեն՝ դա շատ ավելի էժան կլինի, քան վարորդի աշխատավարձն է։ Եվ այդ դեպքում նրանք կշփվեն մարդկանց հետ, ու կիմանան, թե ում պատասխանատու կլինեն բեսպրեդել անելու պարագայում։
Իմ մոտավոր հաշվարկներով, երկրում կարելի է պահել ոչ ավել, քան 100 վարորդ՝ կենտրոնացված գարաժում եղած, ասենք 130 մեքենաներով, որոնք կսպասարկեն նախարարներին, ԳԽ ղեկավարությանը ու պետական այլ գործակալությունների պահանջները աշխատանքային ժամերին՝ ըստ նրանց հայտերի ու հետագա բյուջետային վճարների։
Մոտ 100 մեքենաներ էլ կարող են կցվել անձնապես նախարաներին, տեղակալներին, այլ կարևոր պաշտոնյաներին։ 1070-ի փոխարեն դա կանի 230 մեքենա՝ մոտ 5 վարորդներով 10 մեքենա՝ ամեն նախարարության համար։ Ես չեմ պատկերացնում, թե ամեն նախարարություն այդ 10 մեքենան արդյոք կկարողանա լիարժեք, ամեն օր ու ամբողջ օրն օգտագործել։
Այս հարցի հետ կապված այլ կարևոր ասելիք էլ ունեմ նաև նրանց, ովքեր աջ ու ձախ մարդկանց են լռեցնում, թե թողեք կառավարությունն իր սկզբնական գոնե 100 օրն աշխատի, նոր քննադատեք։
1. Այս կառավարությունը ընտրություններով եկած նորմալ, համերաշխ ու ժողովրդավարական ավանդույթներով հարուստ երկրի հերթական կառավարությունը չէ։ Այն եկել է ժողովրդի անսպասելի պարտադրանքով և կազմվել է նույնիսկ կոալիցիոն սկզբունքներով։
1991-ին, առաջին անկախական իշխանության 100 օրվան էլ համբերատար սպասեցինք։ Բայց երբ 100 օրը լրացավ, նախագահն արդեն Բաղրամյան 26-ում էր, ժողովրդի դեմ վեր խոյացած ճաղերի ետևում, իր տղերքով շրջապատված՝ մարլբորո ծխելիս, երկրի հարստությունը մսխելիս, ու դեմ խոսողներին էլ կալանքով ու բանտերով հետապնդելիս։
Դրա համար ես կարծում եմ՝ ոչ թե 100 օրվան սպասել է պետք, այլ պետք է արդեն խոսել նկատվող շեղումների մասին՝ սկսած դաչաներ գնալը քննարկելուց, պադավատով նախարարներին քննադատելուց, վերջացրած դատավճիռները 27 տարի հեռախոսով ստացող ու շատ բարձր աշխատավարձերով դատավորների մասին չլռելով։
Հայաստանը ծանրագույն սոցիալ-տնտեսական ու աշխարքաղաքական վիճակում է՝ գրագետ-մասնագետ մարդկանց խիստ պակասով։ Նոր կառավարության քննադատությունը պետք է ընկալվի երկու հարթություններում՝
1- որպես քաղաքացու՝ ժողովրդավարական կեցվածք-պահանջ։ Անհատն ուղղակի պարտավոր է իր տեսած այլանդակը վեր հանելու, քննադատելու ու իշխանությունից հաշիվ պահանջելու։
2- որպես քաղաքացիական-մասնագիտական օգնություն իշխանություններին, որ նրանք էլ առավել ցայտուն տեսնեն հարցերը և իրենց առաջնությունների ցուցակում ուղղումներ մտցնեն։
Եվ մեկ այլ գերսկզբունքային հարցի մասին էլ։ Հայաստանում կեղծված է ամեն ինչը՝ ներառյալ բնակչության թիվը։ Նրանք, ովքեր նոր, շուտափույթ ընտրություններով հույս ունեն նորմալ, ժողովրդավարական, լեգիտիմ պառլամենտ ստեղծելով հարցերը լուծելուն, նաև պետք է բացատրեն, թե ոնց ենք գնում նոր ընտրությունների, առանց գտնելու առնվազն մեկ միլիոն մարդու բացակայության փաստն անվտանգ հրապարակայնացնելու կամ շրջանցելու ձևը։
Այս հարցը պետք է լուծվի ամենազգույշ ձևերով, որպեսզի չվտանգվի մեր ազգային անվտանգությունը։ Հակառակ դեպքում ընտրությունները պետք է հետաձգվեն և շարունակենք այս խորհրդարանով մի քանի տարի էլ, ստիպված քողարկելով կեղծիքը, բայց հարակից հարցերը լուծենք և մի կերպ դուրս գանք հանրային ու պետական այս ահռելի կեղտից ու փոսից։