Նախորդ իշխանավորի համար գրված, ու կեղծիքով կյանք մտցված սահմանադրությունը պահպանելու նոր կառավարության երդմանն էլ ականատես եղանք։
Հասկանալի է, որ նախորդների փորած անդունդից դուրս գալն այլ ճանապարհ չունի, քան զիջումների գնալը, համակերպվելը, հնի իներցիան հանդուրժելը, դիմանալը, սպասելն ու լիահույս մնալը։ Ժամանակն էլ, ոնց ձախորդ օրերը, կանցնի, կգնա։ Բայց խնդիրն է, թե սպասելուց հետո ինչը կմնա։
Շատ բան կախված է նոր կառավարությունից, բայց շատ ավելին կախված է լինելու նաև մեզանից, շարքայիններից, որոնք պարտավոր են գիտակցելու, ինտուիտիվ զգալու ընթացողը և իրենց ուղղումները մտցնելու կատարվողում։
Ինձ մի բան է պարզ՝ այս հեղափոխության գաղափարական ու ինտելեկտուալ հեղինակը, գործնական դերակատարն ու իրական հաղթանակը կորզողը հիմնականում Նիկոլն էր։
Հաջորդ գործոնը Ալեքսանդր Թամանյանի գոհարն էր՝ մեր աննման հրապարակը, որն իր մոնումենտալ տեսքով ու մոգական միջավայրով մեծապես ապահովեց հաղթանակը։ Եթե չլինեին այդ հզոր կամարապատերը, չլիներ այդ ոգևորող, հպարտացնող ու միավորող կոթողի գերբնական “հովանավորչությունը”, ու չլինեին հաջորդ օրերին նաև դրոներից արված ազդեցիկ կադրերը, ապա աշխարհը չէր միանա մեզ և հենց դրանով չէր զինաթափի հայկական “կրակող” իշխանություններին։
Հաջորդ գործոնը հրապարակ եկած ժողովուրդն էր և նոր, ժողովրդից հետո, Նիկոլի թիմն ու յուրայիններն էին։
Սակայն այսօր, կազմված կառավարությունն այլ կազմ ու դասավորութուն ունի: Նրանում կոմպրոմիսային բազմաթիվ ֆիգուրներ են, մի քանի յուրայիններ ու ինչ որ առումով, պատահական ծանոթներ։
Կառավարությունն իհարկե մոգական հրապարակի շենքերից մեկում է նստում, ժողովուրդն էլ կառավարության մեջքին է։ Բայց և տեսլականներն են այլ, և սպասելիքները, և անելիքները։
Նիկոլը գիտեր ու իրացրեց իր իմացածը՝ իշխանությունը վերցնելը։ Կողքի մի քանի յուրայինները հավատում էին Նիկոլին ու գնում նրա ետևից։ Բայց այսօր, երբ բոլորով կառավարություն են, հիմնական հարցն է, թե հիմա ո՞վ է հարցերը հեռվից ու գլոբալ տեսնողը, հասկացողը, դրանք գործերի ու քայլերի մանրամասն-հաջորդական “քարտեզի” վերածողը։
Մտածել, թե Նիկոլն ամենագետ է, ամենազոր, մի նոր “Մովսես” է՝ կարելի է, բայց քիչ հավանական է։ Հույս ունենալ, թե նախարարներից ամեն մեկն իր իրավասությունների ճակատի Մովսեսը կլինի, դա էլ իրատեսական չէ։
Հուսադրվել, թե սպասել է պետք ու հաստատ հնից ավելի լավ կլինի, դրան իհարկե շատերս կհամաձայնենք, բայց դա էլ շիտակ ասած՝ “բուսական” վարք է։ Այն վարքն է, որը պատմականորեն ավանդական է եղել մեզանում։ Հենց այդպես սպասել ենք Գենոցիդին, Սումգայիթին, Բաքվին, Հայաստանի դատարկվելուն, սահմանադրությունների ու ընտրությունների կեղծիքներին։
Անգործ սպասելը սուբյեկտային չէ, ապամարդկային ու ապակենդանական է նույնիսկ։ Դրա համար սպասելուն մեկտեղ, ես փորձում եմ որոշ դրվածքներ ճշտել, որ պարզ լինի, թե ինչին ենք սպասում։
Առաջին կարևորագույն հարցը, որի շուրջ չկա համաձայնեցված պատկերացում, դա Հայաստան պետության գոյակերպի ու ապագայի հարցն է։
Մենք չգիտենք, թե որն է Հայաստանի գոյության ու կենսակերպի բանաձևը ներսում և դրսում։ Չգիտենք, թե ով է լինելու հայն իր պետության մեջ՝ առաջվանից մի քիչ ավելի կուշտ մեկը, թե իր արդար ու ստեղծարար աշխատանքով ու կյանքով երջանկացած մեկը։
Մենք չգիտենք, թե ինչպես ենք կազմակերպվելու ներսում, որ օգտավետ արտադրենք, արտահանենք և մեզ պետքականը ներմուծենք։
Մենք չգիտենք, թե ինչպես ենք ներգրավելու, կառավարելու, խթանելու, կամ զսպելու ներդրողներին, մեծածավալ արտադրողներին ու միաժամանակ ապահովելու շարքայինների բարվոք կյանքը։
Մենք չգիտենք, թե որն է լինելու Հայաստանի կեցվածքը որպես ռեգիոնալ երկիր, որպես պատերազմող երկիր և որպես թշնամական միջավայրում կայուն վերարտադրվող պետություն։
Մենք չգիտենք, թե ինչպես ենք զսպելու ներքին տականքին, հղփացած ու հարստություններ գռփած նախորդ “լավ տղերքին”։ Եվ չգիտենք, թե ինչպես ենք քաջալերելու նորերին, որ “յոլա գնան” նախորդների թողած կռճոնների ու ավիրածությունների վրա, պետական պարտքն էլ ուսերին։
Մենք չգիտենք, թե ոնց ենք ներգաղթ ապահովելու, ներգրավելու սփյուռքին, որպեսզի չխախտվի հայրենասիրականի ու ռացիոնալի բալանսը։
Մի խոսքով, մենք համարյա ոչ մի հրատապ հարցի պատասխանը չունենք։
Հետանկախական 1991֊ին էլ, երբ կոնցեպտուալ առումով նման վիճակ էր, տնտեսականից, հոգեբանականից, աշխարհքաղաքականից ու փողի էությունից գաղափար չունեցողներն ասեցին կանցնենք շուկայի՝ շուկան ամեն ինչ ինքն իրեն կուղղի։ Առաջին միլիոնը կգողանան, բայց երկրում կգոյանա հարուստների շերտ, որն արդեն օրենքներով կգործի ու նորմալը կմտնի կյանք։
Բայց մեզանում ոչ թե առաջին միլիոնը, այլ առաջին միլիարդները գողացան ու գնալով միայն դժոխքը խորացավ։
Հիմա էլ հույսերս ոչ թե առաջին միլիոնատերն է, այլ ինստիտուտը՝ փոխաբերական ասած, Աճեմօղլուի այն տեսությունը, որ քաղաքացիական ինստիտուտներն է պետք կառուցել ու մնացածն ինքն իրեն, ավտոմատորեն, կհարթվի։
Չի լինելու նման բան, և դա պարզ է արդեն այսօր։ Որովհետև ամեն պետություն իր գոյության ու բարգավաճման ուրույն, եզակի բանաձևն է ունեցել և ունի։ Մենք էլ պարտավոր ենք մերը, հենց մեզ հատուկը գտնել և դրանով դուրս գալ այս փոսից։
Իհարկե, շատ լավն են ինստիտուտ ասածները՝ անկախ դատարանը, մասնագետ պաշտոնյան, քաղաքացիական հասարակության բազմաթիվ դրվածքները, ուր մարդն է արժևորված, ազատությունը, իրավունքը։ Բայց երբ պատերազմի մեջ ես, երբ հարևաններդ են թշնամի, գերտերություններն են քեզ պարտադրում, ներդրողներն են պարտքերի տակ մտցրել, բնական հաստություններդ են իրենցով արել, գյուղացիներիդ են բանկային տոկոսների տակ դրել, դպրոցներդ են ավիրել, կրթությունդ այլասերել, թոշակը սարքել գոյություն քարշ տալու կտրոն, ապա լուծումները ոչ թե ինստիտուցիոնալ են, այլ կոնկրետ՝ Սինգապուրյան, Շվեյցարական, Իսրայելական, Հոնg-Կոնգյան, Իսլանդական, Ֆինլանդական, կամ առնվազն, Հոլանդական։
Բոլոր հաջողության հասած երկրներն իրենց ուրույնն են արել՝ հզոր ինտելեկտի, հաշվարկի ու կամքի հաշվին իրենց տեղն են գրավել հարևանության մեջ և աշխարհում։ Կռվել են իրենց ժողովրդի համար, թե ներսի ստահակների և թե դրսի թշնամիների դեմ։
Եվ այս կտրվածքով նայելով Նիկոլի կառավարությանը, ես համոզված չեմ, որ նրանում կա Հայաստանին շրջահայացորեն՝ հեռվից ու մոտիկից, տարբեր դիտակետերից ու անկյուններից նայող, տեսնող ու յուրովի վերափոխման տանող հզոր, կոնցեպտուալ, մտավոր կորիզը։
Ես տեսնում եմ մանր քայլերի, մի նոր “յոլայի” գաղափարախոսություն միայն։ Իսկ խնդիրը հակառակն է՝ մեծն է, առավելը, անսպասելին, ոնց Նիկոլի հեղափոխությունն էր։ Հայաստանի կառավարիչը, նրա կյանքը նախագծողը ոչ թե մեկ, այլ տասը, հարյուր քայլ առաջ պետք է լինի շարքայինի պատկերացրածից։
Երեկ կարդում էի անվտանգության քարտուղարի և նախկին պաշտպանության նախարարի մտավոր “փոխհրաձգությունը” ազգ-բանակի” մասին: Տխուր էր, որ մի կողմից այն ներկայացված էր որպես 1000 դրամանոցների հավաքի պատմություն, իսկ մյուսից էլ՝ զուտ ժողովրդավարությամբ լիարժեք պաշտպանված Հայաստան կերտելու դոգմա։
Տպավորությունն էր, որ աշխարհում իբր չկան ազգ֊բանակ կոնցեպտի վրա հիմնված Շվեյցարիա ու Իսրայել, որ չկա սանկցիոն գերիշխանություն՝ հզորի ու թույլի միջև, որ չկա արդեն հաստատված գլոբալ բանկային ստրկատիրություն ու Հայաստանն էլ արդեն բազմամիլիարդանոց պարտքային լծի տակ կքածը չէ։
Փոխարենը, այս հեռակա մարտի կողմերը պետք է համաձայնեին, որ ազգ-բանակն ու ժողովրդավարույթյունն իրար հակասող չեն, այլ մեր դեպքում նույնիսկ լրացնող են։ Որ ազգ ֊բանակն առավել արտաքին ուղղվածության հայեցակարգ ու կեցվածք է, իսկ ժողովրդավարությունը՝ ներքին։
Ակնհայտ է, որ այսօր մեզանում միաժամանակ երկու հակադիր պրոցեսներ են ընթանում՝ հանրային ինքնամաքրման և նոր իշխանավորների ավանդական “փչացման” պրոցեսները։ Ճակատագրական է, թե որն է ավելի արագը լինելու։
Ես որ լիահույս եմ, որ եթե կարողանանք բարձրացնել մեր ներհանրային ու համապետական նշաձողերն ու պլինտուսները, այնժամ առաջին պրոցեսը կգերիշխի։
Իսկ մաքուր հանրությամբ հզոր պետություն կերտելն արդեն ձախ ձեռքի գործ է։