Նոր իշխանությունը մի քանի բնույթի պրոբլեմների առջև է կանգնած՝ նախ նոր, ունակ ու մասնագետ կադրերի առաջ քաշման մասով։ Տնտեսական կուրսի ընտրության, նոր հանրային կեցվածքի ու անելիքների ձևավորման մասով։ Արտաքին գերբարդ հարաբերություններն ընդհանուր կոնցեպտուալ համակարգի բերելու ու դրանք հետապնդելու մասով։ Բնական ռեսուրսների օգտագործման օպտիմալացման, մասնագիտական վերավորակավորման հարցերով։ Հանրային միջավայրի հոգեբանական առողջացման ու նախորդ պետական հանցագործների պատժի մասով։ Մոտակա տարիներին եկամուտների կտրուկ, ասենք երեք տարվա ընթացքում առնվազն կրկնակի աճին հասնելու բանաձևերի կազմման ու ներդրման հարցերով։
Ես տնտեսագետ չեմ՝ սպասում եմ տնտեսագետների առաջարկներին։ Ֆինանսիստ, երկրաբան, բնապահպան կամ ներկայացված որևէ հարցի մասնագետը չեմ ու սպասում եմ մասնագետների առաջարկներին։
Ու մինչ այդպիսիք հրապարակ կգան, մի քանի առաջարկ ինքս անեմ։ Դրանցից իրական օգուտը չգիտեմ, բայց մի գուցե և կառավարության և մասնագետների ուշադրությունը հրավիրեմ նման հարցեր գեներացնելու ու մշակելու հրատապության վրա։
Ներկա աշխարհում կյանքի որակը, տնտեսական բոլոր ու նույնիսկ անձնական հարցերը որոշվում և գնահատվում են փողի վերածված քանակական գնահատականներով՝ թե ինչքան եկամուտ ունես դու, երկիրը, հիմնարկը, ասպարեզը։ Փողի հոսքերով է որոշվում, թե ինչ դինամիկա է աշխարհում ռեգիոնում, հարևանության մեջ ու երկրում։ Եվ դրանով է որոշվում, թե գործերն այս կամ այն կերպ շարունակելու դեպքում ուր կտանի մեր նախաձեռնած՝ փող աշխատելու, կամ էլ անգլիացու լեզվով ասած՝ փող սարքելու հեռանկարը։
Այդ նպատակով, նախ մի քանի հիմնարար ելակետերի մասին շեշտեմ։
1. Միջազգային ֆինանսառազմական օլիգարխիան տիրապետում է փողի գլոբալ էմիսիային և ունի ամենամեծ ու կայուն շահույթները։ Նրան ենթակա են մարդ արարածի գործունեության բոլոր ասպարեզները։ Կախված տվյալ երկրի շահագործման “օպտիմալ” տարբերակներից, այդ երկիր են թափանցում տարբեր ագենտներ, որոնք համագործակցելով տեղական տականքի հետ, սկսում են շահագործել մարդկանց, երկիրը, ռեսուրսներն ու ինֆրակառուցվածքները։
2. Մեզանում դրանք բոլորն էլ կան։ Որպես շահագործողներ, բանկերն առաջինն են /ժողովրդի երևի կեսն արդեն բանկային լծի տակ է/։ Հանքերն են արտահանվում կիսովի՝ մեր տականքի հետ, ինֆրակառուցվածքները, ցանցերը, էլեկտրական ու գազային կառույցները, երկաթուղի, կապ, մի խոսքով ինչ փող է բերում, արդեն հիմնականում դրսերի հետ կիսովի, կամ մասնակի է։ Ու կիսովի է զուտ այն նպատակով, որ մեր տականքը մեզ հեզ պահի ու ապահովի շահագործումը։ Մենք արդեն իսկ կատարյալ գաղութ ենք ու պետք չէ այլ բան երևակայել։
3. Ի՞նչ է հնարավոր անել այս պայմաններում։ Ազգայնացնել օտարված ունեցվածքը մասնակի հնարավոր է միայն մեկ դեպքում, եթե նախորդ իշխանությունները հետաքննվեն որպես հանցագործներ մասնավորեցման հարցերում, դատվեն ու այդ դեպքերում վաճառքի պայմանագրերը կարող են չեղյալ հայտարարվել։ Ու միգուցե, այդ դեպքում որոշ բան հնարավոր լինի ետ վերցնել; Բայց դա ծանր ուղի է և հղի միջազգային դատարաններում տանուլ տալու հեռանկարներով։
Սակայն, եթե մեր տականքի դատերը լինեն ու դա ներկայացվի արտաքին տերերին որպես սպառնալիք, ապա կփոխվի ներքին միջավայրն ու արտաքին վերաբերմունքը Հայաստանին ևս։ Եվ նրանց կդարձնի առավել համեստ ու զիջող՝ նոր հարաբերություններ հաստատելու հարցում։
Զուգահեռ դրան, ես կարծում եմ, որ պառլամենտը պետք է օրենք ընդունի Հայաստանից չվերամշակված հումքի արտահանման արգելման մասին և դրանով կստիպի ներդրողներին նոր հզորություններ կառուցել երկրում՝ հումքի խորը վերամշակման և միայն պատրաստի արտադրանքի արտահանման համար։
Ես կարծում եմ, որ այս քայլերը միայն կարող են արդյունահանման հետ կապված պետական եկամուտներն ավելացնել մի քանի անգամ և հարյուր հազարավոր նոր աշխատատեղեր բացել, երկիրը դարձնելով նախկինի պես արդյունաբերական։
Նաև օրենքներ պետք է ընդունվեն հանքարդյունաբերության ոլորտում շահույթի նորմայի մասին և միայն այդ պայմաններին համապատասխան տրամադրվեն հանքերի շահագործման արտոնությունները։
Բացի կարգավորումից, նման քայլը թույլ կտա վերանայելու հանքերի շահագործման պայմանագրերը և առավել շահեկանները կնքնվեն դրանց փոխարեն։ Ի դեպ, մոտավորապես նույն գործին է հիմա Թրամփը՝ ինքը հերթով չեղյալ է հայտարարում հին պայմանագրերը և անցնում է երկրների հետ երկկողմ նոր պայմանագրերի կնքմանը, որի շնորհիվ առավել հարմար արդյունքներ է գրանցում մրցակիցների հետ պայքարում։
Ես չեմ տեսնում, թե հիմա կա նման մաշտաբային փոփոխությունների գնալու որակյալ մասնագետների ու բանակցողների թիմ, բայց համոզված եմ, որ եթե Փաշինյանին բացատրվեն մանրամասները, հենց վարչապետն ինքը կարող է բանակցել երևի բոլոր պայմանագրերը։
Բայց ինչպես նշել էի, այս քայլերն անելու նախապայմանը նախկին հանցագործներին դատել- պատժելն է և պառլամենտի էլ՝ նոր օրենքներն ընդունած լինելը, որովհետև հենց դրանք են լինելու բանակցային հաղթաթղթերը։
Չգիտեմ, թե սույն առաջարկներն ինչքանով են իրատեսական, բայց կարծում եմ, որ հետևողական աշխատանքի դեպքում Փաշինյանը միայն պայմանագրերի վերանայմամբ կարող է զգալի ավելացնել եկամուտները բոլոր արտաքին ագենտներից։
4. Բանկերի հետ որևէ բանակցություն անհնար է, որովհետև դրանք համաշխարհային ֆինանսական օլիգարխիայի մասն են կազմում։ Բայց դրանց շրջանցման ձևն էլ կա՝ կարող է ստեղծվել համահայկական, շահույթ չհետանդող պետական բանկ, որն ավանդներ ներգրավի համայն հայությունից, միջազգային տոկոսադրույթներով ասենք 1-2 տոկոսով և 3-ով էլ երկարաժամկետ վարկավորի մեծ ձեռնարկությունների՝ համաձայն ներկայացված բիզնես ծրագրերի։ Այսինքն, առաջարկի իմաստն է ունենալ համահայկական, պետական բանկ, որն անկախ է միջազգային բանկային համակարգերից և որը զբաղվում է հատուկ տնտեսական մեծ ծրագրերի վարկավորմամբ:
Ասվածին զուգահեռ, պետք է լուրջ, հիմնավորված բացատրական աշխատանք տարվի ժողովրդի մեջ, որպեսզի մարդիկ ետ կանգնեն այլ բանկերից մեծ վարկեր վերցնելու գայթակղություններից և փորձեն իրենց գործերն անել փոքր, միկրոներդրումներով, ձեռքի տակ եղած հնարավորություններով, նոր անցնեն մեծածավալ ծրագրերի։
5. Կառավարությունը պետք է կազմի տնտեսական զարգացման մանրամասն ծրագիր, ուր նշված են տարբեր ասպարեզների հեռանկարային, պետականորեն խրախուսելի նախաձեռնությունները։ Ասենք պետք է կազմվի պղնձի ինդուստրիայի հետ կապված բոլոր ճյուղավորումներում ցանկալի հզորութունների կառուցման ցուցակը և հարկային լծակներով խրախուսվի ներդրողներին մեծ ծրագրերի այս կամ այն մասին ներգրավվելու հարցում։
Սովետական Հայաստանի տնտեսական մասնագիտացումը, որը հիմնված էր տեղական ռեսուրսների օգտագործման վրա, բավական լավ մտածված էր, և կարծում եմ ու նման մի բան էլ հիմա կարելի է նախաձեռնել ու իրացնել։
6. Երկիրը գտնվում է բազմաշերտ ճգնաժամերի մեջ, և իմ կարծիքով, դրանց բոլորի հաղթահարման սկիզբը կարող է լինել համաժողովրդական ինքնակամ աշխատանքների մշակույթի ներդրումը կյանք։
Մարդիկ սովոր են եղել, որ շրջապատի բարեկարգման, կամ փոքր գործերի պատասխանատուն միայն պետությունն է և իրենք որևէ կերպ չեն մասնակցում երկրի շենացմանը։
Արևմտյան երկրներում ընդունված է ինքնակամ աշխատանքը երեկոյան ժամերին, կամ թոշակառուների՝ իրենց նախընտրած անվճար աշխատանքը ըստ իրենց նախասիրություների։ Եթե խրախուսվի ու ներդրվի, նման վարքը ազգային համախմբան ու վերելքի գնալու խիստ կարևոր խթան կդառնա։ Այն նաև ներհանրային մթնոլորտը կվերափոխի ու արագորեն երկիրը կվերականգնվի։
7. Պետք է կյանք մտնի ծրագրերի մասնագիտական օբյեկտիվ գնահատման մշակույթը ևս։ Ցանկացած նախաձեռնության վերաբերյալ պետք է հրապարակայնորեն հիմնավորված բացատրականներ լինեն՝ թե ինչու է սա առաջարկվում, որոնք են հիմնավորումները, ինչ է սպասվում որպես արդյունք, ովքեր են այդ առաջարկության հեղինակները։
8. Տուրիզմը պետք է դիտվի որպես համաժողովրդական տնտեսավարման ոլորտ, ուր գյուղական վայրերում ցանկացած մարդ կարող է առանց հարկման իր ծառայություններն առաջարկել ցանկացած հարցով և ցանկացած ծավալների։
Մի խոսքով, անհապաղ անելիքների ահռելի ասպարեզ կա, բայց չկա դրանց խթանման գաղափարաբանությունը։
Մեզ առաջարկված է չխանգարել, չմիջամտել ու սպասել նոր կառավարության մոտակա արդյունքներին։ Եվ մենք էլ ազգովի սպասում ենք, թե նոր կառավարության 20-30 երիտասարդներն ինչ են անելու։
Այլ խոսքերով ասած, մենք մտել ենք փրկիչի ավանդական սխեմայի մեջ՝ թե միայնակ ամեն ինչ Նիկոլը կանի։ Եվ զարմանալիորեն, նման հորդորը գալիս է թե կառավարությունից և թե ժողովրդից։
Ինձ թվում էր, թե վարչապետի առաջին կոչը պետք է լիներ, թե ժողովուրդ, երկիրը մերն է արդեն, ամեն մեկը թող մտածի, թե ինքն ինչ դրական, հանրօգուտ, ազգանպաստ, իր ու իր ընտանիքին օգուտ բան կարող է անել, և սկսի անել առանց որևէ մեկին հարցնելու ու թույլտվություն խնդրելու։ Սկզբնական շրջանում միայն էնտուզիազմով, իր միջոցներով, իսկ հետագայում, երբ գործը ծավալվեց, ու կառավարությունն էլ ոտքի կանգնած եղավ, արդեն իր օգնությունը կբերի այդ նախաձենող ձեռներեցներին։
Բայց չեղավ նման կոչ ու ոնց տեսնում եմ, չի էլ սպասվում այդպիսին։ Նոր նախարարները զբաղված են հին աշխատողներին հեռացնելով ու անհայտ նորերին նշանակելով։ Դա էլ գործ է, բայց ոչ վայել գործ է։
Հեղափոխությունն արվել է ազգովի, երկիր շենացնելն էլ ազգովի պետք է արվի։ Եվ դրա գիտակցությունն էլ պետք է մենք ինքներս սերմանենք ու չհասկացողների գլուխը մտցնենք։