Հետսովետական 27 տարիներիին մենք ոչ միայն անկախություն չկերտեցինք, այլև շարունակաբար հեռացանք պետականաշինությունից, քաղաքացու, անկախ մտածողի ու գործունյա մարդու կերտումից, ժամանակակից կյանքի ինստիտուտների ու կարևորագույն դրվածքների հիմնադրումից։
Նախորդները հազարավոր ականներով ականապատել էին հայկական իրականությունը թալանչիներով, թաղի տականքով, պաշտոնական դիրքերի բարձրացրած տեղական ռեցիդիվիստներով, քրեական օլիգարխներով, կաշառակեր պաշտոնյաներով, կեղծ սահմանադրությամբ ու հրեշավոր ընտրական օրենսգրքով, սրիկայությամբ առաջնորդվող պետական ապարատով ու դրանց բոլորին սպասարկող քստմնելի դրվածքներով։ Չկա մի ասպարեզ, որը հիմնահատակ այլանդակված ու այլասերված չլինի։
Հենց այդ պատճառով, ներկայում մենք բազմաչափ ճգնաժամերի մեջ ենք։ Եվ հեղափոխությունը դեռ որ այդ ճգնաժամերից ընդամենը մեկի հանգուցալուծման հնարավորությունն է տվել՝ իշխանական վերնախավի անձափոխության հնարավորությունը։
Մնացած ճգնաժամերը մեծապես առկա են։ Վկա՝ պետության հաշվին պահվող նախորդ իշխանավորների ահռելի պադավատային ռեսուրսներն ու ամառանոցային դղյակներում դիրքերը պահպանելը։ Վկա՝ թիկնապահների ահռելի բանակը։ Վկա՝ բանտերի լիքը մնալը, վկա՝ որևէ կարևոր հարց լուծելու անհնարինությունը՝ գրեթե ամեն քայլափոխի։
Փաշինյանը զգուշավոր է։ Եվ դա բացատրվում է սխալներից խուսափելու ու չափերը չանցնելու ռազմավարությամբ։ Եվ առհասարակ, ներկա կառավարության ամենահիմնական բնութագրականը հենց զգուշավորությունն է։
Իհարկե դժվար է, իհարկե ախոռները բերնեբերան լիքն են ու թվում է, թե պարզ չէ որտեղից մաքրել սկսելն է ճիշտ։
Այդ նպատակով որոշ նկատառումներ ներկայացնեմ հետաքրքրվողներին։
1. Վարչապետական կառավարումը կոլեգիալ լինելով հանդերձ ուղղաձիգ համակարգ է, ուր միանձնյա որոշում կայացնողը վարչապետն է։ Վարչապետն ունի խորհրդականներ, օգնականներ, կից մասնագիտական խմբեր, որոնք օգնում են վարչապետին կողմնորոշվելու ամենաբարդ հարցերում։ Նմանապես, վարչապետը կարող է խորհրդակցել իր նախարարների հետ։ Այսինքն վարչապետն ինքը միանձնյա որոշում կայացնողն է՝ երկրի գերագույն սուբյեկտը։ Առավել ցածր կարգի որոշում կայացնող սուբյեկտներ են նախարարները, որոնք հարաբերական ազատություն ունեն իրենց իրավասությունների շրջանակներում հարցերն ինքնուրույն լուծելու։
Բայց նույնիսկ գերագույն սուբյեկտ վարչապետի ու սուբյեկտներ նախարարների առկայության պայմաններում, կառավարությունն ամբողջությամբ իրավունք չունի քվեարկությամբ որոշումներ կայացնելու։
Դա հակասում է կառավարություն կոչվածի էությանը։ Որոշում ընդունում է վարչապետը՝ միանձնյա, և հետագայում այդ որոշումը իր պատասխանատվության հարցն է, այլ ոչ կոլեգիալ կառավարության պատասխանատվության։
Եվ առհասարակ, քվեարկությունը կառավարությունում անախրոնիզմ է, եթե ոչ աբսուրդ։
Այնպես որ, երբ պրն Փաշինյանը նախարար Մինասյանին թիմային պատասխանատվություն վերցնելու մասին կոչեր էր անում, դա կառավարության գործառույթների տրամաբանությունից դուրս էր։ Կառավարության միակ պատասխանատուն վարչապետն է՝ ուրիշ ոչ ոք։
2. Կուտակային կենսաթոշակների հարցը եղել է և մնում է հայաստանյան կարևորագույն հանրային-քաղաքացիական հարցերից մեկը։ Սա նախադեպային կարևորագույն հարց է, և անկախ նախորդ կառավարության մութ պարտավորություններից, այն պետք է բացեիբաց քննարկվի։
Կուտակային կենսաթոշակներին մասնակցելը Արևմուտքում լայնորեն կիրառվող գործառույթ է։ Բայց այն ունի իր քիչ հայտնի կողմերը, որոնք չեն քննարկվում լայն հանրության մեջ։ Օրինակ ԱՄՆ-ում այդ կենսաթոշակային կուտակումը հայտնի է 401K անվան տակ։ Մեծ հիմնարկների աշխատակիցները կամավոր, շեշտում եմ՝ կամավոր, այդ ծրագրին են մուծում իրենց աշխատավարձի որոշ տոկոսը, ասենք 4- 7 տոկոսը, գործատուն էլ մուծում է մնացածը՝ մինչև 10-14 տոկոսը։ Այդ փողը բորսայական ագենտների միջոցով մտնում է բորսա և դառնում բորսայական կապիտալի մաս։ Ներդրումը կարող է տարիների ընթացքում աճել, բայց կարող է նաև նվազել՝ կախված բորսայի վիճակից և փողը տիրապետող ագենտների մասնագիտական որակներից։ Բայց, խնդիրն այն է, որ բորսայական ակտիվությունը ձրի չէ՝ ներդրումից պարբերաբար իր օգտին մասհանումներ է անում բորսայական ագենտը, որին վերահսկելը հեշտ չէ։
Եթե ամեն ինչ արդար է, ապա հույս կա, որ 30-40 տարի հետո, երբ աշխատողն անցնում է թոշակի, իր հաշվին բավական մեծ գումարներ լինեն կուտակված։ Բայց և, շատ հնարավոր է, որ գումարի մեծ մասը կորսված էլ լինի, և մարդը մնա գործանականում առանց թոշակի։
Այսինքն, կոնկրետ մեր դեպքում, հայկական աշխատողն իր փողը ներդնում է արևմտյան բորսա, մասնակցում է արևմուտքի ֆինանսավորմանը՝ իր ունեցած սուղ միջոցները երկրից դուրս ուղարկելով։ Սա մեծ տարբերություն չունի երկրից մեծ փողեր հանող օլիգարխների գործառույթներից։ Ուղղակի այս դեպքում որպես օլիգարխ հանդես է գալիս կառավարությունը, որը փողը գանձում է աշխատողներից։
Ավելին, դա հակադիր է ներդրումներին։ Ազգովի սպասում ենք արտաքին ներդրումների, բայց հենց կառավարությունն ամսե-ամիս երկրից հանում է փողը։ Ես չգիտեմ, թե կոնկրետ պետական ինչ նախորդ պարտավորություններ են կանգնած այս “պարտադրանքի” ետևում, բայց կարծում եմ, որ վարչապետը հնարավորություն ունի գոնե հարցը հետաձգելու և պարզաբանելու այդ պարտավորությունների կուտակման հայկական պատասխանատուներին և ամբողջ նախաձեռնության օրինականությունը։
3. Վարչապետն ակնհայտորեն փորձում է իր ձեռքում կենտրոնացնել իշխանությունը գոնե իր կառավարության շրջանակներում, այլապես չէր ասի, թե “թույլ չի տա իր կառավարության անդամներին բաժանել առավել ու սակավ սկզբունքայինների”։
Որպես վարչապետական կամքի դրսևորում, նման ռեպլիկը վատ չէ, սակայն ադեկվատ չէ կառավարության գործառույթներին։ Վարչապետը պետք է համակերպվեր մասնակի տարակարծությանը և նշեր, որ դա իր իրավասության հարցն է, այլ ոչ ներկայացվող պոպուլզիմի, կամ էլ կառավարության ողջ կազմի քվեարկության։
Կառավարությունում կարծիքների փոխանակում պետք է, որպեսզի վարչապետը կողմնորոշվի անձնապես առավել կշռադատված որոշումների հանգելու համար՝ ոչ ավել։ Բայց եթե շարունակվի ներկայիս աբսուրդային քվեարկությունների գործառույթը, ապա շուտով բոլորն իրենց սկզբունքայնությունը զիջելու են վարչապետի “սկզբունքայնությանը”։ Բոլոր հարցերով է գնալու համահարթեցումն ու ենթակայությունը, և շատ չանցած կարթնանանք մի իրականության մեջ, երբ այլևս ոչ մի սկզբունքայնություն չկա կառավարության մեջ, բացի վարչապետինից։ Եվ եղածն էլ ամբողջությամբ պատեհապաշտություն է լինելու՝ ոնց ներկա կառավարական կազմի բազմաթիվ անդամների ալա-Նիկոլ մորուքներն են։
4. Վերցնելով վարչապետությունը, Փաշինյանը երբևէ չի քննարկել իր առջև ծառացած գերակայությունների շղթան ու դրանց հաղթահարման մարտավարությունը։ Ըստ եղածի, “թիմը” գնում է նոր ընտրությունների։ Այսինքն կասկածի տակ չի առնվում եղած սահմանադրության օրինականությունը, դրանով շարժվելու նպատակահարմարությունը և որպես միակ խնդիր է դիտարկվում ամբողջ ֆորմալ իշխանության գրավումը։
Նման հեռանկարը բազմաթիվ նեգատիվներ ունի իր մեջ։
– Դա ակնհայտորեն ոչ արժանապատիվ նպատակ է։ Նախորդ իշխանությունն էր հարցերը լուծում թիմով, “մեր դեմ խաղ չկա-ով”։ Բայց ժողովրդավարական երկրներում նորմալ կառավարման հիմնական ցուցիչը իշխանական թևերի հակակշիռ լինելն է։ Օրինակ, ամերիկյան նախագահների մեծ մասն աշխատել է քաղաքական հակառակորդներով գերակշիռ կոնգրեսների հետ ու շատ էլ հաջող է աշխատել։
– Կամայական ու կեղծված սահմանադրությամբ ու խեղկատակ մեթոդաբանություն պարտադրող ընտրական օրենսգրքով նոր ընտրությունների գնալը մեղմ ասած՝ “սիրուն չէ”, էլ չասած, որ մեզանում դեռ սաղմնային վիճակում են կուսակցությունները, և դժվար է պատկերացնել, որ մեկ տարում դրանք կկայանան։
Ես հասկանում եմ, որ նոր թիմն ուզում է կոսմետիկ փոփոխություններ մտցնելով ընտրական օրենսգրքում, գնալ ընտրությունների ու ժողովրդական ալիքով վերցնել պառլամենտն ու վերարտադրվել, վերարտադրվել, վերարտադրվել։
Բայց այդ դասն արդեն ազգովի անցել ենք ու մահացու փորձն էլ ունենք։
Եղած իշխանական կոնֆիգուրացիան շատ էլ նորմալ է՝ 103 հոգանոց պառլամենտում վարչապետն այսօր ունի 64-39՝ ավելի քան վճռական ու օրեցօր էլ աճող առավելությունը: Իր ինչին է պետք միաձայն պառլամենտը, “որ ի՞նչ անի”, մեղմ ասած։
Այս կոնտեքստում, իհարկե, ներկա պառլամենտականների որակի ու հանրային կարծիքին անհամապատասխանության խնդիրը կա, բայց ես համոզված չեմ, թե նոր խմբայնության պայմաններում, այս անգամ էլ Ելքի ուղեգրերով, պառլամենտ չեն մտնի այլ պատեհապաշտներ։
Իմ կարծիքով, ոչ մի նոր ընտրություններ էլ պետք չեն, թող կառավարությունը բարի լինի աշխատել եղածի սահմաններում։ Որովհետև, եթե տարիներ շարունակ մարդկանց վրա մակաբուծած հազարավոր հանցագործներ կարող են մնալ անպատիժ, եթե հեղափոխությունը համատարած զգուշություն է պարտադրում, ապա առավել ևս, հեղափոխությունը պետք է “ուրախ լինի”, որ ունի ռեվանշիզմով զգոնություն թելադրող ընդդիմադիր հատված պառլամենտում, որը թույլ կտա նրան դանդաղ, բայց անշեղորեն շարունակել իշխանափոխությունը։
Որոշ այլ պարզաբանումներ էլ ներկայացնեմ, որոնք այս պահին կարևոր են։
– Ազգայինում մարդիկ գործում են համաձայն իրենց ազգային մղումների ու երազանքների։ Կարող են իրենց զոհեն էլ, եթե շատ հայրենասեր են։
– Քաղաքականում մարդիկ գործում են համաձայն իրենց շահերի ու ամբիցիաների։ Շահերով առաջնորդվողները առաջ են մղում ամբիցիաներով առաջնորդվողներին ամենատարբեր մեթոդականներով։ Եվ եթե հասնում են իշխանության, ապա ըստ ունակությունների, ախորժակների, խորամանկության, ինտրիգների ու ամբիցիաների նստում են պաշտոնների, արտոնությունների ու համբավի վրա, պադավատով սպասարկվում, քարտուղարուհու ու օգնականի մատուցմամբ կոֆե խմում, հարց են լուծում որպես երկրի տերեր, և ամեն ինչ անում միայն ու միայն հաջորդ փուլում նորից իրենց վերարտադրման համար։
– Քաղաքացիականում մարդիկ գործում են հանուն ու համաձայն իրենց սկզբունքների ու արժանապատվության։ Դրա համար իրենց են “կոտորում”, ծեծվում, անարգվում, բանտ ընկնում։ Բայց, որպես կանոն, արդյունքի չեն հասնում, որովհետև արդյունքները միշտ քաղաքականներն են իրենցով անում։
– Թվարկվածներից դուրս՝ չեզոք, սակավ ամբիցիոզ մարդիկ են, որոնք նարդի են գլորում, չափավոր բամբասում, փող սարքում կամ կորցնում, որոշները գոյություն քարշ տալիս, շատերը լիարժեք կյանք ապրում, օգտվում վերը նշված երեք տիպերի սխալներից ու հաջողություններից։
Խնդիրն է, որ ամեն մեկս իմանա, թե ինքը որ խմբում է, իր դերի մեջ մնա, և սահմաններն ու չափերն անցնելով չդառնա պատուհաս թե իր, ու թե կողքինների համար։
– Իշխանություն ասածն առաջին հերթին ամբիցիոզ անձերն են, որոնք թքած ունեն կողքինների պահանջների ու խորհուրդների վրա, եթե դրանք անձնական վտանգ չեն պարունակում։ Հենց այդ պատճառով, քաղաքացիականությունը ենթադրում է պահանջկոտություն, այլ ոչ խորհրդատվություն, կամ առաջարկների մեջտեղ բերելը։
– Իշխանությանը պետք է ոչ թե խորհուրդ տալ, այլ ստիպել՝ անկախ իշխանության որակներից։ Եվ այդ դեպքում նրանք շատ լավ կհասկանան, թե ինչ են իրենցից ուզում և գործերն անելու համար հենց իրենք էլ կգտնեն մասնագետ խորհրդատուների։
Այլ խոսքերով ասած՝ կոնստրուկտիվ ընդդիմություն կոչվածը ֆիկցիա է, որը հնարվել է իշխանությունների կողմից քաղաքականապես միամիտներին չեզոքացնելու ու սաստելու համար։
– Իշխանությունները բազմաթիվ պատրվակներ ունեն անտեսելու կողքից եկած խնդրանքներն ու առաջարկները՝ վկայակոչելով, թե զբաղված են գերկարևոր պետական հարցերով, ժամանակ չունեն նման “մանրուքներով” զբաղվելու։ Դրա համար պետք է լրջորեն քննարկել նրանց այդ պատրվակները և այդ էժանագին խաբկանքների դեմն առնել հրապարակային բացահայտումներով։
– Մեր երկիրն այն աստիճանի է ավերված, որ միայն կույրը չի տեսնի անելիքները։ Հետևաբար, եթե չեն անում ակնհայտը, ուրեմն այլ նպատակներ ունեն, կամ էլ նույնիսկ արդեն չանելն է ձեռնտու, ոնց պադավատից չիջնելն է։
– Վարչապետը հիմնականում զբաղված է անձեր փոխելով, այն դեպքում, երբ անձեր փոխելը կառավարության ընթացիկ բարդ խնդիրներից մեկն է ընդամենը, բայց ոչ միակ խնդիրը։ Իսկ ըստ էության, խնդիրը ոչ այնքան անձինք են, որքան երկրի ինստիտուտացումն է ու հանրությանը նոր արժեքների բերելը։
Մի բան է անզեն ձեռքերով, ամբողջ ժողովրդի մասնակցությամբ հարցագործներից իշխանություն վերցնելը, այլ բան է երկիր կառավարելը։ Դա անզեն ձեռքերով չի արվում, այլ խորը գնահատականներով, վերլուծություններով, իրավիճակը հասկանալով, գիտակից կամքով, հարցերի հաջորդականությունը որոշելով և լուծումները դիմացինին ճնշմամբ պարտադրելով։
Նոր իշխանությունը պետք է հաղթի անբասիրությամբ, հեռատեսությամբ, իրատեսությամբ և ամենակարևորը՝ կամքով։
– Իշխանության վերակերտման ու սեփականության արդար տիրապետման պրոցես է գնում։ Թվում էր, թե իշխանությունը հրապարակավ է վերցվել և պրոցեսն արդեն անդառնալի է։ Բայց դառնալի են իշխանական հին բարքերն ու սկզբունքերը, եթե մարդիկ տեր չկանգնեն իրենց շահին ու պրոցեսներին։
Պետք է գիտակցել, որ հեղափոխված երկրում խորամանկությամբ, խաբելով ու միամտացնելով ոչ ներքին ու ոչ էլ արտաքին ոլորտի հարցեր այլևս չեն լուծվելու։
Ինչքան վարչապետն ունի անելիք, նույնքան էլ ամենքս ունենք անելու՝ մեր սկզբունքայնությամբ ու պահանջկոտությամբ՝ հանդեպ մեզ, կողքիններն ու վարչապետը։