Անկախությունից ի վեր մենք ժողովրդավարություն ենք կառուցում։ Ժողովրդավարություն կառուցելը մեզ որպես հրամայական է իջեցված Արևմուտքից, մենք էլ կառուցում ենք։
Այն, որ մեր դեպքում կառուցումը ոչ թե ժողովրդավարության, այլ նեոֆեոդալիզմի հանգեցրեց, եվրոպացիներին այնքան էլ չէր հետաքրքրում։ Բայց որ այդ պրոցեսը մեզ աղճատեց, սնանկացրեց, արտաքսեց երկրից, սարքեց փախստական ու սփռեց աշխարհով մեկ, դա փաստ է։
Հիմա էլ նոր կառավարությունն է ժողովրդավարությունը կառուցելու՝ ոնց հայտարարեց վարչապետը Բրյուսելում։ Ես երկու ձեռքով կողմ եմ ոչ միայն ժողովրդավարությանը, այլ պետականակերտմանն էլ։ Բայց և, ներկայում հրապարակում մեկ Նիկոլ է, ու շրջակա ինտելեկտուալ միջակությունը։
Ամեն դեպքում, կարծում եմ, որ վարչապետի առաջին այցը մեծապես հաջողված էր։ Փաշինյանը հասցրեց նկարվել մեծամեծերի հետ, երևակվել քաղաքական աշխարհում որպես նորություն, պնդել իր դիրքերը՝ որպես ինքուրույն ռուսական դաշնակից և ինքնուրույն եվրոպամետ։ Մեր վիճակում գտնվող այլ երկրների ղեկավարներ էլ կցանկանային նման ազատություն ունենալ իրենց կողմնորոշումներում, բայց չեն կարող դա իրենց թույլ տալ։ Իսկ Նիկոլը կարողացավ։
Շատերը կարծում են, թե հետագա արձագանքները կոշտ են լինելու։ Իսկ ես կարծում եմ, որ երկու ծեգերից էլ միայն դրականն է գալու, որովհետև ռեգիոնալ ամենակարևոր երկրից՝ Հայաստանից, սուբյեկտայնության հավակնություններ են նկատվել Նիկոլի հայտարարություններում։ Իսկ դա թե ռուսների ու թե Արևմուտքի համար միայն խրախուսելի է։
Լավ չէր միայն մեծ փողերի մասին ակնարկելը։ Իհարկե, դա նախորդների մանր մուրացկանությունից հսկայական քայլ էր առաջ, բայց և, եթե ոչինչ չուզեր, ավելի պատշաճ կլիներ։ Որովհետև միևնույն է, փողը խցկելու են Նիկոլի “գրպանը”, և դրանից ազատվելու խնդիրը կա, ոնց նախկինում կուտակած պարտքերից։
Սակայն, գանք հայկական իրականություն և հիշենք, որ մի բան է ժողովրդավարություն կերտելը հայտարարելը, այլ բան է այդ ուղղությամբ իրական քայլեր անելը։ Եվ լրիվ այլ բան է ինքներս մեզ հաշիվ տալը, թե ով է այդ քայլերն անելու։
Բոլորը ճշմարտացիորեն կարծում են, թե անողը միայնակ Նիկոլն է։ Ես էլ եմ կարծում, որ անողը Նիկոլն է։ Բայց այդ դեպքում մի քանի “բայցեր” կան։
“Բայց” համար 1-ն այն է, թե այդ դեպքում ինչի համար է վարչապետին կից ահռելի ֆորմալ ապարատը՝ փոխվարչապետները, նրանց խորհրդականներն ու օգնականները, օգնականների խորհրդականներն ու ողջ պադավատը, որի վրայից գորշ ամպերը վերջնականապես են մաքրվել։
Հարցը շատերի մտքին է, որովհետև հետևելով այդ ապարատի գործունեությանը, նորմալ տրամաբանությունը հուշում է, որ Նիկոլի համեմատ այդ “ապարատչիկները” կարգով ցածր շարքայիններ են։ Հետևաբար ինչի՞ համար են նրանք։
“Բայց” համար 2-ն այն է, որ մեր ժամանակներում մեկ մարդով պետություն կառուցելը հիմնականում սինգապուրյան՝ Լի Կվան Յուի տեխնոկրատական մոդելն է, որի պայմանները, մեր դեպքում, մեղմ ասած, այնքան էլ առկա չեն՝ սկսած վարչապետի տեխնոկրատ, տնտեսագետ ու իրավաբան չլինելուց ու մանավանդ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցն ու Քեմբրիջի իրավաբանական ֆակուլտետը չավարտելուց։ Գումարած նաև հանգամանքը, որ մենք սինգապուրցի չենք, Հայաստանն էլ Սինգապուրը չէ։
Սինգապուրցիք 76 տոկոսով չինացի, 15 տոկոսով մալայացի ու 9 տոկոսով էլ այլ ազգեր են։ Այսինքն, հիմնականում տեխնոկրատիզմ ունեն ծննդից ի վեր։ Սինգապուրը Մոնակոյից հետո երկրագնդի երկրորդ գերխիտ բնակչությունն ունեցող՝ 720 ք․կմ մակերեսով, 5,5 միլիոն բնակչությամբ և 1 ք․կմ-ին էլ 7,600 բնակիչով պետություն-կղզի է օվկիանոսում, կարևորագույն տնտեսական-առևտրային ուղիների կենտրոնում, ֆանտաստիկ հզոր աշխատուժով ու բազմազան տնտեսությամբ։ Ու հարևանն էլ ոչ թե Թուրքիան ու Ադրբեջանն են, այլ բարեկամ ու զարգացող Մալազիան։
Այնպես որ, մեկ Նիկոլով զարգացող Հայաստանը սկզբում դեռ պատկերացնել է պետք։
“Բայց” համար 3-ն այն է, որ եթե ոչ սինգապուրյան, ապա շվեցարական, իսրայելական, կամ գոնե որևէ այլ հայտնի մոդելի շուրջ լուրջ քնննարկումներ են պետք, որ հասկանանք, թե ո՞նց, ումո՞վ և ո՞ւր ենք գնում։ Ընդ որում, ոչ թե Աճեմօղլուով, այլ տեղական մասնագետներով, և ոչ թե մորուքա, այլ ուղեղակիրներով։
Դեռ որ, ասպարեզում չկա նման գաղափար, նույնիսկ միտումը չկա, որ նման բան է հնարավոր։ Ես հասկանում եմ, որ ավերակի վերածված երկրում ավերակ է նաև ինտելեկտուալ ու մասնագիտական պոտենցիալը, բայց գոնե եղածներին նկատել-տեսնել-համախմբել ու ներգրավել է պետք։ Այ դրա տեսլականը բացարձակ չկա։
“Բայց” համար 4-ն այն է, որ Հայաստանը դեռ որ նախորդ ռեժիմներով ու մեր դժբախտ պատմականով կերտված մարդատյաց արժեքայինի ճիրաններից դուրս գալու առաջնահերթ խնդիրն ունի։ Սակայն այդ խնդրի լուծման բանալիների մասին խոսակցությունն էլ չկա ասպարեզում։ Առանձնապես ոչինչ չի փոխվել մասս֊մեդիայում, փողոցում, կենցաղում ու մարդկանց տեսակետներում։ Բոլորը սպասում են Նիկոլի հաջորդ քայլերին, ոնց հնդկական սերիալի։
“Բայց” համար 5-ն այն է, որ Փաշինյանի իշխանական կառույցը նոր պայմաններում ֆիզիկական ու կոնցեպտուալ գոյակերպի խնդիր ունի՝ նոր ընտրություններով իշխանական բոլոր լծակները վերցնելու և որպես ամբողջատիրական համակարգ ձևավորվելու, թե եղած կառավարական լծակներով շարունակելու և մարդկանց համախմբան հաշվին պետականակերտման փուլին անցնելու երկընտրանքային խնդիրը։
Այսինքն անորոշություններն ու անհայտները շատ ավելի են, քան հավասարումները, և անիմաստ է նման կոնֆիգուրացիայում իշխանությանը խորհուրդներ ներկացնելը։
Իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որպես կանոն ցանկացած ոչ տեխնակրատական իշխանություն, հայկական իշխանություններն առավել ևս, աչք ու ականջ չունի տեսնելու ու լսելու։ Իշխանության տեսողական ու լսողական միակ “օրգանը” մաշկն է։ Հետևաբար, ոչ թե նրան պետք հուշել անելիքը, այլ մարդկանց ներկայացնել նրանց չարածը, ու հանրության մոտ ձևավորվող վերաբերմունից արդեն իշխանությունները կլսեն էլ, կտեսնեն էլ ու կհասկանան էլ իրենց անելիքը։
Վերջին նման ցայտուն օրինակը Սարգսյանն էր, ով նույնիսկ հյուրանոցում, Նիկոլի դիմաց նստած, դեռ չէր “տեսել, լսել ու հասկացել” իրավիճակը։ Եվ զգաց միայն, երբ արդեն բանը բանից անցած էր։
Նույնն էլ այս իշխանությունների դեպքում է լինելու։ Մարդկանց, ովքեր չհասկացան պադավատը վերացնելու անհրաժեշտությունը, չհասկացան կոնցեպտուալ ծրագրեր ներկայացնելու, իրենց խոսքով ու գործով հանրությանը որպես նորովի մտածող, լուրջ այրեր ներկայանալու անհրաժեշտությունը, որևէ բան ասել, ցույց տալ ու լսեցնել պետք չէ։ Միևնույն է, իրենք գնալու են իրենց իմացած ավանդականով՝ նախորդ հանցագործներին պրիմիտիվ զանցանքների վրա բռնացնելով։ Դա է իրենց մասնագիտական առաստաղը՝ “սինգապուրյանն” իրենցը չէ։
Խնդիրը նաև այն է, որ միայն կառավարության փոխվելով հարցեր չեն լուծվելու, պետք է ներհանրային հիմնարար դրվածքներ փոխվեն։ Իսկ դրվածքների մեջ էլ ամենակարևորը մեր արժեքայինն է՝ պադավատը, ծանոթին ու կաշառքն “օրինականացնող”, ստրկամտությունն ու ստորաքարշությունը քարոզող, մասնագետին անտեսող, մուղամը, կեղծն ու սրիկայականը փառաբանող ու անհատին նսեմացնող արժեքայինը։
Դեռ որ միակ պետական դեմքը, ով քայլ է արել այդ ուղղությամբ՝ առաջին տիկինն է։ Միայն նա է քաջություն ու կամք ունեցել ազդարարելու, որ իր շրջապատից որևէ մեկն այս կամ այն թեկնածուի, կամ նպատակի համար միջնորդական բարեխոսականներով չմոտենա, միևնույն է՝ մերժվելու է։
Իսկ ո՞ւր են մյուսները, ինչու չեն խոսում թե իրենց և թե նոր համակարգի անունից, որ այլևս մասնագիտականությունն է լինելու չափանիշը՝ ոչ ծանոթն ու կաշառքը։
Իհարկե չեն խոսելու, “խի մենք ով ենք”, որ մեզ հաշվետու լինեն, մեզ հետ նորմալ մարդկայինով խոսեն ու նորմալը կերտելու պարտավորություններ ստանձնեն։
Նիկոլով իշխանության գալը դրսևորվելու, արարելու, որպես անհատ կայանալու հնարավորություն էր, բայց Նիկոլով իշխանության մնալն արդեն այլ նպատակներ են ու այլ որակներ։
Նիկոլը մենակ այս “ախոռները” չի մաքրելու, մանավանդ որ դրանք դեռ շարունակվում են լցվել։ Ժողովրդավարություն ասածն էլ տարբեր բաղադրիչներ ու տաբուներ ունի տարբեր երկրներում ու տարբեր հանրություններում։ Մեր ժողովրդավարականի հիմնական բաղադրիչը պետք է լինի հանրայինի դեմ ծառացած տաբուների շարանը հաղթահարելն ու հետագայում դրանք անվերապահ մերժելը։ Պետք է այլևս չլսենք “խի ինքն ով ա-ն, ով էշ-ես փալանը, եղունգ ունես-գլուխդ քորին։
Ով պետք է այս ամենն անի՝ Նիկո՞լը։
Ոչ, մենք բոլորովս պետք է անենք։ Պետք է բոլորովս գիտակցենք, որ ցանկացած ներհանրային թուլություն առաջին հերթին սկսում է շահագործվել ներքին մակաբույծների կողմից, որի արդյունքում ջրի երես է ելնում որպես հարց լուծող, ապա և իշխանություն է դառնում հենց մակաբույծը։ Եվ մակաբուծելու միջավայրը պահելու համար էլ հենց նշված տաբուներն են պետք, որ մարդիկ ոչ թե դիմադրեն, այլ ընդօրինակեն սրիկայականն ու ձգտեն մակաբուծության։
Ինչ է, նորից դրա՞ն ենք գնում։ Եթե չենք գնում, ապա իջեք պադավատներից։
Ակնհայտ է, որ մեր պետական հարցերը շտկելու համար հինը մերժելու և նորը ներմուծելու ահռելի գործ կա արվելիք։ Հուսանք, որ աստիճանաբար, գոնե Նիկոլն ու առաջին տիկինն իրենց վրա կվերցնեն նոր արժեքային ներդնելու խնդիրը և նոր կառավարությունը կմեկուսացնեն ավանդականից։
Հոդվածում խոսքը սկսել էի Սինգապուրից, Շվեյցարիայից ու Իսրայելից, բայց նորից իջանք մեր իրականություն, ուր խնդիրները շատ ավելի դաժան են՝ ակնհայտ, բայց և դժվար լուծելի։
Փոքր երկրները մի մեծ առավելություն ունեն՝ նրանք կարող են մշակվել, կառավարվել, կարգավորվել ու խնամվել ինչպես ջերմոցը, եթե իհարկե այդ ուրույն ջերմոցի խնդիրները հասկանալու ու տիրապետելու ուղեղը կա։
Ջերմոցում ամեն պարամետրը ընտրված-պարտադրված է հօգուտ բույսերի ու ջերմոցային միջավայրի։ Իսկ ջերմոցային միջավայրն էլ արհեստական է՝ գիտականորեն հիմնավորված սկզբունքների ու տրամաբանությունների հիման վրա կերտված։
Քաղաքականի մակարդակում սույն նմանակումը որոշները նույնիսկ բռնապետական էլ կորակեն, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվի։ Հայաստանի թե տարածքը, թե տնտեսությունը և թե մարդիկ խնամք ու հոգատար վերաբերմունք են պահանջում։ Եթե գործից անտեղյակ՝ կապիտալիզմ թե սոցիալիզմ, ժողովրդավարություն թե բռնապետություն, ոչինչ չասող լոզունգներով ենք շարժվելու, ապա երկիրը, պետությունը չի կառուցվի։ Մեր առաջնային խնդիրը ոչ թե ժողովրդավարություն, այլ պետություն կառուցելն է։
Ինձ որ մնա, ես հասարակ, նորմալ, համեստ մարդ կերտելու և համակեցության հիմունքներ վերնագրով դպրոցական դասընթացներ կառաջարկեի։ Եվ որպես դասընթացի կարգախոս էլ կվերցնեի՝ պաշտպանիր արժանապատվությունդ թեկուզ զենքով ու կյանքի գնով թեզը։
Մեզ ժողովրդավարականից ու մարդու իրավունքներից հենց այդ պահանջն է պակասում, որպեսզի կարողանանք հաղթահարել իրեն փալանի տեղ դրած ու ամեն ստորության պատրաստ լկտիին։
Հիշենք, որ պետությունը կերտում են ուղեղով, “պլոճիկով”, “քթածակով”, հանդգնությամբ, սկզբունքայնությամբ, գիտելիքով, հեռատեսությամբ, շրջահայացությամբ, 3D տարածական աշխարհընկալմամբ։ Բայց ոչ երբևէ ծանոթով, պադավատով ու աչքակապությամբ։