Շուտով Երևանի նոր ավագանի ու քաղաքապետ ենք ունենալու։ Թե մեկը և թե մյուսը ձևավորվելու են նախորդ իշխանությունների պատվերով խզբզած տգետ, կամայական, իրականությունն աղճատող ու այլասերող սահմանադրությամբ:
Ցավոք, հետանկախական օրենսդրական այլանդակություններն այնքան շատ են, անթիվ ու անհամար, որ Փաշինյանը ո՞րը փոխի, ո՞րը պահի, և ո՞րն աղբարկղ նետի։ Դրա համար, երևի ստիպված, նոր կառավարությունը շարժվում է ըստ եղածի ու մտնում է այն արահետները, որոնք նորմալ պետության ու քաղաքի համար չեն նախատեսված, այլ նախորդ իշխանական ոհմակի։
Ես կարծում եմ, որ նոր իշխանությունները կարող էին չեղյալ հայտարարել վերջին սահմանադրական խեղկատակությունները և անցնել գոնե հին նման գրերից մեկին, ու քիչ թե շատ տրամաբանականով շարժվել։
Բայց դե հիմա արվում է այն, ինչ արվում է, և մենք էլ ստիպված ենք հետևելու պրոցեսներին, կատարելով ընդամենը թուղթն ընտրատուփ գցողի անարժանապատիվ դերը։
Ես կարծում եմ, որ նույնիսկ հիմա հնարավոր է գոնե մեկ կետ փոխել սահմանադրության մեջ և հայտարարել, որ քաղաքապետը ընտրվում է ավագանու ֆրակցիաների առաջարկությամբ ու քվեարկությամբ, բայց ոչ ավագանու անդամներից։ Չէ որ վարչապետի ընտրության դեպքում նման սահմանափակում չկա՝ նախագահն առաջարկում է իր ուզած թեկնածուին, որն անպայման չէ, որ պառլամենտի անդամ լինի։
Ըստ այդ փոփոխության, ակնհայտ է, որ քաղաքապետ պետք է ընտրվի մեծ փորձառությամբ մասնագետ մեկը՝ քաղաքաշինարար, կամ ճարտարապետ, կառավարման հզոր ձիրքով, հեռատես տնտեսվար, կազմակերպիչ ու մեգամենեջեր, որը բազմագիտակ է, հզոր ինտուիցիայով ու ինտելեկտով։ Որ քաղաքապետ պետք է լինի արտակարգ ունակությունների տեր մեկը, ով իր ձեռքբերումներով արդեն ապացուցել է, որ ունակ է քաղաք կոչված բարդագույն օրգանիզմը կառավարելու, շենացնելու ու զարգացնելու։
Նման մոտեցման դեպքում և ավագանին համերաշխ կմնա, և քաղաքն ու երկիրը կշահեն։ Ի դեպ, սկզբունքորեն ասած, հենց նման բան կատարվեց Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում՝ երբ վարչապետ ընտրվեց համակարգից ու արմատացած կուսակցական թիմերից դուրս մեկը։ Բայց դե ի՞նչ եմ ասում, ում վեջն է էությունը։ Ազգովի ձևերի մեջ ենք ու էդպես էլ կշարունակենք։ Դրա համար, անհույս ողջախոհության հաղթանակից, վերադառնամ բուն նյութին։
Ի նկատի ունենանք, որ ինչպես Հայաստանը մեր քաղաքական “ջերմոցն” է, որն ազգի պետական պաշտպանական ու կենարար միջավայրն է, նմանապես Երևանն էլ մեր տնտեսական-ինտելեկտուալ, մասնագիտական ջերմոցն է, որն ազգի մտավոր, մշակութային, կրթական, տեխնիկական ու ժամանակակից կյանքն է ապահովում։
Երևանը հանրապետության կեսն է ու երկրի դեմքը։ Եվ Երևանի քաղաքապետն էլ պետք է լինի այնպիսի մեկը, ով կկարողանա համաչափել հազար ու մի գործոն ու պայման, և այնպես անել, որ քաղաքը և մաքուր լինի, և արտադրող, և սպառող, և առաջավոր, և ուրախ, և երջանիկ, և հեռանկարային, և ունիկալ, և հյուրասեր, և գրավիչ, և հիշողություն, և սեր, և ապագա, և երազ, և հեքիաթ։
Ավելին, քաղաքը պետք է նաև երկրի տնտեսական ու քաղաքակրթական զարգացման լոկոմոտիվը լինի, որովհետև քաղաքն է եղել քաղաքակրթության հիմքը և այդպիսին էլ մնացել է մեր դարում։
Սովետական տարիներին Երևանը հավակնում էր հենց այդպիսին լինելու։ Բայց հետանկախական Երևանն արդեն որբի կարգավիճակում հայտնված՝ ոնց բորենիների երախներից բզկտված կիսակենդան մի օրգանիզմ է՝ խորթ ու հեռացած մեզանից։ Որին բոլորս ենք ճանաչում, հիշում, սիրում, բայց և անկարող ենք նրան տիրություն անել, վերակենդանացնել, փայփայել և մեր երազած քաղաքի հմայքը ետ բերել։
Ներկա պրոցեսների հետ կապված տեղին է շեշտել, որ քաղաքն իր էությամբ առավել ոչ “քաղաքականն” է երկրում։ Քաղաքը վերկուսակցական մի օրգանիզմ է, որն ապրում է իր ֆիզիկականով, ուրույն միջավայրով, ձևավորված ավանդույթներով, “բնավորությամբ”, անցյալով ու ներկայով և ամեն պահի էլ կերտում է իր վաղվա օրը։
Քաղաքապետի ընտրությամբ ազգովի մենք քաղաքի ապագայի ու ճակատագրի հարցի առջև ենք կանգնած։ Ու կախված նրանից, թե ինչպես կորոշենք, վաղը կունենանք համապատասխան արդյունքը։
Բոլորս էլ գիտենք, որ երկիրն էլ, քաղաքներն էլ ծանրագույն վիճակում են և եթե Փաշինյանը Հայաստանը պետք է կարգի գցի, ապա քաղաքապետերն էլ մեր մարդկային միջավայրը՝ քաղաքները պետք է մաքրեն մտավոր ու ֆիզիկական աղբից։
Նիկոլը հոյակապ վերցրեց իշխանությունը, բայց ոնց տեսնում եմ, ներկայում ընկղմվել է շրջապատողների պաշտոնեական անկարողության ու ոչ մասնագիտականության մեջ և տեղապտույտի է մատնվել։
Նույնը չպետք է կրկնվի քաղաքապետի դեպքում։ Եթե վերը նկարագրած փաստարկների ու տրամաբանության պահանջով ավագանուց դուրս մասնագետների չեն առաջադրելու, ապա թող առաջադրեն իրենց թեկնածուներին, դրանք էլ ներկայացնեն իրենց տեսլականները երևանցիներին, այո, երևանցիներին։ Եվ երևանցիները տեսնեն, իմանան, թե ով էր առավել արժանին, և արդյոք ավագանին նրան ընտրեց, թե ոչ։
Անհույս լինելով հարցերի վերանայման խնդրում, զուտ դյուրընթեռնման նպատակով, առաջին դեմքով ներկայացնեմ վերացական քաղաքապետի իմ պատկերացրած անելիքների շարքը։
1. Որպես առաջնային քայլեր ես տեսնում եմ հանրային միջավայրի վերակերտումը։
Դրա համար որպես քաղաքապետ, ես՝ խոստանում եմ՝
ա. ամեն օր, երեկոյան 5 րոպե /հատուկ Երևան ՏՎ ալիքով, որը եթե չկա, պետք է ստեղծվի քաղաքապետարանի միջոցների հաշվին/ հաշվետվություն տալ այդ օրվա իմ արածների վերաբերյալ։
բ. նաև շաբաթական կես ժամանոց անձնական և 5 ական րոպեանոց քաղաքապետարանի բոլոր բաժինների ղեկավարների հաշվետու ելույթներն ապահովել։
գ. օրվա մնացած ժամերին այդ ալիքով հեռարձակել քաղաքի, Հայաստանի, սփյուռքի երևելի մասնագետների ելույթներ՝ ամենատարբեր քաղաքակրթական հարցերի շուրջ, վեր հանել քաղաքաշինական ծրագրեր, առաջարկներ և քննարկել քաղաքի խնդիրները։
Այս մոտեցմամբ ես փոխելու եմ մեկուսացած երևանացիների ներկա անտարբեր, անխնա ու երբեմն էլ քրեական վերաբերմունքը Երևանին, որպես սեփական, հարազատ տան ու օրրանի ընկալման։
2. ա. Երևանի ավտոտեսչությանն իրավունք եմ վերապահելու ընդհուպ մինչև զենքի օգտագործմամբ /անպայման վիդեոների և այլ հարակից ապացույցներով/ փողոցային անկարգ ու լկտի վարորդներին պատժելու՝ տեղում՝ ըստ արարքի ծակելով- 1, 2, 3, կամ 4 անվադողերը ու կրկնվելու դեպքում մեքենան պետականացնելով և վարորդական իրավունքից էլ զրկելով։
բ. Երևանում արմատախիլ եմ անելու բեսպրեդելը։ Բեսպրեդել անողները խստագույն օրինականություն են ստանալու ինձանից՝ նախապես հայտարարված տուգանքների ու պատիժների սանդղակով։ Իմ ղեկավարած քաղաքում բեսպրեդել չի լինելու։
3. ա. Պառլամենտի և վարչապետի հետ համաձայնեցնելու եմ Երևանից դեպի Փարաքար ընկած քաղաքամերձ տարածքի կցումը Երևանին՝ որպես երևանապատկան հողերի։ Դրանում ճարտարապետների առաջարկությամբ առանձնացնելու եմ մեծ հողատարածք երևանայան նոր թաղամասի, և նոր հայրենադարձվողների մեծածավալ քաղաքաշինության համար։
բ. Այդ տարածքի համար հատուկ կառավարիչներ ու պատասխանատուներ եմ հրավիրելու սփյուռքից և հնարավորն եմ անելու, որպեսզի տարածքն ամբողջությամբ ու ավանը ևս, դառնան 21 դարի Երևանի նոր դեմքն ամեն առումներով։
4. Այդ տարածքով մեկ հայտարարելու եմ համասփյուռն հայության ներդրումների և բիզնեսի ազատ գոտի՝ մինիմալ ներդրումային ծրագիրն առնվազն $50 միլիոնի չափով։ Բայց պայմանով, որ ողջ շինարարական և ինժեներական -մենեջերական աշխատուժը լինի Հայաստանից։ Դրանով ինչ որ չափով լուծելու եմ Երևանում և Հայաստանում ցածր որակավորման աշխատատեղեր ստեղծելու հարցը և մի նոր, միջազգային նշանակության, մեծ IT տեխնոպարկ- մոլ֊զվարճության կենտրոններ – մեգապոլիս եմ կառուցելու։
5. Մետրոյի նոր գծերի կառուցում եմ ապահովելու Բարեկամությունից մինչև Աջափնյակ ու այնտեղից էլ դեպի այլ թաղամասերը և ընդհուպ մինչև օդակայան։
6. Այս նախաձեռնություններին զուգահեռ, քանի որ փոխվելու է Երևանի մթնոլորտը որպես հանգիստ, բարեկիրթ, քաղաքակիրթ և լավ խոհանոցով ու սպասարկամբ մեգապոլիսի, միջազգային հետաքրքրություն է առաջանալու և դրա հետ կապված զարգանալու է տուրիզմի ինդուստրիան՝ իհարկե մերժելով խաղատնային ու սեքս տուրիզմները և խթանելով բժշկական, ատամնաբուժական, այլևայլ մասնագիտական սպասակումների, ինչպես նաև ծերերի երկարաժամկետ խնամքի տուրիզմները։
7. Չափավոր տուգանքների մեխանիզմով Երևանում ապահովելու եմ կատարյալ մաքրություն, ձայնային ազդանշանների ու աղմուկի արգելում և բարձր երաժշտության քաղաքակիրթ նորմաների ապահովում՝ օրվա ընթացքում։ Իսկ երեկոյան 10-ից մինչև առավոտյան ժամի 6-ն էլ անդորրը խախտողների համար կիրառելու եմ սնանկացնող տուգանքերի մեխանիզմներ։
8. Երևանից արմատախիլ եմ անելու ռաբիսը, ցածրաճաշակն ու հետամնացը։ Հանրային կարծիք եմ ձևավորելու չտեսության, քաղքենիության ու ցուցամոլության դեմ։
9. Հնարավորն եմ անելու մետրոն քաղաքի ծայրամասերը հասցնելու համար։
10. Քաղաքային ռեսուրսների հաշվին վերականգնելու եմ էլեկտրատրանսպորտը՝ ժամանակակից տրանսպորտային նոր միջոցների, մոտեցումների ու ամենաառաջավոր տեխնոլոգիաների կիրառմամբ՝ մանավորապես էլեկտրական ավտոբուսների պարկերի ստեղծմամբ։
11. Քաղաքամերձ գոտիներում տարածքների նոր վերահաշվառմամբ բացահայտելու եմ հարմար տարածքներ բազմաբնակարան նոր շենքերի կառուցման համար և խթանելու եմ կառուցապատողներին դրանցում փոքր եկամուտով ընտանիքների համար էժան բնակարանների կառուցումը։
12. Մրցանակաբաշխությունների մեխանիզմներով պատմամշակութային կոթողների ու շենքերի վերականգնման, կանաչ գոտիներին ձևավորման, քաղաքաշինական արտակարգ առաջարկներ եմ կյանքի կոչելու։
13. Այս ամենն իրացնելու եմ իմ քաղաքապետ լինելու ժամկետում։
Իհարկե, քաղաքապետն անպայման աղբահանության ու ասֆալտապատման, կայանատեղիների կառուցման ու քաղաքի ֆիզիկական ու կենսական մթնոլորտը մաքրելու հարցերը պետք է լուծի։ Սոցիալական զգայուն խավերին արտոնություններ ու օգնություն ապահովելու և այլևայլ կենսական ու հումանիտար խնդիրներն էլ պետք է ապահովի։
Բայց քաղաքապետի առաջին խնդիրը պետք է լինի քաղաքակրթական որևէ աղբը բացասելը, քաղաքին ուրույն “համ ու հոտ” տալը, Երևանը աշխարհի լավագույն քաղաքների շարք տանելը, բարեկիրթ ու զարգացած երևանցի կերտելը։
Իմ ներկայացրածը սինթետիկ, չափազանցված ու անիրական թվացող ծրագիր է։ Բայց ես կարծում եմ, որ հենց բազմաթիվ նման և մասնավորապես մասնագետների առաջարկներով քաղաքապետի անելիքների բանկ-ցուցակ պետք է ստեղծվի, որպեսզի ներկա կուսակցական ֆունկցիոներները չփորձեն հնարել իրենց ոչ մասնագիտականը։ Բանկում եղածներից նրանք թող կազմեն անելիքների իրենց դուր եկած ցանկը և հիմնավորեն դրանք անելու մեթոդաբանությունը, ռեսուրսներն ու միջոցները։
Գոնե այս ձևով մենք, երևանցիներս, հայկական իրականությունը կուսակցական խաղահրապարակ սարքածներին կպարտադրենք անել գոնե տարրական անհրաժեշտը։