Մեր երեք նախագահները չբարձրացան արժանապատվության ու հանրային հարգանքի այն մակարդակի, ուր նրանց ազգանվամբ և պարոն նախագահ կկոչեին։ Հակառակը՝ իջան ու մեզ էլ փորձեցին կռացնել իրենց պլինտուսին։ Դրա համար այսուհետ ես օգտագործելու եմ նրանց անունները, ոնց ժողովուրդն է ասում՝ չվախենալով, որ մի նոր կուկու որևէ մեկիս կսպանի։
Եվ այսպես, դատարանի որոշմամբ, Ռոբը զուտ ֆորմալ, իբր սահմանադրական չափանիշով անձեռնմխելի է, և ենթակա չէ քրեական հետապնդման։
Մի կողմ թողնենք սույն բանաձևի ձևական կողմը՝ մեղադրանքի իրական համապատասխանությունը այդ նորմի պահանջին և փորձենք գնալ դեպի էականը՝ դեպի իրական օրինականության խնդիրները։
Հետանկախական 27 տարիներին ես չեմ հիշում գեթ մեկ դեպք, որ հարցը մեզանում լուծված լինի սկզբունքային օրինականության ոգով, այլ ոչ ձևականով։ Դրա հարյուրավոր օրինակները կան՝ սկսած բանտերն անմեղներով լցնելուց, վերջացրած զավեշտայինները՝ օրինակ, ընդիմությանը մայթով քայլեցնելը: Թվում է թե աննշան բան է՝ բերետ հագածն ասում է “քայլիր ըստ օրենքի”, այսինքն իր ուզածով ու արդյունքում, այդ փոքր թվացող պահանջով ընդդիմադիր բողոքի հավաքը վեր է ածվում, գունեղ ասած՝ ոչխարի հոտի:
Նույնը եղել է բոլոր հարցերում և բոլոր ասպարեզներում։ Եվ նույնը հենց հիմա է՝ նախորդ օրինազանցներին պատժելու հարցում։
Երկիր ավերողին, 3 միլիարդ իրական արժեքով Սևան-Հրազդան ահռելի հիդրոկասկադը իբր 100 միլիոն պարտքի դիմաց Ռուսաստանին նվիրողին, պահեստներում 100 միլիոնի հնեցրած կոնյակ ունեցած կոնյակի գործարանը իբր 30 միլիոնով, բայց փաստացի 1 միլիոնով ֆրանսիացիներին վաճառողին, Հայաստանի հանքերի մեծ մասն իրենով անողին ու չորս միլիարդի տեր դարձած Ռոբին որևէ հանցանքի մեջ անհերքելի բացահայտելն ու դատելն իբր շատ դժվար էր և ազգովի անպայման պետք է հայտնվեինք սահմանադրական-իրավական աբսուրդների թակարդում։
Հենց այս կարգի ձևական օրինականության արդյունքում էր, որ երկիրը դատարկվեց, թալանվեց ու ավերվեց, հայ մարդը սնանկացավ, ու իշխանության եկավ քրեական տականքը։
Փաշինյանի իշխանության գալով թվում էր, թե վերջ կտրվի ձևականին և վերջապես երկիրը կապրի նորմալով ու սթափ սկզբունքներով։ Բայց պարզվեց, որ նոր կառավարությունն էլ է անտարբեր իրավականի էականի հանդեպ և շարժվում է զուտ ձևականով։
Նիկոլն ինքը վարչապետ ընտրվեց Սերժի համար նախատեսված ու կեղծիքով վավերացված սահմանադրությամբ։ Լավ, հասկանալի է, որ այլ կերպ հնարավոր չէր, և հենց այդ սահմանադրությունն օգնեց Նիկոլին գալու իշխանության։
Բայց կառավարության հաստիքակազմը ևս կազմված ու ձևակերպված է նույն սահմանադրությամբ, ամբողջ երկրի նիստ ու կացն է ընթանում նույն սահմանադրությամբ։
Սահմանադրությունը Սերժի պատվերով ու Սերժի համար գրել են մի քանի պնակալեզներ։ Մի՞թե այսօր էլ՝ քաղաքական, տնտեսական ու հանրային քաոսի հորձանուտն ընկած ու անդունդ գլորվող մեր երկիրը պետք է կռապաշտի պես ենթարկվի արդեն որևէ տեր չունեցող, մարդկանց խեղած, ճակատագրեր կործանած թղթի կտորին, մարդատյաց իբր օրինականությա՞նը։
Ես հասկանում եմ, որ ֆորմալ առումով, բազմաթիվ հարցերի լուծումը նոր օրենքներ ու փաստացի նոր պառլամենտ են պահանջում։ Բայց հազարավոր կարևոր հարցեր կան, որոնք կարող էին լուծում ստանալ ու երկրին նոր կյանք հաղորդել հենց նոր կառավարության իրավասության շրջանակներում։
Վերցնելով գործադիր իշխանությունը, Նիկոլը կարող էր ռեֆորմները սկսել հենց կառավարությունից և հայտարարել՝
– որ ժողովուրդ, մենք շարժվելու ենք իրական օրինականով, բայց ոչ կեղծված օրենքների տառով,
– որ այսօր ես հրաման եմ արձակել՝ առաջին մի քանի դեմքերից բացի, մյուսների համար պադավատի վարորդի հաստիքները կրճատվում են։ Իմ կառավարության մարդիկ պետք է անվախ ման գան ժողովրդի մեջ և ծառայողական մեքենաներն էլ իրենք վարեն,
– որ ամբողջ երկրով մեկ, բացառությամբ առաջին մի քանի դեմքերի ապահովությունն ապահովելուց, օրենքից դուրս եմ հայտարարում թիկնազորերի ու թիկնապահների գոյությունը՝ ներառյալ իմ ենթականերինը,
– որ գործը կորցրած վարորդներն ու թիկնապահները կարող են անմիջապես աշխատանքի անցնել բանակում,
– որ իմ բոլոր ենթակաների համար վերացնում եմ խորհրդականների, տեղակալների ու օգնականների ինստիտուտը և ստեղծում եմ կառավարությանը կից կենտրոնացված մասնագիտական խորհուրդ, որում ամեն ուղղությամբ ներգրավված են լինելու մրցույթներով հաղթած երկուական մասնագետներ։ Եվ հենց մասնագետների օժանդակությամբ իմ նախարարները պետք է մշակեն ճյուղային նեղ խնդիրները և ներմուծեն աշխարհի ժամանակակից փորձը Հայաստան,
– որ կառավարական սպասարկման մեքենաների հատուկ պարկ եմ ստեղծելու, որը կենտրոնացված կարգով կսպասարկի կառավարության բոլոր պահանջներն ըստ նախարարությունների նախնական հայտերի։ Իսկ ավելացած մեքենաներն էլ հենց վաղը հատկացնելու եմ մանկատներին, ծերանոցներին ու այլ հանրային կարիքներին,
– որ այսուհետ իմ կառավարության ամեն անդամը շաբաթը մեկ, կառավարության ընդհանուր նիստին, ուղիղ եթերով, 5 րոպեանոց հաշվետվություն պետք է ներկայացնի իր արածի մասով, իսկ ես էլ 30 րոպեանոց հաշվետվությունս պետք է տամ ժողովրդին,
– որ մենք աշխատելու ենք թափանցիկ և իմ կառավարության որևէ անդամի սխալ վարքի, կամ մասնագիտական անհամապատասխանության ամեն դրվագը հանրությունը պետք է քննարկի ու հրապարակայնացնի, որ ի վերջո մենք իրոք նորմալ մարդկանցով ու մասնագետներով համալրվենք ու իրական գործ անենք,
– որ սրանից հետո ես ու իմ կառավարությունը երկրի առջև ծառացած այ էս, էս, էս հարցերն ենք հերթով լուծելու, էս-էս ժամկետներում, էս միջին աշխատավարձը, թոշակն ու կյանքի էս միջին մակարդակն ենք ապահովելու,
– որ մեր քաղաքացուց պահանջելու ենք չաղմկի, համը չհանի, իր շրջապատը մաքրի-շենացնի, ռաբիսից դուրս գա, նոր մասնագիտություն ձեռք բերի իմ ստեղծած վերամասնագիտացման դասընթացներում ու դառնա ժամանակակից, արարող մարդ,
– որ ես ու իմ կառավարությունը, գրված ու չգրված օրենքներով, արմատախիլ ենք անելու բեսպրեդելն ու տարատեսակ այլանդակությունները, որոնք սերմանված են եղել նախորդների օրոք ու դարձել են ազգային աղետ՝ բոլորիս համար,
– որ հնարավորն ենք անելու տնտեսության թռիչքաձև զարգացման համար, ցանկացած տնտեսական ու իրավական արտոնություն վերացվելու է մեր երկրում, և ապահովելու ենք հավասար իրավունքներ ու հնարավորություններ բոլորի համար,
– որ մերժելու ենք տգետին, զոռբային, սրիկային, մուղամբազին, անպիտանին, ձրիակերին, օրինազանցին, ու տեր ենք կանգնելու մարդուն,
– որ կառավարության բոլոր պարտավորությունների թվային, չափելի պարամետրերն ու գրաֆիկները ներկայացված են համացանցում և մենք հարյուր օրվանն ու կիսամյակը մեկ հաշվետու ենք լինելու բոլոր պարտավորությունների ու թվերի մասով։
Մի խոսքով, նման պարտավորությունների ահռելի շարք ուներ Նիկոլը հանձն առնելու, հանրային իրական ու ֆորմալ դաշտերը չափավորելու ու կարգավորելու համար։ Բայց դա չի արվել, եւ երկիրը մնացել է կեղծ օրենքների, կեղծ նորմերի, կեղծ արժեքայինի, կեղծ բարոյականության ու իրական օրինականության նորմերի արանքում։
Հնի և անորոշ նորի խառնուրդ դարձած ներկա փարիսեցիությամբ շատ դժվար է լինելու հետագա որևէ քայլը։
Իհարկե, թույլ տրված սխալներն ու թերացումները պահանջում էին կառավարությունից հաշվետվության փոխարեն միտինգ։ Եվ այդ միտինգը կկայանա, ու հերթական անգամ թև ու թիկունք կդառնա կառավարությանը։ Բայց դրանով խորքային, սկզբունքային, իրական հարցը՝ արդար ու արդյունավետ օրինականության ու ստեղծարար աշխատանքի անցնելու հարցը, չի լուծվելու։
Նաև, ոչ մեկը թող չմտածի, որ հնի ռեստավրացիայի վտանգը կա։ Չկա նման շանս։ Որովհետև նախորդ իշխանությունը զիջեց ոչ միայն Նիկոլի հզոր անհատականությանն ու միասնականացած ժողովրդի ճնշմանը, այլև, որովհետև այն փուչ ու փտած էր ներքուստ, հետագա գոյության որևէ ռեսուրսը չուներ, սպառվել էր հիմնովին ու մինչև վերջին արգումենտն ու “եթե”-ն։
Երեք նախագահները և մասնավորապես վերջինը, երկիրն ավերել ու իշխանությունն ու իշխանավորներին այլասերել էին այն աստիճան, որ այլևս հինը շարունակելու ոչ մի հնարքը չկար:
Դրա համար, երբ ասում ենք, թե Նիկոլը փրկեց մեզ Սերժից, իրականում պետք է ճշտենք, որ Նիկոլը երկիրը փրկեց ինքնահոս կործանումից։ Բայց և, դա բավարար չէ, որ հիմա Նիկոլին ներվեն ընթացիկ սխալները։
Իշխանությունը Նիկոլը որևէ մեկիս խաթեր չի վերցրել։ Դեռ պատանեկությունից, իր հավակնոտ էգոն է նրան մղել ընդդիմանալու, հետո ավելի ու ավելի վեր բարձրանալու իր հավակնությունների ու հակառակորդներին հաղթելու սանդղակով։ Հաղթելով ու ամրապնդվելով որպես հասարակական-քաղաքական գործիչ, Նիկոլը վերջում էլ Սերժին հաղթեց։
Դրա համար հազար փառք իրեն, բայց ոչ երբեք՝ անվերապահ՝ շնորհակալություն։ Որովհետև դա մոտավորապես նույնն է, որ հանդիսատեսը շնորհակալ լինի դերասանից։ Ոչ, հանդիսատեսը ծափահարող է, բայց շնորհակալ լինելը իր պարտականությունը չէ։
Նիկոլը ծնված է հավակնոտ, և ծնված է առաջնորդ լինելու։ Եվ արդեն իսկ երկրի առաջին դեմք՝ առաջնորդ դառնալն այն հատուցումն է, որ ինքը ստանում է իր բնածին ունակությունների ու ջանքերի համար։ Սակայն դա չի նշանակում, որ ինժեներ, ուսուցիչ, գիտնական, կամ չոբան ծնվածը կյանքով ու հավերժ պետք է պարտական լինի Նիկոլին իր արած մեկ մեծ քայլի համար և հանդուրժի հետագա անհաջողություններն ու ձախողումները։
Նիկոլը պետք է շնորհակալ լինի հարյուր հազարավորներից, որ եկան, կյանքը վտանգելով իրենց կամքը գումարեցին ընդհանուր գործին և հենց այդ միասնական հզորության հաշվին ինքը հաղթեց։
Բայց հաղթանակից հետո այլ վիճակ է ստեղծված՝ Նիկոլն ու իր մերձավորները դարձել են նոր իշխանություն, իսկ շարքային մասնակիցները, ոնց անգործ ու անլսելի էին երեկ, նույնն էլ են այսօր։
Հիմա հենց մասնակից շարքայինն է, որն անհատույց է և ապագայի հույսին է՝ այն դեպքում, երբ որևէ արդյունք չգրանցած ենթակաների մտքով չի անցնում զիջել ճոխությունները, հրաժարվել նույնիսկ ամենաչնչինից՝ մահմեդական վիզ կտրողներին հատուկ այլանդակ մորուքներից, որոնք աշխարհի ոչ մի այլ կառավարության մեջ չեք հանդիպի։
Շատերը Նիկոլի ու կառավարության հասցեին քննադատությունը ընդունում են որպես թշնամություն, այն դեպքում, երբ դա մեզ այնքան անհրաժեշտ քաղաքացիականություն է ու անշահախնդիր ծառայություն՝ հենց Նիկոլին։ Այլապես էլ ո՞վ, եթե ոչ մենք, շարքայիններս, պետք է ցույց տանք սխալները և տեր կանգնենք մեր բաժին իշխանությանը։
100 օր է կառավարությանը դիմում ենք չափավորության, համեստության, այլանդակ մորուքներից ձեռ քաշելու, պադավատից իջնելու ու լուրջ աշխատանքի անցնելու խնդրանքներով։ Բայց դիմացինները ոնց ականջ չունենան։ Այդ դեպքում, թող հաշվի առնեն, որ եթե իրենք ականջը չունեն մեզ լսելու, մենք էլ հավեսը չենք ունենա իրենց այլևս տեր կանգնելու՝ խոտորնակին խոտորնակ սկզբունքով։
100 օրդ օրն է։ Անարդյունք հանգրվան է, անորոշություն՝ թե նախորդներին պատժելու, թե արդյունքների ու թե նորերի մասնագիտական անհամապատասխանության հարցերով։
Որքան որ կարևոր է նախորդ հանցագործներին պատժելը, ոչ պակաս կարևոր է նորերի հաջող աշխատանքը։ Եվ այս նպատակներն ու անելիքները ժամանակի մեջ հերթի դրված չեն։ Դրանք զուգահեռ-համատեղ պետք է արվեն, և ամեն նախարարություն իր գործը պետք է անի։ Դեռ որ տեսել ենք միայն ԱԱԾ-ի բռնոցի-բացթողոցին, բայց բացակա են փաստարկված ու հիմնավոր ծրագրերն ու արդյունքները գրեթե բոլոր այլ ոլորտներում։
Դրա համար ես ասում եմ՝ կեցցե երկիրն անդունդից շեղած Նիկոլը, բայց ոչ կեցցե Նիկոլի անթրաշ ու ոչ մասնագետ կառավարությունը։
Կեցցե որպես առաջնորդ ծնված ու որպես այդպիսին արդյունքի հասած Նիկոլը, բայց ոչ կեցցե իրավական կեղծ դոգմատիզմի ճիրաններում հայտնված ու տեղում դոփող Նիկոլը։
Բարին ընդ մեզ։