Վարչապետի “հոբելյանական” հաշվետու հանրահավաքը շատ ավելի նոր հարցեր առաջադրեց, քան նախապես պատկերացնում էինք։ Մասնավորապես այն, որ մենք կանգնած ենք իշխանական ներկա կառույցի ներքին խորը հակասությունների և դրանց հաղթահարման խնդրի առջև։
Շատերին թվում է, թե Փաշինյանի վարչապետ դառնալով իշխանության գոնե գործադիր թևն արդեն գտնվում է իր ձեռքին։ Իրականում դա այդպես չէ, որովհետև վարչապետը պարտավոր է շարժվել Սերժի համար նախատեսված կեղծ սահմանադրությամբ, որի կազմողները ամեն կերպ ձգտել են այնպես անել, որ առավել հարմար լինի “շեֆին”, բայց ոչ հաջորդին։
Եթե կարդանք սույն թվի մարտի 23-ին ընդունված ՀՀ կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին օրենքը, ապա կպարզենք անթիվ – անհամար “տարօրինակություններ”։ Օրինակ նրանում չկա որևէ ոչ ֆորմալ դրույթ, ըստ որի հնարավոր է վարչապետին պաշտոնազրկել պարտականությունները չկատարելու դեպքում։
Զարմանալիորեն, կարևոր հարցերով թույլ է տրված, որ վարչապետը խուսափի պատասխանատվությունից՝ հարցերը դնի քվեարկության, բայց և իր ուզածով վարվի ու որևէ անձնական պատասխանատվություն չկրի աշխատանքների տապալման դեպքում։ Ավելին, վարչապետն իրավունք ունի գաղտնիության պատրվակով չհրապարակել աշխատանքների իր ուզած հատվածը, և դռնփակ անել նիստերը, որ հանրությունը որևէ կերպ քիթը չխոթի կառավարական գործերի մեջ։
Ուղղակի զավեշտալի են վարչապետի հրաժարականի պայմանները; Ստորև ներկացնում եմ դրանք ամբողջապես. http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=120915
Հոդված 6. Կառավարության հրաժարականը
- Սահմանադրության 158-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի, Կառավարությանը վստահություն չհայտնելու, Կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
- Վարչապետը պարտավոր է հրաժարական ներկայացնել հետևյալ դեպքերում.
1) նա կորցրել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կամ ձեռք է բերել այլ պետության քաղաքացիություն.
2) նա խախտել է սույն օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները:
- Համարվում է, որ վարչապետի պաշտոնը թափուր է այն դեպքերում, երբ՝
1) վարչապետը մահացել է.
2) վարչապետի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ.
3) վարչապետին անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչելու մասին դատարանի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:
- Եթե վարչապետն իր նշանակումից հետո` հնգօրյա ժամկետում, Հանրապետության նախագահին չի առաջարկում Կառավարության անդամների թեկնածուների առնվազն երկու երրորդին, ապա համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել։
Ինչպես տեսնում ենք, հաշվի է առնված նույնիսկ վարչապետի փախուստը երկրից կամ անհետանալը, բայց բացակայում է ընթացիկ աշխատանքի ձախողման համար որևէ պատասխանատվությունը։
Կառավարության որոշումների ընդունման կարգը նկարագրող 11 հոդվածից տեղեկանում ենք, որ կառավարության փաստացի բոլոր որոշումներն ընդունվում են քվեարկությամբ։
Եթե փորձենք այս աշխատակարգի հիման վրա ի մի բերել վարչապետի ու կառավարության անդամների փոխհարաբերությունների հարցը և առհասարակ պատկերացում կազմել ՀՀ կառավարության աշխատանքի սկզբունքների մասին, ապա կհանգենք տխուր եզրակացությունների։
1. Վարչապետն ունի կամայական լիազորություններ և ոչ մի պատասխանատվություն։
2. Աշխատանքը ձախողած վարչապետին պաշտոնից հեռացնելու ոչ մի լծակ գոյություն չունի, բացի հրաժարականից կամ էլ դատարանի վճռից։ Իսկ թե ով և ինչ հիմքով կարող է դիմել դատարան՝ վարչապետի հեռացման պահանջով, հայտնի չէ։
3. Վարչապետի ու կառավարության որոշումների ընդունման՝ քվեարկություն ենթադրող մեխանիզմն աբսուրդային է թե ժողովրդավարության և թե կառավարման տեսության տեսակետից։ Բանն այն է, որ ժողովրդավարական իշխանական կառավարումը ենթադրում է իշխանական տարանջատ և ուղղակի մանդատով օժտված, ընտրված իշխանական երեք թևեր՝ օրենսդիրը /ընտրովի խորհրդարանը/, իրավականը /ընտրովի դատավորները/ և գործադիրը/ ընտրովի նախագահը/։ Դրանցում աշխատանքի տարբեր սկզբունքեր են ներառված՝ քվեարկությամբ մեծամասնության կարծիքի հաշվառմամբ օրինաստեղծություն, դատավորի ու նախագահի միանձնյա կամոք որոշումների կայացում։ Սա իշխանական թևերում կառավարմանը հատուկ դրվածք է, ու չի կարող այլ կերպ լինել։
Ներկա պայմաններում, ՀՀ նոր սահմանադրությամբ վերացված է գործադիր իշխանության ուղղակի մանդատը, դատական իշխանությունն էլ ամբողջապես է նշանակովի՝ նախագահի, խորհրդարանի, կառավարության և նույնիսկ հենց դատավորների արհեստական խորհուրդների կողմից /տես 166 և հետագա մի քանի հոդվածները։ http://www.parliament.am/parliament.php?id=constitution#7 /
Փաստացի միակ ուղիղ մանդատ ունեցող իշխանական ճյուղը խորհրդարանն է։ Բայց եթե սթափ նայենք, ապա խորհրդարանն էլ ուղիղ մանդատով չի ընտրված, որովհետև ընտրվել են ոչ թե հանրությանը հայտնի քաղաքական դեմքեր, այլ “կուսակցական” ցուցակներ, որոնք էլ ձայներ են հավաքել թաղային հեղինակությունների ընտրական “ակտիվության” շնորհիվ։
Հիմա արդեն, երկիրը ծայրահեղ անդունդը մտցնելուց հետո, պետք չէ ինքներս մեզ խաբենք։ Նման ընտրակարգով ընտրություն անելիս առաջնային խնդիրը ընտրողի կաշառք վերցնելը չէ, այլ հարցը՝ թե ում ենք ընտրում և ինչպես ենք ընտրում։ Մենք ընտրում ենք չկայացած կուսակցությունների չկայացած կուսակցականներին, հանրայնորեն անհայտ կուսակցապետի կազմած կամայական ցուցակներում նշված անհայտ մարդկանց։
Այսինքն, մենք ունենք իշխանություն, որն ամբողջովին և բացարձակապես կապ չունի հանրության քվեի, կամքի ու շահի հետ։ Այն ոչ թե ընտրված է, այլ իր բոլոր օղակներով նշանակված-սարքված նախորդ վերին իշխանավորների ու նրանց շրջապատի մի բուռ հարց լուծողների կամքով։
Բացի իշխանակազմման վերը նշված այլանդակությունից, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչ է նշանակում և ինչ հետևանքների կարող է հանգեցնել քվեարկությամբ կառավարական որոշումների կայացումը։ Որովհետև այն հենց այս պահին ուժի մեջ է նոր կազմված Փաշինյանի կառավարության համար։
Խորհրդարանական մի հայտնի երևելի բողոքել էր, թե Փաշինյանը պարտադրում է, որ կառավարության որոշումներն ընդունվեն միաձայն, դա որակելով որպես վարչապետի կամայականության դրսևորում։
Բայց հարցն այն է, որ վարչապետը երկրի գործադիր ղեկավար-կառավարիչն է, և նա պարտավոր է միայնակ, օպերատիվ և իր հայեցողությամբ ընդունել որոշումները և միայնակ էլ կրել պատասխանատվությունը։ Սա է գործադիրի էությունը՝ այն չի կարող իր գործը վարել քվեարկություններով։
Գործադիրը նույնիսկ տեսականորեն կոլեգիալ չի կարող լինել։ Այն կառուցված է միանձնյա կառավարիչների համակարգի ձևով՝ վերից վար։
Քվեարկություններով գործում է խորհրդարանը, որը ոչ թե որոշումներ է ընդունում, այլ օրենքներ։ Օրենքները որոշումներ չեն, այլ երկրի, պաշտոնյաների ու բոլորի համար վարքի, սկզբունքների և պատասխանատվության նորմեր, որոնք հրատապ չեն և երկարաժամկետ օգտագործման համար են։
Հենց այդ պատճառով էլ, խորհրդարանն աշխատում է քվեների մեծամասնության սկզբունքով՝ ընդունված է համարվում այն օրենքը, որը ձեռնտու է մեծամասնությանը։ Խորհրդարանը սուբյեկտ չէ, և այն, սկզբունքորեն ասած, իր ընդունած օրենքի համար պատասխանտու չէ։ Իսկ վարչապետն անձնապես է պատասխանատու իր բոլոր քայլերի համար։ Դրա համար կառավարության աշխատակարգում քվեարկության պահանջը հակատրամաբանական է։
Ներկա պահին քաղաքագիտության մեջ միարժեք գնահատական չկա վարչապետական կառավարման մանրամասների մասին։ Մասնագետների հակվածությունն է, որ ավելի ռացիոնալ է մեծ իրավասությունների համատեղումը վարչապետին հեշտությամբ պատասխանատվության կանչելու մեխանիզմների հետ։
Իսկ մեր դեպքում ոչ մեկը կա, և ոչ էլ մյուսը։
Կառավարությունը վարչապետի՝ ոչ միայն տարբեր ասպարեզներում գործելու աշխատանքային լծակն է, այլև խորհրդակցական մարմինը։ Վարչապետը լսում է նախարարներին ոլորտային հարցերն առավել խորը հասկանալու և պատկերացնելու համար։ Բայց պետական նշանակության բոլոր հարցերի պատասխանատուն միայնակ ինքն է և որոշումներ կայացնելիս նախարարների քվեարկությունն ուղղակի աբսուրդ է։
Եթե նույնիսկ մեկ նախարարն է դեմ քվեարկում, նա փաստացի ընդդիմանում է որոշում կայացնելու մանդատ ունեցող սուբյեկտին՝ վարչապետին։ Այդ դեպքում խնդիրը ոչ թե քվեարկությունն է, այլ տվյալ նախարարի հրաժարականը։ Որովհետև ինքը չէ որոշումների ընդունման պատասխանատուն և իրավունք չունի խոչնդոտելու վարչապետի աշխատանքին։ Նախարարները կարող են մինչև հարցի քննարկումը վարչապետին ուղղորդել և իրենց անհամաձայնությունը հայտնել, բայց նրանք չպետք է քվեարկեն ու դրանով իսկ վարչապետին դնեն անելանելի վիճակի մեջ։
Եվ վարչապետն էլ ոչ թե քվեարկության պետք է դնի հարցերը, այլ հարցնի, թե արդյոք առարկություններ կան, թե ոչ։ Եթե կան իրատեսական առարկություններ, ապա վարչապետը կարող է ուղարկել հարցը մասնագիտական խորհուրդներին՝ առավել խորը վերամշակման, կամ էլ կարող է առարկություններն անտեսել ու որոշումը միայնակ ընդունել։
Կառավարության աշխատակարգում օրենքով քվեարկության մեխանիզմ մտցնելը իրավական ու քաղաքագիտական կարճատեսություն է և վարչապետի ռացիոնալ աշխատանքի արգելք, որը պետք է անհապաղ վերացվի։
Հարկ եմ համարում Փաշինյանի հրապարակային հաշվետվության մեջ բարձրաձայնված մեկ այլ՝ ուղիղ ժողովրդավարության գաղափարի մասին էլ կարծիքս ներկայացնել։
Վարչապետը հույս ունի, որ նման կառավարումը մեզ համար ամենաարդյունավետն է, և կարող է նույնիսկ որպես նորություն էլ դիտվել ժամանակակից քաղաքական աշխարհի կողմից։ Դա իհարկե հնարավոր է, բայց միայն մեկ դեպքում՝ եթե երկրում ու աշխարհում անտիկ աշխարհի ու քաղաքակրթության պատմությանը տեղյակ ոչ մի մարդ չլինի։
Իրոք, ես օրինակ պատմաբան չեմ, բայց գիտեմ, որ հրապարակային ուղիղ քվեներով՝ կավե սալիկների վրա ֆիքսված ժողովրդավարությունը, որը կար Հին Հունաստանի քաղաքներում, իրեն որևէ կերպ չարդարացրեց, քանի որ գործադիր որոշումների կայացման համար այն ուղղակի էֆեկտիվ չէր։
Օրինակ, օստրակիզմի գործառույթի մոտ 80 տարիների ընթացքում հայտնի է ընդամենը 15 օստրակիզմի ենթարկված անձ։ Եվ դա օրինաչափ է՝ մարդիկ գրագետ չեն քաղաքականում և ունակ չեն անհատական օբյեկտիվ որոշումների կայացման, եթե չկան արտաքին կողմնորոշիչ կարծիքներ՝ հեղինակավոր անձանցից։
Նույնիսկ երկար նախապատրաստված ընտրություններին մարդիկ դժվարանում են կողմնորոշվել այս կամ այն թեկնածուի հարցում։ Ինչպե՞ս է վարչապետը պատկերացնում հրապարակային ժողովրդավարությունը հենց հրապարակում, հանպատրաստի հարցերի շուրջ՝ աչքաչափով, բարձրացրած ձեռքերի քանակով, աղմուկով, սուլոցներով, ծափահարություններո՞վ։ Նման գաղափարը ծայրաստիճան անլուրջ էր ու նսեմացուցիչ մեզ բոլորիս համար։ Անվայելուչ է նման հրապարակային թեզերով 21-րդ դարում թե մեզ և թե աշխարհին ներկայանալը։
Իսկ եթե վարչապետն ի նկատի ունի շվեյցարական ոճի հանրային կարծիքի հանրաքվեների՝ հարցումային մշակույթը, ապա դա քաղաքացիական շատ բարձ որակ է պահանջում, որը չեմ կարծում, թե մեզանում որևէ կերպ առկա է։
Իր միահեծան ու խելահեղության հասնող սահմանադրական փոփոխություններով Սերժը Հայաստանը դրել է ծանրագույն կացության մեջ։ Նախորդ իշխանությունների բեսպրեդել այլանդակություններին գումարվել են նաև այս սահմանադրության աբսուրդները։
Ներկա պահին երկրում փաստացի չկա ոչ մի օրինական իշխանական մարմին։ Պառլամենտը գիտենք ինչպես է ընտրված, դատավորները՝ ինչպես, վարչապետն էլ ինչպես։ Ու այս ահավոր ֆանտասմագորիայի մեջ ժողովուրդը ներկա է եղել միայն հրապարակում, Փաշինյանի կողքին, բայց ոչ երբևէ՝ իրավունքի տիրոջ կարգավիճակում։ Ու նման “օրինականության” պառլամենտականներն այսօր սպառնում են երկիրը նորից քաոսի մեջ մտցնել, ինչ է թե իրենց չեն տեսնում հետագա “հարց լուծողների” շարքում։
Ծանրագույն վիճակ է։ Եվ լուծումը ոչ թե հիմա էլ դեպի ՔՊ, կամ ԵԼՔ նորերի ու հների առնետավազքով ընտրությունների գնալն է, այլ բոլորի սթափվելը, սեփական արժանապատվությանը հաշիվ տալը, թե ինքն ի՞նչ գործի է։
Մեզանում դեռ չկան նորմալ կուսակցություններ ու չեն էլ կայանա մոտ ապագայում։ Հետևաբար, չեղած կուսակցություններով կուսակցական նոր ընտրությունների գնալը երկիրը հաստատ կկործանի։
Դրա համար, որպես ելք իրավիճակից, պետք է հայտարարվի նոր սահմանադրության անցնելու մասին։ Շատ սեղմ ժամկետներում, բոլոր երեք իշխանական թևերի առաջնային մանդատով ուղղակի ընտրություններ ու նախագահական կառավարման համակարգ ենթադրող նոր սինթետիկ սահմանադրություն պետք է գրվի ու հանրաքվեով անցում արվի դրան, ասենք ոչ ուշ, քան կես տարվա ընթացքում։
Այդ ընթացքում, մինչև նոր սահմանադրության անցնելը, վարչապետի խոստումով պետք է դադարեցվի նախորդ հանցագործների բռնոցի-բացթողոցին և զուգահեռաբար արձակվի անիմաստ դարձած խորհրդարանը։ Այս պայմաններում իրական աշխատանքի փոխարեն շարունակաբար նախորդներին իբր պատժելով զբաղվելն ու ողջ երկիրն ու կառավարությանը դրանով զբաղեցնելն ինքնակործան կլինի։
Մենք ազգովի պետք է հաղթահարենք այն անդունդը, որի մեջ հայտնվել ենք նախորդների ու մասնավորապես Սերժի հիվանդ հակումների պատճառով։ Դրա համար պետք է գոնե ժամանակավորապես կանգ տալ քաղաքական դիրքեր գրավածների փոխադարձ թշնամանքին ու գնալ ռացիոնալ, իրատեսական ու ճգնաժամը հաղթահարող լուծումների։