Ըստ օրացույցի 2018 թվականն է, բայց հայկական հարցերին առնչվելիս տպավորություն է ստեղծվում, որ դեռ միջնադարում ենք։ Վարչապետն ասում է, որ մեր շրջապատում ոչխարի ու ոչխարի մսի անսպառ պահանջ կա՝ ոչխար պահեք ինչքան ուզում եք, մենք էլ որպես կառավարություն, ամեն ինչով կսատարենք էդ գործին։ Բայց մյուս կողմից էլ, վարչապետը երևի մոռացել է, որ վաչկատուն ցեղերը վաչկատուն էին հենց ոչխար պահելու պատճառով։
Ոչխարը ուտում վերջացնում էր տվյալ տարածքի սարերի ու արոտավայրերի խոտը, ամայացնում դրանք ու խաշնարածն այլ ելք չուներ, քան վաչկատուն դառնալն ու հարևանների արոտավայրերը գրավելը, որ իր ոչխարին արածեցնի։ Ու տեղանքը ամայացնելու ոչխարի այդ տարօրինակ հատկության հիմքն էլ է հայտնի։ Բնությունը ոչխարին օժտել է ատամնաշարից դուրս ցցված հզոր կտրիչ առջևի ատամներով։ Եվ հենց այդ ատամների հաշվին ոչխարը ոչ միայն խոտի վերգետնյա կանաչը, այլև արմատն էլ է կրծում։ Եվ արդյունքում, ոչխար արածած սարում խոտն «այնքան էլ լավ» չի աճում։ Ու մի քանի տարի նույն արոտավայրում ոչխարի արածելուց հետո տեղանքն ամայանում է ու սկսում էրոզիայի ենթարկվել։
Էնպես որ, մեր հարևանները, որոնք ոչխարի մսի մեծ սպառում ունեն, ոչխար քիչ են պահում ոչ թե որ տգետ, կամ անխելք են, այլ որովհետև շատ լավ գիտեն ոչխար պահելու գինն ու հետևանքները։ Բայց դե մեր դեպքում դա էլ գործոն չէ՝ դեռ անցյալ տարի մարդ էինք արտահանում։ Ու հիմա, եթե ոչխարի արտահանման անցնենք, դա էլ նվաճում է։
Ոչխարներից անցնենք ջրին ու ջրօգտագործման հարցերով կառավարության նիստին։ Սևանից ջրի բացթողումների հարցն էր։ Այն հարցը, որ նույնիսկ մեր հայրերի ու պապերի սերնդի համար է ամենալուրջը եղել։ Բայց իրենք իրենցն են արել՝ Սևանն իջեցնելու հաշվին տնտեսություն են կարգի գցել։ Ես Սևանի մասին առաջին մանկական հիշողությունը դեռ 1950-ականների սկզբներից ունեմ, երբ կղզին դեռ կղզի էր, ավտոյի ճանապարհն էլ կողքի բլուրների վերևով էր գնում։ Հիշում եմ նաև, որ տարիներ անց բոբիկ ոտքերով, սաղր ջրով կղզի եմ անցել։ Հետո արդեն բազմիցս մեքենայով եմ կղզի գնացել, նույնիսկ հանգստյան տանը մնացել ու գիշերով, թոռով կողակ բռնել։ Բայց այսօր արդեն Սևանի էկոբալանսների, ջրի ծաղկման հարցն է օրակարգում, փոքր ՀԷԿ-երի ջրօգտագործման վայրի մեթոդների, Արփա-Սևան թունելի անմխիթար վիճակի ու Որոտան-Կեչուտ թունելի երբևէ օգտագործված չլինելու հարցերը։ Ու երբ այս ամենին գումարվում են Արարատյան դաշտում արդյունաբերական ձկնաբուծության հետևանքով արտեզյան ջրերի մակարդակի աննախադեպ իջեցման, Սև ջրի հոսքի կտրուկ անկման հարցերը ու կողքից էլ իմանում ես մեկ ընտանիքի՝ ամուսնու ու կնոջ, ջրային ոլորտում և որոշող, և սպառող լինելու փաստը, նորից կարիք է առաջանում ճշտելու ժամանակն ու դարը։
Մտքումս ճշտում եմ դարն էլ, ժամանակն էլ ու սթափվում այն գիտակցությունից, որ դարն իր տեղում է, ուղղակի մենք ենք ժամանակից ետ ընկածը։ Որ նախորդ իշխանությունները ոչ միայն անխնա մարդ, ձուկ ու հանք են արտահանել, այլև երկիրն ու անտառներն են ավերել, Արարատյան դաշտի տակի նույնիսկ ջուրը չորացրել։
Նոր կառավարություն է կազմավորվել, բայց հիմա էլ մասնագետը չկա, որ կառավարությանն իրական անելիքները հուշի ու օրինակ ասի՝ որ տղերք, կաթիլայինով մեծ տարածքները չեք ջրի։ Դրա համար ոչ էդ գործի մասնագետներին ու ոչ էլ դրա գլուխ բերման ռեսուրսները չունեք։ Որ ավելի լավ է կառավարության հաշվին գյուղինստիտուտ ավարտած հիդրոմելիորատորների վարձեք, որոնք հողի առանձնահատկություներից ու աճեցվող բուսատեսակի պահանջներից ելնելով, Արարատյան դաշտի բոլոր հողակտորների ջրման, վարի ու ցանքսի օպտիմալ սխեմա-քարտեզները կգծեն ու անվճար կտրամադրեն գյուղացիներին։ Ու միայն դրանով ջրի ծախսը մի քանի անգամ կկրճատվի ու Սևանի հարցն էլ շատ ավելի թեթև կլուծվի։ Բայց հիմա, այս երազներից դուրս, ես չգիտեմ, թե արդյոք կառավարությունում որևէ մեկի ականջին կհասնի, եթե այդ մասնագետն իրոք գա ու ասի, որ տղերք, կախված թեքությունից, հողի ջրաթափանցությունից ու մշակվող բույսից, հողակտորների վրա մարգի/ակոսի երկարությունը երբեմն երկու-երեք անգամ է պետք կրճատել ու այդ դեպքում ջրի ծախսն էլ այդքան անգամ է կրճատվելու։ Որ եթե լրացուցիչ առուների առավել մանրամասն ցանց կարգի գցվի, ապա ջրի պրոբլեմ երկրում առհասարակ չի լինի։ Որ ջրային ոստիկանություն է պետք հիմնել, որ տեղական լկտիների/զոռբաների դեմն առնվի։
Սրանք այնքան պարզ հարցեր են, որ խոսելն էլ է անհարմար, բայց դե… Ոռոգման ջրի հետ սերտորեն կապված է նաև որևէ նորմա ու սկզբունք անտեսող ձկնաբուծության հարցը։ Թվում էր, թե ընդամենը ենթաօրենսդրական ակտով կառավարությունը կարող էր Արարատյան դաշտում արգելել ոչ փակ ջրօգտագործմամբ ձկնաբուծությունը։ Բայց դա չի արվում, հարցն էլ չի ուսումնասիրվում պատշաճ խորությամբ։ Մեկ այլ աղբյուրից տեղեկանում ենք, որ Արարատյան դաշտում մոտ 3500 հեկտար ընդհանուր մակերեսով 250 ձկնաբուծարաններ կան, որոնցից դեպի Արաքս է հոսում վայրկյանում 58 խորանարդ մետր ջուր։ Հայաստանի տարեկան ջրային հաշվեկշիռը մոտ 18, 5 միլիարդ կուբոմետր է, որի հիմնական մասը գոլորշիանում է և միայն 7,1 միլիարդն է դառնում մակերեսային հոսք, որը մասնակի ներծծվելով, ստորգետնյա և վերգետնյա՝ գետային հոսքերով հոսում է դեպի Արաքս։
Եվ այդ ամբողջը տարեկան, գումարային կտրվածքով կազմում է մոտ 220 խմ/վայրկյանում միջին հոսք։ Ըստ վերը նշված՝ ձկնաբուծարաններից արտահոսքի, ստացվում է, որ Հայաստանի մաքուր ջրի քառորդից էլ ավելը օգտագործում են ձկնաբուծարանները՝ ընդամենը 5000 տոննա ձուկ արտադրելու համար։ Եթե մոտավոր հաշվենք, որ ձկան կիլոն դրսերում էլ մոտ 5 դոլար է, ապա կստանանք, որ 25 միլիոն դոլարի արտադրանք տալու համար մենք ծախսում ենք երկրի ջրի 25 տոկոսը։ Հզոր, ապշեցուցիչ, ֆանտաստիկ, ազգակործան բիզնես է։ Եթե ասվածին ավելացնենք մոտ 250 փոքր ՀԷԿ-երի տերերի կամայական ջրառն ու շրջակա գյուղացիներին ջրից զրկելու պրակտիկան, ապա կարող ենք պնդել, որ անհաշվենկատ ձկնաբուծությունն ու փոքր ՀԷԿ-երի բեսպրեդելը լեռնարդյունաբերությունից ոչ պակաս երկիրն ապականող ու ամայացնող են, գումարած դրան, նաև մարդկանց երկրից արտաքսող։
Նախորդ իշխանությունները «դաբռո» են տվել բանդիտներին իրենց ուզածն անելու, որի արդյունքում երկիրը բզկտվել ու այլանդակվել է ամենաանսպասելի ձևերով։ Իր տնտեսական քաղաքականության մասին ելույթում Փաշինյանը թեթևակի անդրադարձավ հարկային արտոնություններով ներդրումների ներգրավմամբ տնտեսական ուղղորդված քաղաքականության հարցին։ Բայց տնտեսական թռիչքաձև զարգացման այլ երկրների փորձ-օրինակները հուշում են, որ միայն հարկային գրավչությունը բավարար չէ արագ զարգացման համար։
Կառավարությունը հարցերը պետք է կարգավորի շատ ավելի խորը, ինչպես օրինակ Սինգապուրում է արվել, Կորեայում, Չինաստանում ու Ճապոնիայում է արվում։ Իհարկե այդ երկրների հզոր զարգացման հարցում մեծ դեր են ունեցել հզոր ուրբանիզացիան, տնտեսական խորը կոոպերացիան, շուկաներ մտնելու ու նրանցում մասնաբաժին ձեռք բերելու մանրակրկիտ ծրագրերը, մոտեցումներն ու հատուկ տնտեսական պրոտեկցիոնիստական մեթոդները։ Բայց և, բոլոր դեպքերում էլ, շատ մեծ է եղել հենց կառավարության դերը։
Սովետական տարիների Հայաստանում փոխկապակցված տնտեսական հզոր օղակներ են եղել՝ հանքարդյունաբերություն, պղնձի ու ոսկու արդյունաբերություն, ոսկերչություն, հոսանքալարերի արտադրություն, էլեկտրական շարժիչներ, հաստոցներ, գեներատորներ։ Պղնձալարերի համար ռետինների ու պլաստմասսաների արտադրություն, հարակից Նաիրիտն է եղել իր բոլոր արտադրատեսակներով։ Ակնհայտ է, որ հիմա ներհայկական նման խորը փոխկապակցված բազմատոննաժ տնտեսությունն անհնար է ու անիմաստ էլ։ Բայց և, արտահանմանը միտված անասնաբուծությունը, ձկան ու ոչխարի արտադրությունն ու փոքր ՀԷԿ-երով ջուրը գյուղացուց վերցնելը ոչ միայն լավագույնը չէ, այլև կործանարար կլինի երկրի համար։
Կառավարությունը պետք է գոնե ընդհանուր պատկերացումներ ունենա աշխարհքաղաքական տնտեսագիտության մասին. չունի այն։ Կառավարությունը պետք է երկրի տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականն ունենա. չունի այն։ Հայաստանն ունի մայրաքաղաք Երևանը, որն աշխատուժի խտության հաշվին կարող է գիտաարտադրական հզոր կենտրոն դառնալ, եթե դրան անցնելու մանրամասն տնտեսական ծրագրավորողն ու ապահովողը լինի։ Վարչապետը տնտեսագետ ու տեխնոկրատ չէ։ Բայց իր խոսքից նկատելի էր, որ ընդունակ է հասկանալու և ըմբռնելու տնտեսական հարցերը։ Կառավարության խնդիրը պետք է լինի լուրջ մասնագետների ներգրավումը երկրի շենացման գործին և կողքերից եկած կարծիքներին ականջալուր լինելը։ Եվ մի խիստ կարևոր հարցի մասին էլ։
Հայաստանում երբևէ կապիտալիզմ չի եղել։ Եղել է պրիմիտիվ ֆեոդալիզմ, որը դեռևս խորն է նստած մեր արժեքայինում։ Սովետական ժամանակաշրջանում էլ, արտադրական ձեռներեցություն, որպես այդպիսին, չի եղել։ Փաստացի մեր արժեքայինում բացակայում է ստեղծարար ձեռներեցությունն ընդհանրապես և կապիտալիստական ձեռներեցությունը մասնավորապես։ Նման պայմաններում, նախորդ բեսպրեդելից հետո, մարդիկ անկարող են «մեկ օրվա մեջ», առանց վերապատրաստման ու նոր կյանքի սկզբունքների տեսականն իմանալու, ձեռներեց ու «գործ դնող» դառնալ։ Մարդկանց աշխատանքով է պետք ապահովել։
Կառավարությունը պետք է ուրույն ձևեր գտնի աշխատատեղեր բացելուն ու սատարի հետագա՝ արտադրական ձեռներեցությանը։ 100 օրվա ընթացքում ոչ մի նախարարից որևէ ճյուղային հարցերով կոնցեպտուալ առաջարկ չեղավ։ 18 նախարարով զբաղված էին ոչ իրենց հարցերով, բայց ԱԱԾ-ի գործի թամաշայով։ Այդպես չի կարող շարունակվել։ Սերժին փոխարինելն իր հետևից նոր, մեծ ծրագրերի ու սկզբունքային փոփոխությունների ալիքի պետք է բերեր։ Բայց որը սակայն չի նշմարվում։ Փոխարենը նկատվում է կառավարության անդամների բացարձակ անհաղորդությունն իրենց պարտականություններին ու խոստումներին՝ մասնավորապես պադավատից իջնելուն ու նոր աշխատաոճի անցնելուն։