Քանաքեռ-Զեյթուն համայնքի միտինգին Փաշինյանը վերջապես ձևակերպեց իր հեղափոխության բանաձևը՝ «Եվ այդ առաջնորդը դու ես»-ը:
1988-ից ի վեր, նման թեզ հնչեցված չի եղել հայկական քաղաքական հարթակներում: Իհարկե, դեռ 2000-ականներին Նիկոլը փորձում էր ներդնել իր 1+1+1-ը՝ անհատին առաջ մղելու և նրան քաղաքական սուբյեկտ դարձնելու առաջնային գաղափարը։
Բայց այն ժամանակ հաղթեց ավանդականը, և մենք շարունակեցինք մնալ “փրկիչի” հույսին։
Այս գարնանը Նիկոլը ևս հրապարակ մտավ ու հաղթեց որպես “փրկիչ”։ Բայց հիմա կանգնած է իր “փրկիչությունը” մերժելու խնդրի առջև և մեզանից յուրաքանչյուրին համոզելու, որպեսզի ամենքս դառնանք մեր գլխի ու ճակատագրի տերը։
Ես ինքս արդեն 25 տարի նույն թեզերով հարյուրավոր հոդվածներ ունեմ և ուրախ եմ, որ վերջապես նույն վեկտորով է սկսել գործել նաև Փաշինյանը։
Բայց մի բան է մարդուն ոգեկոչելը, որպեսզի նա սուբյեկտ-քաղաքացի դառնա, և այլ բան է, թե արդյոք մարդն ամբողջությամբ տեղյակ է, պատկերացնում է, թե ինչի մասին է հորդորում Նիկոլը։ Թե ինչ ասել է առաջնորդ անհատը, քաղաքացու ինստիտուտը, քաղաքացու իրավունքը, պարտականությունները և դրանցից բխող անելիքները։
Այդ առումով մեծ վիհ ունենք հաղթահարելու՝ Լաոյի հույսին մնացած, “խեղճացած” հայից մինչև Նիկոլիտասնյակ կրկնությամբ հնչած «Եվ այդ առաջնորդը դու ես» քաղաքացին։
Ես համոզված եմ, որ այս անցումը միայն հորդորով անհնար է իրացնել, և ամեն մեկն իր ճանապարհը պետք է անցնի՝ իր յուրահատուկ հոգեբանական ներքին քայլն անի։ Գարնանը բոլորով քայլ արեցին՝ մերժեցին Սերժին։ Հիմա արդեն ամեն մեկն իր քայլը պետք է անի և մերժի իր մեջ իսկ նստած ոչ քաղաքացուն։
Թե ո՞վ, ե՞րբ կանի այդ քայլը, կախված է այլևայլ գործոններից, որոնց թվում են թե վիհի “պահապանների” դիմադրությունը, թե արժեքային տաբուները, թե մարդու ֆիզիկական պայմաններն ու շրջապատից եկող ազդակները։
Փաստացի հասարակ մարդու և Նիկոլի միջև հումանիտար, քաղաքագիտական ու հոգևոր դատարկություն է, որը թվում է թե վաղուց պետք է լրացված լիներ ազգի ավագանիով, երևելիներով, “ազնիվներով” ու հայրենասիրականով կուրծք չծեծողներով։ Բայց, ինչպես տեսնում ենք, այն լրացված չէ, և երկրում կադրային ու անհատականության սով է։
Իմ տպավորությունն է, որ նախորդ իշխանավորները բոլորն են հասկացել, որ իրենք հավետ են կորցրել իշխանությունը և երջանիկ կլինեին, եթե Նիկոլն ու մենք բոլորովս մոռանայինք իրենց գոյության մասին։
Իմ համոզմամբ, Նիկոը ճիշտ կաներ, եթե իր առաջնային նպատակը դարձներ ոչ թե բռնոցին, այլ տնտեսական սրընթաց զարգացումը, դրանով իսկ արտագաղթը կանխեր, մարդկանց գործի ներգրավեր ու արագորեն հզոր երկիր կերտելու հույսն արթնացներ։
Բայց ինչ-ինչ պատճառներով, “բռնոցին” դարձավ օրակարգ։
Ինձ դժվար է գուշակել, թե ինչն էր դրա պատճառը։ Շատերը դա որակում են որպես ոխակալություն նախորդների հանդեպ։ Իսկ ես այլ բան եմ տեսնում դրանում՝ Նիկոլի միայնակությունը որպես առաջնորդի ու մյուսների՝ ինքնուրույն նախաձեռնելու և պատասխանատվություն ստանձնելու անկարողությունը։
Նախորդ համակարգը խամաճիկային էր ամենաներքևներից մինչև նախագահը, որն էլ Պուտինի տանիքի տակ ծվարած վերին խամաճիկն էր։ Ֆորպոստային պաշտոնյաներից գիտելիք, մասնագիտականություն ու որևէ բարդ աշխատանքային-մասնագիտական ֆունկցիա չէր պահանջվում՝ խաբիր, թալանիր, “դասավորիր”, “խոսա”, պայմանավորվի, առ, տուր, քեզ վստահված ասպարեզը քեզանով արա, ընտրություն կեղծիր, շեֆին հաճոյացիր ու մուծվիր։ Այ այս ճորտատիրական-գողական սխեմայից անցում պետք է կատարվի ֆունկցիոնալ ռացիոնալ, աշխարհքաղաքականի հաշվառմամբ կառավարման, ուր Նիկոլը տանիք չէ, Պուտինն էլ՝ առավել ևս։ Նոր պաշտոնյաներից հակադիր վարք ու որակներ են պահանջվելու և մարդկանցից էլ՝ քաղաքացիականություն։
Եվ դա է պատճառը, որ հնից ու նորից բաղդատված այս սինթետիկ իշխանությունը տեղում է դոփում։ Նախորդները վերևից դաբրոյի են սպասում, նորերն էլ չգիտեն, թե ինչ ու ոնց անեն։
Եվ արդեն արդյունքն էլ կա՝ փաստացի իշխանական արգելակում է՝ ֆունկցիոնալ տետանուս։ Գաղտնալսման իրական թեման հենց այդ մասին էր՝ Նիկոլից դաբրո են ուզել, բայց դաբրոների մեխանիզմը չի աշխատել։ Եվ դատավորներն էլ հասկացել են, որ եթե դաբրո չկա, ապա իրենք կամիկաձև չեն, որ միլիարդատերերի կալանեն։
Ո՞րն է այս փակ շրջանից ելքը։
Նիկոլի թիմակիցներին և քաղաքական դաշտի հին ու նոր հավակնորդներին թվում է, թե նոր ընտրություններով տեղի կունենա անհրաժեշտ ծավալի ու խորության իշխանափոխություն և հնարավոր կլինի դուրս գալ ճգնաժամից։
Բայց դա խաբկանք է, որովհետև ոչ միայն շարքայինը մեզանում քաղաքացի չէ, այլև էլիտար հատվածն էլ առավել ոչ քաղաքացի է։
Փաստացի, մայիսից սկսած 100 օրվան էինք սպասում։ Այն անցավ, հիմա էլ քաղաքապետ ենք ընտրում, հետո խորհրդարան կընտրենք, հետո արդեն սատանան գիտի, թե ինչ կանենք։
Իսկ ե՞րբ է երկրի շենացման գործը սկսելու։
Ես համոզված եմ, որ մինչև կուսակցությունների լիարժեք կայացումն ու քաղաքացու կերտումը չի կարելի գնալ նոր ընտրությունների։ Այդ նպատակով, պառլամենտական կուսակցություններին պետք է երաշխիքներ տրվեն, որ նրանք մնալու են մինչև իրենց ժամկետի ավարտը, պայմանով, որ քրեականում նկատվածները կզրկվեն անձեռնմխելիությունից ու կհեռացվեն խորհրդարանից՝ տեղը զիջելով ցուցակի հաջորդներին։
Բացարձակ այլ է դատավորների հարցը։ Անհապաղ պետք է սահմանադրության մեջ հանրաքվեով փոփոխություններ մտցվեն՝ դատավորների ընտրովի լինելու մասին՝ (տեղերում շրջանային դատավորների և երկրով մեկ էլ՝ համահայաստանյան նշանակության դատավորների անվանական ընտրություններ), ընտրությունների ռեյտինգային համակարգը վերացնելու և մի քանի այլ կարևոր փոփոխությունների մասին, որոնք մասնագետները կառաջարկեն։ Եվ այդ փոփոխությունների ուժով անհապաղ նոր դատավորներ պետք է ընտրվեն։
Ես կարծում եմ, որ սա է լուծումը, այլ ոչ միաժամանակ բազմաթիվ նպատակներ հետապնդելը և երկիրը անկառավարելիության մեջ մտցնելը։
Նաև գտնում եմ, որ Երևանի ավագանու ընտրություններին ևս պետք է գնալ մասնագիտական-քաղաքական կոմպրոմիսային տարբերակների և հանել ներկա անտեղի ու անիմաստ լարվածությունը։ Օրինակ, ինձ համար լրիվ ընդունելի կլիներ, եթե Անահիտ Թարխանյանն ու Զարուհի Փոստանջյանն իրենց թիմերով, այս փուլում դաշինքով միավորվեին ՔՊ-ին, ներգրավվեին Հայկ Մարությանի թիմ՝ որպես արդեն իսկ պայմանավորված քաղաքապետի տեղակալներ՝ հաղթելու դեպքում։ Դրանով, ի դեմս Թարխանյանի, կապահովվեր քաղաքաշինական կողմը, իսկ ի դեմս Փոստանջյանի, կապահովվեր քաղաքական ալլընտրանքային ներկայությունը։
Մեր մի բուռ մնացած երկիրը չունի այն մասնագիտական ռեսուրսները, որ ունեն բազմամարդ երկրները։ Մենք պետք է օգտագործենք բոլոր կարող, ունակ և հավակնոտ լիդերներին, մանավանդ որ նրանք մատների վրա են հաշվելի։
Եվ մեկ նկատառում էլ, որը Նիկոլը պետք է հաշվի առնի։ Հայաստանյան տնտեսական զարգացումը չի կարող լրիվ ազատական սկզբունքներով իրացվել։ Մեր աշխարհքաղաքական դիրքն ու տնտեսական բնութագրական ծավալները թե տնտեսական պրոտեկցիոնիզմ են պահանջում, թե արտոնությունների առաջարկներով խիստ մտածված հեռանկարային խթանումներ։ Միայն ներդրումներով չէ, որ մենք պետք է զարգանանք, այլև համաշխարհային մասնագիտացման մեջ պետական միջամտությամբ մեր ուրույն տեղը գրավելով, ինչպես շվեյցարացիք են դա արել դարեդար։
Նիկոլ-փրկիչի սխեման պետք է վերափոխվի Նիկոլ ուսուցիչ-լուսավորչի սխեմայի։
Նիկոլը պետք է ոչ թե միտինգներ անի, այլ ՏՎ-ով ամենշաբաթյա 10-15 րոպեանոց “լուսավորչական”՝ անհատական ու հանրային վարքն ու արժեքայինը վերակերտող հաղորդումներ վարի ամենատարբեր հարցերի շուրջ, որով և կկերտի իր երազած առաջնորդ-քաղաքացուն։
Ես սա ասում եմ ոչ թե Նիկոլին գերագնահատելով, այլ հաշվի առնելով, որ ներկայում հայաստանցին բացի Նիկոլից այլ մարդու բանի տեղ չի դնում՝ բոլորն են արժեզրկված ու վարկաբեկված՝ սկսած ակադեմիկոսից, վերջացրած էլիտար որևէ երևելին։
Ներկայում մեր ուղեղին հասնող միակ ընդունելի ձայնն ու անձը Նիկոլն է։ Դա և իր, և մեր դժբախտությունն է, բայց և մեր բոլորի շանսը։
Ի վերջո, մենք դեռ ազգովի, Խորենացու նկարագրած “Ողբային” կերպարների կաղապարներից դուրս գալու և վերակերտվելու խնդիրն ունենք։ Լավ տղայի, սկզբունքային գողի ու անկոտրում հեղափոխականի դրույթները պատմությանը թողնելու խնդիրն ունենք։
Նիկոլի միտինգային հորդորով ոչ մեկն առաջնորդ ու քաղաքացի չդարձավ ու չի դառնա։ Դրա համար երկար ու բացատրական մեծ աշխատանք է պետք։
Եթե մեզանից մեկի եղբայրը կամ ընկերը վաղը մի սրիկայություն անի, ես համոզված չեմ, որ 100-ից 90-ը չի փորձելու հնով՝ ծանոթ քննիչ ու դատավոր ճարել։ Եվ որևէ մեկը ապտակելու է այդ ստահակին ու ինքն իր “առաջնորդությունն” անի։
Մենք ազգովի նոր քաղաքացու կոդեքսը կերտելու և սերմանելու խնդիրն ունենք։ Եվ այդ ուղին անցնում է մի յուրահատուկ քավարանով, որի ելքին քաղաքացու “դիպլոմ” շնորհող, մեզ դեռ անհայտ, հրեշտակն է կանգնած։