Նախորդ իշխանությունները բեսպրեդել-թալանի ռեժիմում էին, մարդիկ էլ ճարահատյալ՝ “յոլա գնալու” ու արտագաղթի հորձանուտում։
Նիկոլի գալով հույս արթնացավ, որ իշխանությունները կանցնեն մարդակենտրոն, արարման ռեժիմի ու յոլան այլևս տեղ չի ունենա մեր կյանքում։ Բայց պարզվեց, որ դրական փոփոխությունների դինամիկան է գրեթե զերոյական։
Կառավարությունն արդեն 4,5 ամսական է։ Շոշափելի տնտեսական, պետական ու հոգեբանական արդյունքներ չկան, բայց փոխարենը պաշտոնյաների մեծամտություն է ու անհաղորդություն, ոչ-մասնագիտականություն ու աչքակապություն։
Աշխարհին քաջ հայտնի է Լորդ Ակտոնի միտքը՝ որ իշխանությունը փչացնում է մարդուն, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է փչացնում։ Եվ, ի դժբախտություն մեզ, այն արդեն հերթական անգամ հայկական իրականություն է մտնում։
Լավ, ենթադրենք, թե մենք տեղյակ չենք աշխարհից։ Բայց չէ որ հենց մեր աչքի առջև երեք նախորդ իշխանություններ փչացան, հրեշացան, հոշոտեցին հայ մարդուն ու երկիրը՝ դա էլ սթափեցնող նախադեպ չէ՞։
Նիկոլի կողքին հարյուր հազարավորները կանգնեցին, որ փչացածներին զրկեն իշխանությունից ու տեղը նորմալները գան։ Բայց այսօր, մեր աչքի առջև, նորից իշխանավորի փչացման պրոցես է գնում։ Իհարկե, փչանալու մասշտաբները դեռ հեռու են հնից, բայց արդեն նկատելի են դրա ծիլերը։
Այս հարցին կողմ ու դեմ հզոր բանակներ կան։ Ինձ “խելք հասկացնող”, գուռուի իմաստնությամբ բազմաթիվ երևելիներ կան, որոնք պնդում են, թե բա դու հիմա՞ր ես, չե՞ս տեսնում, որ վարչապետը դրածո է։
Ոչ, ես նման բան չեմ տեսնում։ Բայց ես էլ իմ հերթին նրանց վրա եմ զարմանում, ովքեր Նիկոլին փրկիչի, անսխալականի, մարգարեի տեղ են դնում ու փայփայում՝ թե տղային բան չասեք, որ ինքն էլ, թիմն էլ, շրջապատն էլ նոր են, անփորձ են, փչացողը չեն, թողեք թող աշխատեն, կտեսնեք, որ ամեն ինչ լավ կլինի։
Հարց չկա, կթողնենք՝ ճարներս ինչ: Բայց հիշենք, որ 100 օրվա հաշվետվությունը ջրվեց միտինգով։ Պադավատի հարցը ծամծվեց, խոսվեց, ռեկլամվեց, բայց ըստ էության մնաց իր տեղում։ Հանցագործները կալանվեցին-բաց թողնվեցին ու հիմա աջուձախ հոխորտում են։ Էջմիածինը, Ակնա լիճն ու երկրապահն իրենով արած բեսպրեդելի գրոսմաստեր Մանվելն էլ կալանված է ոչ թե իր ավերումներին համապատասխան, այլ ընդամենը “տուշոնկի” հոդվածով։
Այս ամենին էլ ըմբռնումով ենք մոտենում՝ դե ջահել են, դե ծանրագույն գործեր են, դե միլիոնատերերին քրեականով դատելը հեշտ չէ, դե դատաիրավականն ինքն է եղել բեսպրեդելի մասնակիցը։
Բայց երբ այդ ամենին գումարվում են նաև մանր ու մեծ աբսուրդները, ոնց օրինակ միայնակ մորը աշխատանքից ազատվելու դիմում պարտադրելը՝ զուտ արտաժամյա աշխատանքից հրաժարվելու համար /այն դեպքում, երբ ամբողջ կառավարությունը անցած ամիսներին որևէ նվաճում չունի, ի՞նչ իմաստ ունի արտաժամյա աշխատանքը/, մասնագետների համատարած անտեսումը կառավարման պրոցեսում, բացարձակ անծանոթ թիմով քաղաքապետարանը համալրելն ու երկրի զարգացման փաստացի զերոյամերձ դինամիկան, հասկանում ես, որ ժամանակն է ահազանգելու կառավարման լճացման ու պաշտոնյաների՝ իշխանությունից փչանալու ֆենոմենի մասին։
Կառավարություն ասածը միայն Նիկոլը չէ՝ նախարարներն են ու տեղակալները, խորհրդականներն ու օգնականները, կառավարության գերահռելի ապարատն է։ Իսկ դրա՞նք երբ են որևէ հաշվետվություն ներկայացնելու իրենց արածի ու չարածի մասով։ Չէ որ ժողովրդավարություն ասածը միայն ընտրել-ընտրվելն ու պաշտոն ստանալը չէ, այլ նաև միջընտրական ժամանակահատվածներում քաղաքացիների առջև ամենօրյա հաշվետվությունն է՝ թե ինչ է անում սույն անձն իրեն վստահված դիրքում։
Մեր դեպքում դա էլ չկա՝ կառավարությունից հաշվետու է միայն մեկ մարդ՝ Նիկոլը, ով լեգիտիմության քվե է ստացել և հրապարակում, և պառլամենտում։ Մնացածի հանդեպ մեր վերահսկողությունը “փչանալուց” պետք է իրացվի հենց Նիկոլի միջոցով, այլ ուղի չկա։
Դրա համար ես խոսքս ուղղում եմ վարչապետին։
Հարգելի պրն վարչապետ, տեղյա՞կ եք արդյոք կառավարության լճացմանն ու Ձեր ենթակաների “մանրից փչանալու” դրսևորումներին։ Ի՞նչ ժամկետներում և ի՞նչ քայլեր եք ձեռնարկելու “փչացման” պրոցեսը կանխելու համար։
Նախորդ օրը լսում էի տնտեսական հարցերով Ձեր խորհրդականի հարցազրույցը։ Նկատելի է, որ Դուք ականջալուր եք իր խորհուրդներին, որովհետև միտինգին հնչեցրած Ձեր “ժողովրդավարական տնտեսության” գաղափարը, որը երևի Ձեր հետագա տնտեսական մոդելն է լինելու, իր հարցազրույցի “մեխն” էր։
Մի կողմ թողնենք տերմինի սխալ օգտագործումը՝ երևի խորհրդականն ի նկատի ունի “տնտեսական ժողովրդավարություն” կոչվող պրոցեսը, որը հենց առավել համաչափ ու “արդար”, ուղղորդված տնտեսական լծակներով քաղաքականությունն է հանդեպ հանրային տարբեր շերտերը։
Մի կողմ թողնենք նաև տերմինաբանական “սղությունը”՝ ներառյալ տեսիլք-տեսլական ու կրթել-վերամասնագիտացնել հարցերի շփոթումը։ Բայց խնդիրն այն է, որ խորհրդականը բացարձակ չէր տիրապետում տնտեսական ցուցանիշերի քանակական կողմին՝ թվերին, ծավալներին, ժամկետներին, ու չէր պատկերացնում տնտեսական զարգացման իր ասած “տեսիլքի” որևէ մանրամասն ու պարամետրը։
Եթե խորհրդականը չի տիրապետում տնտեսական-քանակական ցուցանիշերին, մարզպետն անտեղյակ է հեկտար-մետր չափի միավորների հարաբերակցությանը, իշխանությունը լրացվում է իրենց որևէ կերպ նախկինում չդրսևորած մարդկանցով, ԱԱԾ֊ն բռնել-բաց թողնելու գործին է, պադավատները դեռ համատարած իրականություն են, մասնագետներն անտեսված են, ոչ մի ասպարեզում սկզբունքային նվաճում չկա, ապա ո՞ր պահից է, որ մարդիկ պետք է պահանջատիրոջ իրավունքով հարցնեն՝ հարգելի վարչապետ, բա հետո՞։
Ես հասկանում եմ, որ սարսափելի ծանր ժառանգություն եք ստացել՝ ոչ էֆեկտիվ տնտեսությունը կա, ոչ մասնագետը ու ոչ էլ նորմալ մարդկային հարաբերությունները։ Բայց Ձեր գերխնդիրը հենց դա է՝ երկիրը նոր ռելսերի վրա դնելը։ Ոչ միայն 84 ամյա տատիկի ձեռներեցության օրինակով մարդկանց ոգևորելը, այլև, առաջին հերթին, սեփական կառավարությանը լրջության կոչելն ու աշխատանք պարտադրել-պահանջելը։
Խորհրդականն ասում էր, որ 240 հազար պետական ծառայողներից 150 հազարը բալաստ են՝ ոչ միայն չեն աշխատում, այլև խանգարում են իրական աշխատողների աշխատանքին։ Բայց հարցին՝ թե ինչ եք անելու այդ հարցով՝ կոնկրետ պատասխան չեղավ։
Բազմաթիվ փորձված ռեֆորմիստական տնտեսական քաղաքականության մոդելներ կան նման վիճակների հաղթահարման համար՝ ո՞ր մեկը մեր դեպքում կիրառելի չէ, անպայման մենք նորը, չփորձվածը պետք հնարե՞նք։
Ամենահայտնին ու էֆեկտիվը Քեյնսի մոդելն է, երբ պետական միջամտությամբ՝ փոքր ներդրումներով ձեռներեցների խրախուսմամբ սկսում են աշխատեցվել տնտեսական մուլտիպլիկատորները։
Անցած ամիսներին մասնագետներով որևէ կոնկրետ մոդելի ընտրությունը և մանրամասն համապատասխանեցումը մեր պայմաններին ու կոնկրետ առաջարկները հենց պետք է լինեին կառավարության տնտեսական բլոկի արդյունքները։ Բայց ոչ միայն այդ մոդելները չկան, այլև, զարմանալիորեն, երբ երկրի առաջնային հարցերը տնտեսականն են՝ աշխատատեղերն ու արտագաղթի կանխումն է, տնտեսական հարցերով խորհրդականը միայն մեկն է ու այն էլ հասարակական հիմունքներով։
Ես հասկանում եմ, որ մեր հույսը երևի Աճեմօղլուն է եղել, և իրենից ցածր մեկը երկրին խորհրդատու լինել չէր կարող։ Բայց երկրում հազարավոր տնտեսագետ ու ֆինանսիստ, դոկտորներ ու թեկնածուներ կան, միթե հնարավոր չէր այդ մարդկանցից գոնե մի քանիսին էլ ներգրավել, երկիրն էս ահավոր մեծ փոսից դուրս բերելու ու բարգավաճման աշխատանքին մասնակից դարձնելու համար։
Ես համոզված եմ, որ եթե գոնե երեք տնտեսական խորհրդականներ լինեին, ապա ներքին քննարկումներով նրանք համատեղ, իրոք նուրբ և հիմնարար գործ արած կլինեին, և այսօր հարցը չէր լինի միայն մեկ խորհրդատուի սուբյեկտիվ կարծիքին ականջալուր լինելը։
Օրինակ, կարծիք կա, որ տնտեսական ռեֆորմների նախասկիզբ պետք լինի շահույթ չհետապնդող պետական ներդրումային հատուկ բանկի կերտումը, որը կվարկավորի մանր ու միջին ձեռներեցությունը։
Կարծիք կա, որ Հայաստանն այլ փոքր, ոչ ինքնաբավ տնտեսությունների օրինակով պետք է խրախուսի իր ռեսուրսների առավել խորը վերամշակումն ու վերջնական արտադրանքի արտահանումը։ Որ ներքին ներդրումները պետք է լինեն մեր զարգացման առաջնային լոկոմոտիվը, որ տուրիզմը մեր դեպքում առաջնային գործոն չի կարող լինել։
Նախորդ իշխանությունները հիմնովին անտեսած են եղել մասնագետին, և այդ պատճառով մասնագետը մեկուսացած էր պետական կյանքից։ Ձեր գալով հույս կար, որ նոր կառավարությունը հաշվի կառնի, որ կադրերն են որոշում ամեն ինչ, և կդիմի մասնագետների օգնությանը։ Բայց պարզվում է, որ Ձեր թիմում էլ է այս հիմնարար սկզբունքն անտեսված։
Ի՞նչ է կատարվում, հարգելի վարչապետ։ Ինչու չեք աշխատանք կարգադրում-պարտադրում ձեր հազարավոր ենթականերին։ Այդ ինչպե՞ս է, որ ձեռներեց տատիկը 20 մարդ է աշխատեցնում, իսկ Դուք՝ Ձեր ահռելի աշխատակազմով, բացի Ձեզանից, մյուսներին չեք աշխատեցնում:
Սույն հորդորը միգուցե չափազանց ու անսովոր թվա շատերին։ Բայց ես նախորդ իշխանությունների փչացման փորձով անցած՝ ժողովրդավար-քաղաքացու իմ իրավունքով եմ այն հղում։
Ու նաև հոդվածը կարդացողներին եմ դիմում՝ Նիկոլը մեր բոլորի մարդն է։ Սակայն անցած ժամանակահատվածը ցույց է տալիս, որ իրենից ներքև աշխատանքը փաստացի սաբոտաժի է ենթարկված և ձախողման է գնում։
Մենք՝ շարքայիններս, մեր պահանջատիրությամբ պարտավոր ենք ահազանգել մեր նկատած շեղումների մասին՝ խոսել, հրապարակայնացնել դրանք, որպեսզի չկրկնվի նախորդ իշխանությունների հրեշացման նախադեպը։
Վարչապետի հայտարարած հրապարակային, հարցումային կառավարումը հենց այդ մասին էր՝ ամեն մեկի կարծիքի ու դժգոհությունների հրապարակայնացման ու հաշվառման մասին։
Մարդիկ ոչ միայն սխալական են, այլև տարբեր ունակությունների և օգտակարության։ Մեկը կարող է հոյակապ փողոց փակել, բայց լինել անօգնական որպես նախարար ու խորհրդական։ Մեկ ուրիշն էլ անկարող է փողոց փակել, բայց ունակ է պետականակերտ մտքեր գեներացնելու և դրանք կյանք մտցնելու։
Առաջինները լավ են իշխանություն վերցնելու համար, բայց երկրորդներն էլ անփոխարինելի են այն իրացնելու պրոցեսում։
Հարգելի վարչապետ, քանի ուշ չէ, ազատվեք անկարող կադրերից և կարգի հրավիրեք ունակներին, արդյունավետ աշխատանք պարտադրեք Ձեր ենթականերին, կրճատեք նախարարությունները, վերացրեք պադավատը, ռացիոնալ աշխատանքի նոր մշակույթ ներդրեք, որպեսզի մարդիկ տեսնեն Ձեր կառավարման շոշափելի արդյունքները և մեկընդմիշտ մերժեն արտագաղթի երկընտրանքը։