“Մահացածն ուներ գրիպ, հեմորոյ, լյարդի ցիռոզ, թոքաբորբ, լուծ, ստամոքսի խոց, երիկամի քար, մի ձեռքը չկար, իսկ վթարի հետևանքով էլ կտրվել էր նրա գլուխը”։ Հարց՝ ինչի՞ց էր մահացել սույն անձը։
Գրազ կգամ, թե քաղաքական ասպարեզից մեկը կասի գլուխը կտրվելուց։ Հաճախ կարդում եմ քաղաքական վերլուծություններ ու ապշած եմ, թե շրջապատի անապատը թողած մարդիկ ոնց են փորձում “սավառնել” չեղած տափաստաններով։
Գրոտեսքից գամ ռեալ իրականություն։ Եթե գրիպով հիվանդը հանկարծ սրտի կաթված է ստացել, ապա բժիշկն անհապաղ կսկսի կաթվածի տարածման դեմն առնել ու առժամանակ կմոռանա գրիպի մասին։ Սա բժշկի աքսիոմատիկ վարք է՝ նորմալ բժիշկն այլ բան չի անի։
Նույնն էլ հանրության ու պետության դեպքում է։ Եթե երկրի գլխին բազմաթիվ վտանգներ են կախված, ապա նրա առաջնորդն ու մարդիկ պետք է գտնեն վտանգներից ամենակործանարարը, նրա դեմն առնեն, ու նոր մտածեն սակավ վտանգավորների մասին։ Հայաստանում հարյուրավոր այլանդակություններ ու շեղումներ կան։ Թվում էր, թե աննախադեպ հեղափոխություն իրացրած Նիկոլը գերազանց գիտի մեր “մահացուն ու գրիպը” և անհապաղ հենց դրա դեմը կառնի։
Բայց խնդիրն է, որ այս վիճակում ծայրաստիճան դժվար է օբյեկտիվորեն պարզել, թե մեր հիվանդություններից որն է առավել “մահացուն”՝ արդեն կես բնակչության հասցրած արտագաղթը, մասնագիտական պլինտուսը, կործանված տնտեսությունը, բեսպրեդելն ու թալանը, մարդկանց փոխադարձ ատելությունը, ազգախեղդ պոպուլիզմը, ճորտական թոշակն ու աշխատավարձը, մանվելի տուշոնկեքը, մյուսների առյուծները, թե նախկինների սպառնալիքները։ Տասնյակ ավել այլ “մահացուներն” էլ կան, բայց որո՞նք են դրանց միջից անհապաղ “սպանիչները”։
Հասականալի է, որ Նիկոլով նոր էջ է բացվել հայոց պատմության մեջ։ Բայց թարգեք էյֆորիան, որ Նիկոլով նաև արտաքին աշխարհ է փոխվելու։ Ձեր ինչի՞ն է պետք Նիկոլի համաշխարհային հեղափոխությունը, երբ սեփական երկիրն է դժոխքամերձ ու ելքը չի երևում։ Երբ որևէ ցուցանիշով լուրջ դինամիկա չկա, երբ նախարարներն իրենք տեսլականներ չունեն իրենց անելիքների մասով ու ընդամենը ծույլ կատարածուներ են։ Երբ ամեն քայլը հաշվարկվում է միայն ու միայն ըստ միջնաձնային հետևանքների, բայց ոչ ըստ սկզբունքի ու արժանապատվության։
Ես հասկանում եմ, որ ուղեղակիր միջին մարդն այս միջավայրում չի գնա ինքնազոհության հաշվին պետականակերտման։ Եվ այս պայմաններում բռնոցի-բացթողոցին լրիվ տրամաբանական է՝ բռնողը հո մահապարտ չէ՞։ Բայց և, որպեսզի բռնոցին չավարտվի բացթողոցիով, երկրում տիրող բռավադան ու անկապ, սպանիչ օպիտիմիզմը պետք է սանձվի։
Նախորդ օրը նայում էի ջրօգտագործման հարցերով խորհրդարանական լսումներին։ Ամոթ բառով այն բնութագրելը շատ քիչ է՝ ողբալի էր։ Բնապահպանի հարցին, թե ասում են, որ Կեչուտի ջրամբարից ներքև ինչ որ մի հայտնի մեկի փոքր ՀԷԿ-ը կա, ճիշտ է, որ իր միջամտությամբ է ջուրը ոչ թե Սևան, այլ ներքև հոսում՞։ Պատասխանատուն, ասում է, դե հա իհարկե, դա էլ գիտենք։
Այս պատասխանի դեպքում մի հարց է ծագում՝ բացի սրանից ուրիշ էլ ի՞նչ հարց կարող է քննարկվել ջրի, Սևանի ու երկրի հետ կապված: Չէ՞ որ սա Մանվելի տուշոնկեքից շատ ավելի կործանարար փաստ է, որին 4,5 ամսական “հեղափոխական” կառավարությունը դեռ լուծում չի տվել։
Ինչի՞ համար էր այդ 2 ժամից ավել տևած հրապարակային ջուրծեծոցին ու մանավանդ տարածքային կառավարման “տեղակալի” ակնհայտորեն ագրեսիվ թշնամանքը իբր աղբի հարցերով չզբաղվող Սևան պարկի տնօրենին։
Էս ի՞նչ բարքեր են, էս ի՞նչ ներկառավարական ու ներազգային թշնամություն է՝ դիմացինին անտեսելու, հոշոտելու մշակույթ։ Իշխանության ներսում իրար են ատում, ընդդիմության ներսում իրար են ատում, հանրության ներսում իրար են ատում, ֆեյսյան տարածքում էլ, ով տառաճանաչ է, էն ձևով է ատում գրել իմացողին, որ ձեռը ճար լինի՝ կհոշոտի։
Իրար սիրում են միայն հրապարակում՝ Նիկոլի ներկայությամբ։ Իսկ մնացած դրվագներում միայն համատարած ատելություն է։
Իմ խորին համոզմամբ, հայկական համար մեկ սպանիչ հիվանդությունը փոխադարձ ատելությունն է։ Եվ այն Նիկոլի սիրո հորդորներով չի հաղթահարվելու, այլ ներհանրային շիտակ խոսքով, բացախոսությամբ, դեմագոգիային վերջ տալով, ինքնաքննադատությամբ ու իրականությանը սթափ նայելով։
Անկախություն մտնելով մեր գլխավոր սխալն է եղել, որ չենք կարողացել հենց սկզբից՝ առաջինը փչացող մեր իշխանավորի սանձը քաշած պահել, բայց թաքուն ատել ենք։
Ո՞վ էր դրա մեղավորը։ Պատասխանեմ՝ առաջին հերթին իշխանավորի մերձավորը, որը աչք է փակել նրա նախաբեսպրեդելին ու նախահրեշանալուն։ Որովհետև ես կամ Փիլիպոսը ինչքան էլ քաղաքացի ու հերոս լինեինք, ինչքան էլ Հայաստանը դեմոկրատական ինստիտուտներն ունենար, միևնույն է, անհնար էր իմ, փիլիպոսի ու ինստիտուտների՝ սանձարձակին ֆիզիկապես հասնելն ու սաստելը որևէ գործնական մեթոդներով։ Անծանոթին նա չեզոքացնելու էր նույնիսկ գնդակահարելով։ Ու հենց դա էլ արվել է անցած 27 տարիներին։
Սակայն թաքուն ատելության փոխարեն թող մի մերձավոր փորձեր ընտանեկան նեղ հավաքում դեռ նոր-նոր ստահակացողին բոլորի ներկայությամբ սաստեր, թե լսիր այ նորելուկ, դու չափն անցնում ես, խելքդ գլուխդ հավաքիր ու չափդ իմացիր։
Այ, եթե սա ասող հասուն մարդը լիներ, սա ասելու ներհանրային մշակույթը լիներ, տեսնեմ կհանդգներ արդյոք մանվել-լիսկա-շմայս ու հարյուրավոր նույնակերպ ստահակը մեր գլխին պատուհաս դառնալ։
Այսօր էլ նոր իշխանական սկիզբ է, ու մեր բոլորի առաջնային խնդիրն է նորերին սաստելը՝ “իրենց տեղը ցույց տալը”։ Միայն այդ դեպքում է, որ նա կմնա չափավորի սահմաններում, կզբաղվի իր անմիջական գործով։
Մեր առաջին սպանիչ հիվանդությունը հենց սա է՝ իշխանավոր դարձող մերձավորի աչքակապություն- ստորաքարշություն- կեղծավորություն – վախը իր “հզորացող” բարեկամից։ Մնացած հիվանդություններն ածանցյալ են և զարգանում են, երբ մեր մեջ արդեն տեղ ունի նշված երկերեսանիությունը՝ ինքներս մեր, մերձավորի ու հանրության հանդեպ։
Արդեն երկար տարիներ են, որ ես փորձում եմ այս տարրականը սերմանել քաղաքական դաշտում, հիմնավորելով միտքս թե քաղաքական աշխարհի փորձով, թե հոգեբանական տրամաբանության պահանջներով և թե քաղաքագիտական նորմերով։ Բայց նույնն է ոնց կար, մերժողականություն-ատելություն է՝ սկսած թե դու ով եղար, որ ինձ բան սովորեցնես-ով ու վերջացրած ստահակի կողմից ճակատիս ԿԳԲ-ական դաջելով։ Ի դեպ, ԱԱԾ-ն թքած է ունեցել իմ հրապարակային դիմումի վրա, որ հայտնաբերվի ու պատժվի սույն ճիվաղը։
Ինչևէ, ես նորից ու նորից եմ պնդում՝ քանի դեռ մենք իրար ենք ատում ու ինքնախաբեության մեջ ենք հանդեպ մեզ, կողքինը, հանրությունն ու պետությունը, մենք շարունակելու ենք կործանվելը։
Քանի դեռ մենք իրար ենք ատում, բայց հանդուրժող ենք հանդեպ տգետը, խաբեբան, օրինազանցն ու կեղծ հերոսը- մենք գահավիժելու ենք։
Քանի դեռ մենք մեզանում մերժում ենք սոցիալական մարդ արարածին հատուկ փոխօգնությունը, փոխհարգանքն ու արժանավորի գնահատելն ու մեծարումը, մենք պարտվելու ենք։
Քանի մասնագետը, գիտակը, շիտակը, հեռատեսը, սթափը մերժված են պետական ու հանրային կառավարման գործերում, մեր ոչ մի հարցը չի լուծվելու։
Խնդրանքս է, որ Նիկոլի հեղափոխությունը, որը ենթադրում էր հենց վերը նշված փոփոխությունները, ամեն մեկը վերցնի իր վրա որպես հրամայական, դադարեցնի ատելն ու ինքը մաքրի իրեն հասանելի, իր մերձավոր “փոքր ախոռը”։
Ես էլ կարող եմ հաճոյանալով լռել, համակերպվել, աչք փակել, հիմար ձևանալ ու դրանով “լավամարդ” լինել բոլորին։ Բայց և, որպես մասնավոր անձ, գերադասում եմ շահել տհասների ատելությունը, քան զիջել իմ արժանապատվությունը։