Ինձ ակնհայտ է, որ առկա պետական-իշխանական կառավարման ճգնաժամը արդյունք է Սերժի ներդրած բազմաթիվ “ականների”։ Դրանցից ամենաավերիչը կեղծիքներով ու շանտաժով անցկացրած սահմանադրությունն է՝ իր ընտրական խեղկատակություններով, որը ներկայում ամենամեծ աներևույթ խոչնդոտն է երկրի զարգացման ճանապարհին։
Շատերին թվում է, թե նոր իշխանության հիմնական անելիքը նախորդներին դիրքերից գցելը-նորերով փոխարինելն է, նոր պառլամենտ ընտրելը և դրանից հետո լավ-վատ՝ համակարգը կաշխատի։ Իրականում անձերի փոփոխություններով որևէ հարց չի լուծվի, եթե աշխատանքի բանաձևն է աննորմալ։
Վարչապետական համակարգը միգուցե նպաստավոր եղավ Նիկոլի՝ վարչապետությունը վերցնելուն։ Բայց այսօր այն երկիրը կանգնեցրել է բազմաթիվ անլուծելի խնդիրների, ըստ էության, կառավարական տետանուսի առջև՝ սկսած պառլամենտի անաշխատունակությունից, իրավականի անկարողությունից ու վերջացրած կառավարության հեղհեղուկությամբ։
Նիկոլին և իր հենարանին թվում է, թե ուժային ճնշմամբ, անհապաղ նոր պառլամենտ ընտրելով ճգնաժամը կհաղթահարվի։ Բայց դա փաստարկներով չհիմնավորված կարծիք է, որը կարող է երկրի ծանր վիճակը էլ ավելի ծանրացնել։
Նշեմ պահի՝ իմ նկատած նեգատիվները։
1. Հայաստանը ոչ ինքնաբավ, մասնագետների խիստ պակասով, թշնամական շրջապատում ու պատերազմի մեջ գտնվող, արտագաղթից աղճատված, արդեն իսկ մեծ արտաքին պարտք կուտակած, ընդերքի թալանից եկող ծայրը-ծայրին հասցնող հարկերով, քաղաքական դաշտի չկայացածությամբ, ժողովրդավարական ինստիտուտների բացակայությամբ ու բազմաթիվ այլ հիմնարար թերություններով երկիր է։
Այդպիսի վիճակից դուրս գալու մեխանիզմները տեխնոկրատական՝ Սինգապուրին, Շվեյցարիային, Իսրայելին, կամ Իսլանդիային հատուկ արտակարգ կառավարման ու ուրույն արժահամակարգի անցնելու հաշվին է հնարավոր միայն լուծել։
Սերժի սահմանադրությունը երկրի զարգացմանը հակացուցված է հենց միայն այն փաստով, որ նրանում որպես կառավարման ձող օլիգարխիկ համակարգն է եղել ներդրված։ Փոքրագույն իսկ շեղումը համակարգից հանգեցնելու էր ճգնաժամի, որին և ականատես եղանք Նիկոլի հրապարակ գալով։
2. Ես չգիտեմ, թե ինչի վրա է եղել Սերժի հույսը՝ գործնականում իբր “կարծր”, բայց իրականում հեղհեղուկ վարչապետություն իր համար պատվիրելիս։ Բայց փաստ է, որ վարչապետական երկրների կառավարելիությունը շատ ավելի թույլ է, անկայուն և մշտական ճգնաժամերով լի։ Մանավանդ մեր պես երկրում, ուր կայացած չեն կուսակցությունները, և բնակչության սակավության ու միջին խավի թուլության պատճառով մոտ ապագայում չեն էլ կայանա։ Եթե այս սահմանադրությամբ շարունակենք, մենք մշտապես ենք ունենալու կառավարական ավելի ու ավելի խորացող ճգնաժամեր։
3. Ակնհայտ է, որ Սերժը հույս է ունեցել որպես քավության նոխազների մշտապես զոհաբերել առաջին փոխվարչապետերին։ Այսինքն, ըստ էության, այս սահմանադրությունն իրականում վարչապետական կառավարում էլ չի ենթադրել, այլ ենթադրել է խամաճիկային ինչ որ բդեշխություն, ուր վարչապետի քաջնազարական ցուցամատով պետք է բոլորը՝ այսինքն գյադեքը, դեսը կամ դենը կանգնեին։
Արդյոք Նիկոլն ինքը նման կառավարման է ուզում գնալ։
4. Հայաստանում կայացած չեն կուսակցությունները։ Եվ ասվածի ապացույցն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնցում դեռևս կես տարի առաջ ընդամենը մի բուռ անդամներ ունեցող ՔՊ-ն հավաքեց աննախադեպ՝ 81% ձայներն ու փաստացի անհայտ մարդկանցով լրացրեց 57 ավագանիական մանդատները։
Ակնհայտ է, որ նման մի բան էլ կատարվելու է խորհրդարանական ընտրություններին, և խորհրդարանում են հայտնվելու ավելի անծանոթ ու անփորձ 70 անհայտ մարդիկ, որոնք հանրապետության ճակատագիրն են որոշելու։
5. Սահմանադրությամբ խորհրդարանում 30 տոկոս տեղ է հատկացված ընդդիմությանը։ Եթե երկրում դեռ կայուն իշխանություն չկա՝ ում, ինչու և ինչին է դեմ լինելու դեռևս չեղած ընդդիմությունը։ Ավելին, ընդդիմություն չլինելու պարագայում ինչ որ խմբեր իրենց ընդդիմադիր կուսակցություններ են հայտարարելու և պարզապես, “Սերժի քվոտայով” 30 տեղ են վերցնելու։ Ինչո՞ւ, ի՞նչ իրավունքով, եթե քվեարկողները նրանց մանդատ ստանալու քվե տված չեն եղել։ Զուտ միայն նրա համար, որ Սերժն իր աչքաչափով, որպես “թուլափայ” այդքան տե՞ղ է հատկացրած եղել ընդդիմությանը։
Արդյոք Նիկոլին էլ է դա ձեռնտու։
7. Անցած ամիսները ցույց տվեցին, որ Նիկոլն ինքը ֆանտաստիկ հեղափոխական է, հզոր կամքի տեր ու մեծ խարիզմայով լիդեր։ Բայց այդ ամիսները ցույց տվեցին նաև, որ Նիկոլը հզոր վարչապետ չէ ու աղոտ է պատկերացնում երկրի տնտեսական զարգացման մանրամասերը, անհրաժեշտ շեշտերն ու միջոցները։
Նիկոլն իհարկե լավ բանակցող է դրսերում, և Հայաստանի շահերի պաշտպան։ Իր ունակություններով ու ուժեղ կողմերով Նիկոլը լավ նախագահ կլիներ, բայց ըստ ներկա հետագծի՝ ոչ լավ վարչապետ է։
Ու ստացվում է, որ Սերժի հագով կարված սահմանադրությամբ մենք պետք է Նիկոլին տեղադրենք իրեն չսազող վարչապետության պատմուճանի մեջ, պարտադրենք ու ակնկալենք իրենից մի նոր «սերժությո՞ւն» իր բոլոր դրսևորումներով:
Աբսուրդ չէ՞ սա:
8. Ներկա պահին Հայաստանը ճգնաժամի մեջ է ոչ թե խորհրդարանի հակահեղափոխականության, նախորդ հանցագործների անպատժելիության, իրավականի “բռնել֊նստեցնել” չկարողանալու պատճառով, այլ մեր բոլորիս՝ զուտ արկղից դուրս նայել-տեսնելու մտավոր անկարողության պատճառով։ Իսկ ավելի կոնկրետ՝ Սերժի թղթի կտոր-սահմանադրության թելադրանքով ազգովի, անելանելի թվացող ճահճում ինքնակամ հայտնվելու պատճառով։
Դրա համար այս ճգնաժամից ու ճղճիմից նախ մտովի է պետք դուրս գալ և տեսնել այն հնարավորը, որը կհաղթահարվի ընդամենը նոր սահմանադրություն ընդունելով։
Ներկայացնեմ իմ պատկերացրած օպտիմալը։
Ա. Անհապաղ հանրաքվեով ընդունվում է նոր՝ նախագահական կառավարում ենթադրող սահմանադրություն։
Բ. Ըստ այդ սահմանադրության, կարճագույն ժամկետներում անց են կացվում նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։
Արդյունքում Նիկոլը մեծ իրավասություններով նախագահ է դառնում, որովհետև ինքը հաղթող նախագահացուն է, և ներկա պահին չունի որևէ էական հակառակորդ։
Գ. Ներկա նախագահը՝ Արմեն Սարգսյանը, եթե ցանկանա, փոխնախագահ է դառնում, որովհետև ինքն էլ արժանավոր է իր միջազգային կապերի, անձնական հզոր ներկայացուցչական տվյալների ու ունակությունների շնորհիվ։ (Նոր նախագահական համակարգն անպայման պետք է ենթադրի փոխնախագահի պաշտոնը, որպեսզի նախագահն ինքը և զսպված լինի, և նաև ապահովված՝ որ ունակ, իրեն փոխարինող օգնական ունի)։
Դ. Արժանի վարչապետներ էլ կգտնվեն աշխարհի համայն հայությունից։ /Արտերկրից վարչապետի հրավիրում֊ նշանակումը պետք է թույլատրվի սահմանադրությամբ/։ Եվ հենց դա հնարավորություն կտա երկիրը մասնագետ, հզոր կազմակերպիչ անհատներով առաջ տանելու, այլ ոչ ներկա սխեմաներով՝ հույսը դնելով վարչապետ “չծնված” Նիկոլի վրա, նրա՝ փոխվարչապետ, օգնական ու խորհրդական “չծնված” թիմակիցների վրա։
Չանդրադառնալով նոր՝ նախագահական սահմանադրության ընձեռելիք այլ հնարավորություններին, անցնեմ ապագա խորհրդարանի իմ տեսլականին։
Ես կարծում եմ, որ, որպես պառլամենտ մենք կարող ենք ընտրել 33 հոգանոց պառլամենտ-ավագանի՝ բաղկացած միայն հայաստանյան քաղաքացիներից՝ ընտրված մեկ համամասնական ցուցակով, ըստ ռեյտինգային քվեարկության արդյունքների։
Ես պատկերացնում եմ, որ ընտրությունները պետք է կայանան երկու փուլով։ Առաջին փուլում, հավասար բնակչության թվով միավորված մի քանի համայնքների մակարդակում, գոնե հարյուր քաղաքացիների առաջադրմամբ պետք է հրապարակ մտնեն թեկնածուներ, ներկայանան նախնական ընտրապայքարում և անցնեն առաջին փուլի ընտրություններով։ Ըստ հայտերի կկազմվեն ցուցակներ՝ ասենք նույնիսկ 20, 100, 1000 հոգանոց՝ ինչքան որ հավակնոտ թեկնածուներ կգտնվեն համայնքում։ Ընտրությունների օրվան ռեյտինգային, համայնքային քվեարկություններ կկայանան երկրով մեկ։ Ընտրողները պետք է քվեարկեն այնքան թեկնածուի օգտին, որքան որ այդ համայքնից երկրորդ տուր անցնող թեկնածուների քվոտան է։
Օրինակով բացատրեմ. Ենթադրենք թե երկիրն ունի հավասար բնակչության թվով ընտրական 33 համայնք, և երկրորդ փուլում 33 պառլամենտականներին մտադիր ենք ընտրել ամեն համայնքից ներկայացված 3֊կան և ընդհանուր՝ 99 ֆինալիստների կազմից։ Այս հարաբերակցությունների դեպքում համայնքներում մարդիկ պետք է ձայն տան 3-ից ոչ ավել լավագույնների, իսկ երկրորդ փուլում էլ, երկրով մեկ ընտրողները պետք է ձայն տան ոչ ավել, քան 33 թեկնածուների։ Ըստ այդ ռեյտինգային ձայների, կընտրվեն ամենաշատ կողմ ստացած առաջին 33 թեկնածուները որպես պառլամենտականներ։
Այ այս պարզագույն մեխանիզմով պառլամենտ կընտրվեն երկրի լավագույն, արժանավոր զավակները։
Ընտրական այս համակարգը չի պահանջում կուսակցականություն, որը մեզ դեռ հասու չէ։ Այն երկու փուլերով ստուգում է թեկնածուին, վեր հանում լավագույններին, ինչպես նաև զտում թույլերին։ Իսկ ընդամենը 33 հոգուց բաղկացած պառլամենտն էլ հնարավորություն կտա նրա էֆեկտիվ աշխատանքին։
Օրինակ, ես որ ընտրելու լինեմ, 33-ի կազմի մեջ կփնտրեմ, կգտնեմ և կընտրեմ մեկական մասնագետի ամեն ոլորտից՝ քիմիկոսի, ֆիզիկոսի, տնտեսագետի, մաթեմատիկոսի, իրավաբանի, պատմաբանի, ֆինանսիստի, էկոլոգի, քաղաքագետի, գեներալի, միջազգայնագետի և այլն։
Ես նաև համոզված եմ, որ 33՝ անհատ առ անհատ ընտրված ընտրանին որակապես ու սկզբունքորեն շատ առավել կլինի մինչև հիմա եղած հայկական պառլամենտներից և այն իրոք կներկայացնի մեզ, այլ ոչ թիմապետերի ու փողատերերի ցուցակներով պառլամենտ սողոսկած խամաճիկների։ Նման կազմը հենց այն հրապարակային, պլեբեսցիտային հավաքանին է, որի մասին կերազի ցանկացած ժողովրդավար։
Առաջարկվողի արդյունքում, մենք կունենաք, նոր սահմանադրություն, Նիկոլ-նախագահ, Արմեն-փոխնախագահ, գրագետ-մասնագետ պառլամենտ, գործունյա վարչապետ, հանդարտված կրքեր՝ ոչ պարտվածներ-ոչ հաղթողներ, և այս անդունդային ճգնաժամի մարդավայել հաղթահարում։
Վերջերս, հոդվածներս կարդացող իմ մերձավորն ինձ զգուշացրեց, որ հայտնի անունների զուտ բազմակի թվարկման փաստն իսկ աղավաղում է հոդվածի միտքը և կարող է սխալ եզրակացությունների էլ հանգեցնել։
Ես չգիտեմ, թե այս հոդվածում քանի անգամ եմ կրկնել Նիկոլ անունը, բայց ասեմ, որ Նիկոլը եթե ոչ մի այլ բան չանի, ապա Սերժին հեռացնելու և նախագահականի ու պառլամենտի երկու փակ դարպասները բացելու համար կմնա հայոց պատմության մեջ որպես հզոր պետական գործիչ։ Եվ նորից կրկնվելով էլ պնդեմ, որ Սերժի սահմանադրությանը կառչած մնալով, այդ սահմանդրությամբ թեկուզ նոր պառլամենտ ունենալով էլ, վատ վարչապետ է լինելու և օր-օրի ներքև է իջնելու, եթե ոչ գահավիժելու է այդ բարձունքից։
Կարծում եմ, որ մեր միակ լուծումը հենց նման հայացքն է “արկղից դուրս” ու նոր սահմանադրության անցնելն է։ Թե ինչպես կբարեհաճեն նայել սույն առաջարկին Նիկոլը, իր թիմակիցներն ու այլ “ հարց լուծողները”, իրենց գործն է։
Ամեն մեկս իրենն է անում այս օրերին՝ մեկս մտածում է, թե ոնց մի անցողիկ կուսակցություն խցկվի ու դեպուտատ դառնա։ Մյուսս մտածում է, թե ոնց իր թալանած միլիոնն ու միլիարդը պարտակի։ Ես էլ առաջարկել-գրել կարող եմ՝ գրում եմ։
Վաղուց մի միտք ունեմ, որը տեղին եմ համարում այստեղ հնչեցնել։ Կինն ընտանիք կերտողն է, տղամարդը՝ պետություն, հայրենասերը՝ դժոխք։
Մինչև հիմա մենք “հայրենասերների” կերտած դժոխքում ենք եղել։ Արեք այսօրվանից իրար չանտեսենք, իրար լսենք, իրար հետ գլուխ-գլխի տանք ու կերտենք տղամարդու պետությունը։
Այսօր դրան խանգարող որևէ արգելք ես չեմ տեսնում։