Ինձ մոտ այն տպավորությունն է, որ անցած վեց ամիսներին նոր իշխանությունները բացարձակ անհաղորդ են եղել հանրային հոգսերին, առաջարկներին ու մտահոգություններին։ Նրանք հիմա էլ շարունակում են անել իրենցը՝ ոչինչ չանելը։
30 տոկոս պառլամենտական քվոտի վրա թիրախավորված ընդդիմություն խաղացողներն էլ կուրծք ծեծելով ու հոխորտալով իրենց տարերքի մեջ են։ Իշխանությունն ու նոր կերտվող իբր կուսակցականություն-ընդդիմությունը մեծ նոր խաղ են խաղում, հաշվի չառնելով դրա կործանարար հետևանքները։
Դժվար է ասել, թե ինչքան կշարունակվի՝ Փաշինյանի բնութագրմամբ՝ աշխարհում եզակի ու օրինակելի այս ժողովրդավարականը, բայց որ դեռ ահագին ժամանակ ունեն մինչև երկրի լրիվ կանգը, դա փաստ է, ուղղակի ոչ մի ալտերնատիվ ու զորեղ հակառակորդը չկա` քաղաքական, լիդերային, սուբյեկտային դատարկություն է երկրում։
Լեւոնով սկսված հետանկախական իշխանությունը ևս ծնված օրից նույնն էր՝ անհաղորդ, անաչք, անականջ ու անուղեղ՝ երկրի ու մարդկանց հոգսերը տեսնելու, լսելու ու բանականով հաղթահարելու։
Այն ժամանակ, 100 օրվան՝ գիտնականների հետ հանդիպմանը Լեւոնին ես հրապարակավ փայտյա շերեփ նվիրեցի և հորդորեցի յոլա գնալ դրանով՝ մինչև երկաթյան սարքվի:
27 տարվա մեջ նույնիսկ թղթե շերեփ չսարքվեց ու երկիրը շարունակաբար գնաց վայրընթացով։
Իսկ Փաշինյանի դեպքում 100 օրվա հաշվետվությունը ջրվեց միտինգով։ Պարզ է, որ 200 օրվանն էլ, տարվանն ու 10 տարվանն էլ, երբևէ հաշվետվություն չի լինելու։ Որովհետև ամեն առիթով կա փրկարար օղակը՝ “հակահեղափոխության” վտանգը։ Վտանգը թողած հո հաշվետվություն չի ներկայացնելու։
Փաստը, որ մենք դարեդար միայն “ախպերական” տեղական փոքրիկ բդեշխություններ ենք կարողացել ստեղծել, վկայում է, որ մենք՝ հենց ժողովուրդն է հանրայնորեն “սխալը”։ Մանավանդ որ քաղաքագիտական համապատասխան միտքն էլ կա, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը։
Այսինքն այն, որ նախապես “մեր տղա” Լեւոնը դարձավ անհաղորդ Լեւոն, կոմսոմոլ Սերժը՝ “ինչքան ուզես կխփենք Սերժ”, պարտկոմ Ռոբն էլ՝ միլիարդատեր “Ռոբ”, մեծ հաշվով, դա իրենց մեղքը չէր, այլ մեր՝ բոլորիս մեղքն էր։ Մենք էինք թույլատրել, որ իրենք անեն իրենց ուզածը, այլ ոչ պետությանն ու ժողովրդին անհրաժեշտը։
Հիմա էլ մեր իմացած ու չիմացած Նիկոլն է մի նոր “Նիկոլ” դառնալու ճանապարհին։ Եվ ես կասկած չունեմ, որ նա էլ կհաղթահարի այդ անարգելք անցումը։
Իսկ մենք ի՞նչ պետք է անենք, որ հաղթահարենք խեղճ, ստրկացած, անտեսված հանրությունից դեպի իշխանություն սանձած արժանապատիվ հանրություն անցումը։ Դրա ձևն ու մեթոդաբանությունն էլ կա, ուղղակի հանրային առաջնորդների մոտ ոչ ավանդույթը, ոչ կամքը և ոչ էլ արժանապատվություն կա դա անելու։
Անցման ընդհանուր պատկերը տրված է նկարում։ Այն հանրային արժեքային վերակերտման հայտնի սխեման է։
Ցանկացած հանրություն ամեն պահի գտնվում է զարգացման պրոցեսի մեջ։ Արագ մոդեռնացվող հանրությունները զարգանում են հսկայի քայլերով, իսկ մեր պես պահպանողական, ավանդական հանրությունները գրեթե չեն զարգանում։
Կոնկրետ պահին հանրությունը գտնվում է 1 կետում՝ դրսից, կամ ներքին նորարարներից եկող նորի, և ավանդական հին հանրությունից՝ 6-ից եկող պահպանողական ազդակների ներքո։ Հանրության ներսում կան նորի հանդեպ զգայուն ավանգարդ մտածող և նորով ապրողներ, որոնք վերցնում են նորը և նորովի ապրում, ասենք ծակ ջինս հագնում, նորագույն սկավառակը լսում, նորագույն կինոն նայում, նոր հեռախոսի բոլոր նրբություններին տիրապետում, մտածում ոնց արևային կայանք տեղադրեն իրենց տանիքին, ոնց լավագույն գինին ոչ թե խմեն, այլ արտադրեն, ոնց ձուկ աճեցնելու ու Հայաստանը ջրազրկելու փոխարեն շվեցարականից լավը՝ հայկական ժամացույց արտադրեն և այլն։
Ու հենց այդ նույն մեկ կետում կան նաև խիստ պահպանողականներ, ովքեր “կախված են” այդ նորովի մտածողների թևերից ու ամոթով են տալիս, պախարակում, թե դու ով եղար, որ մեր ավանդական հայկական ծակ շալվարի փոխարեն ծակ ջինսը հագնես, մեր չնաշխարհիկ տոլմայի փոխարեն ստեյկի մասին մտածես։
Այ այդ երկուսի բազմահարթակ պայքարի արդյունքում, եթե ավանգարդ մտածող-ապրողը անտեսելով պահպանողականին, իր ուզածն է անում, նրա կողքին կանգնած ջահելությունն ընդօրինակելով, վերցնում է նորույթը /կետ 2/ ու ինքն էլ է կիրառում։
Շուտով ամբողջ երիտասարդությունն է վեցնում նորույթը որպես ծիսական անհրաժեշտություն /կետ 3/։ Երբ ջահելությունն էլ լրիվ տոգորված է նորով, արդեն ազատամիտ մեծահասակներն էլ են նկատում, որ նորույթը շատ էլ հարմար, օգտակար բան է, իրենք էլ են ընդօրինակում /կետ 4/: Եթե արդեն առաջավոր մեծերն են վերցրել, ապա դրանց հարևանությունն է վերցնում ու կիրառում նորույթն արդեն գրեթե որպես ծես /կետ 5/։
Որոշ ժամանակ անց արդեն ողջ հանրությունը, ներառյալ էն ամենախուլ գյուղերում ու քաղաքի ծայրերում, կիրառում է նորույթը /կետ 6 /։ Եվ դա արդեն նորույթ էլ չէ, որովետև բոլորն են այն կիրառում, որպես ավանդական հին արժեք-ծես։
Սխեման ցույց է տալիս, որ ոչ մի նորույթ հենց այնպես չի մտնում հանրություն ու կիրառվում։ Այն առաջինը ներմուծողներն և տարածողները կան, առաջինը ընդօրինակողներն ու հետնորդները կան։ Կետերով նշված յուրաքանչյուր խումբն իր կարծրատիպերն ունի հարցերի վերաբերյալ, իր ներհանրային կշիռն ու ազդեցությունը՝ ամենատարբեր հարցերում։ Դրանցում տարբեր մարդկային էություններ ու տիպեր են, իրենց ուրույն մոտեցումներով ու աշխարհայացքներով։ Առաջին խմբերում յուրահատուկ մտածելակերպով նորը հեշտորեն ընդունող մարդիկ են, դեպի 6-ը՝ աստիճանաբար առավել պահպանողականները և ցանկացած նորույթ մերժողները։
Զարգացման սպիրալից դուրս, 7 օղակով ներկայացված է իշխանությունը, որը /բացառությամբ կամային ռեժիմների/ չի մասնակցում նորույթի կերտմանը և մեկուսացած է զարգացման պրոցեսից։
Ըստ ավանդականի և նույնիսկ ժողովրդավարականի, իշխանությունը, եթե չի խանգարում, ապա այդ փաստն արդեն դրական է։ Եվ դա պայմանավորված է նրանով, որ իշխանությունները նորի հանդեպ հիմնականում հանդես են գալիս որպես պահպանողական, հետադեմ ուժ, քանի որ ամեն նոր իր մեջ սպառնալիք ունի իշխանության վերարտադրմանը:
Այլ է իշխանության դերը տեխնոկրատական կառավարման մոդելներում։ Նրանցում հենց տեխնոկրատ իշխանությունն է մեծապես զարգացման աղբյուրն ու շարժիչ ուժը։ Ըստ որում կան տարբեր բնույթի տեխնոկրատական իշխանություններ ու հանրություններ։ Օրինակ Սինգապուրը վառ լիդերով ընդգծված տեխնոկրատական իշխանականի օրինակ է։ Շվեյցարիան, Ճապոնիան, Չինաստանը հանրային տեխնոկրատիզմի մոդելներ են։ Իսրայելում ազգային տեխնոկրատիզմ է։ Սկանդինավյան երկրներում սոցիալական տեխնոկրատիզմի մոդել է։
Ըստ մեր պատմական ու հետանկախական հետագծի, մենք՝ հայերս, ծայրահեղ կոնսերվատիվ ենք, ոչ տեխնոկրատական և ավանդական՝ ամենատարբեր հարցերում։ Իսկ պետականում էլ ընդամենը ապասուբյեկտային-խամաճիկային ենք՝ մշտապես արտաքին հովանավորի փնտրտուքների մեջ։
Քանի որ մենք հիմնականում նորույթի ներհոսքի ծայրահեղ ցածր տեմպով բնութագրվող ավանդական հանրություն ենք, ապա որպես մեր մոդեռնացման միակ միջոց մնում է արժեքային վերակերտումն ու հատուկ մեթոդաբանությամբ նորի արհեստական գեներացումը և արագացված ներդրումը իշխանություների ու ավանգարդային էլիտայի կողմից:
Վերը նկարագրված զարգացման հարցերն անտեսելուն զուգահեռ, մենք նաև քաղաքագիտական զարմանալի տգիտություն ենք ցուցաբերում ամենատարբեր դրվագներում՝ օրինակ անհիմն ոգևորվելով ուղիղ ժողովրդավարության “տեսիլքներով”։
Ուղիղ ժողովրդավարությունը ներկայում առկա է միայն Շվեյցարիայում, այն էլ խիստ կոնկրետ՝ տարբեր կանտոններում հարցերի շուրջ տարբեր դիրքորոշումներ երևակվելու դեպքերում։ Ավանդական ժողովրդավարական երկրներում այն իմաստալից է տեղական ինքնակառավարման մանր հարցերում, բայց էֆեկտիվ չէ հիմնական հարցերում։
Մեծ թյուրըմբռնում կա նաև կուսակցականության հարցում։
Նոր սահմանադրությամբ Սերժը երկիրը վարչապետական համակարգի էր տարել ընդամենն իր իշխանությունը հավերժացնելու մարմաջով։ Բայց հեղափոխությունից հետո կուսակցական հիմքով նոր պառլամենտի գնալն աբսուրդ է, որովհետև մեզանում կուսակցություններ ուղղակի չկան։
Նախկինում ես հիմնավորել էի 33 հոգանոց համապետական ավագանի-խորհրդարանի գաղափարը, որն անտեսվեց առանց քննարկման։
Երևի դեռ իմաստալից է, որ կուսակցականության ջատագովներին նորից հայտնվի հետևյալը՝
1. Կուսակցականությունն իհարկե ժողովրդավարության հիմնաքարն է։ Բայց ժողովրդավարությունն ինքը բազմաթիվ՝ մոտ 30 նախապայմաններ ու հիմքեր ունի, որոնք չի կարելի անտեսել։ Ժողովրդավարության առաջին հիմքը ազատ շուկան է՝ իր ազատ և մրցակցող տնտեսվարողով, ինչպես նաև հոգեբանորեն ու սոցիալապես ազատ, շուկայականին սովոր ու հետևող անհատով։ Ազատ մարդու հիմքն էլ մրցակից միջավայրում անկաշկանդ ինքնադրսևորվող, նախաձեռնող, արարող, կերտող, արտադրող ու ազատ սպառող սուբյեկտն է։
2. Ժողովրդավարության հաջորդ պայմանը կայացած քաղաքացին է, որը գիտի իր իրավունքները և հետապնդում է իր շահը՝ իրեն հասու բոլոր մեթոդներով։
3-րդ հիմնարար պայմանը հանրության մշակութային-արժեքային համասեռությունն է, որը մեզանում ևս առկա չէ։
Մնացած երկու տասնյակից ավել պայմաններն ու հիմքերն անիմաստ է սույն հոդվածում քննարկելը, բայց կուսակցականության համար մեկ՝ ամենակարևոր պայմանը պետք է նշվի։ Դա ասպարեզում բավարար թվով ակտիվ, ինքնուրույն մասնակից-միջին խավի քաղաքացիների առկայությունն է՝ այսինքն մեծ թվերի վիճակագրականին համապատասխանող ինքնաբավ բազմությունների առկայությունը։ Այլապես անհնար է անկախ կուսակցությունների առաջացումն ու գոյատևումը։
Ասվածից բխում է, որ կուսակցական ժողովրդավարության որևէ հիմքը Հայաստանում ուղղակի չկա։
Անկախության սկզբին Հայաստանը մոտ 3,5 միլիոն էր՝ ընդգծված միջին խավով։ Եթե այն ժամանակ լուրջ կուսակցություններ չառաջացան, ապա հիմա, կես բնակչություն մնացած աղքատ երկրում և այն էլ մեկ ամսում, իրական կուսակցություններ նույնիսկ տեսականորեն չեն կարող առաջանալ։
Հետևաբար, դեկտեմբերին կուսակցական հիմքով ընտրությունների գնալն ինքնախաբեություն էլ չէ, ուղղակի ծանր դեմագոգիա է, աչքակապություն ու մարդկանց հիմարի տեղ դնել է։
Ես գտնում եմ, որ էս քաղաքական անոտուգլխության, էս փախեփախի, էս նարցիսիզմի, էս դեմագոգիայի ու էս թայֆայականության պայմաններում, Հայաստանում միակ, տեսականորեն հնարավոր մոդելը տեխնոկրատական զարգացումն է, լրացված փոքրաթիվ ավագանի-խորհրդարանով և տեխնոկրատ փոխվարչապետով։
Անցած ամիսները ցույց տվեցին, որ Փաշինյանն ինքը տնտեսվարությունից ու վարչապետական ֆունկցիաներից հեռու մարդ է։ Իրեն անպայման մի հզոր մասնագետ, տեխնոկրատ փոխվարչապետ է պետք, որը թե մարդկանց ու թե երկիրը կտանի արագ մոդեռնացման ու զարգացման վերը նկարագրված ուղիով։
Ես համոզված եմ, որ այս անլուրջ խաղը երկար չի կարող տևել։ Համոզված եմ նաև, որ խոսում եմ անապատին, բայց և իմ պարտքն եմ համարում բարձրաձայնելը։