Նախորդ օրը վարչապետը բողոքում էր, թե “350.000 մարդ ճռռում է, որ 800.000 մարդու պահի”։ Պետք է մարդն աշխատի, այլ ոչ նպաստի վրա մնա։
Իհարկե, սա անհերքելի ճշմարտություն է։ Սակայն այդ ճշմարտությունն իր տակ բազմաթիվ քաղաքական, հոգեբանական, տնտեսական, աշխարհքաղաքական, արժեքային ու սոցիալական ծալքեր ու շերտեր ունի թաղած, որոնք հետանկախական տարիներին երբևէ լայն քննարկման առարկա չեն եղել և դեռ չեն։
Փորձենք պեղել հիմնահարցի շերտերը և բացել փակագծերը։ Որովհետև եթե այն շարունակվի քողարկվել, ապա ոչ մի հեղափոխություն էլ մեզ այս փոսից չի հանելու։
Տնտեսագետներին, քաղաքագետներին, հոգեբաններին ու սթափ մտքի տեր բոլորին էլ հայտնի է, որ անկախ տնտեսական ֆորմացիայից մարդիկ տարբեր են իրենց վերաբերմունքով հանդեպ աշխատանքը:
Կան աշխատասեր մարդիկ, և կան “հակառակը”։ Կան, որ քարից “հաց քամող են”, և կան, որ կաշխատեն, եթե որևէ հնարավորություն կա աշխատելու։ Կան, որ կաշխատեն, եթե ծայրահեղ ստիպված լինեն։ Եվ կան այնպիսիք, որոնց գրեթե անհնար է ինքնակամ աշխատանքի կոչել։
Տարբեր հանրություններում այս կատեգորիաները տարբեր հարաբերակցությամբ են առկա։ Հանրային ներքին խիստ վերահսկողությամբ, սոցիալական ավանդույթներով երկրներում, ինչպիսիք օրինակ սկանդինավյան երկրներն են, մարդկանց մեծ մասն առաջին խմբերում է, և եզակի են ամենաստորին խմբի մարդիկ։ Հարավային երկրներում էլ չաշխատել “ուզողների” քանակն է ավելի մեծ։
Բացի ի ծնե աշխատանքի հակված ու ոչ հակվածների տրամաբանականից, մարդիկ նաև իրարից տարբեր են իրենց ձեռներեցությամբ։ Ի տարբերություն “հաց քամողների”, ձեռներեցները ոչ թե իրենք են հացը քարից քամում, այլ ուրիշներին են կառավարում-աշխատեցնում, որը հացը “քամեն”։ Եվ կան մարդիկ, որոնք ունակ չեն ինքնուրույն որևէ նախաձեռնության։ Այս մարդիկ ևս կարող են աշխատասեր լինել, բայց պայմանով, որ իրենց բացատրվի՝ ինչը ոնց արվի, երբ ու ինչքան արվի, քանի որ նա չի կարող ինքնուրույն որևէ բան անել։ Սրանք էլ վարձու աշխատանքի ունակներն են։
Բայց մեր՝ հայկական դեպքում մի լրիվ այլ դժբախտություն “տեղի ունի”։
Սովետական տնտեսվարությունը պլանային-ոչ շուկայական էր։ Հայաստանն “աշխատում էր”, բայց աշխատում էր առանց ձեռներեցների՝ “վերևից” ասում էին ինչ արտադրել, ինչքան ու ոնց արտադրել, ինչ ու ինչքան ցանել, ինչքան և ում ուղարկել ու և ով էլ քեզ ինչ հետ ուղարկի։
Սովետական աշխատուժի ճնշող մեծամասնությունը վարձու աշխատողներ էին։ Եվ սովետական 3-4 սերունդների ընթացքում մեր արժեքայինից գործնականում անհետացել էին ձեռներեցության մասին նախկինում եղած հատ ու կենտ “ֆայլերը”:
Սովետ միության կործանումից հետո Հայաստանը ժառանգեց եղած արժեքայինն ու ոչ ձեռներեց վարձու աշխատողներին։ Եվ հետանկախական Հայաստանին պարտադրվել էր հենց այդ՝ ոչ շուկայական տնտեսվարման որակներով ու պոտենցիալներով մտնել համաշխարհային՝ արդեն վաղուց ստրուկտուրավորված “ազատ” շուկա։ Այլ հետսովետական երկրներն էլ մոտավորապես նույն վիճակում էին, բայց նրանցից ոչ մեկը թշնամիներով չէր շրջապատված, ու խիստ սահմանափակված չէին արտահանման ու ներմուծման ուղիները։
Բացի սոցիալականից, սովետականից, արժեքայինից, կենսաբանականից ու հոգեբանականից, “քարից հաց քամելու” պրոցեսը նաև այլ հարթություններ ունի՝ օրինակ ենթակառուցվածքային-ռեսուրսային-աշխարհքաղաքական հարթությունները, որոնք արդեն պետք է դիտարկվեն ներքին ու արտաքին շուկաների, մակրոտնտեսական գործոնների ու պետության գերակա շահերի ներքո։
Անցած 27 տարիներին որևէ տնտեսագետ չշեշտեց, որ մենք չունենք շուկային պատրաստ գոնե մինիմալ թվով մասնագետներ, ձեռներեցներ, բիզնեսմեններ ու իրենց անելիքն իմացող տնտեսվարողներ։ Չասվեց, որ անկախության սկզբում առաջին հերթին մարդկանց էր պետք մասնագիտորեն վերապրոֆիլավորել, ձեռներեց ծնվածներին պատրաստել ազատ, մրցակից շուկային, արտադրություններ հիմնելուն և ոչ ձեռներեցներին աշխատեցնելուն։
Փոխարենը տնտեսագետներով, իշխանականով ու գողականով անցան գործարանները մասնավորեցնելուն, մասնատելուն ու որպես ջարդոն վաճառելուն՝ հիմնավորմամբ, թե սովետը չկա, սովետի շուկան չկա, հետևաբար գործարանը ևս պետք չէ։
Չասվեց, որ նույնիսկ սովետի չլինելու պայմաններում գործարանն ու հաստոցը կարող են օգտագործվել այլ, նոր արտադրությունների համար։ Հայաստանյան IT ղեկավար մասնագետները կվկայեն, որ տասը տարի առաջ բելոռուսները գալիս էին Հայաստան՝ մերոնց փորձը յուրացնելու։ Այսօր բելոռուսներն ավելի առաջ են մեզանից այդ ոլորտում, որովհետև նրանց կոմունիստական ոճի ղեկավարը, ի տարբերություն իբր ազատական տնտեսվարող հայաստանյան կառավարիչի, շատ լավ է հասկանում տնտեսությունից ու տնտեսականից և գիտի ինչը խթանի, ինչը՝ ոչ։ Բելոռուսը հենց հիմա արտադրում է աշխարհի ամենամեծ հանքատար բեռնատարներից մեկը և Ռուսաստանի հետ խոսում է որպես հավասարը հավասարի։
Իմ իմանալով, թռիչքաձև զարգացման ռեժիմի անցած բոլոր երկրները էլ իրենց ուրույն ուղին են ունեցել, և դրանցից ոչ մեկն էլ դոգմատիկ լիբերալ չէ, ինչպիսին մերոնք են եղել ու կան։ Եվ ոչ մեկը հանքաքար արտահանելով չի գոյություն քարշ տալիս, ոնց մենք ենք:
Պետական զարգացման ամեն փուլ իր ուրույն, որոշակի տիպի մարդկանց ու մասնագետներին է պահանջում: Իշխանության խնդիրն է հասկանալը՝ թե ինչ փուլում և ինչ վիճակում է երկիրը և այդ փուլին համապատասխան մասնագետների ու մարդկանց ներառի երկրի կառավարմանը։
Անկախությունից հետո Հայաստանն անցել է ազատ շուկայական-լիբերալ տնտեսավարման։ Ոչ ազատ շուկան, ոչ էլ լիբերալիզմը չկայացան։ Մի կողմ թողնենք, որ անկլավ ու թշնամիներով շրջապատված երկիրն ուղղակի իրավունք չուներ նման տնտեսվարման։ Բայց հիմա, երբ ըստ նախանշանների, նոր կառավարությունն էլ է գնում նույն՝ որևէ կերպ չարդարացված տնտեսական մոդելների, հիմնավորումը ո՞րն է։
Նշեմ միայն տարրական պահանջները, որոնք ուղղակի հրամայական են լիբերալ տնտեսության դեպքում.
– Ոչ թշնամական հարևանություն, ոչ անկլավ, ոչ պատերազմական վիճակ, արտահանման և ներմուծման ալտերնատիվ ու ազատ ուղիներ, արդեն իսկ զարգացած ենթակառուցվածքներ, մեծաքանակ ձեռներեցներ, տարատեսակ մասնագիտացած որակյալ մեծաթիվ աշխատուժ, արդեն իսկ նորագույն տեխնոլոգիաներով աշխատող ձեռնարկություններ, արտաքին շուկաներում տեղ գրաված՝ մրցակից ու սպառվող ապրանքների արտադրություն, միջազգային շուկայում արդեն իր ներկայությունն ունեցող հայտնի և հզոր ընկերություններ։
Այլ խոսքերով ասած, զարգացման սկզբում լիբերալ տնտեսությունը ինքնին թռիչքաձև զարգացում չի կարող ապահովել։ Լավագույն դեպքում այն կարող է մասնակի առավելություն տալ զարգացման ինչ որ փուլում և խիստ որոշակի դեպքերում։
Բացի այդ, բարգավաճ լինելու համար կապիտալիզմը մշտական դրական աճ է պահանջում։ Նման ծանր մրցակցության պայմաններում փոքր տնտեսվարողները ճկուն լինելով նախաձեռնությունների հարցում, շատ զգայուն են արտաքին ու ներքին փոքրագույն իսկ ցնցումներին։ Առանց պետական հոգածության ու պաշտպանության, նրանք իսկույն կսնանկանան:
1929-ին նույնիսկ ամերիկյան հզոր տնտեսությունը հայտնվեց խորը ճգնաժամի մեջ, և ելքը դրանից ոչ թե լիբերալիզմը եղավ, այլ Քեյնսի տեսականի հիման վրա, պետական միջամտությամբ և հսկողությամբ, տնտեսական զարգացման մուլտիպլիկատորների ու լոկոմոտիվների գործի դնելն ու հենց դրա հաշվին ճգնաժամի հաղթահարումը:
2008-ին էլ ամերիկյան բանկային համակարգից սկսված ծանրագույն ճգնաժամը հանգուցալուծվեց հենց պետական միջամտությամբ՝ բանկերին մեծ ֆինանսական ներարկումներ կատարելով։
Հայաստանն արդեն 27 տարի ճգնաժամի մեջ է։ Երբ ենք հասկանալու, որ օգտվելով համաշխարհային փորձից՝ մենք էլ մեր ճգնաժամի հաղթահարման յուրահատուկ, խիստ կոնկրետ տնտեսական մոդելը պետք է նախագծենք ու ներդնենք։
Ասվածի համատեքստում ակնհայտ է, որ քիչ թե շատ ձեռներեց հայ մարդն առանց վերամասնագիտացման, առանց նոր գիտելիքների ձեռքբերման չի կարող ազատ շուկայում մրցակից լինել։ Եվ վարձու աշխատողն էլ չի կարող արժանապատիվ աշխատանք գտնել, որովհետև կողքինն էլ ձեռներեց չէ և աշխատատեղ չի բացելու։
Ակնհայտ է, որ մեր համապարփակ ճգնաժամի լիարժեք գիտակցումը, վերլուծումն ու նրանից ելքի ուղիներ գտնելը մասնագետների լուծելիք է։ Անցած վեց ամիսների փորձից ելնելով, ես կարծում եմ, որ վարչապետին հուշված տնտեսագիտականն ադեկվատ չէ իրականությանն ու առկա պահանջներին։
Սկսել է պետք ոչ այնքան դրսից գործարարներ հրավիրելուց, որքան տեղում ձեռներեցությունը խթանելուց, մասնագետներին վերապրոֆիլավորելուց, մարդկանց բացատրել-հասկացնելուց, որ այս երկրում ոչ մեկն էշ չէ, որ դու էլ փալանը լինես։ Որ աշխարհն արդեն գլոբալ է, հայաստանյան գները գլոբալ են, հետևաբար հայաստանյան աշխատավարձերն էլ գլոբալին պետք է ձգտեն։
Ինչքան էլ Փաշինյանը հորդորի, թե գնացեք նպաստի փոխարեն 60 հազարով աշխատեք, դա հարց չի լուծելու։ Որովհետև ինքը նախ պետք է կրթի, վերապատրաստի ձեռներեցին, որ նա կատարելագործվի՝ էժան, հեշտ ու մրցակից ապրանք արտադրի, արտահանի, միջազգային գներով վաճառի ու իր աշխատողին էլ միջազգայինին համաչափ աշխատավարձ տա։
Երկրների տնտեսական վիճակի համեմատության համար օգտագործվում է ՀՆԱ-ն, իսկ կյանքի որակի գնահատման համար գերկարևոր է աշխատավարձի չափը արտահայտված դոլարով, այսինքն ստանդարտացված՝ ըստ միջազգային գնողունակության։
Հայաստանը դատարկվում է և երկիրն էլ ծանրագույն ճգնաժամի մեջ է, ոչ միայն աշխատատեղ չլինելու, մրցակից արտադրություններ չլինելու, հումքի խորը վերամշակմամբ ժամանակից արտադրանք չտալու ու հեռանկարի բացակայության, այլև առաջին հերթին գերցածր աշխատավարձերի պատճառով։ Այո, առաջին հայացքից իբր երկրորդական, բայց իրականում այս պահի ամենահիմնարար սկզբունք-պահանջն է՝ որ հայաստանյան աշխատողը ոչ թե ամսական 60 000 դրամ, այսինքն օրական 4 դոլար, այսինքն ժամը 50 սենթ աշխատավարձ ստանա, այլ միջազգայինին համապատասխան՝ ժամը գոնե 5-6 դոլարի համարժեք աշխատավարձը ստանա։ Եվ երկիրն էլ ոչ թե ոչխար պահելով ու սիբեխ հավաքելով, այլ նորը, ժամանակակիցը, ուրույնը, ամենաբարդը արտադրելով պետք է ապրի։
Կառավարության անելիքը նորն արտադրող նոր ձեռներեց, նոր մասնագետ աշխատող ու նոր ներհանրային արժեհամակարգ ստեղծելն է, ուր մասնակից են բոլորը՝ ներառյալ աշխատանքից փախչող, գլուխ քորելով փալան ձևացողը։