Շաբաթ օրը մենք ազգովի ականատես եղանք Գինեսի երկու նոր ռեկորդների՝ 9 ժամ 25 րոպե տևած և 37,5 կմ հաղթահարած քաղաքական հզոր երթի։
Ես համոզված չեմ, թե երբևէ կհաղթահարվի այս ռեկորդը որևէ այլ ժողովրդի ու նրա լիդերի կողմից, որովհետև նման անիմաստ ռեկորդը թարմացնելու իմաստը երբևէ չի լինելու։
Եթե այս ռեկորդն այլ վերնագրով ներկայացվեր, ապա միգուցե գրավիչ էլ լիներ։ Օրինակ, եթե նախապես ասվեր, որ ժողովուրդ, մենք քաղաքական թիմով, պաշտոնական փողկապ-կոստյումներով դուրս ենք գալիս ըստ տևողության ու անցած ճանապարհի երկարության սպորտային-քաղաքական ռեկորդի սահմանման, այնժամ ազգովի էինք ցնծալու, որ նման հոյակապ գաղափար է հղացվել ու բոլորով հանգիստ-թեթև-ուրախ՝ ով ինչքան կարող էր, կմասնակցեր այդ մարաթոնին։ Վերջում էլ աշխարհով մեկ կհպարտանայինք, որ ֆիզիկապես նման առողջ կառավարություն ու կառավարություն սատարող առողջ ժողովուրդ ունենք։
Բայց փաստն այն է, որ լրիվ այլ ռեկորդ սահմանվեց՝ անիմաստության ռեկորդը։
Հեղափոխությունից հետո ես հաճախ եմ ինձ գտնում անիմաստը քննարկելու ու հասկանալու փորձերի մեջ։
Երևի միայն ես չեմ այդ վիճակում՝ ազգովի շատ բան չենք հասկանում։ Խնդիրն էլ իմ կարծիքով պարզերից չէ՝ աշխարհայացքային-ազգային է ու մեծ դրամատիզմ ունի իր մեջ։
Բանն այն է, որ եթե մի երկրում անիմաստ, տարօրինակ բաներ են կատարվում, ապա հարկ է դա ներսում քննարկել, հասկանալ, ասել այդ մասին, որ այլևս նման անհեթեթություններ չկրկնվեն, ու դրսերում էլ խեղկատակի տեղ չդնեն։
Օրինակ, մի քանի օր առաջ լսում էի Փաշինյանի ասուլիսը։ Լրագրողներին խնդրվել էր, որպեսզի մեկական հարց տան։ Բայց այդ խնդրանքն անտեսվում էր փաստացի բոլորի կողմից։ Ավելին, որոշները մուննաթով ուղղակի էին ասում՝ քանի որ բոլորն են երկուական հարց տալիս, ես էլ երկրորդը կտամ ու առանց թույլտվության, անցնում էին երկրորդ հարցին՝ ու որպես կանոն, երկրորդ հարցն էլ արդեն ընդարձակ ճառի տեսքով։
Ես հասկանում եմ, որ միգուցե համալսարանում իրենց սովորեցրել են, որ թղթակցի դիմամաշկը հաստ պետք է լինի ու ինքն իրեն սովորեցրածն է անում։ Բայց Նիկոլն էլ արդեն ոչ թե լրագրող է, այլ վարչապետ։ Ասուլիսը ինքն է տալիս, ու ոչ թե իր ու լրագրողների, այլ լսողների համար։ Եվ մասնակիցներով առաջին հերթին պետք է լսողին հարգեն։
Իսկ լսողն էլ, երբ նայում է լրագրողի անհարիր պահվածքը, լսում նրա պարզունակ֊մեծամիտ հարցը, ապա մտածում է՝ լավ, բա էս երկրում ոչ մի ոլորտում կարգ ու կանոն չի՞ մտնելու:
Բռոնցի-բացթողոցին հասկանալի-բացատրելի-արդարացնելի էր, որովհետև մեջտեղը միլիոնատերեր-միլիարդատերերի հարցեր են՝ դժվար էր։ Իսկ էստե՞ղ ինչ անտեսանելի արգելք էր, որ հնարավոր չէր հաղթահարել։ Չէ՞ր կարող Փաշինյանն ասել, որ երկրորդ հարցիդ չեմ պատասխանում: Չէ որ մի կողմից դա հայտարարած կարգը կապահովեր, մյուսից էլ՝ լրագրողին կզգաստացներ ու կստիպեր իրոք կարևոր հարցը տալու։
Ակնհայտ է, որ նման անսպասելի տարօրինակություններով ու անհասկանալի քայլերով ընթանում ենք դեպի անկառավարելիություն, որն էլ ավելի է խորանալու անհայտ երևելիներով ստեղծվելիք նոր պառլամենտով։
Ինձ թվում էր, թե Սերժի սահմանադրությամբ ընտրությունների գնալով հանդերձ, գոնե ցուցակները կազմելու հարցում ՔՊ-ն, որպես առաջնորդող ու տոն տվող ուժ, պետք է ասեր, որ մենք ոչ մի օրենք չխախտելով, ցուցակները ոչ թե շեֆի կամայականով, այլ կուսակցական ժողովով ենք կազմելու՝ ըստ ժողովրդավարական տարրական պահանջի՝ կուսակիցների ռեյտինգային քվեարկության արդյունքներով։
Բայց դա չարվեց։ Ու ոչ միայն ՔՊ-ն, այլև բացառությամբ ՔՈ ՍԴԿ-ի, ուրիշ ոչ մի կուսակցություն դա չարեց։ Եվ եթե ժողովրդավարություն հորջորջվող այս հակաժողովրդական աբսուրդին գումարում ենք նաև նույնիսկ մամուլում հրապարակված հավատաքննության դեպքերը՝ ցուցակներ կազմելու հարցում, ապա պատկերն արդեն դառնում է ուղղակի էպիկական։
Բոլորս գիտենք, որ ժամանակին Սերժն էր ցուցակները կազմում ու ըստ անձնական-ֆինանսական-ֆիզիկական ներդրումների, պառլամենտ անցկանցնում համակարգին պետքական մարդկանց։
Հիմա էլ ՔՊ-ի վերնախա՞վն է իր հայեցողությամբ կազմում ցուցակները ու հույսը դնում իբր երեք միլիոն բնակչության ընտրողների վրա։ Սա՞ է հաղթանակած ժողովրդավարությունը։ Սրա՞ն է գնում Փաշինյանը:
Հուսով եմ, որ ոչ։ Ինձ թվում է, որ իր մտքով չի անցնում, որ իր արածն ու չարածն արդեն գեշ են և որ վաղն այսօրվա հետևանքներն ավելի գեշ են լինելու։
Ես հասկանում եմ, որ երկրում լուրջ մարդկանց, մասնագետների, սկզբունքային քաղաքական այրերի ու տիկնանց մեծ պակաս կա։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ հիմա էլ կառավարական ֆունկցիոներները պառլամենտ անցնողների ցուցակները պետք է կազմեն։ Բա ուր մնաց ժողովրդավարական իշխանական թևերի անկախ մանդատի սկզբունքը։ Ինչով է սա տարբեր 1995-ից սկսված ու երբևէ չխաթարված ձայների կեղծումից:
Ու գնալով համոզվում եմ, որ հենց այդպես էլ լինելու է։ Որովհետև այլընտրանքների բացակայության պատճառով այլ տարբերակ ուղղակի չկա։
Մենք ազգովի շանտաժված ենք բոլոր կողմերից՝ թուրքերից ու ռուսներից, վրացիներից ու ամերիկացիներից, եվրոպացիներից ու բելոռուսներից, ղազախներից ու լիսկաներից, մանվելներից ու ռոբերից։ Ու հիմա էլ եթե ՔՊ-ի ցուցակը չընտրես, ապա կհայտնվես էլ ավելի անհայտների ու դրանց իբր ընդդիմադիր՝ խելագարների ձեռքին։ ՔՊ-ին էլ ընտրես, հատնվելու ես անհումոր ու իրենց գերկարևորած, արդեն շեֆերի դեր ստանձնածների ողորմածության ներքո։
Մեղմ ասած, տարբերակ չկա։ Քանի գնում, Նիկոլի առաջնորդությամբ մենք խորանում ենք Սերժի սահմանադրության պարտադրած քարկապերի մեջ ու ես դրանցից ելքը չեմ տեսնում։
Վարչապետը շատ էլ հաջող ու արդյունավետ կարող էր աշխատել պառլամենտական անատամ ընդդիմության հետ՝ ոնց աշխարհի նորմալ երկների բոլոր կառավարիչներն են աշխատում։ Բայց ինքը որոշեց գնալ տոտալիտարիզմի-լիակատար իշխանություն վերցնելու կամայականին ու մեզ ազգովի դեմ արեց Սերժի սահմանադրությանը։
Գոնե այդ պահին, նա պետք է սթափվեր ու հայտարարեր, որ ժողովուրդ, եթե չստացվեց փոխել օրենքը, ապա կանգնենք, առաջ չգնանք, փորձենք աշխատել եղածով արդյունքի հասնել, նոր հետո փորձել օրենքը փոխելով ավելի լավ պառլամենտ ընտրել։ Որովհետև եթե այս ընտրակարգով էսպես հապշտապ գնանք, ապա աբսուրդների մեջ ենք հայտնվելու։
Չարեց Փաշինյանը դա, ու այսօր մտնում ենք մի նոր քաղաքական ճահիճ, որում արդեն ամեն ինչն է նեխած։
Երթի ավարտին, երևի զգալով, որ անհրաժեշտություն կա արվածի մասին բացատրություն տալու, Փաշինյանը հայտարարեց, որ երթը քավության երթ էր, ուխտագնացություն էր ու հավատարմություն՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արժեքներին։
Ենթադրենք։
Բայց դա իր մեկնաբանությունն է։ Ես էլ իմն ունեմ, որ երթն այս կառավարության ճահճացման, անճարակության, կարճատեսության ու արդեն իսկ ճգնաժամի մեջ հայտնված լինելու նշանն էր։
Պարզ է մի բան, որ առաջներում որպես իշխանություն Հայաստանում մեկ նախագահ էր ու շրջակա ֆեոդալականը։ Հիմա այլ է՝ մեկ Նիկոլ է, ու շրջակա ինքնակարևորված անդեմությունը։
Եթե Նիկոլն իր աշխարհայացքով, բնույթով ու կամքով Լի Կվան Յու լիներ, ապա այս դասավարությունը վատ չէր լինի երկրի ու ժողովրդի համար։ Բայց ցավոք այդպես չէ, և դրությունը քաջնազարանոցի է վերածվում՝ գյադեք դեսը կանգնեք, չէ՝ գյադեք դենը կանգնեք, պարզունակ “փիլիսոփայականով”։
Հավասար ինտելեկտներից եկող բազմակարծությունը ոչ միայն ժողովրդավարական, այլև ստեղծագործ միջավայր է։ Եթե չկա հավասար իշխանականը, քաղաքացիականն ու ընդդիմադիրը, ապա պետք է փորձել այդպիսիք կերտելու մեխանիզմները գործի դնել։
Իսկ եթե դրա գիտակցումն ու կամքը չկա, ապա դաժան ճակատագիրն է առջևում։
Եվ զարմանալի չէ, որ քաղաքական ու արժեքային հեղափոխություններն արդեն երևի ավարտված են համարվում, ու վաղվանից տնտեսական հեղափոխությունն է սկսվում։