Այն, որ Փաշինյանը հայկական պետականությունը գոնե ժամանակավորապես զերծ է պահել փլուզումից, դա փաստ է։ Հարցը, թե արդյոք հայությունը կկարողանա իրացնել իր արժեքային վերակերտումն ու դուրս կգա պետականակերտման հետ կապված ծանր փորձություններից, դա ոչ միայն Փաշինյանի, այլև մեր բոլորի լուծելիք խնդիրն է։
Բայց մեկ հարց կա, որը միայն ու միայն Փաշինյանի անելիքն է։ Եվ դա Ցեղասպանության ու Ղարաբաղի հարցերը մեկ փաթեթի մեջ միավորելն է ու դա որպես հայության անհաղթահարելի ապտակ միջազգային ներկա տերերին մատուցելն է։
Հարցն այն է, որ հայությունը մինչև հիմա մոլորված է մնացած իր հետ կատարվածի ու կատարվողի հորձանուտներում։ Մեկ դար առաջ Խրիմյան Հայրիկին դուրս էին դրել ձայնի իրավունքից, ու միակ բանը, որ ինքը կարողացել էր անել, սերունդներին թողել էր թղթե շերեփի մասին իր հզոր ալեգորիան։
Անկախության սկզբին նորից խոսք գնաց շերեփի մասին, բայց այս անգամ էլ երկաթյա ու պետական շերեփի մասին երազներից այն արագորեն վերածվեց արտաքին ապասուբյեկտության, իսկ ներսում էլ շերեփն անտեսած թալանի, ամենաթողության, մեծ փողի կուտակման ու կալվածքների կերտման։
Շատերին կթվա, որ միջազգայինում մեր թղթե շերեփը ոնց կար, նույնն էլ մնացել է մինչև այսօր։ Բայց դա խաբուսիկ է, քանի որ Խրիմյան Հայրիկի ժամանակներից ի վեր, օսմանյան թուրքերի գենոցիդին ավելացել է ադրբեջանական թուրքերի մեր գլխին բերած 100-ամյա շարունակական նոր գենոցիդը։ Եվ ներկա պահին նույնիսկ թղթե շերեփը չկա։
Եվ զարմանալիորեն, միացյալ թուրքերի կողմից հայոց Գենոցիդի հարցը մինչև օրս էլ լլկեցված է ԼՏՊ-ի ներդրած հայակործան կոնցեպտներով, ըստ որի Գենոցիդի հարցը ոչ թե հայոց ներկա պետականության՝ Հայաստանի իրավասության հարցն է, այլ հայոց սփյուռքի պահանջատիրական- հումանիտար-էմոցիոնալ խնդիր-իրավասությունն է։
Համապատասխանաբար էլ, Ղարաբաղի հարցն է ստորադասվել ու ներկայացվել աշխարհին որպես տեղացիների ինքնորոշման իրավունք։ Ավելին, երկրի ներսում էլ, այդ կեղծ, իբր խելոք-պաշտպանական, ապասուբյեկտային դեմագոգիան՝ թե Հայաստանը կապ չունի, դա “Ղարաբաղի ու ղարաբաղցիների հարցն է” կործանարար է եղել մեր ներհանրային ներկայի ու հեռանկարի առումով։
Այն մատուցվել է որպես իբր պրագմատիզմ, որպես իբր real politics, այն դեպքում, երբ դա ընդամենը ինքնակործան ջայլամություն է եղել։ Հենց այդ փարիսեցիական կեցվածքն էր ծնունդ տվել ներքին բեսպրեդելին, եղունգ ունես գլուխդ քորի՝ հակամարդկային արժեքայինի ծնունդին ու դրա հետևանքով առաջացած ներկա հոռի բարքերին։
Հենց այդ փալասային կոնցեպտն ու համարժեք անդեմ դիվանագիտությունն է հանգեցրել մեր հանդեպ միջազգային քամահրանքի։ Հենց դա է հայերիս նսեմացրել որպես արժանապատվություն ու ինքնասիրություն չունեցող ժողովրդի։ Հենց այս քստմնելի ապասուբյեկտայնությունն է եղել պատճառը, որը հայը հույսը կտրել է Հայաստանից ու հայությունից, և բռնել գաղթի ուղին։
Փաշինյանի գալով սկզբունքայնորեն իրավիճակ է փոխվել։ Եվ եթե մենք ուզում ենք վերակերտվել և որպես ազգ վերադառնալ արժանապատիվ մարդկություն, ապա որպես Հայաստանի ներկա առաջնորդ, Փաշինյանը պարտավոր է միջազգային ամենաբարձր ամբիոնում նորովի ձևակերպել հայության ու Հայաստանի ներկա խնդիրները՝ որպես թուրք- ադրբեջանական շարունակվող գենոցիդի արդյունք-հետևանք։ Եվ այդ լույսի ներքո աշխարհին ներկայացնի իրավիճակի մեր ձևակերպումը։
Ես մոտավորապես այսպես եմ պատկերացնում ՄԱԿ-ում հնչող այդ ելույթի դրույթները։
1. Պետք է նշի, որ ես, Փաշինյանս, 1915 թվականից հետո առաջին հայոց ներկայացուցիչն եմ, ով վայելում է գոնե հայաստանյան հայության լիարժեք՝ ֆորմալ ու ոչ ֆորմալ լեգիտիմությունը և իրավասու է խոսել նրա անունից։
2. Որ որպես այդպիսին, և որպես քաղաքական ու ազգային իրավասու առաջնորդ, ես պարտավորված եմ այս ամբիոնից հնչեցնել հայ ազգի և պետականության հետ կապված կարևորագույն՝ ու մեր օրերում էլ շարունակվող, հայոց Գենոցիդի հարցը։
3. Ներկայացնի կարմիր շրջանակների մեջ նշված տարե- ու հայության սպանդի թվերով Պոլսից մինչև Բաքու մեծ քարտեզ։ Մի քանի նախադասությամբ, ու քարտեզի վրա ցույց տալով արագ նկարագրի սուլթան Համիդից սկսած, ապա Ադանայի ջարդերը, ապա Պոլսո հայ մտավորականության սպանդը, ապա ողջ Տաճկահայաստանով հայկական Գենոցիդը, ապա 1915-22 թվերին ներկա Ադրբեջան համարվող տարածքներում ոչ պակաս, քան կես միլիոն հայության բնաջնջումը։
Ապա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանագրերով հայկական հողերի զավթումները պետք է նշի։ Ապա փաստի, որ դեռ սովետական տարիներին բացարձակ է հայաթափվել Նախիջևանը, որն իր հայկական անունը ստացել է դեռ նախապատմական առասպելական ժամանակներից՝ Նոյի Արարատ լեռից իջնելու հետ կապված։ Ապա անցնի ներկա օրերին՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերի նկարագրին, ապա Կիրովաբադի, Շահումյան-Գետաշենի ընդհանուր առմամբ մոտ 400 հազար հայերի տեղահանություն -ջարդերին, ապա 92-94 թթ հաղթական պատերազմին, ապա մինչ և հետպատերազմական բլոկադային ու ներկա ծխացող պատերազմին, ներկա թուրք -ադրբեջանական դիվանագիտական ու շրջափակման ագրեսիային Հայաստանի դեմ ու ներկայումս էլ շարունակվող փաստացի գենոցիդին՝ Թուրանի կերտման սխեմայի շրջանակներում։
4. Այնուհետ պետք է շարունակի, որ 1988-ից սկսած, սովետի ինքնափլուզման հետ կապված, նորից բարձրացավ հայ-թուրքական թշնամության հարցը։ Նախ սովետի ներսում այն նենգափոխվեց որպես միջպետական տարածքային վեճ-ինտրիգիային հարցի։ Այնուհետ էլ, Հայաստանին բլոկադայով ծնկի բերելու պայմաններում, երբ որպես հետևանք, իշխանությունն անցավ քրեականին, հարցը գնալով էլ ավելի նենգափոխվեց՝ գենոցիդից վերածվելով զուտ տարածքային վեճի։ Այն դեպքում, երբ դա հայ ժողովրդի կենսական տարածքի, ֆիզիկական գոյատևման ու ապրելու իրավունքի հարց էր։
5. Պետք է հայտարարի, որ ներկա պահին Ղարաբաղի ինքնորոշման կամ ազերի տարածքային ամբողջականության հարց գոյություն չունի։ Կոնֆլիկտի էությունը ամբողջ հայ ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքի հարցն է, մեր գլխին հենց այս պահին միացյալ թուրքերի ու նրանց միջազգային սատարողների կողմից իրացվող ու ընթացող գենոցիդի հարցն է։ Եվ կրկնի, որ այո, ես հիմա նորից ու նորից հայտարարում եմ հենց այս պահին Հայաստանի և հայության հանդեպ ընթացող սողացող նոր գենոցիդի մասին։
Նշի, որ այս վիճակը նաև հետևանք է հրեաների կողմից այդ հարցը կոծկելու և գոնեցիդի մեջ որպես միակը՝ “դափնիներ” ունենալու միջազգային դեմագոգիայի, այն դեպքում, երբ հայությունը շարունակաբար հարգել և նշել է Հոլոքոստը։ Իսկ ներկա Իսրայելի վարչակազմը ոչ միայն Գենոցիդը չի ընդունել, այլև շարունակում է զինել Ադրբեջանին ամենակատարյալ ժամանակակից զենքերով։
6. Հատուկ մի քանի անգամ պետք է շեշտի, որ՝ այո, այս պահին եղածը ոչ թե Ղարաբաղի, այլ իր պատմական ու ներկայում էլ հայերով բնակեցված հայկական տարածքների վրա ողջ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիմնարար հարց է։
Շեշտի, որ մենք՝ հայերս, երբևէ քաղաքական ուժը չենք ունեցել ու մշտապես աշխարհին խնդրել ենք աջակցելու մեզ և ճանաչել Գենոցիդը, այն դեպքում երբ խնդիրը միջազգային հանրության կողմից մարդկության դեմ գերագույն հանցանքի՝ առաջին Գենոցիդը ընդունելու, հայության ու մարդկության հանդեպ հարգանքի ու փոխհատուցման հարցերն են։
Եվ այսօր էլ, հայերին որպես ագրեսոր հռչակելով թուրք-ադրբեջանցիք գենոցիդների արդյունքով մեզանից խլված մեր կենսական ու նույնիսկ ներկա միջազգայնորեն տարածքների հարցն են ուզում դարձնել որպես բանալ տարածքային վեճ։ Եվ դրա վառ ապացույցը Ալիեւի կրկնվող ու միջազգային որևէ վերաբերմունք չստացող նկրտումներն են, թե Հայաստանի մայրաքաղաքը՝ Երևանը ևս իրենց հողն է։
Իհարկե, դա էլ է հնարավոր, բայց միայն ու միայն ողջ հայ ժողովրդին նոր սպանդի ենթարկելու միջոցով։ Եթե միջազգային հանրությունը նորից աչք փակի ու կանաչ լույս տա թուրքերին, ապա թող հարձակվեն, ոնց նախնադարում էր, հարց չկա; Տեսնենք այս անգամ ինչքան կկարողանան հեղել մեր արյունը։
7. Պետք է նշի, որ ես հասկանում եմ, որ իմ այս խոսքը ներկա ընդունված ստանդարտների շրջանակներում դիվանագիտական չէր, բայց այն մի ամբողջ ազգի գոյության իրավունքի խոսք էր, որի անունից ես այն ներկայացրեցի։ Եվ շեշտի, որ ներկա պահին հայերս միջազգային հանրությունից ոչ միայն ցեղասպանության ճանաչում ու դատապարտում ենք պահանջում, այլև այն ձեզանից ոմանց լռությանն ենք վերագրում:
Եվ իջնի ամբիոնից։
Ես կարծում եմ, որ սա առաջին և ամենակարևոր անելիքն է, որ Փաշինյանն ունի անելու միջազգային ատյաններում։ Եվ հիմնավորեմ, թե ինչու։
1. Փաստացի սա հայաստանյան սուբյեկտության դիմում է միջազգային հանրությանը, որը Փաշինյանին խիստ ձեռնտու է և նույնիսկ իր ոճով է։
2. Նման խոսքը թարմ է և հիմնովին կփոխի մեր հանդեպ միջազգային վերաբերմունքը՝ որպես նոր հայտնված սուբյեկտի։
3. Էրդողանն իր ու Թուրքիայի միջազգային վերելքը սկսեց մոտ 10 տարի առաջ՝ Դավոսում՝ Շիմոն Պերեսին հրապարակային շանտաժելով, այնուհետ էլ Իսրայելի վրա “խաղաղության” նավատորմիղ ուղարկելով։ Հետո արդեն իր սանձարձակությունները Սիրայի, քրդերի ու ռուսների դեմ չափ ու սահման չունեին ու հիմա էլ չունեն։ Եվ հենց այդ հանդգնությունները Թուրքային դարձրեցին միջազգային մեծ մասշտաբի խաղացող։
4. Նույնիսկ իրենց վրա թուրքական այս ագրեսիաներից հետո Իսրայելը համարձակություն չունեցավ թուրքերի դեմ հայկական գենոցիդի մասին ծպտուն հանելու, որովհետև իր համար Հոլոքոստի մոնոպոլիան ունենալն ամենագերագույն հարցն է։ Դրա վրա են հիմնված հրեական դիրքերն աշխարհում։
Եվ հենց այս նկատառումն էլ ի նկատի ունենալով, հայերս պետք է ի վերջո հասկանանք, թե ինչ քարտ է Գենոցիդը, որը ով կարողացել, խաղացրել է իր օգտին, բայց երբևէ մենք այն չենք օգտագործել մեր օգտին։
5. Եթե հայությունը ցանկանում է միջազգային իրավունքի սուբյեկտ դառնալ, ապա ինքը պետք է սահմանի իր պահանջները։
6. Փաշինյանի գեներացրած քաղաքական անհնազանդության պրոցեսը շարունակվում է հիմա էլ Ֆրանսիայում ու Բելգիայում, և ես կասկած չունեմ, որ այն հաղթական է լինելու աշխարհով մեկ։
Միջազգայինում ևս նոր դար ու նոր ժամանակներ են սկսվում։ Եթե Փաշինյանը միջազգայնորեն ճանաչվելու հույս ու երազանքն ունի /իսկ դա ինքը չի էլ թաքցնում, ապա այս հարցում իր ամբիոնն ու անելիքը հենց Գենոցիդի շուրջը պետք է լինեն։
Նման ելույթով Փաշինյանը միջազգային մասշտաբով կինքնահաստատվի։ Արդյունքում Հայաստանին էլ նորովի կնայեն ու ղարաբաղյան հարցն էլ կեղծ փաստարկումներից ու փակուղուց դուրս կգա։
7. Նաև Հայաստանի ներսում Փաշինյանը շատ ավելի մեծ հեղինակություն կստանա ու հնարավորություն կունենա իր ցանկացած ռեֆորմներն անելու:
8. Ես կարծում եմ, որ Փաշինյանի ներկա հնչեցվող՝ “անկախ Ղարաբաղի” կեցվածքը հետևանք է ԼՏՊ-ական հիպնոտիկ հեռահար ազդեցության և ներկա պայմաններում տրամաբանական որևէ հիմքեր չունի։ Սթափ նայելու դեպքում Փաշինյանը կհասկանա, որ այս հարցում ագրեսիվ պրոակտիվ քաղաքականությունն ամենաշահեկանն է լինելու և անձնապես իրեն մեծ համազգային ու միջազգային պատվի է արժանացնելու։
Եվ մի նկատառում էլ։ Եթե նման ելույթը Փաշինյանը համարի իր ուժերից վեր, ապա կառաջարկեի, որ հայկական դիվանագիտությունը ղարաբաղյան հարցադրումներում գոնե, տարածքային ամբողջականություն-ինքնորոշման իրավունք զուգահեռություններում կոշտ հարցադրում անի ժամանակային գործոնի մասով՝ որ Ադրբեջանի պնդած ու միջազգայնորեն պաշտպանված տարածքային ամբողջականություն – ինքնորոշում դիխատոմիայի սահմաններում տարածքային ամբողջականության հարցը մեջտեղ է եկել մեր ինքնորոշման գերակա իրավունքից 100 տարի հետո, ու միայն ու միայն ղարաբաղյան պատերազմում հայերի տարած հաղթանակի հետևանքով։ Որ դրանք համարժեք չեն ոչ միայն ըստ էության, այլև ըստ միջազգային իրավունքի ու տարրական աշխարհքաղաքական տրամաբանությունների։
9. Մայիսից ի վեր ես մոտ 20 հրապարակում եմ ունեցել, որոնցում մի քանի տասնյակ առաջարկներ եմ ներկայացրել տարբեր անելիքների մասով։
Իհարկե կառավարությունից որևէ արձագանք չի եղել։ Բայց փոխարենը եղել է հանրային քամահրանք ու նույնիսկ պնդում, թե դրանք հաճոյախոսություն են պարունակել Փաշինյանի հանդեպ։
Թող այդպես կարծվի և ներկայացվի։ Ես կշարանուկեմ իմը, քանի դեռ ալտեռնատիվ կարծիք ներկայացնող իմ հոդվածներն ընդունելի կլինեն գոնե շատ փոքրաթիվ կարդացողների համար։
Ի դեպ, Հայաստանում բոլոր զինապարտ տղամարդկանց ավտոմատներով զինումը դեռևս մնում է Փաշինյանի և հայաստանյան համար մեկ ներքին առաջնային խնդիրը։
Բարին ընդ մեզ: