Նկարում աշխարհի տարբեր երկրների արտահանման քարտեզն է։ Նրան ուշադիր նայողը կպարզի, որ մենք արդեն ապրում ենք լրիվ նոր աշխարհում, բայց դրա մասին իբր “տեղյակ չեն” թե աշխարհի հզորները և թե հասարակ մահկանացուները։
Եթե խորը քննենք, ապա կպարզվի, որ օրինակ 7.4 միլիոն բնակչությամբ, 1,104 քառակուսի կիլոմետր տարածքով Հոնգ Կոնգում մեկ շնչին ընկնող համախառն արտադրանքը $64,533 է։ Իսկ 5,6 միլիոնանոց 722.5 ք/կմ տարածքով Սինգապուրում այն $98,014 է։ Այսինքն այս երկրներում ամեն մեկ քառակուսի կիլոմետրի վրա ապրող 7-8000 մարդը մոտ կես միլիարդ դոլարի արտադրանք են տալիս։
Այլ կերպ ասած, Հայաստանյան $11, 5 միլիարդ դոլարի, միջազգայնորեն ոչ մրցունակ արտադրանքն արտադրվում է սինգապուրյան 23 ք/կմ ի վրա, գրեթե 50 անգամ ավելի էֆեկտիվ աշխատող մարդկանցով։
Ես էլ չեմ խոսում այն մասին, որ ներկայում արևային էներգիան երեք անգամ արդեն էժան է գազից։ https://www.weforum.org/agenda/2018/05/one-simple-chart-shows-why-an-energy-revolution-is-coming-and-who-is-likely-to-come-out-on-top
Չեմ խոսում նաև այն մասին, որ Պարսից ծոցի հզոր մինիերկրներից ամեն մեկն արդեն մոտ 150-ական Բոինգ 777՝ միջմայրցամաքային չվերթեր սպասարկող ինքնաթիռներ ունի, չհաշված թվով 3-4 անգամ ավելի շատ տեղական գծերի եվրոպական էըրբասերը։
Մեր ու այլոց, նախորդ ու ներկա աշխարհների համեմատություններն արդեն “ուղեղ ծակող են” բոլոր ասպեկտներով։
Եվ այս դարում, միջազգային էս գիգանտների ու այս օրինակների առկայության պայմաններում, մենք շարունակվող չարքաշ կյանքի մեջ ենք Հայաստանում։
Երևանի ավագանու և դեկտեմբերյան պառլամենտական ընտրություններով փաշինյանական հեղափոխությունը հանգեցրել է այն իրողությանը, որ ներկայում Հայաստանում մեկ սուբյեկտի և մեկ “տղամարդու” սահմանափակ իրավասություններով իշխանություն է։
Սահմանափակը շեշտում եմ 2 նկատառումով։
1. Դեռ որ “լիարժեքորեն” հին վիճակ է իրավականում՝ ոչ միայն “հին” քննիչները, դատախազներն ու դատավորներն են դրության տերը, այլև այդ մարդիկ չեն էլ հասկանում, որ իրենք են եղել նախկին մղձավանջի օրինականացնողն ու “դաբռո” տվողը։ Չեն հասկանում այն աստիճան, որ գրավոր բողոքում են, թե ցանցերում մարդիկ իրենց հեղինակությունն են կասկածի տակ դնում։
Չխորանամ հարցի մեջ, որովհետև իրենց հանցագործ վարքի հազարավոր ապացույցները կան, ու դա անիմաստ է սույն հոդվածի շրջանակներում։ Միայն շեշտեմ, որ Փաշինյանը դեռ որ անզոր է այս ոլորտում, չնայած հայտնի գաղտնալսման հանրային ծուռ-հայելային մեկնաբանություններին, թե տեսա՞ք, բա որ ասում էինք Փաշինյանը խառնվում է դատականի՞ն։ Որ խառնվեր, հիմա արդեն այլ իրականության մեջ կլինեինք։ Հենց չի խառնվում, որ էս վիճակն է
2․ Փաշինյանը վատ է պատկերացնում Հայաստանի հետ կապված հարցերի ուրույնությունն արտաքին քաղաքականում։ Մանրամասնեմ պնդումս։
Ի տարբերություն ՀՀ նախորդ առաջին դեմքերի, որոնք գերադասել էին գոյատևել ռուսական խամաճիկության դիրքերում, Փաշինյանը որդեգրել է պետական ու անհատական սուբյեկտություն ցուցաբերելու մարտավարություն, որը գովելի է։ Բայց և, ըստ առկա արդյունքների, վատ է պատկերացնում, թե հայաստանյան դիվանագիտության ինչը հրապարակային և ինչը գաղտնի պետք է տարվի։
Տեսությունը պնդում է, որ դիվանագիտականում արտաքին ու ներքին գաղտնիությունը մի քանի նպատակներ է հետապնդում։
1. Հակառակորդին նախապես անտեղյակ պահել մտադրությունների մասով՝ որպեսզի բանակցություններում հնարավոր լինի մանևերել, տպավորություն ստեղծել իբր առավել հնարավորությունների մասով, մոլորեցնել, խաբել, և այլն։
2. Երրորդ, շահագրգիռ երկրներին զերծ պահել բանակցություների էության մասին տեղեկություններից։
3. Բանակցությունները որպես կանոն բազմաքայլ և ժամանակի մեջ ձգվող պրոցեսներ են և նախապես բանակցելիքի հայտնի լինելը կարող է օգտագործվել բաց կողմի դեմ հաջորդական, հատուկ ձեռնարկված, գործնական շեղող հակաքայլերով:
4. Կոնկրետ բանակցային հարցերին չտիրապետող, իրական վիճակը չպատկերացնող ու աշխարքաղաքականից խորը չհասկացող, թե սեփական ու թե դիմացի շարքային ժողովրդին հնարավորություն չտալ բաց ինֆորմացիայով պարզամիտ եզրակացությւնների հանգելու և անտեղի միջամտելու դիվանագիտական ու ներքին պրոցեսներին։
5. Չմերժել հույսը, որ սեփական բանակցողը շատ ավելի գիտակ է իր մասնագիտականում և զուտ անհատական ունակությունների հաշվին կկարողանա բանակցային պրոցեսում առավելություններ ապահովել հակառակորդ բանակցողի հանդեպ։
Այլ գործոններ էլ կան, բայց սրանք հիմնականն են։
Թվարկածին զուգահեռ, բանակցային պրոցեսը մեկ այլ խիստ սկզբունքային և չբարձրաձայնվող հարթություն էլ ունի՝ կոնֆլիկտող-բանակցող կողմերը բանակցվող հարցերում մոտավորապես հավասար դիրքերի, արգումենտների ու պոտենցիալների պետք է տիրապետեն։ Հետևաբար`
1. եթե մեկը շատ թույլ է, ապա նրա հետ առհասարակ չեն բանակցում՝ Խրիմյան Հայրիկի թղթե շերեփի սխեմայով։
2. եթե մեկը դինամիկայի մեջ է թույլ և ժամանակն իր դեմ է աշխատում, ապա ամեն պատրվակով նրա հետ բանակցությունները հետաձգում են ժամանակ շահելու և խնդիրը առաջին՝ թղթե-շերեփային տարբերակին հանգեցնելու նպատակով։
3. եթե երկիրը թույլ սուբյեկտություն ունի և գոյատևում է մեծ հովանավորի հաշվին, ապա բանակցությունները անիմաստ են, ձևական, և նորից նպատակ ունեն ժամանակ ձգելու, մինչև հարակից արտաքին փոփոխությունների հաշվին գործը հասնի առաջին՝ թղթե-շերեփային տարբերակին։
Համադրելով առաջին և երկրորդ խմբի պայմանները, մենք կարող են հանգել եզրակացության, որ բանակցային պրոցեսներում Հայաստանը ենթարկվում է դիվանագիտականի գաղտնիության ֆորմալիզմին, այն դեպքում, երբ այդ ֆորմալիզմն իր ողջ ուժով մեր դեմ է աշխատում իր բոլոր պահանջ-կետերով։
Ես չեմ քննարկի Հայ-ադրբեջանական, հայ-ռուսական ու այլ երկկողմ հարաբերություններն այս տեսանկյուններից, որովհետև ընթերցողն ինքը կարող է դիտարկել ցանկացած դեպք ու հարց, և համոզվել, որ մեր գաղտնի-փակ վարքը եղել է աբսուրդային՝ սկսած տնտեսական լուրջ հզորությունների, հիմնարար ինֆրակառուցվածքների ռուսականացման խնդրից, վերջացրած անկախ Ղարաբաղի ու ցանկացած այլ հարցով։
Հայաստանն իրավունք չուներ որևէ գաղտնիություն պահպանելու որևէ հարցում ու որևէ բանակցվողի մասին, որովհետև դա դեմ է եղել հենց մեր շահերին։ Եվ սա գալիս է մեր բազմակողմանի օբյեկտիվ ու սուբյեկտիվ թուլությունների փաստից։ Թույլ կողմին երբևէ ձեռնտու չէ գաղտնիությունը, որովհետև գաղտնիությամբ մշտապես պրոցեսից դուրս է մղվել գլխավոր գործոնը՝ հայ հասարակությունն ու հայ ժողովուրդը, որի շահն էլ բանակցվել-զիջվել է ինչ որ ապաշնորհների, կամ էլ շահագրգիռ սրիկաների կողմից։
Մեզ մշտապես ներշնչել են, թե բա Հայաստանն էլ է սուբյեկտ ու իր դիվանագիտականն էլ պետք է գաղտնի լինի, ոնց բոլորն են։
Մենք մեկ անգամ արդեն մեր աչքերով ականատես եղանք մերոնց հանդեպ վերաբերմունքին, երբ արտգործնախարարի թշերն էին հրճվանքով քաշքշում։
Ասածս այն է, որ Փաշինյանը շատ մեծ ու կոնցեպտուալ վերանայումների խնդիրներ ունի թե ներսում և թե դրսում:
Ներսում իրեն պետք չէր ու հիմա էլ պետք չէ իրավականին անմիջականորեն միջամտելը։ Բայց իրեն օդ ու ջրի պես պետք էին և են ակնհայտ հարցադրումները քննիչներին, դատախազներին ու դատավորներին՝ թե հարգելիներս, ձեր աշխատանքային պարտականությունների մեջ էր մտնում երկրում օրինականոււթյան հաստատումը։ Ձեզանից ո՞րն է հետանկախական տարիներին որևէ հանրայնորեն հայտնի, աղաղակող փաստի վերաբերյալ ինքնուրույն գործ հարուցել ու հետամուտ եղել օրինականության հաստատմանը։ Ինչ է, ոչ մեկդ չէ՞ր տեսել, որ Մանվելը 350 հեկտար կողքի հողերով Ակնա լիճն ու 40 տնտեսական կետեր էր իրենով արել ու փաստացի ճորտատիրություն հաստատել իր կալվածքներում:
Հազարավոր բանդիտներ ձեր աչքի առաջ երկիրն են թալանել ու դուք ոչ մի բան չէի՞ք տեսել։ Չգիտեի՞ք, որ ձեր պարտականությունը ոչ թե աչք փակելն էր, կեղծելն ու բանդիտիմը օրինականացնելն էր, այլ բաց աչքերով իրականությանը նայելն էր ու անօրենություն չթողնելը։ Չգիտեի՞ք, որ օրինակ ամերիկյան ցանկացած շրջանային դատավոր իրավասու է երկրի նախագահի այս կամ այն քայլը կասեցնելու, իսկ դուք Մանվելի ու հազարավոր բեսպրեդել անողներից ոչ մեկի դեմը չէիք կարող առնել։
Եվ միայն այս հարցադրումների ֆոնին իրավականի ապամասնագետները կչափավորեն իրենց մուննաթները, կփորձեն նորմալ աշխատել, կամ էլ հրաժարականի դիմում կգրեն։
Եվ զուգահեռ էլ դրսերին պետք է ասի, որ հարգելի ռուսներ, էդ ոնց եղավ, որ մեկ օրվա մեջ 100 միլիոնի պարտք գոյացավ, ու Քոչարյանը հայաստանյան կարևորագույն ինֆրակառուցվածքներն՝ ու առնվազն $3 միլիարդանոց Սևան-Հրազդան կասկադն էլ հետը, դրա դիմաց, մեկ ստորագրությամբ նվիրեց ձեզ։
Կամ ինչպե՞ս եղավ, որ հետագայում էլ տարբեր առիթներով, էլի ակնթարթորեն, բայց խիստ պարբերաբար, հարյուրավոր միլիոնանոց պարտքեր “հայտնաբերվեցին” և Հայաստանի մնացած քիչ թե շատ արժեցողը նվիրվեց ձեզ։
Փաստացի Հայաստանի տնտեսությունն ավերվել, կամ էլ Ռուսաստանին է օտարվել բանակցելու գաղտնիության կեղծ պահանջով։ Եվ սա ռուսներին պետք է բաց տեքստով ասվի՝ որ դուք խամաճիկների եք պահել Հայաստանում և դրանց միջոցով թալանել ու աղքատության եք մատնել երկիրը։
Հայաստանի ներքին կյանքը դժոխքի է վերածվել նորից նույն՝ իբր իրավական պրոցեսների գաղտնիության պահանջով։
Փաշինյանական հեղափոխությունը հաղթանակեց հենց բաց ձեռքերի մեթոդաբանությամբ ու բացախոսության միջոցով։
Սերժը լքեց քաղաքական հրապարակը Մարիոթում, երբ հրապարակայնորեն պարզվեց, որ էդ մարդու ներհայկական “հաճախորդակերտ” իբր հանճարեղ բանակցայինն ընդամենը տարրական լկտի շանտաժն է եղել։ Ակնհայտ դարձավ նաև, որ Պուտինի հետ իր խոսակցություներում էլ “խոսելը հեշտ չի եղել”, որովհետև Պուտինի դեմ իր գեղական շանտաժը չի աշխատել։
Հայաստանն ինքը որևէ մեկին շանտաժել չի կարող, որովհետև շատ փոքր է իր միջազգային քաշը։ Բայց Հայաստանը կարող է գնալ բացարձակ բացախոսության ու բաց քարտերով ու բաց տեքստերով բանակցությունների՝ թե ներքին ու թե արտաքին հարցերում, որովհետև մեր կողմում է թուրք-ադրբեջանական գրեթե 150 տարի շարունակվող գենոցիդը։ Մեր կողմում է հետանկախական Հայաստանի անթաքույց թալանը տեղական ու ռուսական բանդիտների կողմից։ Մեր կողմում է “Հայաստան” աշխարհքաղաքական կարևորագույն խաչմերուկը, որի առկայությունը գերկարևոր է գլոբալ հավասարակշռությունների մեջ։ Մեր կողմում է հայ ժողովուրդը՝ ապրելու ու գոյատևելու իր կամքով։ Ի վերջո, փաստարկ է նաև Փաշինյանի ազատ ու անկաշկանդ խոսել-բանակցելու ունակությունը, որը նախորդներից ոչ մեկը չի ունեցել։
Ես պնդում եմ, որ ոչ մեկն իրավունք չունի այլևս Հայաստանի անունից գաղտնի բանակցելու, որովհետև մենք ոչ մի թաքցնելիք չունենք։ Հայաստանը թուրքերի համար ափի մեջ է՝ թե ֆիզիկապես դիտարկելի և թե համացանցով կետ առ կետ՝ իր բոլոր թվերով ու տվյալներով։ Բայց Հայաստանը այդպես պարզ դիտարկելի չէ որպես աշխարհքաղաքական, հոգեբանական ու ազգային սուբյեկտ, որի հետ հնարավոր չէ այլևս խոսել շանտաժի լեզվով։
Եվ ներսում էլ՝ մեր երկիրն ավերածների, կես հայություն երկրից արտաքսած բանդիտների ու հիմար ձևացողների հետ էլ բանակցելիք չկա։ Վերջ է պետք տալ էս բռնոցի-բացթողոցի աբսուրդին։ Երկրում անկաշկանդ ու սկզբունքային դատավճռի պատրաստ դատավորն ու իրավականը չկա, մասնագետ քննիչն ու դատախազը չկա։ Ինչքա՞ն կարելի է ապամասնագիտական ու անարժանապատիվ էս խեղկատակությունը շարունակել։
Եթե չկա սկզբունքային դատավորը, ապա չի էլ կարող որևէ արդարադատություն լինել։
Նախկին իշխանավորների դեմ միայն մեկ պայման է պետք դնել՝ կամ մնում եք երկրում ու ներդնում ձեր ամբողջ թալանածն ի շահ երկրի արդիականացման, կամ մատնվում եք միջազգային քրեական հետապնդման ու կորցնում եք ձեր ունեցվածքն ամբողջությամբ՝ հանրայնացմամբ։
Միգուցե թալանի մեծ մասն արտահանվի ու այսպես կորչի։ Բայց եղած դատականով, էս մոտեցումներով այն 99,9 տոկոսով է կորչելու ու ոչ մի հանցագործ չի պատժվելու։
Ես այսպես եմ տեսնում Փաշինյանի հետագա կեցվածքներն ու անելիքները երկրի կառավարման հարցերում։ Թե որ ճանապարհով կգնա, դա իր նախընտրելիքն է։ Բայց և, նորովի գնալը մեր բոլորի պատասխանատվությունն է՝ հենց մեր ճակատագրի հանդեպ։
Երկրում “տղամարդու” խիստ դեֆիցիտ կա։ Եվ այն կշարունակվի այնքան, քանի դեռ քաղաքականում եղած մնացածը կգերադասեն որպես ստորադաս ու անընդունակ կամակատարներ դրսևորվել։