Մայիսի 8-ից՝ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, Հայաստանում որևէ այլ, սկզբունային, մասշտաբային, դրական, որակական փոփոխություն չի կատարվել։ Եվ դրա մեղավորը ոչ այնքան Փաշինյանն է, որքան հայկական մտավոր ու քաղաքական վերնախավը։
Իրավականը նույն հին՝ ապամասնագիտական ավանդույթների մեջ է։ Պառլամենտն ու ավագանին անհայտ ու ըստ նախանշանների, դեռ ՀՀՇ֊ի ժամանակներից հայտնի՝ “պոլի փետի” կարգի, բայց առավել “ստվերասեր” մարդկանցով է համալրված։ Նախարարները որևէ նախաձեռնությամբ ու նորարարությամբ աչքի չեն ընկել։
Կյանքի որևէ ասպարեզում հեղափոխական նոր քայլ չի արվել։ Մարդիկ Նիկոլի հույսին են, Նիկոլն էլ, ոնց հասկանում եմ, հանգամանքների, ժամանակի, ու “Լուսը բացվի` բարին հետը” լավատեսականի։
Մեկ ծաղկով գարուն գալու սպասումներ են շատերի մոտ, “Նիկոլիս բան չասես” անհանդուրժողականություն է շատ ու շատերի մոտ։ Ինչպես նաև “դե Նիկոլը դրածո է”, ապասուբյեկտային պարզություն է՝ քչերի մոտ։
Բայց զարմանալիորեն՝ պատասխանատու, սուբյեկտային, իշխանության իր բաժնին տեր կանգնած քաղաքացին չկա, որը և սպասողներին, և զոմբիներին, և ստվեր մտածներին, դավադրության վրա հույս ունեցողներին, բոլոր-բոլորին կասի, որ հարգելիներս, 19 տարի առաջ էլ, երբ մեզ կանչեցին երկրին տեր կանգնելու, մենք մնացինք տանը ու գետին ընկած իշխանությանը տեր կանգնեց հին տականքը։
Այս անգամ ես եմ իշխանության տերը, իմ ճակատագրի պատասխանատուն ու թույլ չեմ տա, որ նորից աճպարարներն ու մանկլավիկները, բանդիտներն ու սրիկաները իմ հարցերը լուծեն։
Չկա այդ անհատը, դրա համար էլ այսօր էլ նույնն է կատարվում՝ մեկուսացած ենք քաղաքացիական մեր անելիքից, և աստիճանաբար իշխանության է գալու նոր տականքը ու հինն է շարունակվելու։
Չկա մտայնությունը, որ հիմա անելիքը մեր բոլորինն է՝ ախոռներն ու երկիրը մաքրելը մեր գործն է, եղած այլանդակ արժեքայինը մեր կյանքից դուրս մղելը, մարդկային ամեն անորակը աղբարկղ նետելը, գեշ դրվածքները փոխելը, մեր գործն Է։
Ներսում ամեն ինչ մեկ Նիկոլից է սպասվում, դրսում էլ Պուտինից, Լուկաշենկոյից, Նազարբաեւից ու Ալիեվից։ Բայց ոչ երբևէ մեզանից, ամեն մեկից։ Ամբոխային կռապաշտություն է հրապարակում և դրա վերջը չի երևում։
Հիշում եմ, 1988-ին ղարաբաղյան պրոցեսով հետաքրքրված, Հայաստան եկան մերձբալթյան քաղաքացիական, ազգային ակտիվիստներ։ Մի քանի օր հանդիպումներ ունեցան մեր “երևելիների” հետ ու սուս ու փուս ետ գնացին։ Ղարաբաղյան ամբոխային ակտիվությունը մեզանում գերադրական չափերի էր, բայց աշխարհայացքային, ազգային, քաղաքացիական, ու պետական-տնտեսական գաղափարականի վերաբերյալ մենք բոբիկ էինք։
Եվ անցած 30 տարիներին էլ, տնտեսաքաղաքական էս անդունդում հայտնվելու պարագայում էլ, քաղաքագիտական արժեքային մեր այս անոտուգլխությունը մնացել է նույնը։ Մենք երևի միակ ազգն ենք, որ դարեր շարունակ նույն անփոփոխն ենք՝ ոնց բետոնը։
Մեր հանրային ուղեղի վրա ոչ մի Գենոցիդ, ոչ մի Ստալին, ոչ մի ղարաբաղյան պատերազմ, ոչ մի ԼՏՊ ու հաջորդիվ կործանարար նախագահներ ու էկզոտիկ օլիգարխներ, ոչ մի մասսայական արտագաղթ, ոչ մի բլոկադա, ոչ մի կեղծիք ու հեղափոխություն չեն ազդել։
Մայիսին թվում էր, թե հեսա-հեսա, որ Սերժը չլինի, մնացածում էլ հարց չկա, հո էլ նախորդ միամիտը չենք, ամեն ինչ կուղղվի։
Բայց երազները դեմ առան կոշտ իրականությանը։ Երբ 100 օրվա հաշվետվության փոխարեն մեզ հերթական միտինգը մատուցվեց, մտածեցինք, դե լավ, սա էդ դեպքը չէ, հեղափոխությամբ է եկել Փաշինյանը, 100 օրը քիչ է, 200 կսպասենք։ Սպասեցինք, ընթացքում էլ “ձեռի հետ”, Երևանի ավագանու նիկոլական ցուցակն ընտրեցինք։ 200 օրն աննկատ անցավ, 240 օրվան էլ պառլամենտի Նիկոլական ցուցակն ընտրեցինք, բայց հաշվետվությունը չկար, չկա ու չի էլ լինելու՝ երբևէ։ Որովհետև մենք հաշվետու ազգ չենք՝ բա ամոթ չի, մեկս մյուսի չե՞նք վստահում։
Մեկ Սերժով կառավարվող նախկին Հայաստանի փոխարեն հիմա ունենք մեկ Նիկոլով կառավարվող Հայաստան։ Բայց ոչ միայն դա ունենք, այլ նաև այն, որ ատամներով ինքնուրույն իշխանության հասած նախորդ՝ մեր մասշտաբներով իրոք “կարկառուն” թաղ նայողների, կուսակցական դեմագոգների, իշխանական պնկալեզների ու կառավարական աճպարարների փոխարեն հիմա ցուցակներով լեգիտիմացված Նիկոլի անփորձ կամակատարների նոր իշխանություն է կազմված։
Սա բացարձակապես այն չէ, ինչը ի նկատի ունի ժողովրդավարությունը՝ ուր ընտրվում է եղածներից լավագույն անհատը, այլ ոչ ցուցակը։ Ուր մրցակցության են մտնում կոնկրետ մարդիկ՝ ոնց բռնցքամարտում կամ շախմատում, ցուցադրում իրենց որպես գիտելիքահեն ուղեղներ, որպես հակադիր ու հաղթող կամքեր ու նպատակներ։ Իսկ ցուցակով ընտրությունը եթե նույնիսկ Աստծո կազմածն էլ լինի, դա ընտրություն չէ՝ ֆարս է, խեղկատակություն ու անամոթություն է։
Ինչևէ, ունենք ինչ ունենք, և խնդիրը, սկզբունքորեն ասած, դրանք էլ չեն, այլ մենք ենք, ում առջև արդեն որերորդ անգամ իշխանություն է գետնին գցած լինում, ու մենք զլանում ենք այն վերցնել։
Բայց և, իշխանությունից խորշելով հանդերձ, գերակտիվ ենք կեղծ իրականություն կերտելու արվեստում՝ թե բա չես տեսնում, Նիկոլը դրածո է, հո դու էլ կույր չես, որ էդ պարզ բանը չես տեսնում։ Ու նման ամոթանքից կարմրած մարդը սկսում է մտածել-մտածել ու եզրահանգում է, թե հա էլի, կույր եմ՝ բա ինչ է, ֆեյք է։ Ու էս ֆեյք պատմության ֆեյք ձնագնդին արդեն այնքան է մեծացել, որ դարձել է ազգային անվտանգության խնդիր։
Նիկոլն ինքը խոսեց այս մասին՝ ոչ մի ազդեցություն։ Շատ-շատերը փորձում են ձնագնդի գլորողներին խելք հասկացնել, բայց կապ չունի, ձնագնդին դեռ մեծանում է։
Ապշելու դեստրուկտիվիզմ է նստած ֆեյք իրականությունը կերտողների մեջ։ Լավ, ենթադրենք, թե Նիկոլը ֆեյք է, այդ դեպքում դու ով ես, եթե ոչ ապասոցիալական, ապամարդկային, ապաքաղաքական, ապապետական, ապատրամաբանական մի ոչնչություն։
Փոխանակ Նիկոլի արածն ու չարածը քննարկվի ու տեր կանգնվի նոր իշխանությանը, ոնց բոլոր նորմալ ազգերն են անում, մեր մոտ արմատից է հարցը կասեցվում՝ թե չէ հա, գործ չունես, դա մերը չէ, ֆեյք է, քո գործը չէ։
Ու զարմանալի չի լինի, եթե մեկ տարուց պարզվի, որ ոնց հիմա դրանք Նիկոլի ու պետության ապագայի վրա թքած ունեն, Նիկոլն էլ դրանց ու երկրի վրա թքած ունենա՝ թե ե՞ս էի մեջներիդ քավության նոխազը, դե հիմա նոխազ տեսեք։
Ու ստացվում է, որ Փաշինյանական իշխանափոխության հարցն արդեն երրորդակա-չորրորդական է դարձել, և առաջնայինը “մարդափոխության”, արժեքափոխության խնդիրն է, որի մասին դեռ լուրջ խոսք չկա։
Հայ մարդուն դեռ կրթել, ժամանակն ու դարը, քաղաքացիականությունն ու քաղաքականը հասկացնել է պետք՝ որ իշխանությունը բոլորինն է։ Որ եթե քո բաժինը չես վերցնում, քո փոխարեն ուրիշները վերցնում ու յուրացնում են։ Որ անօրենության պայմաններում անհատն ինքն է իր անմիջական շրջապատում տարրական, չգրված օրենքներ հաստատողը, այլ ոչ Նիկոլը։ Որ իշխանությունը կերտվում է վարից վեր, այլ ոչ հակառակը։ Որ ներքևից դեպի վեր գնում է կարգազանցի կենցաղային մակարդակում պատիժը, իսկ վերից վար գալիս է պետական կառավարումն ու մեծ հանցագործների պատժելը։
Այսինքն իշխանությունն ու հայը քաղաքագիտականում դարավոր թուլությունների հաղթահարման համատեղ խնդիրը դեռ ունեն։ Եվ դրա հաղթահարման միակ միջոցը այնպիսի հայ ավագանու, այնպիսի հայ երևելու միջամտությունն է գործին, որին ավանդական լակոտը չի կարող ձեռ առնել, ու իր պլինտուսային կարծիքով ստվերել։
Ես բազմիցս եմ առաջարկել, որ վերջապես ՏՎ-ով սկսվի արժեքային հեղափոխությունը և մարդկանց մատուցվեն ներկա դարի սկզբունքները, պահանջներն ու տրամաբանությունները։ Բայց առաջարկս տեղ չի հասնում։ Դե ո՞նց հասնի, եթե մշակույթը հենց մշակույթի նախարարն է, եթե պադավատների թիվը դեռ նույնն է, եթե անթրաշությունը դեռ կառավարության անդամ լինելու խորհրդանիշ է, եթե անցած յոթ ամիսների արդյունքը առ ոչինչ է, եթե պահի ինտրիգը Պուտինն ու Քոչարյանն են։
Ֆանտասմագորիա է։ Սերժի օրոք խոսում էինք Սաշիկից, հիմա չենք խոսում՝ պլշած սպասում ենք, թե անհայտ մարդիկ ոնց են շենացնելու ու փոսից հանելու երկիրը։
Ես աշխատում եմ ասելիքիս վերջում ակնարկների տեսքով որևէ կոսնտրուկտիվ առաջարկել։ Այս անգամ ակնարկ չեմ անելու, կոնկրետ եմ ասելու։
Հարգելի Նիկոլ, մայիսյան հեղափոխության համար մեծ շնորհակալություն։ Բայց իր արդյունքներով այն ոչ թե հեղափոխության, այլ անձափոխությունների է հանգել։ Ըստ որում հայտնի “աշխույժներին” փոխարինել են անհայտ “անհավեսները”։ Կարծում եմ, որ Ձեզ մեծ պատիվ կբերի, եթե հիմա էլ անցնեք հիմնական ու դեռ կատարվելիք հեղափոխության հարցին՝ Ձեր անձնական հեռուստաժամը հաստատեք ու սկսեք հայկական հասարակական արժեքայինի հեղափոխում-վերակերտումը։ Խոսեք այն մասին, թե ինչն է մեր ժամանակների ճիշտը, և ինչը՝ սխալը, ինչը կարևորը, ինչը՝ երկրորդականը, ինչը սկզբունքայինը, ինչը պայմանականը, ինչը անհատից պահանջվողը, ինչը ժողովրդից և ինչը կառավարությունից ու մտավորականից։
Բացատրեք այնքան, որ ոչ մեկը չհանդգնի դիմացինին էշ, իրեն էլ փալան համարել։ Որ ոչ մեկը չհանդգնի կարևոր պետական-համազգային հարցերը իր պլինտուսային աչքաչափով լուծել։ Որ ոչ մեկը չմտածի, որ իր հասարակական֊քաղաքացիական-մասնագիտական, անհատական բացակայությունը Դուք, կամ մեկ ուրիշն է լրացնելու իր փոխարեն։
Շեղումների կարգավորումը կարող եք սկսել Խորենացու Ողբից իսկ, որովհետև այդ օրերից մինչև հիմա որևէ մեկն իր պարտքը չի համարել կողքիններին կրթել քաղաքականում, քաղաքացիականում, մարդկայինում ու հասարակականում։
Մովսեսը մի ազգ է բերել ընդհանուր հայտարարի, ու այդ գործը դեռ որ հաջողությամբ ծավալվում է աշխարհով մեկ։ Քրիստոսը մարդկային վարքի կոդեքսներ է մտցրել կյանք, ու արդեն երկու հազար տարի կես մոլորակ է դրանց հետևում։
Իսկ Հայաստանում մի քանի ռաբիս մի ամբողջ ազգ են կռացրել պլինտուսին ու մեկը չկա, որ ասի, գյադեք, հերիք եղավ ձեր անորակին, ապամարդկայանին ու ապազգայինին։ Հայտարարի, որ մենք ուղղելու շատ բան ունենք, ու պետություն կերտելու այլ ուղի չկա, քան արժեքային հեղափոխությամբ ազգովի վերափոխվելը։
Ես հասկանում եմ որ իմ առաջարկի դեմ պատնեշով կանգնած է առաջին նախագահի հայտնի թեզը՝ թե բարոյականություն քարոզելն իսկ անբարոյականություն է։ Բայց մեր դժնդակ անկումը ցույց տվեց, որ անբարոյականությունը իմաստազուրկ սոփեստություններով ազգ կործանելն է։
Եթե այս գործը որևէ այլ մեկի անելիքը լիներ, ես այդ մեկին կդիմեի։ Բայց երկրում հեղինակավոր մարդ չի մնացել։ Միակը, ով համահարթեցումից դուրս է, Նիկոլն է, և առաջարկվողը հենց իր անելիք-պարտականությունն է:
Երևի այս ուղերձս էլ անցնի ձայն բարբառոների շարքը։ Բայց, ինչպես գիտենք, կաթիլը քար է ծակում։ Ես շարունակելու եմ կաթեցնելը։