Նկարում ներկայացված հիստոգրամներում ՀՀ նոր պառլամետի կազմն է ըստ տարիքային բաշխման։ Վերին ձախ նկարում պառլամենտի ընդհանուր տոկոսային, տարիքային բաշխվածությունն է ըստ 5-ամյա ինտերվալային խմբերի։ Մնացածում ըստ կոնկրետ պատգամավորական կազմի թվերի նշված են Իմ քայլը, ԲՀԿ և ԼՀ կուսակցությունների տարիքային կտրվածքները։
Հիստոգրամներում ընդհանուր տենդենցային պատկերը չխաթարելու նպատակով միայն մեկ պատգամավորի տարիքը չի ներառված՝ Կնյազ Հասանովինը, որը 1945 թվականին է ծնվել, քրդական համայնքի ներկայացուցիչն է և իր տարիքով ոչ տիպական է թե պառլամենտին և թե ընդհանուր տեղական ընտրական միտումներին։ (Նման բացասումն ընդունված կարգ է վիճակագրական անալիտիկ վերլուծությունների մեթոդականում)։ Մնացած բոլոր 131 պատգամավորներն ըստ տարիքի ներկայացված են։
Նոր պառլամենտի միջին տարիքը 39 տարեկանն է։ Ըստ կուսակցությունների՝ միջին տարիքները հետևյալն են՝ Իմ Քայլինը- 37, ԲՀԿ-ինը- 47, ԼՀ-ինը-40։
Համեմատության համար նշեմ, որ աշխարհի պառլամենտականների միջին տարիքը 53 է։ http://archive.ipu.org/gpr-e/media/index.htm։
Առաջին նկարում հայկական պառլամենտի հիստոգրամի վրա Գաուսյան կորով տեղադրված է տեսական, 53 միջին տարիքով, համաշխարհային հիպոթետիկ պառլամենտը։ Տեսական կորի համեմատությունը կոնկրետ հիստոգրամին ցայտուն կերպով ցույց է տալիս, թե ինչքանով է շեղված մեր պառլամենտը համաշխարհային միջինից։
Պառլամենտի միջին տարիքն իհարկե բազմաթիվ տեղական ու գլոբալ գործոնների արտահայտություն է՝ ասենք բնակչության նահապետականության, ավանդականության, միջին տարիքի, քաղաքական ու ընդհանուր գրագիտության ինդեքսի, պառլամենտարիզմի ավանդույթների, մենթալիտետի, հարևան ու միջազգային նեգատիվ ազդեցությունները դիմագրավելու նպատակադրության, կուսակցականության, քաղաքացիականության, երկրի մասնագիտացման, Փաշինյանի անձնական ցանկության և այլ։
Եթե հաշվի առնենք, որ արտագաղթի, պատերազմի, ներքին քաոսի ու ինքնավերածությունների պատճառով, տարիքային կազմով Հայաստանն աշխարհի ոչ ամենաերիտասարդ երկրներից է, ապա կարելի է պնդել, որ ՀՀ ներկա պառլամենտը գոնե ըստ տարիքային կազմի, բացարձակապես չի ներկայացնում ՀՀ բնակչությանը։ ես կասեի, որ նույնիսկ բացասական առումով է ներկայացնում ՀՀ բնակչությունը, քանի որ նրանում փաստացի բացակայում է ավագ՝ այլ երկրների համար հենց ամենահիմնական “պառլամենտական” սերունդը։
Եթե հաշվի առնենք, որ պառլամենտը կազմվել է ոչ թե ժողովրդավարական ընտրության սկզբունքներով ու կանոններով, այլ կուսակցապետերի կազմած ցուցակներով, ապա այն չի ներդաշնակվում “ժողովրդավարական ընտրություն” կոչված ինստիտուտի ամենատարրական նորմերին ևս։
Եթե հաշվի առնենք, որ ընտրություններին մարդիկ ուղղորդվել են զուտ ըստ կուսակցապետերի հեղինակության, այլ ոչ ընտրվողների անձնական որակների ու ունակությունների, ապա “անհայտների” այդ պառլամենտը չի համապատասխանում իր կոչմանն ու նպատակին ևս, քանի որ այն կուսակցապետերի անձնական վարկանիշի արտահայտիչն է հիմնականում։
Եթե հաշվի առնենք, որ պառլամենտում գերակշիռ ներկայացուցչություն ունեցող հաղթող կուսակցության կազմում հիմնականում կուսակցական, քաղաքական ու առհասարակ մասնագիտական աշխատանքային փորձից հեռու մարդիկ են, ապա պառլամենտը չի համապատասխանում համամարդկային աշխատանքային-մասնագիտական մշակույթի կոդեքսին ևս։
Բայց եթե հաշվի առնենք, որ ընտրությունները կայացել են ոչ թե պետության ու ժողովրդի ապագային ու գոնե ներկային ուղղված միտումներով, այլ հնից փախչելու՝ “գոնե էն հրեշներից ազատվելու” փրկարար հույսով, ապա իհարկե, պառլամենտը զուտ հայկական-տիպական է՝ Լաոների հավաքածու է, իհարկե անփորձ ու բացարձակապես անհայտ Լաոների։
Թե ինչի են ընդունակ այդ “նորամանուկները”՝ ազատելու մեզ նախորդ մղձավանջերից, թե հակառակը, նոր դժբախտությունների տանելու, ընդհանուր ուրվագծերով կերևա մոտ օրերին: Երբ ազգովի կըմբոշխնենք մեր կերտածի պոտենցիալն իր բոլոր կտրվածքներով՝ ներառյալ սեփական ուղեղը, խոսքի ու մտքի խորությունը, քաղաքական ու մարդկային կամքն ու նպատակամղվածությունը։
Բարին ընդ մեզ։