Դա ավելին է քան հանցագործությունը՝ դա սխալ է։ /Բուլե Դե Լա Մերտ, Նապոլեոնի քաղաքացիական կոդեքսի համահեղինակներից/
Նախորդ օրերին հանրային մեծ արձագանքի արժանացավ տարբեր չինովնիկների ինքնապարգևատրումների հարցը, և վարչապետի արձագանքը խնդրին՝ թե դա վաղուց եկող ավանդույթ է, մանավանդ որ լավ մասնագետներն արդեն 5-6 միլիոնանոց աշխատավարձերի վրա են, և կառավարությունը նորմալ կադրերով ապահովելու նպատակով այդ ամսական միջին հաշվով 50 հազար կազմող պարգևավճարները հարց չեն լուծում։
Մի կողմ թողնենք 5-6 միլիոնանոց աշխատավարձերով վարձու մասնագետների խիստ կասկածելի առկայությունը Հայաստանում, և փորձենք հասկանալ, թե ըստ էության ինչ է կատարվել։ Որովհետև մարդկանց հայտնի է, որ այլ երկրներում դեպքեր են գրանցված, երբ շոկոլադի մեկ սալիկի նվերի ընդունումը հանգեցրել է բարձրագույն պաշտոնյաների հրաժարականների։
Հայաստանում տեղի է ունեցել իրոք ավանդական ինքնապարգևատրումների շքերթ։ Նոր, թե հին, պաշտոնին անցածներն ու նրանց ենթակաները, քարտուղարուհիներն ու աշխատակիցներից շատերը պարգևատրումներ են ստացել։ Վերևներում մինչև 8-9 միլիոնի, ներքևներում՝ շատ ավելի համեստ չափերով։ Ենթադրվում է, որ ինքնապարգևատրվողները գերքրտնաջան աշխատանքի համար են 18 հազարական դոլարով հարկատուների հարկերից վերցրել։
Իմ խոսքը վարչապետի հնչեցրած միջին՝ 50 հազար դրամի մասին չէ, որովհետև 50 հազարով պարգևատրվածները որոշում կայացնողներ չեն, նրանց ստացածն իրոք աշխատանքի դիմաց է եղել, որովհետև իրենք պարտաճանաչ կատարել են վերադասի պահանջները՝ աշխատել են։
Բայց խոսքը ամսական մի քանի հազար դոլար ստացող՝ խորհրդականներով, տեղակալներով ու խորհրդատուներով պադավատ նստած կառավարիչների մասին է, որոնք ակնառու արդյունքերի չհասած, 18 հազարով էլ ինքնապարգևատրվել են։
Արդեն կառավարության աշխատանքի 9-րդ ամիսն է գնում։ Կառավարականներից ո՞րը կարող է իր աշխատանքի գոնե մեկ էջանոց, կետ առ կետ, հակիրճ հաշվետվություն ներկայացնել, որ մարդիկ իմանան, թե ինչ են արել նրանք, և ինչի համար են վարձատրվում։
Կառավարության հաշվետվությունը լրջագույն հարց է, որը մինչև հիմա օրակարգից դուրս է։ Մայիսին սկսված իշխանության կենտրոնացումը ավարտվեց միաթև, զուտ պառլամենտից բաղկացած “ժողովրդավարությամբ”։ Ու մեկ էլ պարզվում է, որ դեռ զրո արդյունք գրանցածներին եղած աշխատավարձերը հերիք չեն՝ իրենք շատ-շատ ավելիի են արժանի։
Ոչ, ավելիի արժանի կառավարությունը գոնե մեկ լուրջ արդյունք կունենար գրանցած, տարրական տնտեսական, բարոյահոգեբանական, ազգային ու պետական ծրագրեր կունենար մշակած՝ ըստ որի կշարժվեին ստորին կառավարիչները և ամբողջ ժողովուրդը։
Բայց փոխարենը դեռ որ վարչապետի մինիբիզնեսային ծրագրերն են ու Ալիեւի միկրոսկոպի տակ տեղի ունեցած 1,5 ժամանոց զրույցը, որի միակ նպատակը երևի Փաշինյանի անձի հոգեբանական ուսումնասիրությունն է եղել, այլ ոչ բուն կոնֆլիկտը։
Ես հասկանում եմ, որ “ոչ կոնստրուկտիվ” եմ խոսում, բայց թող կառավարությունն էլ իրեն հաշիվ տա, որ 8 ամիս շարունակ ժողովրդի նախօրոք ընձեռած ներողամտության ու մեծահոգաբար “աչք փակոցիի” բոլոր ժամկետներն են սպառվել, և մարդիկ լրիվ իրավունքներն ունեն իշխանություններից աշխատանք ու ադեկվատություն պահանջելու։
Նախկինները մարդկանց շանտաժում էին հաշվեհարդարով, բանտով ու բռնություններով, սրանք էլ շանտաժում են, թե մեր դեմ մի խոսեք, համբերեք, այլապես անփորձ ենք, երկիրը կկործանենք-ով։
Սերժի ասած՝ իրո՞ք:
Մասնավոր, տարրական օրինակի վրա ցույց տամ ինքնապարգևատրման մաշտաբային-հանցագործ աբսուրդը։
Տնտեսագիտության հիմնարար սկզբունքն է, որ աղքատ երկրներում տնտեսության զարգացումը սկսում են աղքատին պարզ, ցածր մասնագիտականության աշխատանքների մեջ ներգրավելով ու դրա դիմաց մինիմալ աշխատավարձ տալով, այլ ոչ ներդրումներով։ Որովհետև լուրջ ներդրումները որակյալ, մասնագիտացած աշխատուժ են պահանջում, փողի ներհոսքի օպտիմալ աշխարհքաղաքական, շուկայական պայմաններ ու ներպետական, ներհանրային փոխվստահելիություն, ու խաղաղ հարևանություն, որը մեր պես աղքատ ու պատերազմող երկրում իսպառ չկա։
Եվ ցածրորակ աշխատուժին օրվա ապրուստի համար տրված ցածր աշխատավարձերն էլ ոչ թե կուտակվում են ու դուրս մղվում ֆինանսական շրջանառությունից, այլ իսկույն են ծախսվում առաջնային պահանջմունքների բավարարման վրա։
Մարդկանց ստացած ու իսկույն ծախսած փոքր փողով փոքր բիզնեսներն են սկսում իրենց գործն առաջ տանել, աշխուժանում է ներքին փոքր շուկան, ակտիվ տնտեսական կյանք է սկսվում երկրում ու նոր որակներ են երևան գալիս։ Միջին փողատերեր են առաջանում, ովքեր ներդրումներ են անում տեղում, ընդլայնում իրենց բիզնեսները կամ նոր, առավել բարդերը սկսում։ Աստիճանաբար ծավավում է նաև մասնագիտացման պրոցեսն ու որակյալ աշխատուժի կերտումը։
Հայաստանի դեպքում նման աշխատանքներ կարող էին լինել պետական ներդրումներով ապահովվող ինֆրակառուցվածքային շինարարությունը՝ մասնավորապես մետրոյի ընդլայնումը, կամ էլ սփյուռքի ներդրումների հաշվին օդակայանից մինչև Երևան ընկած տարածքի վրա մի նոր, ժամանակակից, “ամբիցիոզ” քաղաքի կառուցումը։
Իսկ ղեկավարների՝ 10-18 հազարական դոլար միանվագ պարգևատրումներն ակնհայտորեն չեն ծախսվելու ներքին շուկայում։ Կամ կուտակվելու են բարձերի մեջ՝ որպես խնայողություն, կամ ծախսվելու են արտերկրյա շրջագայություններում, կամ էլ դրանով գնվելու են ներկրվող թանկ, շքեղ ապրանքներ։
Այսինքն, մեծ պարգևատրումներն ամբողջովին ու միանգամից հոսելու են երկրից դուրս։
Սա դժվար է նույնիսկ թալան անվանելը, որովհետև թալանածը կարող էր երկրի ներսում մնալ և փողի պտույտի միջոցով հանրային օգուտի բերել։ Իսկ եթե փողը ներքին շրջանառությունից է արտերկիր նետվում, ապա դա տնտեսությունն ավերել է նշանակում։ Դա սեփական ժողովրդին սնանկացնել ու աղքատ Հայաստանի սուղ միջոցների հաշվին զարգացած երկրներ ֆինանսավորել է նշանակում։
Դա հանցագործություն էլ չէ՝ դա սխալ է։
Եվ, ի դժբախտություն մեզ, հանցագործության սահմաններն անցնող կառավարական սխալների քանակն արդեն վաղուց անցել է բոլոր թույլատրելիի սահմանները։
Միկրոսկոպիկ հետանկախական երկրում, ինչպիսին Հայաստանն է, ուր հիմնական օրենքներն արդեն վաղուց գրված-ընդունված են, ուր իբր 103 պատգամավորը քիչ էր, անփառունակ սահմանադրության տառի պահանջով, դրանց թիվը դարձվեց 132՝ այն էլ բացարձակ անհայտ, ցուցակային պատգամավորների ներգրավմամբ։
Գոնե հասկանո՞ւմ ենք, թե ինչ ենք անում:
Փաստացի պարգևատրումներն իշխանական կաշառք-կոռուպցիա էին ստորադաս հենարանին։ Իսկ ինքնապարգևատրողների կողմից էլ դա մեծամասշտաբ, համատարած, պետական միջոցների հափշտակում էր։
Երեկ հայտնի դարձավ, որ կառավարության աշխատակազմն ու խորհրդարանի ղեկավարությունը կրճատելու են որոշ պադավատներ։ Իշխանությանը ենթակա 1000-ավոր մեքենաներից կրճատվելու են մի քանի տասնյակը։
Պադավատները կրճատելու ութ ամիս ունեին։ Եվ այդ մասին թե մինչ կառավարություն դառնալն իրենք էին խոստացել և թե իրենց էինք դիմել տասնյակ անգամներ։ Ակնհայտ է, որ այս ուշացած “կես֊քայլով” սկզբունքային հարց չի լուծվում, այլ ընդամենը փորձ է արվում մեղմել մարդկանց զայրույթը հանդեպ կառավարական բեսպրեդելը։
Առաջներում ես խոսքս ուղղում էի Փաշինյանին, ենթադրելով, թե ինքն անձնական պատասխանատվություն ունի գոնե իր խոստումների ոլորտում։ Բայց հիմա, 8-ամսյա անարդյունք կառավարումից, այս խորհրդարանի միանձնյա, ինքնագլուխ կերտումից հետո, ու մանավանդ սույն մանիպուլատիվ բացատրություններից հետո, այլևս իրեն դիմելը դառնում է անիմաստ՝ ոնց Սերժին ու նախորդներին չէի դիմում։
Դիմես, որ ի՞նչ՝ վարչապետն իրեն անսխալական ու ամենատեր է պատկերացնում։ Դրա համար սա դիմում չէ, այլ ստեղներին տրված մտքեր են, որոնք վաղը շատերի մոտ ու շատ ավելի ցայտուն են ընդգծվելու:
Եթե այս իշխանություններն էլ են որոշել երկրի կայունության հարցը շահարկելով մարդկանց լլկեցնել, ապա թող իմանան, որ հենց մարդիկ են որոշում իրենց ճակատագիրը ու հաշվի չեն նստելու հետագա իշխանական դեմագոգիաների ու աճպարարությունների հետ։
Բոլոր ղեկավարները, բայց ոչ շարքայինները, պարտավոր են ետ վերադարձնել իրենց ստացած պարգևավճարները։
Սույն “անհաշվենկատության” պատճառով այլևս դրսերում այս իշխանությունների հետ հարգալից տոնով խոսող չի լինելու։ Մեկ քայլով նրանք դարձան ոչ ողջունելի ու շանտաժվող՝ միջազգային հարթակներում։
Սթափվել ու ժողովրդին հաշվետու լինել է պետք, քանի ուշ չէ։