Աչքովս ընկավ, որ քաղաքապետարանը նոր լուծում է առաջարկել Հայրենիք կինոթատրոնի հարակից խաչմերուկում։
Տարօրինակ մակետ էր, առաջին հայացքից թվաց, թե հետիոտն անցումներ առհասարակ չկան։ Հետո ընկերս հուշեց, թե կան, որ առկա ճանապարհային հարթությունը հենց հետիոտն անցումներն են։
Հասկացա, որ տարածականորեն սխալ մակետ է ներկայացված՝ հետիոտն մասի բարձրությունը չնչին է՝ երևի գերգաճաճ մարդկանց, կամ մրջյունների համար նախատեսված։ Եթե իրական մասշտաբներով լիներ մակետը, ապա վերին շրջանաձև տրանսպորտային հիմնական կառույցը առնվազն 4 -5 մետր բարձրություն պետք է ունենար, որը կհամապատասխաներ շրջակա շենքերի 2-3-րդ հարկերի մակարդակներին և տարածականորեն այլ տեսք կունենար։
Այսինքն, եթե պատկերացնելու լինենք առաջարկվողն իրական մասշտաբներում, ապա այս մեծամասշտաբ, խաչմերուկում ու բոլոր շրջակա փողոցներում ահռելի աշխատանքներ ենթադրող ու ամեն ինչը հիմնովին ձևափոխող, մեծածախս լուծումը սխալ է բազմաթիվ նկատառումներով։
Ազատ պայմաններ են ստեղծված ուղիղ՝ Արշակունյաց փողոցով ընթացող, հիմնականում փոքր մեքենահոսքերի համար, բայց գերծանր պայմաններ են այլ ուղղություններով ընթացող մեծ հոսքերի համար։
Անթույլատրելի ցածր են հետիոտների համար նախատեսված տարածքները։
Իսկ անվտանգության առումով էլ, այս ձևով առաջարկվող շրջանաձև տրանսպորտային կառույցն ուղղակի անընդունելի է։ Փաստացի բոլոր փողոցներից մեքենաները պետք է հատուկ ուղիներով արագորեն բարձրանան վերին հարթություն, կենտրոնական բարձրացված շրջանաձև հարթակում օդի մեջ կողմնորոշվեն, թե ուր են գնում, որտեղ է իրենց ելքը, զգուշանան իրարից, դանդաղեցնեն ընթացքը, որը և խցանումների ու վթարների կբերի։
Այսինքն, ֆունկցիոնալ առումով հակաէֆեկտիվ, իսկ ճարտարապետական-տարածական լուծումներով էլ ոչ տրամաբանական, շրջակա բոլոր փողոցներն ու ամբողջ տարածքն այլանդակող, շատ թանկ մի բան է առաջարկվում։
Որպես լուծում ես տեսնում եմ հարկերի այլ տարաբաժանում և տարածական ու ֆունկցիոնալ այլ բաշխումներ։
1. Արշակունյացով ընթացող, նկարում թունելով պատկերացված հոսքը պետք է դարձվի վերին՝ երկրորդ հարկ։ Նման լուծումը տարածականորեն փոքր ավելացում-խաթարում կլինի եղած ճարտարապետական պատկերին, ոչ մի բարդություն չի ներկայացնի վարորոդների համար և կառուցման առումով էլ հեշտ ու էժան իրացվող է։ Կարելի կլինի հեռու տեղադրված մի քանի հզոր հենասյուներով ամբողջ կառույցը հանել երկրորդ հարկ և նույնիսկ էլեգանտ տեսք էլ հաղորդել այդ կամրջին:
2. Նկարում եղած շրջանաձև մեքենահոսքերը պետք է թողնվեն եղած փողոցային հարթության վրա։ Այդ դեպքում վարորդները տարածության մեջ նորովի կողմնորոշման խնդիրներ չեն ունենա և անվտանգ, արագ ու առանց խցանումների կանցնեն հանգույցը։ Այդ հարթության վրա նույնիսկ կարելի է եղած լուսաֆորային խաչմերուկը թողնել, որը կգործի անհամեմատ էֆեկտիվ։
3. Հետիոտն անցումները պետք է տեղափոխել ստորին, թունելային, “նկուղային” տարածք, որը զուտ խաչաձև պարզագույն անցում պետք է լինի, քանի որ շրջակա տարածքը պոտենցիալ չունի առևտրային, կամ այլ ֆունկցիոնալություն ծավալելու համար, մանավանդ որ ավտոկայանատեղիների տարածքներ էլ չկան մոտակայքում։
Կարծում եմ, որ նման լուծումը մեծապես չի խաթարի շրջապատի ճարտարապետական տեսքը, բազմակի անգամ էժան է, և կառուցման ընթացքում էլ խաչմերուկը կշարունակի գոնե մասնակի ֆունկցիոնալ մնալ։
Տվյալ հատվածում առաջնայինը տրանսպորտային հոսքերի լուծումն է, որը պետք է իրացվի հնարավոր ամենաթեթև և ռացիոնալ ձևերով։ Ոչ մի պոմպեզ, որևէ նշմարելի ֆունկցիոնալ անորոշություն ունեցող բան այդտեղ կառուցել չի կարելի։
Ամիսներ առաջ, Օպերայի հարակից տարածքների սրճարանների քանդման առիթով բաց նամակ հղեցի քաղաքի գլխավոր ճարտարապետին՝ ոչ մի արձագանք չեղավ։ Գրեթե համոզված եմ, որ այս անգամ էլ չի լինելու, որովհետև կողմնակի կարծիքներն անտեսելը նոր իշխանությունների գործելաոճն է դարձել։ Օրինակ, հիշենք, թե ինչ արդյունք ունեցավ վարչապետի կադրային բանկի ստեղծման նախաձեռնությունը, երբ հորդորվեց մարդկանց ուղարկել իրենց CV-ները կառավարությանը։ Քանի-քանի հազարավորներ հուսով դիմեցին, և դիմողներից քանի՞սը վերցվեց աշխատանքի։
Իշխանական կատաստրոֆիկ անընկալունակության մրջավայր է կերտված, որը սկզբուքորեն է հակասում վարչապետի հրապարակային հայտարարություններին։
Ինչևէ, իմ միակ հույսն է, որ այս նախաձնությունը երբևէ կյանք չի մտնի և գոնե կմնա սխալ մակետի տեսքով։ Որովհետև, եթե իրագործվեց, ապա պատուհաս կդառնա այդ հանգույցին որևէ կերպ առնչվող մարդկանց համար։
Հ․Գ․ Եթե հանկարծ, ինչ որ հրաշքով, այս առաջարկն ընդունվի, ապա ոչ մի դեպքում ստորին, անցումային հարկից դեպի վեր “երդիկ” պետք չէ, որովհետև վերևում դրա տեղն ուղղակի չկա։ Եղած մինիմալ տարածքը պետք է մեքենաների համար։