Ներկա պահի հիմնական խնդիրն է պարզելը, թե արդյոք Փաշինյանը չի պատկերացնում իր նպատակային անելիքները, թե դիտավորյալ է անում, ինչ անում է։ Նպաստի խաթեր կով մորթելու, բանկից փող վերցնելու ու քեֆ անելու, ու համանման այլ բազում պնդումներից այն տպավորությունն է, որ վարչապետին կողքից հուշվում են հում գաղափարներ, որոնք հուշարարն էլ երևի հստակ չի պատկերացնում։ Եվ որոնք Փաշինյանի խոսքում դառնում են անտեղյակի հնչեցրած բումերանգային նետումներ։
Իհարկե, աշխատանքով է բարիքը կերտվում, բայց եթե մարդն ընդունակ չէ ինքնուրույնության ու ձեռներեցության, ինքնուրույն աշխատանքի հորդորը նրան չի օգնի։ Իհարկե, ներդրումներով հնարավոր է կտրուկ թռիչի գնալ։ Բայց եթե ներդրումն արվում է ոչ առաջավոր, ոչ ինտենսիվ, ոչ տեխնոլոգիական, միջազգայնորեն ոչ մրցունակ ու ոչ նուրբ մասնագիտական աշխատանքի ասպարեզներում, ապա նման ներդրումը դրական ազդեցություն չի ունենալու։
Իր բարձրաձայնած գրեթե բոլոր դեպքերում այն տպավորությունն է, որ Փաշինյանը լսել է ձայնը, բայց չգիտի, թե որտեղից է այն:
Ծանրագույն վիճակ է, եթե հաշվի առնենք, որ նոր կառավարության օրոք տեղի են ունենում տարօրինակ բաներ, որոնք դուրս են նորմալ տրամաբանությունից։ Օրինակ, պազիկի նախկին վարորդը բանկերից միայն մեկում ունեցած իր 30 միլիոն դոլարը պետությանն է նվիրում, և արդարադատության նախարարը դա խրախուսելի բարի կամք է համարում։
Վարչապետի կինն իր հիմնադրամի համար անսահմանափակ՝ ով ինչքան կարող է, նվիրատվություններ է ընդունում ամենատարբեր կազմակերպություններից ու անհատներից և պարզ չէ, թե ինչ նպատակների է ծառայելու այդ հիմնադրամը։
Նախարարությունների ու կառավարության աշխատողների պարգևավճարների հարցը ևս իր պատշաճ բացատրությունը չստացավ և դեռ սպասում է թե պաշտոնական պարզաբանումների և թե վարչապետական սթափ գնահատականի:
Մարտի մեկին իշխանությունը միտինգ է հրավիրում ու հասկանալի չէ, թե դրա իմաստը որն է՝ իշխանական միտինգն ո՞ւմ դեմ է ուղղված լինելու՝ նախորդ իշխանությունների, ներկա ընդդիմության, Քոչարյանի՞:
Եթե մեկ մտքով բնորոշելու լինենք, ապա Փաշինյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է անում։ Ես հատուկ հենց միայն Փաշինյանին եմ շեշտում, որովհետև ներկա կառավարություն ասածը մեկ Փաշինյան է, ոչ ավել։ Նույնիսկ Սերժի ժամանակ երկրի իշխանությունը մեկ Սերժ չէր։
Անցած 9 ամիսների փորձը հուշում է, որ Փաշինյանը հակված չէ արտաքին խորհուրդներին ականջալուր լինելու՝ ինքնակամ է՝ “Բակլան իրենն է, խաշած կցանի”։ Փաստացի այս գործելաոճը տանում է Փաշինյան-ժողովուրդ հարաբերությունների սրմանը, որը կարող է կատաստրոֆիկ վերջանալ հայկական պետականության համար։
Եվ քանի որ հետադարձ կապի նշույլ իսկ չկա Փաշինյանի ու մեր՝ շարքային մահկանացուների միջև, ապա ես իմ մտածմունքն ու վերլուծությունն ուղղում եմ ընթերցողին։
Կարևոր եմ համարում ավելորդ անգամ քննել հարցը, թե ինչպես է լինում, որ լիդերը մեկուսանում է հանրությունից և համառորեն իրենն է անում “մինչև գյուղատակ”։
Կարծում եմ, որ կան հարցի մի քանի հարթությունները։
1. Ցանկացած պետական ու հանրային կարևորության հարց ունի բազմաթիվ ասպեկտներ, որոնցից ոչ բոլորն են տեսանելի որոշումներ կայացնողին։ Օրինակ, Փաշինյանն ասում է՝ վեր կաց ու գնա աշխատիր, բայց հաշվի չի առնում, որ սովետական ժառանգության մարդը ձեռներեցության ջիղ գրեթե չունի։ Բացի այդ, Գենոցիդով անցած հայը, նաև կենսաբանորեն, մեղմ ասած, ամենահզոր անհատը չէ։ Քանի որ երկրում չկա նեղ մասնագիտացում, մարդը չի կարող եղած խղճուկ շուկայում իր պարզունակ աշխատանքով նոր տեղ գրավել։ Այսինքն վեր կենալու ու աշխատանքի անցնելու հորդորը անհիմն է կոնկրետ այս վիճակում հայտնված երկրի անգործ մարդկանց համար։
Եթե իրական արդյունք էր ուզում, ապա վարչապետը պետք է հորդորն իր իսկ կառավարությանն ուղղեր, թե ինչ եք վեր ընկել ձեր բազմոցներին, էս մարդկանց հոգեբանական վիճակը պարզեք ու ելքեր առաջարկեք, թե ոնց անենք, որ երկիրն աշխատեցնենք։
Հետևաբար, եթե նման պարզագույն խնդիրների խորքը տեսանելի չէ վարչապետին, բայց տեսանելի է գործի չգնացողներին, ապա դա նշան է, որ վարչապետը չի պատկերացնում իր անելիքը։ Վարչապետը պարտավոր է շարքայինի հորիզոններից շատ ավելի վերից հարցերը տեսնել և այնպիսի լուծումներ առաջարկել, որոնք իրոք վարչապետական են, այլ ոչ շարքային մուննաթ։
Եվ տարակուսելին այն է, որ անցած ամիսներին վարչապետական մտքի թռիչքը սիբեխ, ոչխար, գնա աշխատիր, աստվաճաշնչյան՝ ինքդ նախ քո համար արա ու բանկից առանց մտածելու փող մի վերցրու՝ կենցաղայինից վեր չի եղել։
2. Հայկական կառավարման համակարգը գալիս է դեռ սովետի ժամանակներից։ Բայց քանի որ սովետն այլևս չկա, տնտեսական կոոպերացիան չկա, հին անելիքների երևի 99 տոկոսը չկա, ապա առաջնային անելիքը կառավարության ստրուկտուր-ֆունկցիոնալ համապատասխանեցումն էր ներկա Հայաստանի խնդիրներին։
Եվ դա նախարարությունների կրճատումը չէր, այլ նախ պադավատն էր, որը պետք է հիմնովին վերացվեր։ Կառավարական ամառանոցային կենցաղի մերժումն ու համեստության անցնելն էր: Որովհետև շատ ու շատ սկզբունքային պահանջներից բացի, մարդիկ վարչապետին նայում են որպես նախկին Նիկոլի և չեն հանդուրժելու նրա ցոփացումը որպես նոր արտոնյալ։
3. Հայկական պետական անելիքների վերաբերյալ նախապես մանրամանս ծրագրային փորձագիտական-մասնագիտական արտակարգ աշխատանք էր պետք անել և կառավարական նոր կառուցվածքի գալ, որը չի արվել։ Եվ դա հենց Փաշինյանի անձնական պաշտոնեական խնդիրն էր։ Որպես վարչապետ նա առաջինը պետք է տեսներ ու պահանջեր իր ենթականերից՝ թե ես այս տեսլականն ունեմ ու խնդրում եմ մանրամասներով զարգացրեք, գծագրեք այն, որ բոլորովս տեսնենք, թե ինչն է ընդունելի, ինչը ոչ։
Բայց չի արվել նման բան, փոխարենը միտինգային ոճի անհարիր ելույթներ են ու բարձրաձայն խոսք՝ թե տեղներդ վեր ընկեք։
Նման վարքը լուրջ չէ, վարչապետական չէ, և ինտելեկտուալ առաջնորդին, երկրին ու քաղաքացիներին էլ հարիր չէ։ Մարդիկ 30 տարի մի կերպ յոլա են գնացել ու սպասել նորմալ- գիտակ, հասկացող ու առաջ տանող խոհուն առաջնորդի, ու մեկ էլ եկածը սկսել է արդեն կործանման հասած ժողովրդին մեղադրել, թե իմ վրա հույս չդնես, դու քո հարցերը ինքդ լուծիր։
Ապշելու անհաղորդություն է իրավիճակին, հոգեբանական ու գետնի վրա եղած իրական ֆիզիկական խնդիրներին։ Եվ հասունանում է պահը, երբ մարդիկ էլ արդեն բացեիբաց կհակադարձեն, թե պրն վարչապետ, ես հասկանում եմ, որ Դուք ձեր անձնական հարցերը լուծել եք, բայց կարծեմ դրա համար չեմ ես Ձեզ սատարել ու ընտրել:
Գնալով սրվում է ներհանրային մթնոլորտը, և եթե այսպես շարունակվի, երկիրը հանգելու է անկառավարելիության ու քաոսի։ Որովհետև վարչապետից պահանջվում է իմաստուն միտք, վերին ու հեռուն տեսնող հայացք բոլոր հարցերին: Թե չէ այն մեթոդաբանությանը, որով վարչապետն է գնում, Սերժը շատ ավելի համապատասխան էր, թե իր օլիգարխներով ու թե իր ախպերականով։
Փաշինյանից պահանջվում է սթափություն՝ եթե ընդունակ է դրան, հեռատեսություն, հարցերի խորագույն դիտարկում, անձնական չափավորություն և անցած 9 կորսված ամիսների համար անձնական պատասխանատվություն, եթե ընդունակ է դրան։
Հայտնի թեզ է՝ եթե տեր չես կանգնում քո ներկային, ապա անպայման կգտնվի մեկը, որը տեր կկանգնի քո ապագային։ Մենք այժմ ազգովի կանգնած ենք մեզ տեր կանգնելու խնդրի առջև։ Եվ այս հարցում որևէ կռապաշտ-զոմբիական դեմագոգիա տեղ չի կարող ունենալ։
Ավելին, այն գործնական հակադարձում է հենց Փաշինյանի թեզին, թե ինքդ քեզ տեր կանգնիր։ Այո, ազգովի ու քաղաքականապես է պետք տեր կանգնել սեփական ճակատագրին, այլ ոչ հուսադրվել անելիքներն իրենից թոթափող վարչապետին։
Խաղասեղանին Հայաստանն է ու հայությունը։ Ամեն մարդ պարտավոր է իր շահերն ու իրավունքները ներկայացնել անգործության մատնված և մշուշոտ ապագայով մարդկանց “կերակրող” այս իշխանությանը։ Ամեն մարդ պարտավոր է Փաշինյանի առջև դնել իր պահանջները և իր հարցի համար ադեկվատություն պահանջել։
Մեր դժբախտ չարքաշությունը միայն նախորդ իշխանությունների անորակությունից չէր, այլև դեռ Խորենացու ժամանակներից եկող մեր հանրային ու ազգային, անհատական սուբյեկտային թուլություններից։ Գոնե Փաշինյանի դեպքում մենք պարտավոր էինք դասեր քաղած լինել անցյալից, թույլ չլինել թե մեր ու թե կառավարության հանդեպ։
Փաշինյանը հաջողության հասավ դիմացինին իր կամքը պարտադրելով։ Հայությունն էլ պարտավոր է հաջողության հասնել նույն մոտեցմամբ՝ Փաշինյանին իր համազգային կամքը պարտադրելով։