Երեկ կարդացի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի՝ տարօրինակ պնդումներով լի հարցազրույցը և իմ պարտքն եմ համարում արձագանքել այդ նյութում բերված նկատառումներին, քանի որ Երևանի ներկայի և ապագա զարգացման հարցերը ոչ միայն պաշտոնյաների, այլև շարքային երևանցիների իրավասությունների առարկան են։
Իր խոսքում թաղապետը բազմաթիվ հակաշուկայական, մենաշնորհային, արտոնյալություն ու պրոտեկցիզմ ենթադրող պնդումներ է արել, որոնք անպայման պետք է իրենց հանրային գնահատականը ստանան։
Մասնավորապես ասվում էր, որ կենտրոնում պետք է սահմանափակել շենքերի հարկայնությունը 12 հարկով, արգելել նոր բիզնեսների մուտքը որոշակի տարածքներ՝ նմանատիպ բիզնեսների առկայության դեպքում, պարտադրել ներդրողներին ցածր շենքեր կառուցել, բայց թանկ վաճառել դրանք և այլն։
Ակնհայտորեն, հարցազրույցը ծագել էր Օպերային կից տարածքից արճարանների ապամոնտաժման հետ կապված։ Եվ այդ առումով, հարցազրույցում ներկայացված դրույթների քննարկումն իմաստալից է սկսել հենց այդ ֆունդամենտալ հարցից։
Ես կարծում եմ, որ սկզբից քանդել, հետո դեռ որ անհայտ ու անծրագիր նորը կառուցելու՝ ներկայում տիրող գաղափարաբանությունը պետք է խստորեն մերժվի երկրում։ Որովհետև շուկայական սկզբունքները տալիս են նման հարցերը լուծելու շատ ավելի մեղմ, ընդունելի ու պարզագույն մեխանիզմներ ու լծակներ։
Կոնկրետ սրճարանների դեպքում տարրականը վարձակալված տարածքների հարկերի բարձրացումն էր։ Եվ այդ լծակը անմիջապես լուծումների կհանգեցներ, առանց որևէ մեծ հանրային հետևանքների։ Բայց և, նման “վարչարարությունը” մասնագիտորեն և կոնցեպտուալ առումով լրջագույնս հիմնավորված պետք է լինի։
Դիտարկենք սրճարանների հարցը ըստ միջազգայնորեն հայտնի տրամաբանությունների։ Փորձենք համեմատություններով հասկանալ, թե մոտավորապես ինչ պետք է արժենա օպերայի հրապարակի սրճարանների վարձակալության գինն ըստ ամերիկյան՝ ասենք, Մանհաթթանի, Սան Ֆրանցիսկոյի, կամ էլ Լոս Անջելես քաղաքների համարժեք տվյալների։
Մանհաթթանում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը մոտ 20 000 դոլար է, Սան Ֆրանցիսկոյում՝ 12000, Լոս Անջելեսում՝ 3000-4000։ Վարձակալության գներն են միջինում համապատասխանաբար՝ 50, 40, 30 դոլար։
Երևանի կենտրոնում բնակարանների մեկ քառակուսի մետրի գինը մոտ 1500 դոլար է, վարձակալման գները՝ մոտ 5-10 դոլար ամսական։
Օպերային հարակից տարածքը փոքր կենտրոնի ամենաթանկ տարածքներից է, և ակնհայտորեն այնտեղ վարձակալական գները պետք է լինեն առվազն 10 դոլար մեկ քառակուսի մետրի համար։ Հետևաբար 418 մետր մակերեսով սրճարանային բիզնես տարածքի վարձակալման ամսական վճարը պետք է կազմեր մոտավորապես 4180 դոլար կամ 2200000 դրամ, կամ ներկա գանձվող 90000 դրամից 24 անգամ ավել։
Եթե նպատակ կար այդ տարածքները կրճատելու, ապա հարկային լծակներով, կոնկրետ հենց միայն օպերայի շրջակայքի համար, քաղաքապետարանը կարող էր սահմանել ասենք նշված հարկաչափերը։ Եվ ես կարծում եմ, որ մեկ ամսվա ընթացքում սրճարանների մեծ մասն ինքնակամ կհեռանային տարածքից, կամ կփոքրացնեին իրենց տարածքները զուտ ներկայություն պահելու միտումով, մինչև տեսնեին թե ինչ գներ են հաստավելու ասենք կես տարի հետո։ Եվ ըստ այդմ էլ, որոշեին իրենց ապագա անելիքները։
Սա գործողությունների տնտեսագիտական լծակի մասին էր։
Իսկ ո՞րը պետք է լիներ առհասարակ անելիքի ու մտադրությունների ամենասկիզբը։ Իհարկե հարցը, թե ո՞վ և ինչպե՞ս է որոշում, թե արդյոք այդ տարածքում հիմա սրճարաններ պե՞տք են, թե ոչ, և առհասարակ Երևանում որտեղ ի՞նչ ու ինչպե՞ս է պետք։
Ակնհայտ է, որ նման հարցերը պետք է որոշեին ոչ թե թաղապետը կամ քաղաքապետը, այլ մասնագետ քաղաքաբաններն ու տնտեսագետ տեսաբանները, որոնք վարչապետի՝ երկրի զարգացման հարցերով զբաղվող թիմի հետ համատեղ պետք է կազմեին և կյանքի կոչեին երկրի ու մայրաքաղաքի զարգացման ծրագրերը։ Ըստ մամուլում եղած ինֆորմացիայի, նման ծրագրեր դեռևս գոյություն չունեն։
Բայց երազենք-ենթադրենք, թե նման թիմ կա և փորձենք երևակայել, թե այն ինչ ծրագրեր պետք է կազմեր և ինչեր պետք է հուշած լիներ որոշում կայացնողներին։
Ես կարծում եմ, որ պետք է հուշած լիներ, որ.
1. Համաձայն արդեն վաղուց “հնարված” տնտեսագիտական, կապիտալիստական զարգացման ու ուրբանիզացիոն մոդելների, ազատ շուկայի պայմաններում քաղաքն է հանդիսանում երկրի տնտեսական զարգացման ամենահզոր կենտրոնը, խթանն ու լոկոմոտիվը։
2. Քաղաքների կենտրոնների տարածքների թանկացումն էլ հենց այն մեխանիզմն է, որի միջոցով թե քաղաքն ու թե երկիրն է զարգանում։ Օրինակ, Նյու Յորքի Մանհաթթան կղզին է եղել քաղաքի ու ամբողջ Ամերիկայի տնտեսական հզոր զարգացման առաջնային խթան-հիմքը։ Որովհետև կղզում տարածքի սահմանափակության պատճառով դեռ նախորդ դարերին սկսել է բարձրանալ հողի գինը։ Բարձր հողի գինը ամբողջ երկրից ներգրավել է հարուստների, որոնք գնել են թանկ տարածքը, որպեսզի հաղթեն մրցակցության մեջ։ Եվ հաղթելուց հետո էլ, արդեն թանկ տարածքի ներսում էլ, անցել են բարձրահարկերի կառուցմանը, որպեսզի էլ ավելի հզոր դիրքերի լինեն թե կղզու վրա, թե քաղաքում, թե երկրում, և թե աշխարհում։
Ով ավելի բարձր է կառուցել, նա է եղել ամենահզորն ու “ամենաշուկայականը», ազդեցիկն ու հաջողակը ու դրանով իր շուկայական հզորություն-իշխանությունն է տարածել մյուսների վրա։ Սա մարդկային ու շուկայական տրամաբանությունների հիմքն է։ Դուբայում կամ Կուալա-Լամպուրում հզորագույն երկնաքերերի կառուցումը կամայականություն ու թիթիզություն չէ, դա հավակնություն է՝ աշխարհում հարց լուծող դառնալու հավակնություն։
Ազատ շուկան ու ձեռներեցությունը կազմակերպված են ըստ աճող պոտենցիալների և չեն հանդուրժում որևէ թուլություն մրցակցության մեջ։ Թույլ ես՝ բարի եղիր արտամղվելու ասպարեզից և չհավակնելու հարց լուծողների ակումբի անդամ լինելու։
Եվ նման “ակումբային” մակարդակները բազմաթիվ են՝ սկսած Մանհաթթանից, Լոնդոնից, Հոնգ֊Կոնգից, Տոկիոյից, Սինգապուրից, Դուբայից, ու վերջացրած հայկական ամենահետամնաց գյուղի գյուղամեջը։
Հենց այդ տրամաբանությունների շնորհիվ է, որ հզոր պոտենցիալային կետերում երկնաքերերն են, հզորագույն բանկերը, միջազգային տնտեսական գիգանտներն ու աշխարհի հարց լուծողները։
Սա է շուկայի օրենքը։ Եվ նույն տրամաբանություններն էլ պետք է առկա լինեն նաև Երևանում՝ ըստ ներկա դարում Երևանի և հայաստանյան տեղական հզորների պոտենցիալների, այլ ոչ այգում ճեմող բարի պապիկների ու տատիկների ցանկությունների։
Իսկ պապիկների ու տատիկների ցանկություններն էլ պետք է հաշվի առնվեն ոչ թե տնտեսական հարթություններում, այլ ուրբանիզացիոն լուծումների դաշտում, ուր և կանաչապատումն է, և լիարժեք ժամանցը, և մշակութային, արժեքային, ոչ ռաբիսային մթնոլորտը։
3. Եթե Հայաստանն անցել է շուկայական մեխանիզմների, ապա նրա կառավարիչները պետք է հաշվի նստեն շուկայի ու կապիտալիզմի տարրական պահանջների հետ, Երևանը դիտեն որպես երկրի զարգացման հիմնական կենտրոն ու լոկոմոտիվ։ Եվ համապատասխանաբար էլ, Երևանի կենտրոնը պետք է օգտագործեն որպես համար մեկ լծակ՝ խթանելով այնտեղ բիզնեսների մուտքը, ակտիվությունն ու մրցակցությունը։
4. Երևանի կենտրոնում գաճաճ, մինչև 12 հարկանի կառույցների կոնցեպտին հակառակ, պետք է բացառել, ասենք քսանից պակաս հարկայնության որևէ նոր կառույցի նախագծումն ու իրացումը Երևանի կենտրոնում։ Որովհետև հակառակ դեպքում և ծանրաբեռնվում է կենտրոնը, և պակասում են ընդհանուր օգտագործելի մակերեսները, և կանաչապատման ռեսուրսները։ Եվ ամենակարևորը՝ Երևանի բիզնես զարգացման ու տեխնոկրատական կառավարման տրամաբանություններն են դառնում ոչ շուկայական ու անտրամաբանական։
Ի դեպ, Վաշինգտոնում շենքերի բարձրության սահմանափակումը Կոնգրեսի շենքի հասակով խորհրդանշում է Կոնգրեսի քաղաքական իշխանական գերակայության պահը։ Նաև տեղին է ընդգծել, որ Վաշինգտոնը ԱՄՆ քաղաքական կենտրոնն է, իսկ գործարար կենտրոնը Նյու Յորքն է, մասնավորապես Մանհաթթանը։
Հայաստանի դեպքում Երևանը երկրի և քաղաքական, և գործարար կենտրոնն է, և նրա կառուցապատման հարցում չպետք է լինեն արհեստական սահմանափակումներ:
5. 21-րդ դարը կանաչապատման ու տեխնոլոգիական զարգացման 3D արտակարգ, անսպասելի ու էլեգանտ լուծումների դար է, և մեր քաղաքը հենց այդպիսի լուծումներով պետք է զարգանա, այլ ոչ կանաչապատվի, ոնց նախորդ դարում։
6. Համաձայն տարրական շուկայականի, ոչ ոք իրավունք չունի նույն տարածքում վարչարարությամբ արտոնություններ տրամադրել արդեն եղած հին բիզնեսներին և արգելել նորերի մուտքը տարածք։ Որովհետև դա հակաշուկայական է, մենաշնորհային է, չհաշված որ նաև պաշտոնեական կամայականություն է։
7. Միակ միջոցը հոմոգեն, բայց նպատակամղված հարկային լծակներն են և համասեռ արգելանքները՝ ասենք այս կամ այն տարածքում ներդրվող սահմանափակումները, կամ խթանումները, ասենք ոչ բիզնեսային տարածքը, կամ այդտեղ չծխելու պարտադրանքը, կամ միայն հետիոտն տարածքը, կամ ռաբիսամերժ, կամ ռաբիսազուրկ, կամ շնազուրկ, կատվազուրկ, չգիտեմ, ցանկացած հոմոգեն համասեռություն ենթադրող արգելանքը, կամ խթանումը, բայց ոչ որևէ խտրականությունը։
Թիմը պետք է իր առաջարկները հրապարակայնացներ, որոնցով և մարդիկ կքննարկեին անելիքները, և որոշումներ կայացնող պատասխանատուները կտեսնեին մասնագետների կողմից առաջարկվող իրենց օպտիմալ ու անմիջական անելիքները և կթարգեին ոչ մասնագիտական ինքնագործունեությունը, որը հիմա առկա է երկրի կենսական գրեթե բոլոր քայլերում։
Ես կարծում եմ, որ նոր կառավարությունն ու քաղաքի ավագանին պետք է իրենց հաշիվ տան, որ մենք 21-րդ դարում ենք, և վերջ տան ոչ մասնագիտական, կամայական ու որևէ կերպ չհիմնավորված նախաձեռնություններին ու քայլերին։