Փաշինյանական հեղափոխությունը ոչ մի կերպ չի ձևավորվում որպես իրական գործուն իշխանություն։ Ֆորմալ առումով ժողովրդավար այս իշխանությունը շարունակում է մնալ որպես մեկ անձի իշխանություն։
Մեկ անձի շուրջ իշխանության նման կենտրոնացումը սկզբում բացատրվում էր հակահեղափոխությունը կանխելու հրամայականով։ Բայց խորհրդարանական ընտրություններից ու իշխանության գերկենտրոնացումից հետո հակահեղափոխության շանսը բացարձակ է զրոյացել։ Դա տեսանելի ու ակնհայտ է բոլորին, բայց և շարունակվում է հեղափոխական իներցիան, թե իբր վտանգները դեռ կան։ Իսկ մեկ անձի իշխանությունն էլ այն “առանձնահատկությունն” ունի, որ բոլորը սպասում են վերին մեկի հրամանին։ Եվ եթե հրամանը չկա, ապա կառավարում էլ չկա։
Հիմա բոլորը սպասում են տնտեսական մոդեռնացման, բայց ումի՞ց, պարզ չէ։
Փաշինյանն ինքը ոչ մի կոնցեպտուալ տնտեսական մոտեցում ու լուծում չի առաջարկում։ Խորհրդականները, նախարարներն ու պառլամենտականները ևս չեն առաջարկում։ Այդ դեպքում հույսն ովքե՞ր են, ձեռներեցնե՞րը, ներդրողնե՞րը։
Տարօրինակ սպասում է։ Իսկ միգուցե վարչապետն ու իրեն ենթակա՝ հենց իր հաշվարկով հայաստանյան 20 000 կառավարիչները իրենց հաշիվ տային, որ խորհրդային պլանային տնտեսակարգի ավանդույթներից հետո Հայաստանում գործարարներ ֆիզիկապես չկան ու չէին կարող լինել։ Որ գործարարությունը նաև աշխարհայացք ու հոգեբանություն է, որը դաստիարակվում է մանուկ հասակից, ապա դպրոցում, համալսարանում և շրջապատող կապիտալիստական տնտեսական կյանքի ազդեցության տակ։
Հաշիվ տային, որ մինչև հիմա Հայաստանում մատների վրա հաշվվող իրոք գործարարներ են եղել։ Եվ որ ներկա մեծահարուստներն ու գործի տերերը ոչ այնքան իրական ձեռներեցներ են, որքան արտոնյալ-քվոտավորված ներկրման, կամ էլ սովետից մնացած որոշ պրիմիտիվ արտադրություններին տիրանալու հաշվին հարստացածներ ու հենց դրանով “ձեռներեց” համարվողներ։
Հաշիվ տալուց հետո էլ մտածեին, թե ինչպես անեն, որ ձեռներեցների գեներացմանը զարկ տան երկրում։ Չի արվել նման բան, ու չի էլ երևում, թե կարվի, որովհետև անցած ամիսներին կառավարությունից, պառլամենտականներից ու Երևանի ավագանու անդամներից որևէ մեկի կողմից անելիքների առաջարկներով նույնիսկ մեկ հոդված կամ ելույթ չկա հրապարակում։
Ապշեցուցիչ անպատասխանատվություն է՝ բոլորի հույսը Փաշինյանն է, իսկ Փաշինյանի հույսն էլ գոյություն չունեցող ձեռներեցներն են։
Մենք ու երկիրը, իշխանությունն ու նրանց համակիրները՝ նախորդներն ու նորերը, բոլոր-բոլորս, արդեն փակուղում ենք։ Ըստ որում, դեռ որ ինտելեկտուալ- հոգեբանական – աշխարհայացքային փակուղում։ Բայց և, եթե ելքեր չգտնվեցին, ապա ահագնացող ու գահավիժող փակուղում։
Երկրում ընկալման մակարդակում է մերժված կոնստրուկտիվ քննադատությունը։ Ցանկացած առաջարկ ու նախաձեռնություն դեմ է առնում տաբուի՝ թե Փաշինյանին բան չասեք, թողեք թող աշխատի, բա ի՞նչ էիք ուզում, 30 տարվա քանդածը հո մեկ տարում չէ՞ր ուղղելու։
Նույն փաստարկներով ջրվեց վարչապետական 100 օրվա հաշվետվությունը, նույն մտայնությամբ՝ փայփայելով վիճակը, մարդիկ միահամուռ ընտրեցին ավագանին ու խորհրդարանը։ Նույն մտայնությամբ, հիմա էլ շարունակվում է կառավարական բացահայտ անաշխատունակություն-անգործությունը։
Սա չտեսնված-չլսված փակուղի է։ Փաշինյանը փրկիչ էր այնքանով, որ կարողացավ մերժել Սերժին և վերցնել իշխանությունը։ Դա մեծ, տիտանական նվաճում էր։ Եվ դրա համար հավերժ փառք ու պատիվ իրեն։ Բայց արդյո՞ք դա բավարար է մշտապես փառաբանվելու և վարչապետությունն ու երկիրը ձախողելու համար։
Ի դեպ, այս վիճակի պատասխանատուն ոչ միայն Փաշինյանն է, այլև իր ենթականերն են, որոնք իրենց մասնագիտականը, արժանապատվությունն ու պետական այրերի/տիկնանց հավակնոտությունը մի կողմ են դրել ու հրաժարվել իրենց ասպարեզներն ինքնուրույն կառավարելու, նրանցում որևէ փոփոխություն մտցնելու իրենց առաքելություն-պարտականություններից։
Սա փաստացի սաբոտաժ է, ու պետք է հնարավորն անել այս համատարած անդեմությունից ու անգործությունից շուտափույթ դուրս գալու համար:
Հրապարակում ոչ միայն նորույթների ու անելիքների գաղափարները չկան, այլև դրանց անհրաժեշտության մասին մտահոգությունը չկա։
Քանդել-բանտարկելու մասին լուրերը համատարած են, բայց կառուցելու մասին խոսքը չկա։ Մայիսից սկսած ինքս բազմաթիվ առաջարկներով հոդվածներ եմ ներկայացրել։ Բայց կառավարությունից, վարչապետի ու նախարարների հարյուրավոր օգնականներից ու խորհրդականներից ոչ մեկը նույնիսկ մեկ նախադասությամբ չի արձագանքել որևէ առաջարկին։ Եվ չեմ նկատել, որ որևէ այլ մեկի որևէ առաջարկին ուշադրություն դարձրած լինեն։
Ես հասկանում եմ, որ լայեղ չեն անում իրենց բարձունքներից իմ նմաններին արձագանքել, մանավանդ որ Փաշինյանն է իրենց մեջքին։ Բայց չեմ հասկանում, միթե այդ մարդկանց մեջ մեռած է հավակնոտությունը, մրցակցությունն ու երիտասարդական ավյունը՝ իրենց “ճշմարտությունը” հաստատելու։
Փոփոխությունների տեմպերը երկրում ոչ թե ցածր են, այլ փաստացի զրոյական։ Որովհետև փոփոխությունների մասին ոչ կոնցեպտուալ փաթեթը, ոչ գաղափարաբանությունն ու ոչ էլ դրանք իրացնող սուբյեկտների մասին տարրական գիտելիքն ու պատկերացումը չկա։
Փոփոխություններ են սպասվում ձեռներեցների, ներդրողների, ոչխարապահների ջանքերով, այն դեպքում, երբ ոչ մի վերին ու ստորին կարավարիչն ինքը չի պատկերացնում իր պոստում իր անելիքն ու իր պատասխանատվությունը։
Դեռ ամռանը ես ծավալուն հոդվածով առաջարկել էի Զվարթնոց օդակայանից մինչև Երևան ընկած տարածքում ՆՈՅ անունով գերժամանակակից նոր քաղաքի կառուցման գաղափարը՝ հիմնավորելով, որ այն ողջ Հայաստանի տնտեսական զարգացման առաջնային լոկոմոտիվը կարող է դառնալ, հազարավոր նոր աշխատատեղեր գեներացնել և համախմբել ողջ հայությանն էլ ներդրումներ անելու և մասնակցելու դրա իրացմանը։
Ոչ մի արձագանք չի եղել այս առաջարկին։ Հարց եմ տալիս՝ ինչու՞։ Մասնագետ պաշտոնյայի, մանավանդ քաղաքաշինարարի համար այն հիմնավոր մերժելը մեկ րոպեի գործ էր։ Դժվա՞ր էր մասնագիտական հիմնավորումներով մի կարճ նամակ ուղարկել Լրագրին, որ այդ հոդվածը տգիտություն է։
Կարծում եմ, որ մտքներով իսկ չի անցնում, որ նման առաջարկներին արձագանքելն էլ իրենց պարտականությունների անբաժանելի մասն է։
Ես բացարձակ խուլություն եմ նկատում ժողովրդավար իշխանության մոտ՝ ներքևից եկող մտահոգությունների, առաջարկությունների ու պահանջների մասով։
Սույնով, նաև պրն Փաշինյանին եմ դիմում՝ հարգելի վարչապետ, պարտադրեք Ձեր ենթականերին արձագանքելու ներքևից եկող առաջարկություններին։ Ոչ Դուք, և ոչ էլ Ձեր ենթականերն ամենագետներ չեն։ Երկրի ապագային վերաբերող հարցերում բոլորն իրավունք ունեն մասնակցելու և իրենց գիտելիքը ներդնելու։
Ներկա Հայաստանի հիմնական պրոբլեմը մարդկանց սակավությունն է ու դրանից բխող սոցիալական ու ազգային վախը, անարադարությունը, մտավոր գաճաճությունն ու անհատական “դաղալությունն” ամեն հարցում։
Սակավաթիվ մարդկանցով հնարավոր է տեխնոկրատական հիմքերով “պետություն-ամրոց” կառուցել ու պաշտպանվել։ Բայց քչով հնարավոր չէ նորմալ կուսակցություններ ունենալ, մտքերի բազմազանություն, մասնագիտական ու ինտելեկտուալ մեծ դաշտ ստեղծել, նրանում օպտիմալ լուծումներ գեներացնել, դրանք իրագործել և այդ ամենի հիմքով՝ ժողովրդավար երկիր լինել։
Անհնար է նաև “սակավաթիվ” միջավայրում սպասել փայլունների մեջտեղ գալուն, որովհետև նման միջավայրը “հակափայլունային” է, “հակաանհատային”, հակամարդկային։ Այն նախանձ, ճղճիմ ու կողքինի վրա նեգատիվորեն աչք դրածների միջավայր է, ուր մերժված է նորմալն ու փայլունը։
Նորից եմ կրկնում՝ Հայաստանի ներկա տնտեսական “փոսից” դուրս գալու միակ միջոցը նոր, հզոր ծրագրային մոտեցումն է, միջազգայնորեն հնչեղ ու ֆունկցիոնալ արտակարգ, քաղաքի կառուցումն է՝ օդակայանից մինչև Երևան ընկած տարածքում։
Ժամն է քարը փեշերից թափելու ու “սակավացած” այս միջավայրում իրար հարգելու, իրար լսելու ու իրար արժևորելու։
Ներկա դարում երկրների զարգացումն ապահովվում է մասնագետ ձեռներեցների, որակյալ աշխատուժի, կենտրոնացված, կոնցեպտուալ ուղղորդվող կառավարման, տնտեսության ծրագրավորման, միջազգային տնտեսականում պետականորեն որոշակի մասնագիտացմամբ ներկայանալու, հզոր ուրբանիզացիայի, զարգացումը քաջալերող հանրային արժեքայինի ու մարդկանց սթափ գիտակցականության հաշվին։
Անհնար է հզոր պետական զարգացում, երբ հույսը անորոշության մեջ գտնվող առանձին տնտեսվարողն է, երբ պետական խիստ ու մանրակրկիտ մտածված քաղաքականություն չկա՝ տարանջատելու ձեռնտուն և ոչ ձեռնտուն։
Մեկ մարդու, այն էլ տնտեսությունից ոչ մասնագետ մեկ մարդու իշխանությունը փակուղի է։ Իսկ վաղը, եթե չհաղթահարվեց այն, դառնալու է անկասելի անկում: