Atrioventricular plane displacement is the sole mechanism of atrial and ventricular refill
Դեկտեմբերի 27, 2014, 9:50 AM
Երկու օր առաջ միայնակ հեղինակությամբ, տպագրության ուղարկեցի իմ գիտական կյանքի վերջին հոդվածը՝ նվիրված արյան շրջանառության ֆունդամենտալ հարցերից մեկին՝ արյան վերադարձի մեխանիզմին դեպի սիրտը:
Արյան շրջանառությունը գիտականորեն սկսել է ուսումնասիրվել սկսած 16 դարից: Հազարավոր գիտնականներ են աշխատել այդ հարցի վրա և հարյուր հազարավոր հոդվածներ են գրվել այդ հարցով: Բայց ի զարմանս ինձ, շատ քչերին է հետաքրքրել արյան վերադարձի մեխանիզմը դեպի սիրտ:
Երբ խորացա հարցի մեջ, պարզվեց որ նկարագրվող հայտնի մեխանիզմները չեն բավարարում պահանջներին և չեն համապատասխանում իրականությանը:
Ինքս երբևէ չեմ զբաղվել այդ հարցով, և մինչև այս տարվա հունիս, տեղյակ չէի խնդրի մանրամասներին: Մեկ գրանտային աշխատանքի հեռանկարի հետ կապված խորացա հարցի մեջ և ծնվեց այս աշխատանքը:
Ես նկարագրել եմ մինչև այժմ անհայտ մեխանիզմը, որով արյունը ետ է վերադառնում սիրտ, նաև՝ թե ինչպես է ամբողջանում սրտային մղման ցիկլը: Ես տեսականորեն ապացուցում եմ, որ սրտի կծկումը հատուկ մեխանիզմով միաժամանակ ապահովում է ինչպես արչյան մղումը դեպի հյուսվածքներ, այնպես էլ արյան ետդարձը դեպի սիրտ։ Շնորհավորում եմ ինձ ՝ այս ֆունդամենտալ հայտնագործության առթիվ:
Նկարի ձախ մասը արյան՝ դեռ Հարվեյից հայտնի շրջանառության մեխանիզմի հիմնարար սխեման է։ Այն նկարագրում է արյան ճնշման անկումը սրտից սկսած՝ զարկերակներում, ապա հյուսվածքներում ու երակներում ու ետ դեպի սիրտը, լայն վենաներում։ B և C մասերում իմ լրացումն է , ըստ որի արյունը ետ է մղվում դեպի սիրտ, սրտի կծկման հետ կապակցված մի այլ, այսպես կոչված՝ AVPD մեխանիզմով։ Իմ առաջարկած ու հիմնավորած այս մեխանիզմը սկզբունքային ճշգրտում է 400 տարվա հնության, չլուծված, այս կարևորագույն խնդրի պարզաբանման հարցում։ Բացի զուտ մեխանիզմի պարզաբանումը, սույն պատկերացումներից բխում են մի քանի հետևություններ, որոնք առանձին վերցված ինքնին հայտնագործություններ են՝ որ
- սույն մեխանիզմն ապահովում է սրտի տարածական կայունությունը բաբախման ժամանակ։
- նախասրտերի կծկումը սկզբունքային դեր ունի ինչպես փորոքների վերջնական լեցունության, այնպես էլ սրտին հարող մեծ երակների՝ արյունով ” վերալիցքավորման” հարցում։
- այս մեխանիզմով բացատրվում է Ֆրանկ Ստարլինգի էմպիրիկ օրենքը, ինչպես նաև վերջույթների երակային փականների աշխատանքի մեխանիզմը
- սրտամերձ մեծ վենաները ծառայում են որպես արյան առաձգական պահեստներ՝ զարկերի միջև ընկած ժամանակահատվածներում։
- սիրտն ինքն ունի իր հաջորդ կծկման համար արյուն մատակարարելու ամբողջական մեխանիզմները։
- Ասվածի լույսի ներքո սրտի էլեկտրամեխանիկական ֆազային դասագրքային դիագրամը ճշգրտման կարիք ունի՝ որպես զարկի սկիզբ պետք է համարվի փորոքների կծկումը, այլ ոչ սինոատրիալ նոդից սկիզբ առնող էլէկտրական պոտենցիալը։Ըստ ներկա սրտաբանության գաղափարաբանության, սրտի էլիկտրական ու մեխանիկական պրոցեսները համատեղված -սինխրոնացված են, և սկսում են սինոատրիալ հանգույցից գեներացված AP-ից /գործողության պոտենցիալից/։ Ընդունված է կարծել, որ այդ ազդանշանից հետո, սրտով մեկ հատուկ ուղիներով շարժվող էլեկտրական լիցքի շնորհիվ կծկվում են նախասրտերը, արյունը մղում դեպի փորոքները, ապա կծկվում են փորոքները և արյունը մղում աորտաները։ Եվ որ դա հենց սրտային ցիկլն է՝ սկզբից մինչև ավարտ։Ըստ իմ նկարգրած մեխանիզմի, չնայած այդ սինխորնիզացիային, առաջնային պետք է համարել փորոքի կծկումը, այլ ոչ նախասրտերինը, որովհետև նախասրտերի կծկմամբ ավարտվում է ցիկլը, այլ ոչ սկսվում։ Հետևաբար, չնայած սինխրոնիզացիային, էլեկտրական ու մեխանիկական պրոցեսները գտնվում են տարբեր ֆազերում և տարբեր ֆունկցիոնալ իմաստ են կրում։
Այսինքն սիրտը բնության կողմից ստեղծված այնպիսի կատարյալ մի ապարատ է, որի մեջ տեխնիկականա առաջընթացի ու թվայնացման աննախադեպ հայտնագործությունների այս դարում դեռևս չբացահայտված պարզագույն մեխանիկա և այլ նրբություններ կան։
Ստորև, 1-ին նկարում տրված է մոտ հարյուր տարի հայտնի AP-ի ընթացքը սրտի հյուսվածքներով իսկ երկրորդում էլի շատ հայտնի սրտային զարկի ցիկլն է իր բոլոր բաղադրիչներով։ Ինչպես տեսնում ենք էլեկտրական ու մեխանիկական պրոցեսները դիտարկվում են նույն սկզբնակետից, որը հենց թյուրըմբռնումների աղբյուրն է։
Համեստորեն ասած ընդամենը սրտի աշխատանքի իրական մեխանիզմն եմ բացահայտել՝ համաձայն հիդրոդինամիկայի սկզբունքների։
Իմ հոդվածին ի պատասխան միացյալ հոդվածով արձագանքեցին այդ ասպարեզի ճանաչված 4 գիտնականներ Շվեդիայից և ԱՄՆ-ից, որոնց լաբերում աշխատանքները գնում էին համաձայն հին պատկերացումների և որոնք գիտական գրանտներ ու բազմաթիվ հոդվածներ ունեն տպագրած, որոնք իմ աշխատանքով կորցնում էին իրենց գիտական արժեքը։
Լինքում իմ պատասխան հոդվածն է, որի փաստարկներն արդեն որևէ առարկության չարժանացան։