Հետանկախական տարիներին երեք նախագահներն արեցին, ինչ ուզեցին։ Արդյունքում երկիրը հիմնահատակ ավերվեց, ժողովրդի կեսն էլ արտագաղթեց։ Արդեն 8 ամիս է Փաշինյանն է եկել իշխանության, ու ինքն էլ իր ուզածն է անում՝ պառլամենտ ու ավագանի ընտրեցնել տվեց իր ուզածով ու իր ցուցակով։ Գործերը վարում է իր հասկացածով ու իմացածով։
Մի որոշ ժամանակ անց էլ կկուտակվեն իր արդյունքներն ու թերացումները։ Թե ինչպիսին կլինեն դրանք, դժվար է կանխագուշակել։ Բայց ըստ տենդենցների ու նախորդ փորձի, արդեն որոշ ուրվագծեր կան, որոնք անհրաժեշտ է վերլուծել, որ դրա հիման վրա էլ շարքայիններն իմանան իրենց անելիքը։
Նախորդ նախագահների բեսպրեդել իշխանությունը կերտվել էր կամակատարների ինստիտուտի հիմքի վրա։ Առաջինի շուրջ դրանք գոյացան մի քանի տարվա ընթացքում՝ նախ ՀՀՇ֊ի կոհորտայից, ապա “դիսիդենտական”, իբր հայրենասերների շուրջ արդեն գոյացած խմբերից, ապա ղարաբաղյան պատերազմով ջրի երես ելած “կռված տղա” կուրծք ծեծող մանիպուլյատորներից։
Առաջին տարիներին պետական ունեցվածքի թալանն ու կուտակվող անձնական հարստությունը դեռ մեծ չափերի չէին, որովհետև փողը չկար, որ գործը թափ առներ։
Ամեն ինչ սկսվեց Վանոյի հորդորից՝ թե կարգ ու կանոն է պետք հաստատել փողոցներում ու երկրում՝ չնայած կարգն էլ, կանոնն էլ հեչ վատը չէին։ Հոսանք չկար՝ խաչմերուկներն անլուսաֆոր էին, բայց վարորդներն իրար զիջելով, անվտանգ քշում էին։
Շուտով, ըստ հորդորի, միացվեցին լուսաֆորները, ճանապարհային ոստիկանությունը տներից դուրս եկավ, կանգնեց փողոցներում և սկսեց սովետի ժամանակներից էլ առավել “ջանասիրաբար” փող հավաքել վարորդներից։ Խաղի մեջ մտավ նաև ողջ իրավականն, ու փողը մտավ կյանք՝ ոնց առաջներում։
Եվ հենց այդ փողն էր, որը դարձավ կաշառք ու սկսեց գնել-սեփականաշնորհել պետական ունեցվածքը։ Ունեցվածքն էլ առաջին հերթին հասավ առավել “աշխույժներին”, լկտիներին, հանցագործներին, բեսպրեդելով առաջացածներին ու իրենց “իրավունքները” տեղերում հաստատածներին։
Պատերազմի ավարտին արդեն հիմնականում ձևավորվել էր իշխանական բուրգը՝ կազմված ըստ մասնակիցների գումարային “տեսակարար” կշռի՝ բանդիտիզմի, ճարպկության, դեմագոգիկ պոտենցիալի, իշխանական “պետքականության” ու “իշխանապահպան” այլ հատկությունների:
Այ այդ սիմբիոտիկ բուրգն արդեն և իշխանության հենարան էր և իշխանությունն ինքը։ Այն կառուցված էր մանրակրկիտ ճշգրտությամբ ու մանրամասներով, ուր ամեն մեկն իր դերն ու անելիքներն ուներ։ Նրանում և թաղային տականքն էր, և թիկնապահը, և դեմագոգ պառլամենտականը, և անողոք իրավականը, և իբր թաթալաբազ օլիգարխիան։
Եվ հետագայում, հաջորդների կողմից այդ կառույցը միայն ավելի կատարելագործվեց, հղկվեց, դարձավ առավել ունիվերսալ և ճկուն։ Իսկ իշխանական կառույցի շարժիչ ուժն էլ կար ու մնում էր մարդկանց ու պետական արյունալի թալանը։
Փաստացի Քոչարյանն ու Սարգսյանը սկզբունքային նոր բան չէին ավելացրել իշխանական կառույցին, ընդամենը հարմարվել էին ԼՏՊ-ի ու սպարապետի կերտած “ախպերական” բուրգին, որոշ բաներ ձևափոխել իրենց ու ժամանակի պահանջներին համապատասխան, և մակաբուծում էին երկրի ու մարդկանց վրա, վայելում իշխանությունն ու արդեն միլիարդներով թալանում։
Նիկոլի հայտնվելը տեսականորեն պետք է որ փոխած լինի իշխանական բուրգը, դրվածքները, հիմքերը։ Այլ հարց, որ հասարակական արժեքայինը շարունակելու է փորձել արագորեն վերակերտել նախկին դրվածքները, ոնց կային։ Եվ կաշառքն է շարունակելու փորձել հոսել դեպի նոր իշխանավորները, և իշխանավորն է փորձելու աննկատ կաշառվել, և իրավականն է փորձելու աննկատ հինը շարունակել։
Բայց, սկզբունքորեն ասած, որպես իշխանություն մեկ Նիկոլ կար անցյալ մայիսին և այդ նույն մեկ Նիկոլն էլ կա հիմա՝ 8 ամիս անց։ Եվ դա հետևանք է այն բանի, որ թե Երևանի ավագանու և թե պառլմենտական ընտություններն անցկացվեցին հնարավոր ամենառեակցիոն տարբերակով՝ մեկ անձի կազմած ցուցակներով։
Այն, որ այդ ընտրությունները լեգիտիմ են համարվել դրսերում, դա որևէ աղերս չունի դրանց ժողովրդավարական լինելու հետ։
Հիմա մենք փաստացի ունենք մեկ մարդու ցանկությամբ կազմված, բացարձակ անփորձների ու ոչ սուբյեկտային, ոչ մրցունակ անձանց ֆորմալ իշխանություն, որը տեսականորեն իմաստալից է միայն բռնապետության կամ կենտրոնական տեխնոկրատական կառավարման դեպքում։
Սակայն խնդիրն այն է, որ Փաշինյանը եթե շատ ցանկանա էլ, ռեսուրս չունի անմիջապես բռնակալ դառնալու, որովհետև ինչպես նկարագրել էի վերը, մեր պայմաններում բռնակալությունը ստեղծվում է աստիճանաբար, նոր հիմքից՝ ժամանակի ընթացքում։
Ըստ որում, չնայած որ նախորդ իշխանությունները կամակատարների իշխանություն էին, դրանք ֆեոդալականի սկզբունքով էին կերտված՝ նրանցում բոլորը, գոնե հոգեբանորեն, տարբեր “տրամաչափի” ֆեոդալներ էին, ուր ոչ մի “ճորտ” չէր կարող լինել, ըստ սահմանման։ Եվ ֆեոդալներն էլ բոլորն իրենց դիրքերին էին հասել ըստ իրենց “ներդրումների” ու անհատական պոտենցիալների։ Ցուցակում նրանց դիրքը ոչ թե շեֆն էր կամայականորեն որոշում, այլ նրանց անհատական որակը, ներդրումն ու կշիռը։ Պատահական մարդիկ այդ իշխանություններում չկային։
Այլ է Փաշինյանի դեպքում։ Ավագանու և պառլամենտի համար ցուցակագրած մոտ 200 հոգին երբևէ գործնականում իրենց դրսևորած ու ներդրումներ ունեցած չկան։ Նրանք այնտեղ են հայտնվել ըստ Փաշինյանի մոտ նրանց ստեղծած տպավորության։ Իսկ տպավորությունն, ինչպես գիտենք, ծայրահեղ խաբուսիկ և անիրական գործոն է:
Եթե այս փաստն էլ ավելացնենք քննարկմանը, ապա կարող ենք պնդել, որ ներկայում ունենք մեկ մարդու՝ Փաշինյանի անիրական իշխանություն, որը կանգուն է մի քանի տարօրինակ պայմանների շնորհիվ։
1. Երկրում չկա իշխանության ձգտող կամ դրա հնարավորությունն ունեցող երկրորդ բևեռ։ Որովհետև նախորդները վարկաբեկված են ոնց ոճրագործներ, ոնց ազգային դավաճաններ։ Իսկ ալտերնատիվ այլ ուժ էլ չկա, որովհետև երկրում անդեմ, անոմիկ վիճակ է՝ լիդերներ չկան, կուսակցությունները կայացած չեն, քաղաքացիական ինստիտուտները՝ առավել ևս։
2. Հայաստանը գտնվում է տնտեսական անկման դինամիկայի մեջ ու բարդ աշխարհքաղաքական իրավիճակում։ Նման պայմաններում շրջահայաց մարդիկ խուսափում են որպես առաջին դեմքեր ինքնադրսևորվելու, մանավանդ որ ակնհայտ ելքեր ու անելիքներ չեն երևում։
3. Եվ երկիրն ավերածները, և նախկին իշխանությունների հենարանը շահագրգիռ են, որպեսզի պետությունը կայունանա։ Եվ Փաշինյանին դեմ լինելով հանդերձ, ունեցվածք ու ապագա չկորցնելու հեռանկարից դրդված, անձնապես կողմ են, որ գործերը գոնե մի քիչ ճիշտ հունով գնան։
4. Երկրում ծայրահեղ ծանր վիճակ է կադրային առումով։ Որևէ գործի մասնագետները չկան՝ գաճաճ, անմրցունակ, բայց փոխադարձ լարված ու դառնացած հակասոցիալական հարաբերություններ են։
Այսինքն, Փաշինյանի միանձնյա ու համապարփակ իշխանությունն ըստ էության ծուղակային փակուղում է, եթե չիրացվի որպես բռնապետություն կամ տեխնոկրատական կառավարում։ Նշում եմ հենց այս երկու հնարավոր ելքերը, որովհետև այլ տարբերակները նույնիսկ տեսականորեն են անհնար:
Ինչպես հիմնավորել էի վերը, Փաշինյանի դեպքում բռնապետության ռեսուրս ուղղակի չկա։ Իր ցուցակային, պաշտոնեական հենարանը եթե շատ փոքր շանս ունի անպետք չլինելու որպես պառլամենտական, ապա բացարձակ անպիտան է որպես բռնապետության հենարան։
Հետևաբար, տեսականորեն, պետականության պահպանման ու վերելքի շանսի հնարավոր միակ ելք է մնում տեխնոկրատական կառավարումը, որի ռեսուրսը ևս մեզանում ծայրաստիճան փոքր է, բայց շատ ավելի է, քան մնացած անհույս տարբերակների ռեսուրսն է։
Որո՞նք են տեխնոկրատական կառավարման հիմնական բաղադրիչները։ Տեխնոկրատական կառավարումը ներքին աշխատուժի մրցակցային շուկայի վրա հիմնված, բայց կիսապլանային տնտեսաքաղաքական կառավարում է, ուր գիտակ, տեխնոկրատ ղեկավարը միանձնյա կամ խորհրդատուների թիմով ուրվագծում է երկրի տնտեսական զարգացման ուղին, ըստ արտաքին շուկաներում և քաղաքական միջավայրում օպտիմալ մրցակցության հնարավորությունների։
Նրանում այս կամ այն ճյուղի զարգացումը ոչ թե պատահական ներդրողի հույսին է, այլ խիստ մտածված, ծրագրավորված քայլերով տարվող տնտեսաքաղաքական-հանրային պրոցես է, ուր հարկային ու այլ արտոնությունների միջոցով կյանք է մտցվում այն լուծումը, որն առավել ձեռնտու է երկրին ու նրա ժողովրդին։
Օրինակ, քչերը գիտեն, որ նավթազուրկ Սինգապուրի արտահանման մեջ առաջին տեղը նավթամթերքների արտահանումն է գրավում։ Ոչ մի ներդրող նման ներդրումների չէր գնա, եթե երկրի կառավարիչները չուղղորդեին ներդրումային պրոցեսը ու չաջակցեին այդ գործին։ Գրեթե նույնն է անում նաև Լուկոշենկոյի ցուցումով շարժվող Բելոռուսը, որը նավթավերամշակման գործարաններ ունի և վերամշակում է ռուսական նավթը։
Հայաստանի դեպքում էլ միակ ելքը տեխնոկրատականությունն է՝ թե քաղաքական առումով՝ երբ բացակայում են ժողովրդավարական իշխանության հակակշիռները, երբ երկիրը գտնվում է պատերազմի մեջ, և թե տնտեսական առումով, երբ տնտեսությունը ոչ շուկայական է՝ շրջափակման, ճանապարհների բացակայության ու ներքին շատ փոքր շուկայի պատճառով։
Հայաստանը պետք է կառավարվի խիստ մտածված՝ ոնց ջերմոցը, ըստ որում հզոր տեխնոկրատական մտքի ու գիտակների մշտապես ճշգրտվող ծրագրերով։ Պետք է վերջնական, խորը վերամշակված արտադրանք արտահանի դեպի արտաքին ազատ շուկա, ներսում վարելով խիստ պրոտեկցիոնիստական ու նպատակամղված հանրային֊սոցիալական քաղաքականություն։
Իհարկե, Փաշինյանը տեխնոկրատ չէ, և իր թիմում ես մինչև այժմ նկատել եմ ընդամենը մի քանիսի, որոնք ունակ են տեխնոկրատականության։ Բայց տեխնոկրատ է նախագահ Սարգսյանը, որի հետ կարող է շատ ավելի խորը համագործակցել Փաշինյանը, ինչպես նաև արագորեն համալրել կառավարությունը տեխնոկրատ նախարարներով։
Հայերիս մեջ քիչ են տեխնոկրատները, բայց դեռ կան ու կգտնվեն, եթե նրանց ներգրավելու համազգային պրոցես նախաձեռնվի։
Ես հասկանում եմ, որ անիրական բաների մասին եմ խոսում, սկսած ավտոմատներով համազգային զինումից, հեռուստաժամով հանրային արժեքային վերակերտելուց և վերջացրած տեխնոկրատական կառավարումով։ Բայց ցավոք, դրան են հանգեցրել նախորդների անպատասխանատու կառավարումն ու Հայաստանի շուրջը ծավալվող խիստ բացասական գործընթացները։
Եթե հիմա էլ չտեսնենք, չհասկանանք, չիրագործենք հնարավոր միակ ելքերն ու շարունակենք բարձիթողին, այն է՝ պատահական ներդրումների հույսին մնալը, հարևանների բարյացկամությանն ապավինելը, ներքին մասնագիտական “նախնադարը” հանդուրժելը, ապա վաղը այս միակ ելքն էլ կանհետանա։
Սովետ Միությունը Հայաստանի տնտեսությունը կառուցել էր տեղական ռեսուրսների մանրակրկիտ հաշվառմամբ ու ներքին հզոր կոոպերացման հիմքի վրա։ Եթե նման մոտեցումը հասու է եղել մեզ դեռ սովետիզացիայի սկզբին, ապա ներկա դարում, երբ տեխնոլոգիաների ու արտադրությունների մասին ողջ ինֆորմացիան համացանցում է, մեծ դժվարություն չի ներկայացնում հենց տեխնոկրատական մոտեցումներով աշխատանքի համաշխարհային բաժանման մեջ մտնելը։
Ըստ ներկա և նախորդ տարիների իմ դիտարկումների, Փաշինյանն էլ, նախորդների պես, ականջալուր չէ խորհուրդներ վերցնելու։ Հայոց դարավոր՝ ով էշ՝ ես փալան, հակամշակույթի հետևանք է դա։ Ցավոք, տաբուների դեմ ես անզոր եմ, մանավանդ երբ տաբուն դեկլարատիվ ինքնասիրությանն է վերաբերում։