Այն, ինչ հիմա առկա է Հայաստանում, կառավարման, պետականության, տնտեսական, ազգային, հոգեբանական, մարդկային ու ամեն ասպարեզի ծանրագույն ճգնաժամ է։ Նիկոլ Փաշինյանը չէ մարդկանց հանել փողոցները, այլ ճգնաժամն է դրդել, որ մարդիկ այլևս չհանդուժեն՝ իրենցն ասեն։ Իրենց կույրի, համրի, խուլի, հիմարի ու խեղկատակի տեղ դրած իշխանությոններին վերջապես հասկացնեն, որ իրենք կործանել են ամեն ինչը, և որ այսպես շարունակել անհնար է։
Հետանկախական Հայաստանում իշխանական բեսպրեդելն սկսվեց անկախության հռչակումից ընդամենը շաբաթներ անց, երբ հանրապետության նորընտիր նախագահը որպես իր բնակության վայր ընտրելով Բաղրամյան 26-ը, երևի առաջին կարգադրությամբ նախաձեռնեց ճաղերի կառուցումն իր նստատեղի առջև։
Այդ ճաղերից է սկսվել իշխանությունների ու ժողովրդի միջև բաժանումը, որը գնալով խորացել է և այսօր անդունդի, բացարձակ ապարտեիդի է վերածված։
Վերին իշխանությունն ապրում է Երևանում, բայց այն մեկուսացած է մարդկանցից ճաղերով, ցանկապատերով, մեքենաներով, թիկնապահներով, ոստիկաններով, բանտերով, զրահամեքենաներով ու տանկերով, եթե դրա կարիքն էլ կա։
Տեղական ու ստորին իշխանություններն էլ իրենց բանակները, գվարդիաներն ու հատուկ մեկուսիչներն ունեն, որոնք պակաս գարշելի չեն։
Ամբողջ աշխարհում է ընդունված վերին իշխանավորների՝ որոշակի մեկուսացմամբ պահպանության անհրաժեշտությունը։ Բայց ոչ մեկում այն նման մաշտաբների ու բեսպրեդել ցուցադրականի հասցված չկա, ոնց Հայաստանում է։
Ես մոտ երկու տարի աշխատել եմ Սպիտակ Տան հարևանությամբ, բայց ոչ մի անգամ տեսած չկամ փողոցների խցանում ԱՄՆ նախագահի տեղաշարժի հետ կապված։ Առավելագույնը, որը նկատելի է, դիմացից գնացող ոստիկանական մեքենան է, որն ավտոմատ փոխում է դիմացի լուսաֆորի գույնը՝ կանաչ լույս տալով ընդամենը մի քանի մեքենայանոց շարասյանը։ Ամբողջ ընթացքը կարող է տևել առավելագույնը մի քանի րոպե, ոչ ավել։ Ոչ մեքենաների մուտքի արգելք է լինում տվյալ հատվածում, և ոչ էլ հետիոտների որևէ սահմանափակում։
Վաշինգտոնում են Կոնգրեսը, Պենտագոնը, հետախուզական վարչությունը, հարյուրավոր դեսպանատները, բայց երբեք չեք նկատի որևէ կարևոր պաշտոնյայի մեքենայի ընթացքի արտոնութուն, եթե դա հատուկ մեծ հավաքի հետ կապված չէ։ Բոլորը կանգնում են խաչմերուկներին ու սպասում կանաչ լույսին։ Ոչ մեկը նկատելի թիկնապահներ չունի ու ընդծված խուսափում է որևէ կերպ առանձնանալ հասարակ մարդկանցից։
Իսկ մեզանում ամեն ոչնչություն, որը թաղի տականքով ու սեփական բանդիտիզմով դիրքի է հասել, զրահամեքենաներով, թիկնապահների ոհմակներով է քարշ գալիս քաղաքով, որն իր կալվածքն է համարում և թքած ունի մարդկանց ու երկրի հեղինակության ու քաղաքակրթական նորմերի վրա։
Այս վարքն ինքնին ճգնաժամ է։
Վերին պաշտոնյաները դեռ 27 տարի առաջ, կանգնելով անկախության առջև, պետք է իրենց հաշիվ տային, որ իրենք երկրի ու մարդկանց ծառաներն են, այլ ոչ հեքիաթային հրաշքով նրա գլխին հայտնված տիրակալները։ Երբեք չեղավ այդ պարտականության զգացումը՝ սկսած առաջին նախագահից, վերջացրած ներկա իբր վարչապետով։
Մանկրակրկիտ դիտարկենք համատարած հայկական պադավատը, իշխանական մասնավոր կյանքի դրվածքներն ու սկզբունքները, և ամենուրեք կնկատենք տեղական ապարտեիդը, բեսպրեդելը, բանդիտիզմը, անպատժելիությունն ու իշխանավորի անպատկառ հրեշայնությունը։
Ամբողջ կառավարություն ու իշխանություն է կառուցված հրեշ-զոհ հարաբերությունների սկզբունքով։ Չեմ ասում ստրկատեր-ստրուկ, որովհետև ստրկատերը ստրուկի հանդեպ գոնե տիրոջ հոգածության տարրն ունի իր մեջ և նա չի ձգտում հոշոտել ստրուկին։ Իսկ մեզանում իշխանավորը երախը բաց որսի մեջ գտնվող գազանի կարգավիճակում է՝ պետք է զգուշանաս, որ պատահականորեն չհոշոտվես։
Սա աբսուրդ է, սա անոմալիա է, սա անբացատրելի, անմարդկային, անբնական դրվածք է։ Ճգնաժամ բառը սրան չի սազում, թերի է այն։ Սա բորենական, բնազդային “արժեքային” է, որը սողոսկել է մեր մեջ ու ապազգայնացնում, ապամարդկայնացնում է մեզ, հեռացնում երկրից, կողքինից ու արտագաղթի պարտադրում։
Երբ ասֆալտի ֆիդայինն ու անասնակերպ գեներալը նոր-նոր իրենց օրենքն ու իրավունքն էին հաստատում երկրի, մարդկանց վրա ու սեփականացնում ամբողջական շրջաններ, իրեն լրջորեն նախագահ համարողը քաջությունը չունեցավ ասելու, թե հարգելիս, սա իմ կառավարման երկիրն է, հալովդ մնա։ Բայց և մեծ հաճույքով զբաղված էր բանդիտների փոխադարձ հակակշիռների համակարգի մանրակրկիտ սպասարկմամբ, որ ոչ մեկը դժգոհ չմնա, ինչքան ախորժակ ու փոր ունի, էնքան էլ ուտի՝ մարդ, հանք, հող, գյուղեր ու քաղաքներ։
Եվ այս ոճը գնալով ուժգնացավ հետագա նախագահների մոտ, վերջում հասնելով նախագահի միակ գործառույթի՝ միջօլիգարխական, միջգողական ռազբիռատի հանգուցալուծողի։
Ինչ որ է, չերկարացնեմ՝ այ այդ հազար ու մի ճգնաժամերի հետ կապված, ու նաև հին նախագահի վարչապետական նոր կերպարանափոխության ֆարսի հետ կապված, Նիկոլը մեջտեղ է եկել, թե ժողովուրդ, ախր սա նորմալ չէ, սա լրիվ զավեշտ է, սա վայրենություն է, սա մեզ հայվանի տեղ դնել է, արեք փորձենք բարձրաձայն, բոլորով միասին ու առանց վախենալու, ասենք այդ մասին։
Եկել են, հավաքվել են, ասել են, ու պարզվել է, որ թիկնապահներով ու ճաղերով մարդկանցից մեկուսացած ոչ մի պաշտոնյա ընդունակ չէ հոդաբաշխ մի միտք երկնելու, մի փաստարկով հակառակվելու։ Օդում միայն խոսնակների հոխորտոցն է, թե մեր դեմ խաղ չկա ու չի էլ լինելու:
Հա, հասկանալի է, ձեր դեմ խաղ չկա, ձեր օրահացով մարդ հետապնդող ոստիկանի դեմ խաղ չկա, ձեր պնակալեզ պաշտոնյաների դեմ խաղ չկա, ձեր անլուրջ շեֆերի դեմ խաղ չկա։ Բայց հասկացեք, որ խաղացողը մենք չենք, ճգնաժամն է։ Մենք ընդամենը ճգնաժամի կողմից ենք։
Խաղում եք, շարունակեք խաղալ, տեսնենք ուր եք հասնելու։
Ճգնաժամ է, ամենասփյուռ ճգնաժամ է, և պատճառը ոչ Նիկոլն է, ոչ էլ փողոց փակող աղջիկը, այլ ճգնաժամի մեջ խրված համակարգն է՝ իշխանությունը համակած, պաշտոնյային դև սարքած, երկիրն ավերած, մարդուն խոշտանգած համակարգն է։ Եվ ճգնաժամն էլ այն մասին է, որ համակարգն այլևս չի կարող նույնկերպ շարունակվել, չի կարող վերակերտվել, չի կարող գոյատևել, կոսմետիկ փոփոխություններով չի կարող կործանումից խուսափել։ Պատկերավոր ասած՝ վերջացել է համակարգի ողջ ռեսուրսը՝ հացը, ջուրը, բենզինը, փողը, օգնականը, թիկնապահը, ոստիկանը, դատախազն ու դատավորը։
Չէ, դրանք իբր կան, բայց իրականում չկան, որովհետև ոչ մի հարցի լուծման ընդունակ չեն։
Այսքան պարզ բանը չհասկացողները տեսականորեն կարող են տանկեր հանել ու մի քանի հարյուր հոգի էլ փռել, ոնց Վանոն էր հպարտ-հպարտ պնդում։ Կարող են ամբողջ շրջանների լույսն ու ջրամատակարարումն ընդհատել ու հազարներով մարդկանց տեղահան անել։ Բայց հինը վերականգնել չեն կարող՝ համակարգն է սպառվել, ճգնաժամն է եկել։
Ես համոզված չեմ, որ կյանքում բոլոր տեսակի գիտելիքները բարեհաջող շրջանցած վերին իշխանավորն ու տարրական դպրոցը չհաղթահարած գեներալն ընդունակ են սա հասկանալու։
Բայց հարց լուծող միջին օղակի ճարպիկները սա քթածակով են հասկանում և ամբողջ մարմնով են զգում։ Եվ կարծում եմ կհասկացնեն շեֆին, որ շեֆ, էլ խաղ չկա։
Կհասկանա շեֆը՝ լավ։ Չի հասկանա՝ էլի լավ։ Որովհետև ճգնաժամը թքած ունի շեֆերի հասկանալու կամ չհասկանալու վրա։ Նա ավերման ու համահարթեցման իր գործին է։
Հատուկ շեշտեմ, որ ճգնաժամի հաղթահարման պատասխանատուն ընդդիմությունը չէ՝ իշխանությունն է։ Եվ քայլն էլ իշխանությանն է, ընդդիմությունն առաջարկելիք չունի։ Որովհետև եթե ընդդիմությունը որևէ բան առաջարկի, ապա իսկույն դեմ կառնի իշխանական հերթապահ “Չէ”-ին և հարցը կհանգի ավանդական խնդրանքին, աղաչանքին, պատեպատ տալուն, որի քսաներեքամյա փորձը կա և որի վրա իշխանությունները սովորած են “հոյակապորեն” թքելու։
Այս անգամ դա չի լինելու։ Ընդդիմությունն առաջվանը չէ, նա չի խնդրելու, չի հացադուլվելու, չի միտինգվելու, չի առաջարկելու, դատարանների դռները չի ընկնելու ու այս տեսակի այլ հիմարություններով չի զբաղվելու։
Եվրոպական ու համաշխարհային երիտասարդության փորձից ելնելով, խստացնելու ու խորացնելու է ճգնաժամը և նպատակադրվելու է պարտադրելու իր կամքը՝ անցում անելու նախագահական ու ընտրական հին համակարգերին։
Սերժ Սարգսյանի անձնական չափսերով “կարված” ոչ մի օրենսդրական թուղթ չպետք է մնա ուժի մեջ։ Եվ իշխանություններն էլ իրենք պետք է շահագրգիռ լինեն ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ամենավերին որոշում կայացնող ատյանում ընդգրկելու և մեծ իրավասություններով օժտելու, եթե ուզում են գոնե մասնակի խուսափեն մեծ պատիժներից։
Ես ընդդիմության կողմից եմ և համբերատար կսպասեմ, որ մինիմալ մարդկային ճիգերով ճգնաժամը խորանա ու սրբի-տանի ողջ իշխանությունը, որովհետև դրանք ոչ իշխելու եղան ընդունակ, ոչ վիճակը հասկանալու ու ոչ էլ ունակ են լինելու ճգնաժամ հաղթահարելու։
Քսանյոթ տարի միայն մակաբուծողն իհարկե անընդունակ է արարման։
Եվ չեմ կարծում, թե կգտնվի այն դավաճան զինված ստրուկը, որ կկատարի իշխանության հրամանները։ Ճգնաժամը նաև այդ ստրուկի բացակայության մասին է։
Սպասենք այդքան սպասված, բայց կատաստրոֆիկ ուշացած հետանկախական արշալույսին։