Սովետ միության փլուզումն աշխարհի հզորների առջև դրել էր միաբևեռ նոր աշխարհին հարիր ռազմաքաղաքական-ֆինանսական գլոբալ վերանայումների խնդիրը։ Բայց, քանի որ ահռելի գերտերության բեկորների քաղաքական կազմակերպման հարցերն այդ պահին առաջնային էին, գլոբալ նոր փիլիսոփայության կոնցեպտուալ հարցը հետին պլան էր մղված։
Ակնհայտ էր, որ տարբեր հեռանկարներ են բացվելու սոցճամբարի և հետսովետական տարբեր երկրների համար։ Անկախացումները, դրանց հետ կապված պատերազմներն ու վայրիվերումներն ընթանում էին իրենց ուղիով և թվում էր, թե վերջիվերջո դրանք կվերջանան, և միաբևեռ հսկողությամբ խաղաղություն կհաստատվի աշխարհում։
Բայց 2001 թվականին ԱՄՆ դեմ մաշտաբային ահաբեկչությունը գոնե առերես կտրականապես փոխեց մինչ այդ եղած միջազգային աշխարհքաղաքական տրամաբանությունները։
Սկսվեցին պատերազմներն Աֆղանստանի ու Իրաքի դեմ և Սադամի հետապնդումը, որն ակնհայտորեն ահաբեկչության պատժի թեմայից դուրս էր։ Չնայած Սադամին ոչնչացնելուն, 2008-ին վրա հասավ արևմտյան ֆինանսական ճգնաժամը, որի պատճառը ոչ թե ավանդական կապիտալիստական գերհագեցումն էր, այլ շուկայական մեքենայությունները։
Աշխարհքաղաքական տեսությունները պնդում են, որ պատերազմները մեծապես օգնում են ներքին հարցերը լուծելուն; Եվ այդ առումով թվում էր, թե աֆղանական ու իրաքյան պատերազմները պետք է որ մեղմած լինեին սպասվելիք շուկայական ճգնաժամի գոնե մասշտաբները։ Բայց փաստացի նրանք կամ բացարձակ չէին ազդել, կամ էլ աննկատ էին մեղմել հասունացող ճգնաժամը։
Ոչ շուկայական ճգնաժամը հաղթահարվեց ոչ շուկայական մեթոդաբանությամբ և փաստացի անօրինականությամբ՝ բանկերին անհատույց փող տրամադրելով, որը նոր գայթակղություններ ներմուծեց ֆինանսական աշխարհ։ Պարզվեց, որ շատ մեծ, հզոր, գիգանտ բանկերն ու կորպորացիաներն այնքան կարևոր են, որ սուվերեն պետությունները չեն կարող թույլ տալ նրանց անկումը, անկախ նրանցում կատարվող մեքենայություների մասշտաբներից։
Սա անպատժելիության նոր հնարավորություններ բացեց, որը բացառվեց միայն մեկ երկրում՝ Իսլանդիայում, ուր բանկիրները դատվեցին և նետվեցին բանտ։ Մնացած երկրներում մեքենայություններ արած ոչ մի բանկիր չդատվեց և այդ մասին նույնիսկ հարց չբարձրացվեց քաղաքական ու իրավական մակարդակներում;
Այդ պահից սկսած, աշխարհի մեծերի առջև հրատապ դարձավ գլոբալ ֆինանսական կայունության հարցը, իհարկե միջազգային ֆինանսական օլիգարխիայի և կորպորացիաների շահերի պահպանման պայմաններում։
Այս հարցի ներկա դրվածքը պատմականորեն անհայտ ասպարեզ է՝ նախադեպեր ու դրա մասին գիտելիքը դեռ չկա։ Ոչ ոք չգիտի, թե այս նոր, գլոբալ աշխարհում ինչը կօգնի ֆինանսական ստաբիլությանը, և ինչը դեմ կաշխատի: Եվ դժվարն էլ այն է, որ խնդրի նախապայմանները բոլորն էլ ի վնաս են դրանք տիրապետող, վերը նշված սուբյեկտների շահերին։
Արևմտյան, հիմնականում ֆինանսական կոնցեպտուալ պրոցեսներին զուգահեռ, վերջին տասնամյակներին մեծ թափով տնտեսապես զարգանում էին արևելյան վագրերը, Չինաստանը, Հնդկաստանը, Բրազիլիան, Աֆրիկյան մեծ երկրները։ Իսկ ծերացող Եվրոպան ու ԱՄՆ-ն կանգնած էին անորոշությունների դեմ՝ ինչպե՞ս շարունակել, ավանդականով ապավինել շուկաներին և փորձել մնալ զուտ ֆինանսական հեգեմոնի դերո՞ւմ, թե գտնել մի նոր ուղի, որը ևս կապահովի գերակա դիրքեր միջազգային հարաբերություններում։
Ըստ շուկաներում գրանցվող զարգացումների, ես չեմ տեսնում, թե որևէ նոր լուծումներ են գտնվել։ Հետևաբար մնում է ենթադրել, որ ընտրվել է պրոցեսների ձգձգման, քարշ տալու մեթոդաբանությունը, հուսադրվելով հարմարվել ապագայի պահանջներին ըստ նոր խնդիրների ժամանման։
Իմ կարծիքով, որոշում է կայացվել շարունակել “բաժանիր որ տիրես” ավանդական, փորձված ու իրեն մշտապես արդարացրած ռազմաքաղաքական ոճը՝ կիրառելով մեղադրական ու պատժիչ՝ գերագրեսիվ մեթոդաբանություններ։
Եթե հետ նայենք, կարող ենք եզրահանգել, որ արաբական արյունալի գարունների իմաստը երևի գլոբալ խառնաշփոթ մտցնելն էր։ /Չեմ կարծում, թե նախապես հաշվարկված էր եղել փախստականների՝ դեպի Եվրոպա ուղղելու մարտավարությունը։ Բայց սկիզբ առնելով, այն ակնհայտորեն խթանվեց ինչ-֊ինչ ուժերի կողմից/։
Գարուններից հետո գործի դրվեց ռուս-ուկրաինական՝ ներսլավոնական թշնամություն սերմանելու պրոցեսը, և արագորեն ուրվագծվեցին նոր ստեղծվող գլոբալ ռազմաքաղաքական իրավիճակի կոնտուրները՝ քավության նոխազ՝ վայրենի Ռուսաստան, և նրան կարգի հրավիրող-պատժող քաղաքակիրթ Արևմուտք։
Ռուսներին արագորեն և անսպասելի պարտադրվեցին ցուգցվանգային քայլեր։ Օրինակ ռուսները չէին կարող զիջել Ղրիմը, և ստիպված եղան “ռուսականացնել” այն։ Կողմնակի դիտորդին կարող էր թվալ, թե հարցը պետք է որ այդքան չսրվեր, որովհետև բոլորն էլ գիտեին, որ Ղրիմը ռուսական արյամբ նվաճված հող է, և որը ժամանակին զուտ ֆորմալ, Խրուշչովի կամային որոշմամբ է կցվել Ուկրաինային:
Բայց առիթը կար, և այն բաց չթողնվեց՝ Ռուսաստանը հռչակվեց ագրեսոր և այդ պիտակը վերացնելու պայմանն էլ դրվեց Ղրիմի վերադարձը Ուկրաինային։
Ակնհայտորեն անլուծելի ուլտիմատիվ պայման է սա, որը ռուսները ոչ մի կերպ չեն կարող ընդունել։ Իրոք չեն կարող, որովհետև այդ դեպքում կկորցնեն Սեվաստոպոլի ռազմածովային բազան՝ զիջելով այն ՆԱՏՕ-ին: Իսկ դա նշանակում է Սև ծովում ռուսական ռազմական ներկայության կորուստ և Ռուսաստանի կարգավիճակի փոփոխություն դեպի երրորդական խամաճիկ երկիր, որը ելք ունի միայն հյուսիս և արևելք։ /Բալթիկ ծովում ռուսական ներկայությունը մեծ հարցականի տակ է՝ ծովափնյա երկրները միացյալ որոշմամբ կարող են այն ռազմազերծ գոտի հռչակել և զրոյացնել Ռուսաստանի պոտենցիալն այդ ծովում ևս/։
Զուգահեռաբար, ամեն ինչ է արվում միջազգային ատյաններում ռուսական ներկայությունը նսեմացնելու և դրանցում ձայնի իրավունքներից զրկելու համար՝ ընդհուպ մինչև Անվտանգության Խորհրդում վետոյի իրավունքից զրկելը:
Եթե նկարագրվածին գումարվեն հակառուսական սանկցիաները, ռուսական ողջ պետական ապարատի անձերի անվանական հետապնդումը, փաստացի ռուսական զենքի վաճառքի արգելումը, Չինաստանի թաքնված նկրտումները Սիբիրի հանդեպ և Հնդկաստանի առավել մերձեցումը արևմտյան շուկաներին, ապա պարզ է դառնում, որ Ռուսաստանն արդեն իսկ ընտրված է որպես քավության նոխազ, որպես թույլիկ, բայց իբր վայրենի, անհասկացող, ագրեսիվ ու վտանգավոր միջուկային բևեռ Արևմուտքի ու մարդկության դեմ։
Ո՞րն է նոր ձևակերպվող և թափ ստացող այս երկբևեռ հակամարտության գլոբալ փիլիսոփայությունը։ Եվ արդյոք Ռուսաստանի պես տնտեսական թզուկին և քաղաքական “թույլիկին” հնարավոր է ներկայացնել որպես գլոբալ հզոր թշնամի և կերտել նոր, երկբևեռ աշխարհ, որը կկայունացնի ոչ միայն Արևմուտքը, այլև ողջ աշխարհը՝ համախմբելով ընդհանուր թշնամու դեմ։
Եվ արդյոք հակառուսական կոնսոլիդացիան կհարթի արևմտյան միացյալ ֆինանսական համակարգի ներքին պրոբլեմները։
Չեմ կարծում, թե այս պահին որևէ վերլուծաբան, կամ նույնիսկ հզոր տեսաբանների խումբ կարող է նման կանխատեսումներ անել։ Շատ բան կախված է նոր սցենարները մշակողների նպատակներից ու մեթոդականից։ Նաև չեմ կարծում, որ դրանք ևս հիմա պարզ են, կամ էլ ենթակա չեն վերանայումների։
Դինամիկ ծանր վիճակ է, ուր խաղերը միջուկային շանտաժի սրության են և մասնակիցներից ահռելի կամք, գիտելիքներ ու համարձակություն են պահանջում։
Այս նախաբանի ֆոնին դիտարկենք Վերջերս Թերեզա Մեյի և բրիտանական արտգործնախարար Բորիս Ջոնսոնի ռուսական մեղադրանքների նպատակները Սկրիպալի թունավորման հետ կապված։
Երկու շաբաթից Պուտինի վերընտրությունն էր, և ակնհայտ էր, որ թունավորման մեղադրանքները հաստատապես չէին ընկալվելու ռուսների կողմից։ Թվում էր, թե դա անհեռանկար, հիմար նախաձեռնություն էր։ Բայց իրականում սցենարը այլ նպատակներ էր հետապնդում՝ կոնսոլիդացնել ռուսներին Պուտինի շուրջ, բոլորին միասին անկյուն մղել և ստիպել, որպեսզի ռուսները ևս իրենց զգան որպես մերժված, մեկուսացած, առանձին քաղաքակրթական, ռազմաստրատեգիական բևեռ։
Եվ ընտրությունները հենց դրան հանգեցրին։ Պուտինի բարձր տոկոսային ձայները մեծապես հետևանք են բրիտանական մեղադրանքների։ Հենց դրանք կոնսոլիդացրին ռուսներին Պուտինի շուրջ, որովհետև ռուսներն արդեն իրենց ֆիզիկական գոյության վտանգն էին զգացել։
Եթե առաջներում, Սադամի ու Քադաֆիի օրինակով, օղակը հիմնականում Պուտինի անձի շուրջն էր գծվում, ապա հիմա, թվում է, թե այն ամբողջ ռուս ազգի համար է նախատեսված։ Ռուսները տեսել են արաբական երկրների ու մասնավորապես Սիրիայի ավերումը և նման ապագա իրենց համար գուժելն այնքան էլ դուրս չէ ռեալ երևակայությունից։
Ակնհայտ է, որ լուրջ մասնագետների կողմից մշակված բրիտանական սցենարը մեծապես տեղական նախաձեռնություն է եղել, որովհետև սկզբնական շրջանում այլ երկրները շփոթված էին վերաբերմունք դրսևորելու հարցում։ Բայց մեկ-երկու օրից ներքին ուղիներով դաշնակիցներին երևի բացատրվեցին սցենարի նպատակները, և ամբողջ արևմուտքը սկսեց միավորվել մեղադրանքների հարցում և ներկայում հանդես է գալիս միացյալ ճակատով։
Ըստ որում, սցենարն իրոք խորն է մշակված և անթերի է թվում։
Սցենարիստներն իհարկե գիտեին, որ Ղրիմն էլ է քվեարկելու, հետևաբար դա առիթ է դառնալու Պուտինին օրենքից դուրս հայտարարելու ու միջազգայնորեն բարձրացնելու, կամ մշտապես առաջ տանելու նրա ոչ լեգիտիմության հարցը:
Նրանք իհարկե գիտեին, որ Պուտինին մեղադրելով ռուսներին են անկյուն քշում, և ռուսները կոնսոլիդացվելու են Պուտինի շուրջ։
Նրանք գիտեին, որ Պուտինին լեգիտիմությունից զրկելով ավելի են քաջալերելու և անզիջում դարձնելու ուկրաինացիներին ու ռուսների դեմ տրամադրված այլ երկրներին, ինչպես նաև նոր կողմնորոշման են տանելու ռուսների հույսին եղած փոքր սատելիտներին։
Նրանք այս ամենը նախապես գիտեին, և դա ևս հաշվարկված և ծրագրի մաս էր կազմում։
Հետևաբար, եթե մեղադրանքը նախապես հաշվարկված և ծրագրավորված սցենարով է արվել, ապա որն է եղել դրա քողարկված, հիմնական նպատակը։
Իմ համոզմամբ, նպատակը ֆինանսական ներկա դրվածքների հարատևման ապահովումն է եղել և Ֆինանսական ու շուկայական գլոբալ հակասությունների քողարկումը, որոնք անհապաղ կոնցեպտուալ լուծումներ են պահանջում։ Բայց և որոնց բարձրաձայնումը ներկա պահին անհնար է, քանի որ հղի է գլոբալ ֆինանսական կատաստրոֆաներով։
Շուկաները կտրվել են փողից և առաջ են գնում իրենց տրամաբանությամբ։ Փողն ուղղակի փող է բերում, առանց ներդրման՝ կտրված տնտեսականից ու ռեալ իրականությունից։ Այս պայմաններում առաջնահերթ խնդիր է դառնում ժամանակ շահելը, որպեսզի գտնվի շուկաների մոդեռնացման նոր բանաձևը։ Իսկ մինչ այդ, եզակի միջոցը երկբևեռ, սուր դիմակայությամբ աշխարհն է, որը հետին պլան կմղի ֆինանսականի ներքին հակասությունները:
Թե ինչքանով այս սցենարն արդյունավետ կլինի, կամ էլ անվտանգ՝ աշխարհի համար, ցույց կտան մոտակա տարիները։ Բայց մի բան պարզ է՝ ֆինանսական օլիգարխիան նպատակադրվել է ռուսների “օգնությամբ” միջուկային շանտաժի տակ պահել քաղաքակիրթ աշխարհը, թույլ չտալով նրան բարձրացնելու հիմնական սկզբունքային հարցերը՝ գլոբալ ռեսուրսների տիրապետման, գլոբալ բնապահպանության, խաղաղության և մոլորակի հետագա պահպանման հարցերը։