Երեկ նայում էի Սամվել Կարապետյանի հարցազրույցը, որում հյուրը խոսում էր մեր դրոշի վրա գրվելիք լոզունգի մասին՝ որ այն պետք է լինի “Բա ինձ պե՞տք ա”։
Ես կամբողջացնեմ միտքը` “բա քեզ, բա ձեզ, բա իրեն, բա մեզ, բա իրանց պե՞տք ա” լրացումներով և կփորձեմ սույն հոդվածով հասկանալ այդ նշանաբանի արժեքային, հանրային, քաղաքական ու քաղաքացիական հիմքերը։
Իմ մտաբերմամբ, նման լոզունգները հրապարակում հայտնվեցին 80-ականների սկզբներին։ (Մի գուցե ավելի վաղ էլ կային դրանք, բայց իմ հիշողության մեջ տպավորված են հենց այդ տարիները)։ Դրանք սովետ միության լճացման տարիներն էին։ Նոր սկսվել էր երեք П-երի հնգամյակը (Пятилетка Пышных Похорон)-ը, և մարդիկ անհոգ սպասում էին այդ ծավալուն տեսարաններին։ Այն ժամանակներն էին, երբ ոչ մեկին ոչ մի բան “պետք չէր”։
Հնգամյակն ու թաղումներն անցան, Սովետը կործանվեց, անկախ Հայաստան կերտվեց, բայց “Բա ինձ, բա քեզ, բա ձեզ, բա իրան, բա մեզ, բա իրանց պե՞տք ա”-ն ոչ միայն մնաց որպես դիպուկ ասացվածք, այլև ծավալվեց, զարգացավ ու դարձավ համազգային արժեքային ու գաղափարախոսություն։
“Բա ինձ, բա քեզ, բա ձեզ, բա իրան, բա մեզ, բա իրանց պե՞տք ա”-ն դարձավ նաև հիմնական ու երևի միակ հարց լուծողը հանրայինում ու քաղաքականում։ Այսօր էլ ոչ մեկիս ոչ մի բան պետք չէ, և արդյունքում մենք էլ ոչ մեկին ու ոչ մի բանի պետք չենք։
Սովետական ժամանակներում մենք՝ հայերս, սուբյեկտային չէինք՝ վերևներում որոշում էին, ասում էին մեզ ինչ անենք, այն էլ անում էինք։ Անկախությունը մենք չընկալեցինք որպես իրական ինքնուրույնություն, որպես սեփական պետության ու հանրության հարցերի հանդեպ ինքնուրույն հոգածություն ու լուրջ վերաբերմունք։ Մեզ թվաց, թե միակ անելիքը սոցիալիստականը վերացնել-կապիտալիստականը ներդնելն է, իսկ մնացածն ինքն իրեն էլ կստացվի։
Այդպես էլ արեցինք՝ սեփականշնորհեցինք, թալանեցինք, մսխեցինք ու այսօր էլ ժողովրդավարություն ենք խաղում։ Դե դրսից ասել էին սահմանադրություն գրեք՝ գրել էինք և կարևոր չէ՝ թե ոնց ու ում համար։ Դրսից ասել էին ընտրեք, ընտրում էինք ու կարևոր չէ՝ կեղծիքով, կաշառքով, թե մարդ հոշոտելով։
Առաջներում Մոսկվայից էին ասում, հիմա էլ դրսերից՝ ով գիտի ո՞ր դրսերից, ու դա էլ կարևոր չէ։ Կարևորը, որ ուրիշներն ասեն՝ մենք անենք։ Իսկ թե ո՞նց կանենք, դա արդեն մեզ “պետք չէ”։ Այս տրամաբանությամբ գալիս ենք համոզման, որ մեզ “պետք չի”-ն սկզբունքային, անկյունաքարային աշխարհայացք է։
Իրականում “բա քեզ, բա ձեզ, բա իրան, բա մեզ, բա իրանց պե՞տք ա” լոզունգը մեծ կեղծիք ունի իր մեջ։ Եթե “մեզ պետք չէր”, բա ո՞նց եղավ, որ մեզանից որոշներին լավ էլ “պետք էր”, որ իրենք դարձան իշխանավոր, օլիգարխ, ու միլիարդատերեր, իսկ կես երկիր, որոնց ոչ մի բան “պետք չէր”, արտագաղթեց, որ ողջ մնա։
Դրա բացատրությունն էլ կա։ Ում “պետք էր”, շատ էլ լավ հասկացել էր, որ ոչ մի բանի պահանջ չունեցողների մեջ լինելով, ինքն ուղղակի դրախտում է։ Բա նրանց “պետք չի”, իսկ իրեն “պետք ա”՝ վերցրու, յուրացրու, թալանիր, հոշոտիր՝ ո՞ւմ “պետքն ա”:
30 տարի է լոզունգը ոչ մի վրիպում չի ունեցել՝ ում “պետք էր”, իր ուզածը ստանում էր։ Ում պետք չէր՝ չէր ստանում։ Եվ “պետք ա”-ին հասնելու համար ընդամենը մեկ բան էր պետք անել՝ մարդկանց համոզած պահել, թե “բա քեզ պե՞տք ա”։
Թե ինչպես է դա արվել, դա էլ է պարզ՝ ուղղակի տաբու է դրվել ու հակազգային է համարվել դրա մասին խոսելը։
Քանի որ ես արդեն սպիտակ ագռավի համբավ ունեմ, իմն ասեմ։
Այն, որ Սովետի օրոք մենք լուրջ քաղաքական այրեր ու քաղաքագիտական միտք չունեինք, դա ինչ որ տեղ արդարացվող ու ըմբռնելի էր՝ գենոցիդով էինք անցել, ու բացի այդ էլ, անկախ պետականության ավանդույթներ չենք ունեցել, որ դրանք ունենայինք։
Բայց անկախացմանը 20-րդ դարում էինք, և 88-ից հրապարակ մտածները պարտավոր էին գոնե պրոբլեմը խորությամբ գիտակցելու ու ամբոխվարային միտինգի փոխարեն ներքին վերլուծական մանրակրկիտ աշխատանք տանելու, հարցերի մեջ խորանալու՝ քաջալերելու քաղաքական անաչառ մտքի զարգացումը։
Ինչևէ, անկախության գալը միայն տհասը չէր զգա։ Բայց երբ այն եկավ՝ դիմավորեցինք ինչպես չտեսներ ու սկսեցինք ինքնաավերվել։ Պատերազմը եկավ՝ թվանքներով գնացինք կռվի, հաղթեցինք։ Եվ զարմանալիորեն, կռվից ետ եկավ ոչ թե գիտակ ռազմական առաջնորդն ու կազմակերպիչը, այլ գեներալ դարձած ասֆալտի ֆիդայինը, որն արագորեն յուրացրեց հանրային ունեցվածքն ու գրավեց քաղաքական իշխանությունը։
1995-ին, երբ պատկերն արդեն միանշանակ պարզ էր, քաղաքական ընդդիմությունը խնդիրը տեսավ ոչ թե արժեքային՝ “բա քեզ, բա ձեզ, բա իրան, բա մեզ, բա իրանց պե՞տք ա”-ն մերժելուն ու քաղաքական ազգ դառնալուն, այլ քվեաթերթիկ գցելով իշխանությունը զինված քրեականից իբր վերցնելուն։
Իհարկե չստացվեց։ Իսկ հաջորդ տարի արդեն բացահայտ խոստովանեցին, որ եթե 100 տոկոս էլ ձայն հավաքած լիներ ընդդիմությունը, մեկ է իշխանությունը չէին զիջելու։
Սա արդեն այն պահն էր, երբ ընդդիմությունն ու քաղաքագետները պարտավոր էին խորը վերլուծելու իրավիճակը, հասկանալու մեր խաթարումների սկզբունքային արմատները և ուղղումներ մտցնելու ընդդիմադիր պայքարի մեթոդականում։ Բայց դա չարվեց ոչ 1995-96-ին, և ոչ էլ անցած 22 տարիներին։ Նույն հին միտինգն ու տհաս ամբոխավարությունը շարունակվեց ու ավերեց թե երկիրը և թե հային։
Վերադառնանք Սամվել Կարապետյանի մտքին՝ “բա ինձ, բա քեզ, բա ձեզ, բա իրան, բա մեզ, բա իրանց պե՞տք ա”-ին: Ինչո՞ւ չհասկացանք այս կեցվածքի մահացու ուժն ու չառանք դեմը։
Չհասկացանք, որովհետև հասկացողը չունեինք, ու հասկանալու վրա էր տաբու դրված։ Ամեն ընտրության հայտնվեց մի նոր մեկն ու սարեր խոստանալով, մարդկանց քարշ տվեց դեպի ընտրություններ՝ իրականում դեպի քաղաքական կառափնարան։ Եվ հանրային տաբուների ուժով ոչ մեկը չկարողացավ հերթական “հերոսի” դեմն առնել՝ թե հարգելիս, դու գիտե՞ս, թե ինչ բան է իշխանություն ասածը, որ ուզում ես իմ միջոցով այն վերցնել։
Իրոք, ո՞րս է լսել, որ երբևէ հրապարակայնորեն քննարկվի-պարզաբանվի, թե ինչ ասել է հայկական իշխանությունը։ Երբևէ հստակ ասվե՞լ է, թե ներկա հայկական իշխանությունը պաշտոններն ու շենքերը, Լենինի ասած փոստը, հեռախոսն ու տելեգրաֆը չեն։ Որ իշխանություն վերցնելն ընտրություն հաղթելով չէ, կամ ընտրության գնալով։ Որ իշխանությունը ներքին քրեական կապերով շաղկապված հազարավոր չինովնիկներ ու պաշտոնյաներ են, խնամիություն ու համատեղ թալան է, ընթացիկ եկամուտներ ապահովող սեփականություն ու միլիարդներ բերող պրիմիտիվ հումքային արտադրություներ։ Որ իշխանությունը նաև արտաքին հազարավոր կապեր են, շանտաժներ ու լծակներ։ Որ այն բանակ է, ոստիկանություն, դատավորներ, դատախազներ, քննիչներ, օպերներ, տեղական իշխանիկներ, թաղի խուլիգաններ, ու անթիվ-անհամար ամեն տեղ վխտացող պնակալեզներ։
Ասվե՞լ է, որ իշխանություն ասելով պետք է հասկանալ բնակչության 15-20 տոկոս կազմող իշխանամերձ մասսան, որն ատամներով է կռվելու իր “պետքերի” համար։
Մարդկանց միտինգի, զինված ապստամբության ու անհնազանդության կանչող մեկն իրեն հաշիվ տվե՞լ է, որ իշխանություն վերցնելու համար ինքն իշխանական բոլոր անհատների դեմ առնվազն մեկ հակադիր թիմակից պետք է ունենա, ով տեղյակ է դիմացինի ով ու ինչ լինելուց, գիտի ինչ ուժերով ու ինչպես, կոնկրետ այդ մեկին իշխանությունից ֆիզիկապես պետք է հեռացնի ու տեղը գրավի։
Վիշապին դեմ գնացողի չինական հեքիաթում ապստամբը գնում էր անձնապես՝ թրով վիշապին հաղթելու։ Հայկականում ինչի՞ հույսին է իշխանության դեմ գնացողը՝ քվեաթերթիկի՞, որի վրա տասնյակ անգամ թքել են իշխանությունները։ Զենքի՞, որից հազարավոր անգամ ավելի հզորը իշխանություններն ունեն։ Հանրային անզեն զորքի՞, որի դեմ օլիգարխների հարյուրավոր անգամ գերակա շքախմբերը կան։
Ինչո՞ւ եմ ես այս պարզ հարցերը նորից ու նորից բարձրացնում։ Բարձրացնում եմ, որովհետև մինչև հիմա չկան դրանց պատասխանները։ Իսկ եթե կան էլ, ապա հանրայնացված չեն այն աստիճան, որ խելամիտ շարքայինը մեջտեղ ընկած հերթական երևելուն ասի, որ քո սեփական տարրական շահերը պաշտպանելու անընդունակ հարգելիս, տեղդ վեր ընկիր՝ քո ասած ամեն ինչը արդեն փորձված ու պարտված եղել է։ Եթե նոր բան ես առաջարկում, բացատրիր, ցույց տուր, որ այ դրա դեմ իշխանություններն այ էս-էս պատճառներով արդեն 100 տոկոս խաղ չունեն, ես էլ գամ քեզ սատարելու։ Այլապես դու շառլատան ես։
Իշխանություններն “ազնիվ” էին այնքան, որ ասացին, թե մեր դեմ խաղ չկա։ Իսկ ընդդիմադիրն անազնիվ է այնքան, որ նորից ու նորից 100 տոկոս պարտված խաղի է տանում՝ անձնապես, ընդամենը մի քանի փշրանք շահելու ու քրեականի լեգիտիմացմամբ երկիր կործանելու։
Ազգովի փորձում ենք հասկանալ նախագահի քաղաքական երկարակեցության ու ամենակարողության ֆենոմենը։ 25 տարի է այդ գործին ենք, ու դրա տեսականը վիշապի հեքիաթից այն կողմ չի զարգանում։ Այլապես գոնե վերջին ընտրություններին մի քանի ջահելով ազգի ապագան հիմնահատակ չէին խորտակի՝ մարդկանց ընտրության քարշ տալով ու իշխանակարգի վերջնական փոփոխությունը օրինականացնելով։
Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, իր ընդդիմությանը, իր լիդերներին, իր տարածքին ու սահմաններին, իր բարեկամներին ու թշնամիներին, իր տղամարդկանց ու կանանց, իր բանվորներին ու ոստիկաններին, իր զինվորականներին ու հավաքարարներին, իր օլիգարխներին ու սովյալներին, իր տականքին ու սերուցքին։
Իշխանությունններին դիմանում ենք, ընդդիմության հետ հաշտվել ենք։ Բայց ոչ ֆորմալ ընդդիմադիրների՝ այսինքն հանրային հարգանքի տեր հեղինակությունների մասով էլ ավելի ողբալի վիճակ է: Դրանք են, որ շարունակում են վույ-ամանով բարձրաձայնել այնտեղ, ուր վաղուց լռել էր պետք և պայքարի այլ, իրական ու ադեկվատ ուղիներ գտնել։
Քաղաքագիտական ու արժեքային գիտելիքն է մեզանում պլինտուսային ու դրանով պայմանավորված՝ ոչ մեկին ոչ մի բանի “պետք չլինելը”։ Բոլորի մտքում նույն հարցն է, թե էս ի՞նչ է կատարվում, ո՞ւր ենք գնում։ Բայց և բոլորի մոտ նույն էլ պատասխանն է՝ բա ինձ, բա քեզ, բա ձեզ, բա իրան, բա մեզ, բա իրանց պե՞տք ա:
Այն վիճակն է, որ մենք էլ մեզ պետք չենք։ Իսկ դա հաստատ անբնական է։