Հայաստանում հարցերը սրված են, և դա փաստ է։ Շատերս գիտենք, թե ինչու այսպես ստացվեց, բայց չգիտենք, թե ինչպես անենք, որ գոնե այս փուլում անկումը կանգնեցնենք։ Հասկանալու համար, թե ինչ է պետք անել, նախապես պետք է հասկանալ իրականությունն ու իրերի դրվածքը։
Իշխանական իրականությունը լավագույնս արտացոլված է օֆիցիոզը լուսաբանող կադրերում և պահը ներկայացնող ֆոտոնկարներում։ Նրանցում իշխանավորներն են՝ իրենց անթիվ-անհամար ստորադասներով, կանանցով ու թիկնապահներով՝ քայլելիս, պարելիս, թաղելիս, գերեզմաններ գնալիս, բժիշկներով ու գեներալներով իրար համբուրելիս, բայց ոչ երբեք՝ պետություն կառուցելիս (https://www.facebook.com/armtimes.hy/videos/2028555054055116/):
Ֆանտաստիկ խոսուն են նման կադրերը՝ ոչ ամոթ, ոչ հոգս, ոչ ինտելեկտ, ոչ բանական մարդուն հատուկ դիմարտահայտություն։ Եվ ոչ էլ տարրական պատասխանատվություն՝ հայացքներում, կեցվածքներում ու վարքում։
Սրանցից երկրի ու ժողովրդի համար որևէ դրական սպասելու համար մարդը պետք է կույր լինի հոգեբանորեն, ու նաև տհաս՝ կենսաբանորեն։ Եվ այս եզրահանգման հետ կապված, ինձ անհայտ է մնացել այս իշխանությունների հետ որևէ առնչության գնացողների մոտիվը՝ լինի դա ընտրություն, միտինգ, թե հումանիտար բունտ։
Իշխանականին հակառակ, մյուս կողմից էլ, որպես ազգային մտածելակերպի բնութագրական – կոթող, մշտապես աչքիս առաջ է Վարդան Պետրոսյանի “Հայերն ու հավերը” միզանսցենան՝ մեր անհասկանալի, անբացատրելի, ապամարդկային ու անհույս վարքի փայլուն ներկայացմամբ:
Վիճակն այնպիսին է, որ մեզ հասկանալու, մեր գաղտնիքները պարզելու համար լրտես էլ պետք չէ՝ բացիր յութուբը, նայիր կադրերը, զարմացիր, ապշիր և փորձիր հասկանալ։ Զարմանալն ու ապշելը դժվար չեն, բայց հասկանալն է անհնարինի ոլորտից։ Մենք մեզ չենք հասկանում, թշնամին ո՞նց հասկանա։
Իհարկե չենք հասկանում, որ դարեդար նույն «կուտն ենք ուտում» ու մորթվում։ Չենք հասկանում, թե ինչ իշխանություն ունենք գլխներիս, ինչ ընդդիմություն է հրապարակում, ինչ իրականություն է շրջապատում, ինչ գեներալիտետ է բանակում, ինչ պառլամետականներ, նախարարներ, դատավորներ ու հարց լուծողներ են կյանքում։ Չենք հասկանում, որ էսպես չէր կարելի երեկ, չի կարելի այսօր ու վաղը։ Բայց ու՞մ վեջն է։
Ճակատագրի հեգնանքով Վարդանը հայտնվեց բանտում։ Եվ հիմա, մեղմ ասած, “ասելիք չունի”։ Չէ, Վարդանի ձիրքերով մարդը հաստատ ասելիք ունի։ Շատերն ասելիք ունեն, երևի ողջ ազգն ասելիք ունի։ Բայց ով-ում ինչ ասի, ո՞նց ասի, ինչու՞ ասի։
Կարդացողը կասի, թե իբր ո՞րս չգիտի այս ամենը, իմաստը ո՞րն է, որ ես նորից հին, 25 տարվա ծեծած ջուրն եմ ծեծում։ Իրականում ես փորձում եմ ելքեր գտնել ներհայկական դրվածքներից՝ “քարկապներից” ու աբսուրդներից, որոնք թե իշխանության որակի, ու թե ազգային անկման հիմքն ու լծակներն են հանդիսանում։
Մենք տետանուսների մեջ ենք՝ ոչ մի քայլ կողք, առաջ կամ ետ գնալու անընդունակ։ Տետանուսի պատճառները շատ-շատ են, բայց և դրանք բոլորը բացեիբաց մեր թևավոր խոսքերի մեջ են։ Մասնավորապես նրանցում, որոնք տաբու են դնում ազատ արտահայտվելու, ճշմարտությունն ասելու, ռացիոնալն ու տրամաբանականը հետապնդելու հարցերում։
“Դուզ խոսքն էշին են ասում”։ Դե արի ու էս արգելանքի տակ դուզ խոսք ասա՝ իսկույն ապուշ կորակվես։ Կամ էլ փորձիր դուզ խոսքը լսել՝ իհարկե “էշ” կհամարվես։
Ինչու՞ են 50-ը բանտում, իսկ իշխանությունն անսասան։ Ինչու՞ են մարդիկ արտագաղթում, բայց զլանում վիճակը փոխելու համար տարրական քայլեր անելուց։
Այս հարցերի պատասխաններն էլ կան, բայց բարձրաձայնողը չկա, որովհետև, ինչպես գիտենք, դուզ խոսքն էշին են ասում, գլուխն էլ ոչ թե աշխատեցնում են, այլ քորում։
Ամերիկյան կենսափիլիսոփայությունն ասում է՝ ես ամենաուժեղն եմ, առաջինն եմ, ամենախելոքն եմ, ճարպիկն ու հզորն եմ։շ
Հայկական ասում է՝ ”խի ես ումի՞ց եմ պակաս”։շ
Ամերիկյան կենսափիլիսոփայությունն ապացույցներ է պահանջում ամեն պահի։ Եվ հենց այդ պատճառով ամերիկյան կյանքը դինամիկ է, մրցակից ու նախաձեռնող։ Ուժեղ անհատին, բայց ոչ ուժեղ ոհմակին կամ ուժեղ բանդային, հարգելու արժեքային է դա։
Իսկ հայկականը ոչ մի ապացույցի կարիք չունի։ Դա վերջինը լինելու հոգեբանություն է, յոլայի, քարշ գալու, աննպատակ ու անարժան։ Հենց այդ պատճառով է, որ երկրում ոչ մի բան չի փոխվում՝ ճահիճ է, նախանձ, սրիկայություն և իրար ձեռքից նույն պատառն ու կռճոնը փախցնելու հրմշտոց։ Դա ողորմելի անհատի, բայց և գարշելի ոհմակի կենսափիլիսոփայություն է։
Մեր ամեն դրսևորումը բյուրեղացման սկզբունքներով է՝ մի դեֆեկտը մյուսից բխող, ու մեկը մյուսին շաղկապված։
Քաղաքագիտականից անտեղյակները ժողովրդավարությունը հասկացել են որպես մեծամասնության անվերապահ կամք ու տարիներ շարունակ իշխանություններից պահանջում են հարգել իրենց այդ տեսլականն ու ենթարկվել։
Հազար անգամ ասա դրանց, որ չկա նման բան՝ ոչ տեսականում, ոչ պատմականորեն ու ոչ էլ ներկա որևէ ժողովրդավար երկրում։ Ինչքան ուզում ես բացատրիր, որ անհատն ու իշխանությունը հակառակորդներ են, որ անհատը կհարգվի միայն այն դեպքում, երբ իշխանավորը որևէ ձևով վախենա անհատից։ Որ կարևոր չէ, թե որը կլինի վախի աղբյուրը՝ ճապոնական ներհանրային անարգանքը, ամերիկյան կոլտի թիրախում գտնվելը, թե իսլանդական բանտում հայտնվելը։ Որ ժողովրդավարության հիմնական գործոնը շարքային անհատն է՝ իր շահին տեր կանգնած, իր իրավունքերը հետապնդող ու իր ճշմարտությունը հրապարակ բերող անհատը։
Ուզում ես կրկնվելով կոկորդ պատռիր, ուզում ես համոզելու համար գլուխդ պատերով տուր՝ ուզում ես օր ու գիշեր, տարիներով ու ամբողջ կյանքդ գոռա այդ մասին՝ զրո արդյունք է լինելու։ Խուլ են եղել դրանք ու խուլ էլ կմնան։ Որովհետև ռացիոնալը, տրամաբանականը, մարդկային փորձն ընդունելու, հաշվի առնելու ու հարգելու մշակույթը չկա մեզանում։
Դարեր շարունակ ու հետսովետական անկախ 27 տարիների ընթացքում էլ այդ առումով մենք “քնած էինք”։ Դե ո՞նց դուզ խոսք ասես, ո՞նց իշխանավորին կոլտով դիմադրես, ո՞նց առանց միտինգ որևէ հարց որոշես։
Բայց նախորդ օրերին, անսպասելի, դուզն ասող անհատ հայտնվեց ասպարեզում։ Վահան Բադասյանը հանդես եկավ կոնկրետ իշխանավորին՝ բոլորին քաջ հայտնի Մանվել Գրիգորյանին որպես “գեներալի” բնութագրելու նախաձեռնությամբ։ Կոնկրետ իրեն, հայերեն ասած, դա “պետք չէր”։ Բայց և, երևի զուտ անձնական արժանապատվության պահանջներից ելնելով, ինքը որոշել էր “դուզը չասելու” տաբուն կոտրել։
Որոշել էր, ու իրենն արեց։ Հիմա արդեն անելիքը մնացածինն է՝ թե ով ինչպես կարձագանքի դրան։ Բոլորը գիտեն Մանվելի ով ու ինչ լինելը։ Բայց և բոլորն են կուչ եկած այդ ինքնակոչի բեսպրեդելի առջև։ Վահանն արել է իրենը, ու եթե մենք էլ մերն անենք, համազգային առօրյա խոսակցություն բացենք դրա մասին, դրան պաչ-պռոշտիի գնացողների ու մյուս “մանվելների” ու մանվելական շրջապատների մասին, ապա տաբուները կզիջեն, դուզ խոսքը կմտնի կյանք, գլուխները չեն քորվի, ու իրականություն կփոխվի։
Ամսի 10-ին միտինգ է նախատեսված՝ միտինգ առ ոչինչ։ Վահանն արդեն արել է միտինգից անչափ ավել՝ սառույց է կոտրել, տաբու է ջարդել։ Բայց և, հետո ինչ, միտինգիստը թքած ունի կողքինի արածի վրա՝ ինքն իր ավանդական ու անիմաստ գործին է։
Սա է իրականությունը՝ դուզ խոսքի տաբու, ներհանրային կուրություն, փոխադարձ անտեսում։
Իբր բոլորս հայերենը գիտենք, հայերեն ենք խոսում, հայերեն հասկանում։ Բայց արի ու տես, որ լսում ենք ու չենք ընկալում, նայում ենք ու չենք տեսնում, հասկանում ենք ու եզրակացություններ չենք անում։
Ինչ որ է՝ սույնով խորին հարգանքս ու շնորհակալությունս եմ հայտնում Վահան Բադասյանին՝ խիզախ, դուզ խոսքն ասելու համար։ Ինքն արդեն արդյունք ունի՝ անելիքի ուղղություն է տվել, որն իհարկե անտեսվելու է։ Իշխանական հիմնաքար է խարխլել, որի վրա ևս հայ ընդդիմադիրն ու բոմոնդը թքած են ունենալու։ Նշաձողերն է իջեցրել, շատերին նույնն անելու հրավիրելով, բայց և դա ևս անտեսվելու է՝ “բա քեզ պետք ա” տաբու-ով։
Կշարունակվի՞ դուզն ասելը, թե աննկատ կանցնի կգնա, կմոռացվի՞, դա էլ մեզ կբնութագրի՝ որպես տհասների, անճարակների ու գործի փոխարեն հրաշքի սպասողների։
Ներկա պահի իրական գործը չվախենալն է՝ ճշմարտությունը տականքի ճակատին շրխկացնելն է։ Սա է անելիքը՝ թեթև, անվնաս, բանտ չտանող ու մեծ հերոսություն չպահանջող, բայց և չգիտակցված ու անտեսված անելիքը։