Մի կողմ թողնենք շատերին արդեն վերջնակապես զզվեցրած հայոց համազգային լավատեսական սեթևեթանքներն ու փաստենք, որ Հայաստանն այսօր կանգնած է լինել-չլինելու խնդրի առջև։
Իշխանությունը հենց դրա հաշվին դեռ ջրի երեսին է ու քարշ է տալիս վիճակը՝ թքած ունենալով հետևանքների վրա։ Շարքայինները մոլորված են իրենց ներկայի ու ապագայի ու կոնկրետ անելիքների հարցերում։ Հրապարակ խցկված նարցիսներն էլ, ոնց ձուկը ջրում՝ մշտապես տարբեր մակերեսային, երկրորդական հիմարություններ թմբկահարելով, իրենց ֆիզիոլագիան բավարարելու գործին են։
Բացարձակ անտեր, անպատասխանատու, անփառունակ ու նվաստացուցիչ վիճակ է՝ իր միակ ու հիմնական հրետորական հարցով` թե իրո՞ք էս էինք, էսքա՞ն էինք։
Ամեն դեպքում, անկախ մեր “էս ու էսքան” լինելուց, հարցն օրակարգում է, և փորձենք առանց հիստերիայի քննարկել այն։ Հասկանալու համար ներհայկական վիճակի մասշտաբները, պատկերավոր, ադեկվատ անալոգիաների տեսլականներ են պետք՝ ոչ գունեղ և ոչ էլ խիստ սև-սպիտակ։
Նախ պարզենք “էս-ն ու էսքանը”-ը։ Ենթադրենք թե մեկը աշխարհի չեմպիոն ծանրամարտիկ է՝ գետնից պոկում է 200 կիլիոգրամ՝ դա իր մաքսիմալ հնարավորն է։ Ոչ մարզիկ շարքային տղամարդը պոկում է, ասենք, 50 կիլոգրամ, դա էլ իր առավելագույնն է։ Մեջքի տրավմայով մեկի մաքսիմումն էլ 2 կիլիոն է։ Եթե փորձի 5 բարձրացնել, կամ չի կարողանա, կամ էլ եթե “հաջողացրեց” բարձրացնել, ապա հայերեն ասած, դա “չի մարսելու”։
Նույնն է՝ նաև պետությունը, այն ծանրաձողի պես մի բան է, տարբեր քաշայինների համար տարբեր քաշերի է, բայց իր էության մեջ նույնն է՝ այն ծանրություն է, բեռ է, բայց վերցնողի համար բերկրանք է ու կյանք, առողջություն ու երջանկություն։
Մեր երկիրը փոքր ծանրաձող էր։ Այն վերցնելը “խաղ ու պար” էր։ Բայց պարզվեց, որ այն նաև “գել ու գազանի” բաժին կարող էր դառնալ, եթե որպես ուտելու պատառ պատկերացվեր, և նույնիսկ ազգային գերեզմանոց՝ եթե ընկներ մարդկանց գլխին ու սպաներ մեկ հարվածով։ Կատարվեց հենց անհնարինը՝ այն դարձավ պատառ՝ հրեշների համար ու ինքնասպանության գործիք՝ մնացածիս համար։
Հայաստանի տարածքն իր ռեսուրսներով ահռելի հարստություն էր՝ Սևանը որպես քաղցրահամ ջրի պաշար, նաև իր հիդրոկայաններով, Որոտանի հիդրոհանգույցները, ատոմակայանը, անթիվ-անհամար հանքերը, ոսկին, ոչ մետաղական հանքերը, բերրի Արարատյան դաշտը, նախալեռնային հզոր գոտին, ջրովի տարածքները, բարեխառն կլիման: Այս հարստությունն անապատի վերածելու համար պետք էր ունիկալ ոչնչություն լինել, որը և եղանք: Ավերեցինք, անապատեցրինք, մարդկանց արտաքսեցինք, զինվորներին էլ գրաֆիկով զոհում ենք։
Եկեղեցուն տվել ենք իր բաժինը, օլիգարխներին՝ իրենցը, լկտիներին՝ իրենցը, սրիկաներին՝ իրենցը, զոռբաներին՝ իրենցը, անարժաններին՝ իրենցը, տականքներին՝ իրենցը, մարդակերներին՝ իրենցը։ Միայն մարդուն բան չի մնացել։ Դե մտածում էինք, թե մարդուն ոչ մի բան էլ պետք չէ, բա մարդ է, իր գլխի ճարը ինքը կտեսնեի։ Նա էլ ճարը տեսել էր ու իրացնում էր՝ ենթարկվում, հանդուրժում, ծալվում էր։ Եթե չէր ստացվում, արտագաղթում էր։
Հարց չկա, մինչև վերջիններս՝ ներառյալ տականքներս ու մարդակերներս էլ կարտագաղթենք, բայց “ինչի, է՞”։ Որ չենք հասկացել, թե մենք ով ենք ու ինչ ծանրաձողի ենք ունա՞կ։ Որ չենք հասկացել, թե մեզանից ով ով է, ու ում պետք է մեծարենք, ում՝ սատկացնե՞նք։ Որ ունակ չենք եղել շիտակը տեսնելու, շիտակը հասկանալու, շիտակն անելու՞։ Որ հավատացել ենք ապուշին, ապավինել դեբիլին, ու երկրպագել նարցիսի՞ն։ Որ վախեցել ենք ոջիլից, տաքացրել օձին ու կերակրել հրեշի՞ն։
Սույն թվարկումը գեղեցիկ խոսք չէր՝ իրականություն էր։ Նայեք շուրջ բոլորը, և կհամոզվեք, որ մենք տարօրինակ, ռացիոնալը շուռ տված, մեր անողոք-անմարդկային իրականությունը կերտած մարդիկ ենք։ Վախենալով ներքին սրիկա-տականք-մարդակեր-հրեշից՝ մշակել ենք նրան երկրպագելու, նրան քծնելու, նրան ենթարկվելու ու նրա հույսին մնալու մշակույթ։ Եվ մշակույթ ասածն էլ պարզ բան չէ՝ այն փողով գնված դիպլոմ է, կաշառքով ապահովված պաշտոն, մարդակերությամբ ձեռք բերված գեներալի ուսադիրներ, համազգային քծնության ու ինքնանվաստացման հաշվին մեծարվող ոչնչություններ։
Ծուռ հայելին մեր ստանդարտների համեմատ “գլուխը քարովն է տվել”՝ թող փորձի մեր մի չինովնիկին, մի փրկիչին, մի անաստված կղերականին պատկերել, բան չի ստացվի։
Փորձենք մեր դիապազոններն իրական մաշտաբներում պատկերացնել ու այդ համայնապատկերն ամբողջապես տեսնել։ Նախագահությունը սահմանադրորեն վերացրեցինք՝ այն կազմողները նման կոթող կերտելու համար իրենց մեջից պետք է մարդուն արտամղած լինեին՝ և հաստատ են արտամղել։ Սահմանադրությունը զոռով ու ստիպելով, կեղծիքով ու տեռորով անցկացվեց։ Այդ գործն անելիս տասնյակ հազարավորներ թաթախվեցին հանցանքների մեջ ու որպես մարդ՝ մեղմ ասած, արատավորվեցին։
Սահմանդրությամբ նոր պաշտոններ պետք է բաշխվեն։ Առաջին իսկ պաշտոնյան՝ նախագահը աղաղակող կեղծիքներով նշանակվեց։ Մի կողմ թողնենք իր դիֆերամբներով գերհագեցած ճառերը ընթացիկ նախագահի հասցեին և միակ հարցը տանք՝ լավ, բա Անգլիայում արքայազնի հետ կես կյանք ապրելը ոչ մի նոր, արևմտյան “թոզ” չէ՞ր “նստեցրել” մեր նոր նախագահի ուղեղին, արժեքայինին ու ընկալումներին։
Հարցը տվել էի, պատասխանն էլ ասեմ՝ իհարկե չի նստեցրել։ Բա որ նստեցրած լիներ, ինքը էս “շառերի տակ կմտնե՞ր”։ Ես հասկանում եմ, որ մի գուցե այլ ճար չուներ, շանտաժն ուժեղ էր, բայց դե։
Գեշ բնավորություն է՝ միշտ փորձում եմ հայկական պատճառահետևանքային կծիկները քանդել։ Գալիս հասնում եմ խորքերին ու կանգնում հայոց-համազգային հռետորական հարցի դիմաց՝ “բա քեզ պետք ա՞”: Չէ, պետք չէ, բայց հետաքրքիր է։ Հետաքրքրությունն է աշխարհի շարժիչ ուժերից հիմնականը։ Մանավանդ, եթե անպատիժ է այն։
Իհարկե, նոր նախագահին էլ կհանդուրժենք ու մի գուցե մեծարենք էլ։ Նոր, այսպես ասած՝ վարչապետին էլ կհանդուրժենք ու կմեծարենք, ճարներս ի՞նչ, որ չանենք։ Կանենք ու կարտագաղթենք էլ, կանենք ու կդիմանանք էլ։ Կանենք, բայց չենք մարսի, ոնց մեջքը կոտրածը 5 կիլոյանոց ծանրաձողը չի մարսելու։
Վերջաբանն ասեմ։ Ամեն ինչ է հանդուրժելի է, բացառությամբ կղերականի՝ զինվորին հոտի շարքային անդամ սարքելը։ Երկիրը կործանեցիք՝ հալալ է ձեզ։ Մենք էինք հիմարը, որ չհասկացանք, թե թշնամի եք։ Հային արտաքսեցիք, հալալ է ձեզ։ Մենք էինք մեղավորը, որ չհասկացանք, որ ձեզ է պետք արտաքսել:
Բայց ձեռքներդ հեռու հայ զինվորից, նրան աղոթած ոչնչություն սարքելու իրավունքը դուք չունեք։
Չգիտեմ, թե ասածս ում կհասնի, կամ կհասնի արդյոք, բայց հուսով եմ զինվորի մայրերին մի գուցե փոխանցվի։ Մի թողեք, որ աղոթքի ներդրմամբ թնդանոթի միս սարքեն ձեր զավակներին։