Պատմականորեն, հայկական սուբյեկտությունն անկումային է Խորենացու ժամանակներից սկսված։ Կիլիկյան Հայաստանի բացառիկ ֆենոմենը մի կողմ, մենք հզոր պետականություններ չենք կարողացել կերտել հայկական տարածքներում։
Նախորդ դարում էլ բոլոր երեք պետականությունները մենք ստացել էինք ակամա, որպես հետևանք՝ հարևանության մեջ տեղի ունեցող այլ գլոբալ պրոցեսների։
1918-1920 թթ Անկախ Հայաստանը մեծապես արդյունք էր Գենոցիդից հետո Անդրանիկի ջանքերով թուրքերից մաքրված Հայաստանում հայ էթնոսի կտրուկ աճի։ 1918 մայիսի 26-ին, Անդրկովկասյան Սեյմի ինքնալուծարումից հետո, նույն օրը վրացիք անկախություն հռչակեցին, 27-ին՝ ադրբեջանցիք, 28-ին էլ, գերմանացիների հորդորով, հայերը հետևեցին վիճակի պարտադրանքին։ Եվ ակնհայտորեն, այդ հորդորը չէր լինի, եթե Անդրանիկը Հայաստանը հայերով բնակեցրած չլիներ։
Առաջին պետությունը չկարողանք պահել, բայց Նժդեհի ջանքերով հայկական մնացած Զանգեզուրի շնորհիվ, 1920-ի աշնանը Հայաստանն ինչ որ առումներով պետականություն կրելու իրավունքներ ունեցող տարածքի տեսք ուներ, և մեզ շնորհվեց սովետական Հայաստանը՝ որպես պետականություն։
1991-ին էլ, չնայած ղարաբաղյան պրոցեսով հրապարակ եկած հայկական ազգային նախաձեռնություններին, մենք անկախությանը կողմնակիցը չէինք։ Եվ նորից անկախությունը մեզ շնորհվեց մեր կամքից անկախ՝ բոլորը պարտավոր էին անկախանալ, մենք էլ անկախացանք (Պատմաբանները կարող են վիճարկել այս թեզերը, բայց դա իմ անձնական ընկալումն է, որն ամրապնդվել է նաև պատմական ներկա ընթացքներով)։
Անցել է 27 տարի, ու ինչպես անկախության սկզբին, մենք դեռ չգիտենք ինչ անել այս պետականության ու մեր ապագայի հետ։
Ինքնաբերաբար ընթացք է՝ ժողովրդավարության տնազով, անկախության տնազով, ազատ շուկայական տնտեսության տնազով, ազգային ազատագրական պրոցեսի տնազով, քաղաքացիական հասարակություն կերտելու տնազով, նախագահական ու հետայսու էլ իբր խորհրդարանական-վարչապետական իշխանության տնազով, պետական ինստիտուտների տնազով, բարգավաճման տնազով, գեներալների ու հերոսների տնազներով ու հազար ու մի այլ տնազներով։
Հետսովետական տարածքի աշխարհքաղաքական գլոբալ վերահսկման հետ կապված, աշխարհի հզորների կողմից մեզ ազատ վարք էր թույլատրված՝ վարվիր ոնց հարմար կգտնես։ Կուզես՝ ինքնախաբեությամբ զբաղվիր, կուզես՝ մարդկանց արտաքսիր երկրից, կուզես՝պրոցեսների ետևից քարշ եկիր։ Հասկացնել էր տրված, որ տարածքն ու մարդիկ ձեր ինքնուրույն պետականության ներքո են՝ եթե կարող եք, կայացեք որպես պետություն և մշտական գրանցում ստացեք աշխարհի քարտեզին։ Չեք կարող, ոչ մեկը ձեր փոխարեն ձեր պետությունը չի կերտելու։
Եվ անտեսելով այս պահանջներն ու խաղի կանոնները, պետություն կերտելու փոխարեն, հետանկախական տարիներին մենք միայն իմիտացիաներով, տնազներով ու կեղծիքներով զբաղվեցինք։ Եվ այսօր ունենք վայրընթացով սլացող այս երկիրը, որը բազմաթիվ առումներով անլուրջ է, եթե ոչ ողբալի։
Փորձենք հասկանալ, թե որոնք էին ազգային-արժեքային թուլությունները, որոնք մեզ տարան տնազների ու կեղծիքների ճանապարհով և որոնք այսօր էլ դեռ արգելում են մեզ հարցերը շիտակ քննարկելուց։
Փորձիր հարցականի տակ դնել անկախ Ղարաբաղի մոդելը, փոխարենը առաջարկելով միացյալ Հայաստանի մոդելը, և իսկույն կհայտնվեն բազմաթիվ տաբուապահներ, որոնք քեզ տհաս կհանեն ու հրապարակավ կլլկեցնեն։
Փորձիր հարցականի տակ դնել ղարաբաղյան շարժման ու պատերազմի ալիքով իշխանական օլիմպում հայտնված անգրագետ ու արդեն հանցագործ դարձած գեներալների, իբր կռված տղերքի, հեռատես, իբր պետական այրերի, պնակալեզ պաշտոնյաների, գողական օլիգարխների ու այլ պատեհապաշտների լեգիտիմությունը, և նորից կհայտնվի տաբուապահների մի այլ խումբ ու քեզ կլլկցնի։
Փաստացի ցանկացած շիտակ խոսք ու քննարկում է տաբուապատված, անարգված, պախարակված՝ պատճառաբանությամբ՝ թե դու մեր հերոսին չգնահատե՞ս, դու մեր ստրատեգին սխալ հանես, դու մեր կուռքերին հարցականի տակ դնե՞ս, դու մեր սուրբ հայրենիքը վատ լույսի ներքո քննարկե՞ս, դու մեր դժվար վիճակի օբյեկտիվությունը վիճարկե՞ս։
Տեսականով տաբուապահներին զուգահեռ, հատուկ դժվար հասկացողների համար, ֆիզիկապես “խելք հասկացնող”, իրական հարց լուծողներ էլ կան։ Եվ, ի վերջո, եթե սրանցից ոչ մեկը չի կարողանում իրոք “խելքը հասկացնել անհասկացողին”, ապա հայտնվում է ոստիկանն իրավականով ու ուղարկում դրան բանտ՝ խելք հասկացնելու առավել ինտենսիվ թերապիայի։
Փակ շրջան է՝ իշխանականում բացառապես իմիտացիան ու տնազներն են, որովհետև ոչ խելքներն է կտրում մարդկայինն անելու, և ոչ արժանապատվությունը կա՝ տրամաբանականն անելու։ Եթե ներսում պետության բոլոր պարամետրերի տնազ է, ապա դրսում էլ իսկույն այդ ներքին աբսուրդից օգտվողը կհայտնվի, որը երկիրը թալանելու պայմանով տանիք կկանգնի այդ իշխանականին։ Եվ այդպես էլ կա` ռուսական տանիքը այս իշխանությունների անխուսափելի տանիքն է, որ կա։
Բացի այդ, հեռավոր դրսերում առանձնապես չնկատվելու համար էլ պետք է նաև նրանց հաճոյանալ ու նրանց բաժինը հանել, որը և արվում է՝ տնտեսության քիչ գայթակղիչ որոշ փոքր կտորներ նրանց տրամադրելով։
Այսքանը դեռ բավարար չէ՝ ներսում վերարտադրվելու համար, իմիտացիային չմասնակցողներին ու չհամակերպվողներին էլ պետք է չեզոքացնել՝ լռեցնել, ոչնչացնել կամ արտաքսել, որը և ինտենսիվ թափով ամեն օր է իրացվում:
Այսինքն, եղած դրվածքներում լուծումներ չկան՝ մեխանիզմն անխափան է, իշխանությունն անսասան, որովհետև դրսում իր տանիքներն ունի, ներսում էլ կայուն է՝ որովհետև տաբուապահներն անբեկանելի հեղինակություն ու դիրքեր ունեն։
Իջնենք մեկ աստիճան ավել՝ դեպի խորքային-էականը։ Ինչպե՞ս է պատահել, որ միշտ կան ավանդականի, տաբուի, իմիտացիայի ու տնազի պահապանները, բայց չկան, կամ շատ թույլ են դրանց դեմն առնողները, առաջավորը ներմուծողներն ու զարգացման տանողները։
Հարյուրավոր միտինգներ ու երթեր են եղել, տասնյակներով զոհեր, բայց իշխանությունն ու նրա արյունալի տնազն անսասան է ու որևէ ռեֆորմից խուսափած։
Սա պատահականություն չէ, այլ խիստ օրինաչափություն-դրվածք է, որnվ իշխանավորին ու տաբուի պահապանին հաղթանակ է ապահովում նույնիսկ ավերման ու ինքնակործանման պայմաններում։
Հաճախ հիշում եմ իմաստուն հորս խոսքը։ Մի անգամ հարցրի իրեն, թե ինչու էլ չի գնում իր սիրած սրճարան՝ ընկերների հետ նստելու, զրուցելու։ Պատասխանեց, թե ընկերներս բոլորը մահացան, էնտեղ երիտասարդներ են՝ ո՞ւմ հետ ի՞նչ խոսեմ։
Իրոք, ամեն սերնդի հետ հեռանում է նաև նրա աշխարհը։ Հիմա էլ ես եմ հայտնվել խորթ աշխարհում, և անիմաստ-անիմաստ խոսում եմ՝ եղունգ ունես՝ գլուխդ քորի, ով էշ՝ ես փալան արժեքայինի միջավայրում։ Փախեփախի, յոլա գնալու, կեղծելու, տնազ անելու, հիմար ձևանալու ժամանակներ են։ Ո՞ւմ վեջն է պատճառը, երբ կարևորը հետևանքից անձնապես օգտվելը կամ խուսափելն է։
Ակնհայտ է, որ մենք չգիտակցված արժեքայինի հեռավոր արմատներում ենք խաթարված։ Որ բանտում հայտնված ընդդիմադիրներն այնտեղ են, որովհետև մեր ազգայինի սխալ դիագնոզով տարված, դիմել էին ոչ ադեկվատ պայքարի։ Որ մեր տնտեսության այս վիճակը մեր գենետիկ կոդում է գրված, որով արգելվում է արտադրելն ու քաջալերվում է առնել-ծախելը։ Որ պատահական չէ, որ մենք ունենք հարգալից “վաճառական” հայ մարդու տեսակը, բայց չունենք “արտադրող” հայ մարդուն։ Որ հարց լուծող դիրքերում սրիկաներ են, որովհետև “լավություն անողի գլուխը ծակ է” ռեալ արժեքայինը թույլ չի տալիս այնտեղ “լավություն անողին” ու նորմալին գտնվելուն։
Մեզանում նեգատիվ տաբուն օրենքի ուժ է ստացած և փոփոխության ձգտող ամեն մեկն ի սկզբանե անլուծելի խնդիրների առջև է կանգնած՝ արդյոք անելիքը իշխանությունը փոխելն է, թե ներհանրային միջավայրը փոխելը, որում տնազն այլևս արժեքային չլինի, այլ հակաարժեքային, եղկելի ֆանտոմ համարվի։ Որ հերոսը կուրծք ծեծողը չլինի, այլ գործ անողը, որ պաշտոնյան ոչ թե լափի, այլ իր պարտականությունները կատարի։
Փաստացի ամեն դրվածքի, հերոսի ու քաջագործության խորքային վերագնահատման պահանջը կա դրված, բայց և որը տաբուի ուժով է մերժված։
Ո՞րն է ելքը։ Տաբուապահներն անձեռնմխելի են, որովհետև հանրայինում “հարգված” մարդիկ են։ Տնազների դեմն առնել հնարավոր չէ, որովհետև տասը տնազով ապրողին մեկ անտնազ ապրող էլ չի հասնում՝ գումարած որ անտնազ մեկ շաբաթ էլ չես գոյատևի։
Մի հին անեկդոտ կար՝ բանանի փորձով։ Գիտնականը բանանը բարձր կախում է ջահից ու սենյակ է բերում կապիկին։ Կապիկը վերցնում է անկյունում դրված աթոռը, կանգնում վրան, պոկում բանանը, ուտում: Հետո ներս է կանչում ռուսին: Ռուսը սկսում է թռչկոտել, որ բռնի բանանը, ձեռքը չի հասնում, սրտնեղած նստում է աթոռին: Գիտնականը կողքից հուշում է՝ думать надо, думать надо. -ռուսը թե՝ Да шо там думать, прыгать надо:
Գիտնականը ներս է հրավիրում “հային”: Սա մի երկու պտույտ է տալիս սենյակով, պպզում անկյունում ու մտածում. “Մի հատ կազյոլ ըլներ, գար կզեր, մի հատ հարիֆ էլ գար հելներ դրա մեջքին կայներ, բանանը քաղեր, կլպեր, տար ուտեի, ախպեր: Կլեպներն էլ թող իրար մեջ-մեջ անեին համբալները”:
Գիտնականը կարդում է սրա մտքերն ու ասում է. «Ախպեր ջան, արի ես կզեմ, դու բարձրացիր մեջքիս, քաղիր բանանը, կեր»: «Արա կազյոլ, ուր ես վռազում, հեսա ոնց էլ ըլի հարիֆը կգա, համբերի»:
Սա է պրոբլեմը՝ հերոսների հույսին էինք, երբ ընդամենը սառնասիրտ ու սեփական արժանապատվությանը տեր կանգնող, շարքային տղամարդն էր պետք։ Կազյոլի ու հարիֆի հույսին ենք, երբ ամեն մեկի մեջ ընդամենը տրամաբանող և ռացիոնալն անող մարդը պետք է վերածնվի: